Սուրբ Ծննդեան տօնի առիթով Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ալիռեզա Զաքանիի եւ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ ու հովանաւորութեամբ, Թեհրանի 8րդ քաղաքամասի քաղաքապետարանի, ՀՄՄ «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում Դեկտեմբերի 27ին կազմակերպուել էր «Սպասարկութեան սեղան», վերահասու լինելու թեհրանահայութեան խնդիրներին, քաղաքապետարանի եւ քաղաքին կապուող խնդիրներին:
Իրանի պետական հիմնով ու Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառմանը Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի երկնակամարում ցեղային ու կրօնական տարբեր փոքրամասնութիւնների միասնականութեանը եւ խաղաղ գոյակցութեանը, որը կազմում է Իրանի մեծ ու հզօր ընտանիքը:

Միջոցառմանը հիւրերին բարի գալստեան ու ողջոյնի խօսք փոխանցեց ՀՄՄ «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը գնահատելով Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների նախաշեմին նման միջոցառման կարեւորութիւնը, որով դէմ առ դէմ հանդիպման ընթացքում հնարաւոր է լինում վերահասութիւն տալ հայրենակիցների խնդիրներին: Նա ապա հրաւիրեց Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ալիռեզա Զաքանիին իր խօսքը փոխանցելու: Քաղաքապետը շնորհաւորելով Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, նախ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի համար մաղթեց առողջութիւն: Իր ելոյթի այլ բաժնում նա կարեւորութեամբ անդրադարձաւ Աստուածային կրօնների մարգարէների ուղիով ճիշդ ընթանալու անհրաժեշտութեանը: Քաղաքապետը ընդգծեց, որ Իրանում մենք բոլորս եղբայրներ ենք եւ ունենք մեր իրաւունքները եւ բոլորս հաւատում ենք միակն Աստծուն: Նա նշեց, որ բոլոր իրանցիները յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան ու անկախութեան նուիրաբերել են իրենց ամենաթանկը՝ իրենց կեանքը եւ բոլորի արիւնը միախառնւած է Իրանի հողին եւ գնահատեց միջոցառմանը ներկայ հայ նահատակների ընտանիքների ներկայութիւնը: Նա յոյս յատնեց, որ բոլորը միասնաբար ջանան հզօր ու անսասան Իրանի կերտման ճանապարհին:
Ապա Թեհրանի քաղաքապետի, ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետ. ճրտ. Նորայր Արամեանի, Թեհրանի քաղաքապետարանի 8րդ շրջանի քաղաքապետ Ֆաթեմէ Թանհայիի, Գուրգէն քհնյ. Ներսիսեան եւ Սերոժ Օհանեանի ձեռամբ գնահատագրեր յանձնուեցին նահատակներ՝ Ալֆրէդ Գաբրիի, Վարդան Աղախանեանի եւ Զօրիկ Մուրադեանի ծնողներին, նաեւ անձնուրացներ՝ Ալբերտ Մահմուդլուին, Քրամուէլ Բարսեղեանին եւ Այվազ Խոդավերդեանին:
Վերջում Թեհրանի քաղաքապետը, ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետը եւ քաղաքապետարանի տարբեր բաժինների պատասխանատուները սրահում դասաւորուած տարածքում վերահասու էին լինում ներկաների կողմից անհատաբար ներկայացուող խնդիրներին: