Մեր ժողովրդի համար նշանակալից է այն ամէնը, ինչ կապւում է Յովհաննէս Թումանեանի յաւերժ նուիրական անուան հետ, առաւել եւս այն ամէնը, ինչ թանկ ու նուիրական է եղել հէնց իր՝ բանաստեղծի համար։ Տիեզերքի, յաւերժի ու կեցութեան գոյաբանական խնդիրներով տարուած՝ իր «հոգու կենսագրութիւնները»՝ քառեակները արարող բանաստեղծը ընտանիքին ուղղուած նամակում գրում է. «Առանց երեխաների ապրել չեմ կարողանում ուղղակի… Երկու բանով եմ ապրում – դուք եւ տիեզերքը»։
Թամարը, ինչպէս եւ Թումանեանի բոլոր զաւակները, իր հայրիկից ժառանգել էր ամէնից առաջ սէր, սէր մերձաւորի, հարազատի, բնութեան, հայրենիքի, նոյնիսկ ռուս ժողովրդի, գրականութեան, գիտութեան եւ այն ամէնի նկատմամբ, ինչ թանկ էր բանաստեղծին։
Փոքրիկ Թամարին տնեցիները քնքշանքով «Սեւուկ» էին անուանում։ Նա դեռ մէկ-երկու ամսական էր, երբ Թումանեանը Մանգլիսում մեծ եռանդով մանկական գործեր ու հեքիաթներ էր գրում, «Լուսաբեր» դասագրքի համար եւ «Ուլիկը» հեքիաթը սկզբնապէս վերնագրել էր «Սեւուկ»։
Փոքրիկ «Սեւուկը» իր կեանքի առաջին սխրանքը կատարեց երկու տարեկան հասակում։ Դա պատահեց այսպէս։ 1908ի Դեկտեմբերի 23ին Թիֆլիսի Բեհբուդեան փողոցի նշանաւոր տանը՝ Վերնատանը, խուզարկութիւն էր։ Մէկուկէս ամեայ Թամարը, որքան էլ պատշգամբից նայել է, թէ ինչպէս են ոստիկանները տանում իր հայրիկին ու եղբօրը՝ Մուշեղին, չէր կարող հասկանալ, թէ ինչ է կատարւում իր շուրջը, ինչու են հայրիկի ձեռագրերը յատակին, եւ ինչու են դրանց մի մասը պարկով դուրս տանում, ինչու է մայրն իրեն գրկած ամէն շաբաթ տանում Մետեխի բանտախուցը՝ հայրիկի հետ տեսակցութեան։ Այդպէս առանց գիտակցելու էլ նա հերոսացաւ՝ երբ տեսակցութիւններից մէկի ժամանակ հայրը աննկատ ծխախոտի թուղթ դրեց երեխայի զգեստի ծալքերի մէջ։ Վերջինս էլ ամուր-ամուր պահած բանտից դուրս բերեց եւ հաւանական անդառնալի կորստից հայ գրականութեան ու հայ ժողովրդի համար փրկեց «Մի կաթիլ մեղրը» եւ «Վայրէջք» բանաստեղծութիւնը։
Ինչպէս հազարաւոր երեխաների, այնպէս էլ Թումանեանի զաւակների համար Նոր տարին ամենասիրելի տօներից էր։ Ամբողջ կեանքում միայն նուիրելու, անմնացորդ տալու եւ դիմացը ոչինչ չստանալու եւ չակնկալելու յատկութեամբ օժտուած հայրիկը ոչ թէ գիշերուայ ժամը 12ին, այլ Յունուարի 1ի առաւօտը վաղ կանչում էր երեխաներին իր աշխատասենեակը, կանգնեցնում ըստ տարիքի, բարձի տակից հանում եւ հանդիսաւոր ձեւով յանձնում էր «Ձմեռ պապի նուէրները», որոնք մեծ մասամբ գունաւոր, պատկերազարդ գրքեր էին։
Թումանեանի զաւակներն էլ իրենց հերթին փորձում էին իրենց շնորհալիութեամբ, արուեստի նկատմամբ տածած սիրով արտայայտել շնորհակալութիւնը հայրիկին։ Տասը զաւակներով ստեղծել էին «Մանուկ» ընկերութիւնը, որի բոլոր նախաձեռնութիւնները անցնում էին Թումանեանի գործօն մասնակցութեամբ։ Այսպէս, երբ Աշխէնի տանը Մուշեղը բեմադրեց Թումանեանի «Ծաղիկների երգը», կակաչի երգը վստահեց Թամարին։ Համլիկ-ջուրը, Արեգ-արեւը, Սեդիկ-աղջիկը, Անուշ-արեւածաղիկը, Արփիկ-շուշանը Թամար-կակաչի հետ շատ ուրախացրին բանաստեղծին։ Իրօք, Թումանեանը յաճախ էր կատակում, զուարճանում երեխաների հետ եւ քանի որ զաւակներն էլ ամէն ինչով ձգտում էին նմանուել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին եղել հիւմըրն ու կատակը հայրիկի հետ զրուցելիս։ 1919ին, երբ Լոռեցիների հայրենակցական միութիւնը հրաւիրել էր Թումանեանին նրա 50ամեայ յոբելեանը նշելու, բանաստեղծը կատակում է, թէ «Գնում եմ լոռեցիների քէֆին, շաշերը հաւաքուել են»։ Իր հայրիկին նոր բացայայտած 12ամեայ Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»։
Թամարը 16 տարեկան էր, երբ կորցրեց հայրիկին, որն ինչպէս իր ժողովրդի, այնպէս էլ բոլոր զաւակների համար «ամենամեծ, ամենասուրբ» մարդն էր, որին նրանք անմահ գիտէին։ Նուարդը պատմում է, թէ ինչպէս էր Թումանեանը իրեն մեղաւոր զգում իբրեւ հայր, որ մենակ էր թողնելու իր երեխաներին այդքան խառը ու դաժան ժամանակներում. «Երեխէք էք, երեխէք եւ մենակ էք, մարդ չկայ, ոչ ոք չկայ եւ ձեզ ինչպէս եմ թողնելու էս անիրաւ աշխարհում, մենակ, ինչքան մեղաւոր մարդ եմ, որ ձեզ թողնելու եմ մենակ…»։
Եւ իր կեանքի վերջին օրերին, վերջին գիշերը եւ նոյնիսկ վերջին ժամին թէ՛ խօսքերով, թէ՛ նոյնիսկ հայեացքով պատուիրում էր՝ մարդ եղէք։
Այդ պատուիրանը կատարեցին նրա բոլոր զաւակները՝ առանց բացառութեան։
«Գայեանեան» դպրոցն աւարտելուց յետոյ Թամարը առանց հայրիկի իմաստուն խորհուրդների ստիպուած եղաւ իքնուրոյն ընտրել ճարտարապետի իր մասնագիտութիւնը։ 1927-1931 թթ. Երեւանի փոլիթեքնիքական հիմնարկում սովորելու տարիներին աւելի ու աւելի էր հրապուրւում իր մասնագիտութեամբ։ Գուցէ ճարտարապետութեան նկատմամբ սէրը առաջացել էր եօթ տարեկան հասակում, երբ Թ. Թորոմանեանի ճարտարապետութեան մասին դասախօսութեան առիթով նրա սիրելի հայրիկը ի լուր ամէնքի հաստատել էր, որ գեղեցիկ արուեստներն են յատկանշում ամէն ժողովրդի ինքնուրոյն ազգային ոգին, եւ այդ արուեստների մէջ է «քարացած երաժշտութիւն» կոչուած ճարտարապետութիւնը, որը երբեք չի աղաւաղւում ժամանակի հետ՝ մնալով անցեալի ու նոր կեանքի եւ «կուլտուրայի պատուանդանը։
Աւարտելով բուհը, Թամար Թումանեանը որպէս նախագծող ճարտարապետ աշխատանքի է անցնում Երեւանում՝ Ալ. Թամանեանի ճարտարապետական արուեստանոցում, որը հետագայում միացել էր Հայպետնախագծային հիմնարկին։
Աշխատելով Ալ. Թամանեանի ղեկավարութեամբ՝ Թամար Թումանեանը մեծապէս նպաստել է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան տան եւ Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի թատրոնի նախագծման գործին։ Նրա նախագծերով կառուցուել են բազմաթիւ շէնքեր Երեւանում եւ Հայաստանի շրջաններում։ 1945թ. Թամար Թումանեանը ստանձնում է Հայաստանի ճարտարապետների միութեան պատասխանատու քարտուղարի եւ Հայաստանի բաժանմունքի ճարտարապետների ֆոնտի վարչութեան նախագահի պաշտօնը։ Սկսած 1942ից Թամար Թումանեան-ճարտարապետի գործունէութիւնը արժանանում է կառավարական պարգեւների եւ տարաբնոյթ խրախուսանքների՝ կրծքանշանների, տիփլոմների ու պատուոգրերի։
Թամարի շատ աւելի եռանդուն գործունէութիւնը սերտօրէն կապւում է Երեւանում Թումանեանի տուն-թանգարանի հետ, որը նա ղեկավարել է 23 տարի՝ 1966ից մինչեւ իր մահը։ Թանգարան, որի կառուցումը իրականացուել էր ճարտարապետ Աղաբաբեանի, իսկ աւելի ուշ՝ նրա որդու՝ Արայի նախագծով, բացուել էր 1953ին Աւետիք Իսահակեանի կտրած ժապաւէնով, նրա եւ Ստ. Զօրեանի սրտառուչ ելոյթներով, բանաստեղծի ընտանիքի՝ մեր մշակութային կեանքում նմանը չունեցող նուիրատուութիւններով։ Տուն-թանգարանի ղեկավարութիւնը, ինչպէս ընդունուած է ամբողջ աշխարհում, առաջինը վստահուել էր Թումանեանի հարազատներին՝ աւագ դուստր Աշխէն Թումանեանին։ Թանգարանը իսկապէս տուն էր, քանի որ այստեղ փոխադրուեցին բնակուելու Թումանեանի կինը՝ Օլկան, իր դուստրերի հետ միասին։ 1960ական թթ. Աշխէնի առողջութիւնը վատացաւ, եւ 1966թ. թանգարանի տնօրինութիւնը ստանձնեց Թամար Թումանեանը՝ առանց վարանելու հեռանալով իր ընտրած մասնագիտութիւնից։ Հայրիկը եւ նրա յիշատակը աւելի թանկ ու սիրելի էին, եւ նա մեծ նուիրումով սկսեց զբաղուել թանգարանի գործերով։
Իրօք, թանգարանը ուխտատեղի դարձաւ այցելուների համար, այն սրբավայր էր յատկապէս սփիւռքահայերի համար, որոնք հաւաստում են. «Մի քանի ժամով ապրեցինք կենդանի Թումանեանի հետ եւ մեզ աւելի հայ զգացինք»։ Կամ. «… Ապրել ենք հայ, մնացել ենք հայ, խօսում ենք հայերէն նրա համար, որ ապրել է Թումանեանը»։
Այցելուների այսպիսի ոգեւորութիւնը՝ առանց Թամար Թումանեանի, կամ ինչպէս նրան կանչում էին շատերը՝ Թամար Յովհաննէսովնայի (եւ կամ էլ ռուսականացուած ձեւով՝ Տամարա Իվանովնայի) եռանդուն գործունէութեան անհնար կը լինէր։ Նրա անկեղծ ոգեւորութիւնն ու խանդավառութիւնը վարակիչ էր եւ փոխանցւում էր իւրաքանչիւր այցելուի։ Գործունեայ բնաւորութիւնը Թամարը ժառանգել էր հօրից։ Նա մեծ ջանքեր գործադրեց, որպէսզի բարելաւի եւ ընդարձակի մինչ այդ էլ բաւական հարուստ ցուցադրութիւնը, դարձնի լաւագոյնը տուն-թանգարանների շարքում։ Ցուցադրութեան տարածքը մեծացնելու նպատակով շէնքի աջ կողմում որոշեց կառուցել կցակառոյց երկյարկանի մի շէնք, որի նախագծի հեղինակը դարձաւ Գր. Աղաբաբեանի որդին՝ Արայիկը։ Ցանկացած նիւթի ցուցադրութեան համար տնօրէնը կարեւորում էր թումանեանագէտների խորհուրդները։ Ձգտելով մեծացնել թանգարանի դերը եւ այն դարձնել նաեւ թումանեանագիտական կենտրոն, Թամար Թումանեանը ձեւաորեց գիտական խորհուրդ, որի կազմում էին անուանի ու վասատակաշատ գրականագէտներ, արուեստագէտներ, գրողներ։ Գիտխորհուրդը գոյատեւեց մինչեւ նրա մահը։ Ցաւօք, հետագայ տնօրէնները աւելորդ համարեցին ինչպէս թումանեանական գիտխորհրդի առկայութիւնը թանգարանում, այնպէս էլ գրեթէ ամէնամեայ պարբերականութեամբ անցկացուող Թումանեանական ընթերցումները, որոնց ներկայ էին լինում գրականութեան եւ արուեստի մարդիկ, այլեւ նոյնիսկ հանրապետութեան առաջին դէմքերը։
Թամար Թումանեանը ստեղծել էր մի համերաշխ աշխատակազմ, որտեղ համախմբուել էին գործի նուիրեալներ ու համախոհներ։ Նրանք առանց Թումանեանի, առանց Թամարի ու թանգարանի իրենց կեանքը չէին պատկերացնում։ Լռեցնում էր բոլոր նրանց, ովքեր բամբասանքներ էին տարածում, չարախօսում էին ուրիշներին ու քծնում էին իրեն։ Տանել չէր կարող սուտն ու կեղծիքը, նենգութիւնը, կեղծաւորութիւնը։ Որպէս ղեկավար նա առաջնորդւում էր այն սկզբունքով, որ միայն բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում է հնարաւոր իր բազում ծրագրերի իրականացումը։ Այդ ծրագրերից էր մասնաւորապէս այն, որ Թամարը իրողութիւն դարձրեց Թումանեանի տուն-թանգարանի եւ աշխարհի բազմաթիւ թանգարանների միջեւ եղած առնչութիւնների սերտացումը, համագործակցութիւնը։
Թէ՛ թանգարանի հիմնադիր-տնօրէն Աշխէնը եւ թե՛ յատկապէս Թամարը՝ բանաստեղծի աւագ ու կրտսեր դուստրերը, մեծ գործ արեցին հայրենական տունն աւելի հարուստ ու գրաւիչ դարձնելու համար։ 1970-1980ական թուականները թանգարանի ոսկեդարն էր։
Անհնար է խօսել Թամար Թումանեանի մասին եւ առանձնայատուկ չընդգծել նրա հիւրասէր բնաւորութիւնը։ Նա մեծացել եւ ապրել էր մի ընտանիքում, որի հայրը այնքան հիւրասէր էր, որ Լէոն նրան անուանել էր «ընտանեկան աղէտ», իսկ նրա հիւրընկալ կնոջը՝ Օլկային՝ «նահատակ»։ Խրիմեան Հայրիկն էլ կատակով Օլկային ասում էր, թէ եկեղեցին առհասարակ դժուար է ապահարզան տալիս, սակայն եթէ Օլկան բաժանուելու ցանկութիւն յայտնի, նա կÿընդառաջի, բացառութիւն կÿանի։ Ահա այս ամենահիւրամոլ հայի հիւրամոլ դուստրն էր Թամարը։ Իւրաքանչիւր թումանեանական ընթերցումից յետոյ բոլոր զեկուցողներն ու հրաւիրուած դերասանները, ինչպէս նաեւ ներկաներից շատերը հիւրընկալւում էին Թամարի տանը, նրա սեղանի շուրջը։ Թամարը առանձնապէս ուշադիր էր թումանեանագէտների նկատմամբ։ Նրա օճախի մշտական, սիրելի հիւրերն էին Ա. Ինճիկեանը, Էտ. æրբաշեանը, Լ. Հախվերդեանը։ Մի օր էլ նա յիշեց, որ Մ. Մկրեանը, որը մեծ թումանեանասէրի ու թումանեանագէտի համբաւ ունի, թանգարան չի այցելում։ Ու թէեւ Մկրեանի մենագրութիւնը Թումանեանի մասին դեռ լոյս չէր տեսել, Թումանեանի մասին նրա դասախօսութիւնները խանդավառում էին հազարաւոր ուսանողների, եւ Թամարը որոշեց մի առանձին խնճոյք կազմակերպել նրա պատուին։
Որքա՜ն շատ բան էին ժառանգել Թումանեանի զաւակները իրենց հօրից… Եւ ամէնից առաջ՝ սէր։ Սէր մերձաւորի, ծնողի, ընտանիքի, բնութեան, հայրենիքի եւ այն ամէնի նկատմամբ, ինչ թանկ էր բանաստեղծին։ Սէրը ծնողի հանդէպ ինչպէս Թամարի, այնպէս էլ նրա հինգ քոյրերի եւ չորս եղբայրների համար բոլոր առաքինութիւնների հիմքն էր։ Թումանեանը իր երեխաների համար մարդկային կերպարի իտէալ էր, կատարելութեան չափանիշ՝ թէ՛ իր կենդանութեան օրօք թէ՛ մահից յետոյ։ Մեծանուն բանաստեղծը դառնում է ներշնչանքի անսպառ աղբիւր իր զաւակների համար, եւ դա ոչ թէ սովորական սէր էր ծնողի նկատմամբ, այլ ծնրադիր վերաբերմունք, ակնածանք ու պաշտամունք, ուղեցոյց եւ արեան կանչ։
Թումանեանը տասը զաւակ ունեցաւ, սակայն թոռների թիւը այդպէս էլ չհասաւ զաւակների թուին։ Նրանք ընդամէնը եօթն էին, թէեւ Թումանեանը սիրում էր կրկնել, որ հարիւր թոռ է ունենալու։ Նրա չորս որդիներից մէկին՝ Արտաւազդին, սպաննեցին թուրքերը, մնացած երեքը՝ Մուշեղը, Համլիկը եւ Արեգը 1937թ. կամայականութիւնների զոհը դարձան։ Միակ արական սեռի թոռը՝ Վիգէնը, որը պիտի կրէր եւ շարունակէր Թումանեանի ազգանունը, 1941թ. մեկնեց ռազմաճակատ եւ զոհուեց Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ահա այսպէս հայ մեծագոյն բանաստեղծի բոլոր արու զաւակներն ու թոռը ազգի կամաւոր զինուորներ դարձան եւ բոլորն էլ զոհուեցին ու նահատակուեցին։ Ընտանիքի ամենակրտսերը՝ Թամարը, արեց այն, ինչ կÿանէր ամենաաւագը՝ հայրիկը, եթէ կարողանար, եթէ ի վիճակի լինէր, ողջ լինէր։ Թէեւ, փառք Աստծոյ, որ չտեսաւ. չէ՞ որ շատ-շատ էին «մահերն, ահերն» եւ կորած «լաւերն» իր սրտում, չէ՞ որ նա շատ էր նենգ ու դաւ տեսել ու տառապել, լոյս տալով սպառուել։ Նրա փխրուն ու տառապած սրտին միայն մէկի՝ Արտաւազդի մահն իմանալն էր բաւական էր…
Թամարը միշտ մտածում էր՝ դիմացա՞ւ, արդեօք, հայրիկը Արտաւազդ-Արտիկի կորստեան վշտին եւ կարծում էր, որ չդիմացաւ, որքան էլ մեծ լինէր այդ սիրտը։ Ցաւերն ու աւերը սկիզբ ու վերջ չունէին։ Եւ Թամարը, գուցէ նաեւ հայրիկի հոգու խաղաղութեան համար պատուիրեց ճարտարապետ Սարգիս Ներսիսեանին նախագծել ու պատրաստել տալ 11 քարեվերձիգ կոթող։ Երկար ժամանակ այդ քարէ յուշարձանները նրա պատշգամբում էին։ Այնուհետեւ տեղադրել տուեց Երեւանի գերեզմանատան պանթէոնում՝ իրենց ընտանեկան գերեզմանատանը։ Միայն մի կոթողը թողել էր առանց մակագրութեան… այդ մակագրութիւնը արուեց նրա մահից յետոյ՝ 1989ին…
Կեանքի չար խաղ ու մեծ անարդարութիւն էր, որ մեծ ու շռայլ հոգու տէր Թամարը այդպէս էլ ընտանիք չկազմեց ու զաւակ չունեցաւ։ Նրա միակ ընտանիքը մնաց իր հայրիկի ստեղծածը։ Երբ խօսք էր գնում, թէ ինչպէս պատահեց, որ Թումանեանի տասը զաւակներից ոչ մի արական սեռի թոռ չմնաց, որ կրէր, շարունակէր Թումանեանի ազգանունը, Թամարը դրան շատ հանգիստ էր վերաբերում՝ ասելով, թէ Թումանեանի անուն-ազգանունը բաւական է իր անմահութիւնը ապահովելու համար։
Չափից դուրս հպարտ՝ նա երբեք չէր սիրում խօսել իր ցաւերից ու վշտերից։ Իր ապրած 82 տարիների ընթացքում միայն լսում էր ուրիշներին, կարեկից լինում, համազգում, օգնում, եթէ կարողանում էր, սակայն իր ցաւերի մասին՝ ֆիզիքական թէ հոգեկան, միշտ լռում էր՝ մէկ անգամ եւս հաւաստելով, որ շատախօս են փոքր վշտերը, մինչդեռ իսկական, մեծ ու խոր վիշտը միշտ անխօս է…
Թամարը չէր թաքցնում իր կանխազգացումը՝ հայրիկի ցաւով՝ ստամոքսագեղձի քաղցքեղով մահանալու մասին։ Գուցէ այդ կանխազգացումը յենւում էր այն գիտակցութեան վրայ, որ այդ դաժան հիւանդութեամբ ժառանգաբար տառապում էին Թումանեանները՝ ինքը՝ Յովհաննես Թումանեանը, նրա մայրը՝ Սօնան… Գուցէ եւ Թամարը ինքնաներշնչութեամբ չարագուշակ դարձաւ եւ ինքն իր վրայ փորձանք կանչեց։ Սակայն մենք աւելի հակուած ենք կարծելու, որ նա պարզապէս քոտաւորել էր իր մահը։ Նա միշտ ձգտում էր ապրել այնպէս, ինչպէս ապրել է իր հայրիկը, եւ ուզում էր մեռնել այնպէս, ինչպէս մահացել էր Թումանեանը։
Եւ, այնուամենայնիւ, հարազատների կորստեան, անդադար ճակատագրի ցաւն ու կսկիծը հոգում՝ երջանիկ էր Թամարը։ Երջանիկ էր, որովհետեւ նա լիացաւ այն խնդութեամբ, որով ապրեց՝ իր հանճարեղ հօր յարաճուն փառքի եւ միջազգային ճանաչման ականատեսը լինելով։ Ընդորում, ոչ միայն ականատեսը, այլեւ այդ փառքի ու ճանաչման նպաստողը դարձաւ իր անձով ու գործով։ Նա իր ամուր կամքով, արթուն հսկողութեամբ աչքի լոյսի պէս պահեց-պահպանեց Թումանեանի թանգարանը, շէնացրեց այն՝ հայ ժողովրդի սեփականութիւնը դարձնելով մեր գեղարուեստական մշակոյթի պատմութեան ամենագեղեցիկ էջերից մէկը։
Մի առիթով Թումանեանը Ս. Բահաթուրեանի հետ զրուցելիս ասել է. «Եթէ մի հասարակութիւն կարող է առաջացնել խոհուն, մտածող կին… ազգը միանգամայն իրան կուլտուրական կարող է համարել»։ Թումանեանի ժամանակներում սակաւ էին այդպիսի կանայք, եւ նրա վեց դուստրերը չորս տաղանդաւոր ու շնորհաշատ որդիների հետ միասին եկան հաւաստելու մեր ժողովրդի զարգացման, քաղաքակրթուածութեան նոր աստիճանը։
Թումանեանի բոլոր տասը երեխաները անխտիր ու անմնացորդ ծառայեցին մեր ժողովրդին ու մշակոյթին եւ դրա համար չխնայեցին ոչինչ, ընդհուպ մինչեւ ամենաթանկը՝ կեանքը։ Նրանցից մէկն էր Թամարը, որն իր քոյրերի ու եղբայրների նման այն սակաւաթիւ, հազուագիւտ մարդկանցից էր, որոնք «համ ճաշակ ու սիրտ ունեն, համ էլ սրտալի են մօտենում, եւ մարդ զգում է ջերմութիւնը անկեղծութեան եւ սիրոյ… Իսկ ազնիւն ու լաւը արդէն փորձով գիտենք, որ հազուագիւտ բան է կեանքում» (ԵԼԺ, հ. 10, էջ 36), – գրում էր Թումանեանը՝ բախտաւոր հայրը, որի ուստրերն ու դուստրերը արեւի նման նայեցին աշխարհին, նայեցին բարի սրտով ու պայծառ հայեացքով, փորձեցին ուրախ ու զուարթ ապրել, ինչը նրանց համար ամենադժուար բանն էր կեանքում, հասկացան, որ մակդիրների հաւաքածուն վատ գովասանք է եւ փորձեցին լաւ գործերով արժանի դառնալ մեծ հայրիկի ամենամեծ կոչմանը՝ ամենայն հայոցին, նաեւ Թումանեանի բանաձեւած «ամենաբարձր կոչմանը»՝ անարատ Մարդու իտէալին։