Նկատի առնելով 2022ի Դեկտեմբերի 12ից մինչ օրս տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնները՝ Ադրբեջանի Հանրապետութեան կողմից Լաչինի միջանցքի (Բերձոր) ամբողջական շրջափակմամբ եւ Սեպտեմբերի 19ին նրա յաջորդած ռազմական յարձակմամբ, որը յանգեցրեց Արցախի Հանրապետութեան հայերի ցեղային մաքրման, Արգենտինայի Հանրապետութեան հայկական հաստատութիւնները (IARA)՝
ա) Վերահաստատում են, որ նշուած գործընթացը հանդիսանում է ցեղասպանութիւն, որը հիմնաւորւում է «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին» ուխտին Բ. յօդուածով եւ Հռոմի կարգավիճակի VI յօդուածով. ինչպէս նաեւ վաւերացնում է մարդկութեան դէմ յանցագործութեան՝ արտաքսման գոյութիւնը, որը նախատեսուած է Հռոմի կարգավիճակի VII յօդուածով։ Այս փաստարկը կիսում է Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազ դոկտոր Լուիս Մորենօ Օկամպոյի կողմից առաջ քաշուած պատճառաբանութիւնը:
բ) Խստօրէն դատապարտում են ցեղասպանութեան արարքը եւ յայտնում Արգենտինայի հայ համայնքի յանձնառութիւնը՝ վառ պահելու աշխատանքն ու պայքարը յանուն Արցախի ժողովրդի յիշողութեան, ճշմարտութեան, արդարութեան եւ հատուցման։ Նմանապէս, այն կոչ է անում Սփիւռքի միւս հայկական համայնքներին հրապարակայնօրէն նման պարտաւորութիւններ ստանձնել՝ պայքարելու Արցախի գոյութեան ժխտման դէմ։
գ) Աջակցում են Արցախի ժողովրդի՝ իրենց տներ, իր պապենական հողեր լիարժէք վերադարձի իրաւունքին՝ նրա անվտանգութեան միջազգային երաշխիքներով:
դ) Մերժում են Ադրբեջանի կողմից ցեղասպանութեան զոհերի, այդ թւում՝ Արցախի երեք նախկին նախագահների եւ հինգ այլ ժողովրդավարական առաջնորդների բանտարկութիւնը։ Պահանջւում է անյապաղ ազատ արձակել եւ պաշտպանել այդ ապօրինի առեւանգուած մարդկանց իրաւունքները։
ե) Իրենց մշտական յանձնառութիւնն են յայտնում Արցախի բռնի տեղահանուած
բնակչութեան համար մարդասիրական օգնութեան ծրագրերի նախագծմանն ու զարգացմանը։
Բուենոս Այրես
Դեկտեմբերի 28, 2023