ՀԱՐՑՈՒՄ.- ԼՂՀ կառավարութեան կողմից հաստատուած վերաբնակեցման ծրագիր կա՞յ: Եթէ այո, ապա ինչպէ՞ս կարող ենք ծանօթանալ դրան: Այս տարուայ ընթացքում ո՞ր շրջաններում վերաբնակեցման ինչպիսի՞ աշխատանքներ են կատարուել եւ կատարուելու:
ՊԱՏԱՍԽԱՆ.- ԼՂՀում Ատրպէյճանի սանձազերծած պատերազմի պատճառով փախստականների վերաբնակեցումը ԼՂՀ տարածքում սկսուել է 1992 թուականից՝ Շուշիի ազատագրումից անմիջապէս յետոյ: Վերաբնակեցման բնագաւառը ԼՂՀ կառավարութեան կողմից կարգաւորուել է կառավարութեան՝ մէկ տասնեակի հասնող որոշումներով:
ԼՂՀ կառավարութիւնը 2001 թուականին մշակել եւ հաստատել է վերաբնակեցման ռազմավարութեան հիմունքները եւ տասնամեայ ծրագիր, որտեղ յստակեցւում են վերաբնակեցման նպատակները եւ աշխարհագրական դիրքերը: Վերաբնակեցման տասնամեայ ծրագիրը նպատակ ունէր 2001-2010 թուականների ընթացքում հայրենիք վերադարձնել շուրջ 36 հազար փախստական հայորդիների: Ծրագրով պիտի կառուցուէր 10 հազար բնակարան, 200 դպրոց, բուժհիմնարկներ, ջրագծեր, ճանապարհներ եւ այլն, որի տնտեսական պիւտճէն կազմում էր շուրջ 120 միլիոն տոլար:
Այս ծրագիրը հովանաւորելու համար առաջարկուեց ամէնքին՝ Հայաստան, Սփիւռք եւ այլն, որովհետեւ փախստականներին բնակարանով ապահովելու եւ վերաբնակեցման հարցերը համայն հայութեան հարցն են:
Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները հնարաւորութեան սահմաններում իրականացրել եւ իրականացնում են այդ ծրագիրը՝ վերջին տարիներին տարեկան 1.75 միլիառ դրամ յատկացնելով վերաբնակեցման աշխատանքներին, այդ թւում՝ 750 միլիոն դրամ միայն Քաշաթաղին: Վերաբնակեցման տասնամեայ ռազմավարական ծրագրին կարող էք ծանօթանալ վարչութեան գրասենեակում: 2007 թուականի ծրագիրն իր բնոյթով եւ տարողութեամբ նման է 2006 թուականի ծրագրին, փորձ է կատարւում տարեկան մէկ-երկու աւերուած նոր բնակավայր սկսել եւ շարունակել հզօրացնել ցանկում եղած 40ից աւելի բնակավայրերը՝ (բացի Քաշաթաղի շրջանից) տարեկան կառուցելով 3-5 բնակարան:
Հ.- Լրատուամիջոցներին ներկայացուած հաշուետուութեան (*) մէջ Քաշաթաղի շրջանը ներառուած չէր: Դա նշանակո՞ւմ է, որ 2006թ. այդ շրջանում վերաբնակեցման ծրագրեր չեն իրականացուել:
Պ.- Քաշաթաղի շրջանի համընդհանուր եւ բնակարանային շինարարութիւնն իրականացնում են ԼՂՀ քաղաքաշինութեան նախարարութիւնը եւ շրջանի վարչակազմը: 2006 թուականին Քաշաթաղի շրջանի համընդհանուր շինարարութեան եւ հիմնական նորոգութիւնների պիւտճէն կազմել է 723.5 միլիոն դրամ, իսկ վերաբնակիչների ընկերային վճարները 36.1 միլիոն դրամի չափով իրականացրել է ԼՂՀ կառավարութեանն առընթեր գաղթի, փախստականների եւ վերաբնակեցման վարչութիւնը:
Հ.- Ձեր հաշուետուութեան մէջ նշուած բնակարանների վերանորոգումը, տների կառուցումն ամբողջութեամբ կատարուել են ԼՂՀ պիւտճէի՞ միջոցներով, թէ՞ բարեգործական կազմակերպութիւնների: Եթէ այլ կազմակերպութիւնների միջոցներով են եղել, խնդրում եմ նշել դրանց անունները:
Պ.- Հաշուետուութեան մէջ նշուած բնակարանների կառուցումը եւ վերանորոգումը կատարուել է միայն պետական պիւտճէի միջոցների հաշուին:
Հ.- Խնդրում եմ տեղեկացնել, թէ քանի՞ տուն է կառուցուել 2005ին եւ ո՞ր բնակավայրերում:
Պ.- 2005 թուականին կառուցուել է 142 բնակարան բոլոր շրջաններում, Քաշաթաղը աշխատել է առանձին, ուստի վարչութիւնը չունի այդ տուեալները:
Հ.- Ըստ ձեր հաշուետուութեան, 2006թ. Հայաստանից եւ այլ երկրներից ԼՂՀում վերաբնակեցուել է 241 ընտանիք: Այդ նոյն ժամանակահատուածում կառուցուել է 105 եւ վերանորոգուել՝ 38 բնակարան, ընդհանուր առմամբ՝ 143 բնակարան: Որտե՞ղ են ապրում մնացած 98 ընտանիքները:
Պ.- Ձեր հաշուարկում նկատի չէք առել 24 պատրաստի տների գնման պարագան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բոլոր բնակավայրերում կարելի է վերաբնակուել եւ ստանալ որոշակի արտօնութիւններ, ճանապարհածախս, գոյքի տեղափոխում, միանուագ օգնութիւն եւ այլն, սակայն բնակարան, վարելահող եւ արտօնեալ վարկ տրամադրւում է միայն այն բնակավայրերի վերաբնակիչներին, որոնց ցանկը հաստատել է կառավարութիւնը: 74 ընտանիքներ վերադարձել եւ բնակուել են իրենց պապենական բնակարաններում, 2005 թուականին կառուցուած եւ չբնակեցուած բնակարաններում կամ բնակարանի հարցը լուծել են իւրովի:
Հ.- Վերաբնակների համարկման համար կա՞ն մշակուած ծրագրեր, որքա՞ն անասնավարկ է տրւում, կամ այլ վարկեր տրամադրւո՞ւմ են: Ի՞նչ արտօնութիւններ են նախատեսուած վերաբնակների համար:
Պ.- Վերաբնակիչներին տրամադրուող արտօնութիւնների եւ ԼՂՀում համարկման հարցերը կարգաւորւում են 2003 թուականի Ապրիլի 15ի «ԼՂՀ տարածքում վերաբնակուող ընտանիքներին տրամադրուող արտօնութիւնների մասին» ԼՂՀ կառավարութեան 121 որոշումով:
Հ.- Վերաբնակները բողոքում են տների որակից, ինչո՞ւ են կառուցուող տներն այդքան անորակ: Որքա՞ն է արժենում մէկ նորակառոյց տունը կառավարութեան համար:
Պ.- Մեր միջոցով կառուցուած եւ վերանորոգուած բնակարանները փորձում ենք բողոքարկելու առիթ չունենան, շինարարութեան ընթացքի եւ որակի նկատմամբ վերահսկողութիւն են իրականացնում քաղաքաշինութեան նախարարութեան եւ ինքնակառավարման մարմինների ամբողջ համակարգը, եւ աւարտուած շինարարութիւնների աւարտական թղթածրարները հաստատւում են յանձնաժողովի կողմից, որտեղ ընդգրկուած են շրջանի ճարտարապետը, գիւղապետը եւ այլն, մէկ տարուան ընթացքում բացայայտուած թերութիւնները սրբագրւում են շինարարի կողմից: Կիսակառոյց բնակարանների նորոգութիւնների գինը կազմում է 3ից 6, իսկ նորակառոյցները՝ 7-10 միլիոն դրամ (տես՝ տների լուսանկարները):
Հ.- Շահումեանի շրջանի վերաբերեալ ի՞նչ քաղաքականութիւն կայ: Այս եւ յաջորդ տարուան համար ի՞նչ աշխատանքներ են նախատեսուած:
Պ.- Շահումեանցիները եւ հիւսիսային Արցախի բռնի տեղահանուածները բնակւում են Նոր Շահումեանի շրջանում, մշակում եւ շէնացնում են իրենց հայրենիքը, կառավարութիւնը օժանդակում է նրանց, որպէսզի հաստատուեն հայրենի հողում: Քաղաքականութիւնը նոյնն է: 2007ին Նոր Շահումեանի շրջանում կը կառուցուի 37 բնակարան:
Հ.- Ձեր հաշուետուութեան համաձայն, Հադրութի շրջանում որեւէ բան չի արուել, ինչո՞ւ այդ շրջանում աշխատանք չի տարւում, դա յատո՞ւկ քաղաքականութիւն է:
Պ.- 2006 թուականին Հադրութ քաղաքում կառուցուել է 2 եւ Ազոխ գիւղում մէկ բնակելի տուն՝ փախստականների համար: Հադրութում վերաբնակեցման գործին օժանդակում են բարեգործական կազմակերպութիւններ, «Թուֆէնկեան» հիմնադրամը, որն Առաջամուղ գիւղում կառուցել եւ աւարտին է հասցրել 6 բնակարան, Հայ բարեգործական ընդհանուր միութիւնը Բարէշէն գիւղում՝ 3 բնակարան, Չրակն գիւղում՝ 10 կիսակառոյց բնակարան, եւ «Երկիր» հասարակական կազմակերպութիւնը Իջեւանատուն բնակավայրում՝ 7 կիսակառոյց տներ եւ կիսակառոյց դպրոց, որոնք պիտի աւարտին հասցնեն 2007-2008 թուականներին: Ընդամէնը՝ Հադրութի շրջանում 12 աւարտած եւ 17 կիսակառոյց բնակարաններ: Այլ հասարակական եւ բարեգործական կազմակերպութիւն Արցախում բնակարանաշինութեամբ չի զբաղւում:
Հ.- Քաշաթաղի շրջանում քանի՞ գիւղ կայ այսօր, որտեղ ելեքտրականութիւն չկայ, եւ ե՞րբ է նախատեսւում դրանք ապահովել ելեկտրական հոսանքով: Այս տարուան ընթացքում որեւէ գիւղ ելեքտրականութեամբ ապահովուելո՞ւ է: Կա՞ն արդեօք հաշուարկներ, թէ Քաշաթաղի շրջանի գիւղերն ելեքտրականութեամբ ապահովելու համար որքան գումար է անհրաժեշտ: Մենք ունենք փաստեր, թէ ինչպէս է Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավարը իւրացրել շրջանին յատկացուած գումարները:
Պ.- Քաշաթաղի շրջանը 1994-2006 թուականներին բոլոր առումներով աշխատել է առանձին: ԼՂՀ ԿԱ ներգաղթի, փախստականների եւ վերաբնակեցման վարչութիւնը չի ծրագրել եւ չի իրականացրել այն քաղաքականութիւնը, որը տարածուած է միւս շրջաններում:
Այլ հարցերի մասին, եթէ ունէք ապացոյցներ, ձեր լրագրողական եւ քաղաքացիական պարտքն է, որպէսզի դրանք ներկայացնէք գլխաւոր դատախազութիւն եւ ստանաք համոզիչ պատասխաններ:
Հ.- Քաշաթաղի եւ Շահումեանի շրջաններում տարբեր կազմակերպութիւններ իրականացնում են զանազան ծրագրեր: Ինչպէ՞ս էք համակարգում այդ ծրագրերը, ԼՂՀ կառավարութեան ո՞ր օղակն է համակարգում այդ աշխատանքները:
Պ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Բարեգործութեան մասին օրէնքը չի թոյլատրում միջամտել բարեգործ անհատների եւ կազմակերպութիւնների գործունէութեանը:
Մենք ընդամէնը քաջալերում ենք, որ իրենք նախօրօք պայմանաւորուածութիւն ձեռք բերեն կառավարութեան համապատասխան կառոյցների հետ, օգտուեն կառավարութեան արտապիւտճէական հնարաւորութիւններից, ազատուեն աւելացուած արժէքի հարկից եւ ապահովելն իրենց գործունէութեան թափանցիկութիւնը, որոշ կազմակերպութիւնների հետ մեր գործակցութիւնը սերտ է եւ համադրուած, որոշները գործում են ինքնուրոյն, առանց տեղեկացնելու, համաձայնեցնելու եւ հաշուետուութեան:
Հ.- Քաշաթաղի շրջանում այս տարուան սկզբին վերականգնուել են մի շարք արտօնութիւններ: Փաստ է, որ այդ արտօնութիւնները վերացուել էին: Ինչո՞ւ եւ ո՞ւմ հրահանգով էին վերացուել նախկինում գործող արտօնութիւնները:
Պ.- Վերը նշուած հարցերում արդէն բացատրեցի, որ Քաշաթաղը 1994-2006 թուականներին աշխատել է ինքնուրոյն, եւ վերաբնակիչներն օգտուել են շատ արտօնութիւններից, ինչից երբեք չի օգտուել վերաբնակեցման ոչ մի բնակավայր, ինչպիսին է Շահումեանը եւ այլ ծայրամասային ու բարձր գօտում գտնուող բազմաթիւ բնակավայրեր: Դրանք եղել են աշխատավարձի երկու կատարողական, հոսանքի անսահմանափակ ձրիութիւն եւ այլն: Արտօնութիւնները պէտք են, ինչքան շատ, այդքան լաւ, բայց երբ ծախսային մասով գերազանցում ես քո պիւտճէն եւ հնարաւորութիւն չես ունենում լրացնել այն, պարտաւոր ես գնալ կրճատումների: Այսպէս՝ 2004 թուականի դրութեամբ Քաշաթաղի շրջանի վարչակազմի՝ Հայէներկոյին կուտակած պարտքերը լսելով կազմում էին 350 միլիոն դրամ եւ այլն:
Կամ՝ արտօնութիւնները վերաբնակիչներին տրւում են 10 տարուան համար, այդպիսի արտօնութիւններից պիտի օգտուեն միայն նորեկները: Նման արտօնութիւններից պիտի օգտուեն ոչ միայն Քաշաթաղի, այլ բոլոր վերաբնակիչները: Այսօր արտօնութիւնների աղիւսակը համալրւում է այդ սկզբունքով՝ պահպանելով արդարութեան սկզբունքը:
Հ.- Ինչո՞ւ ԼՂՀ կառավարութիւնն այսքան տարիներ վերաբնակեցումը չի համարել առաջնային խնդիր եւ միայն վերջերս է սկսել խօսել դրա կարեւորութեան մասին:
Պ.- Վերաբնակեցումը ԼՂՀ կառավարութեան համար միշտ էլ եղել է սահմանների անձեռնմխելիութեան եւ պաշտպանունակութեան հզօրացման ամէնից առանցքային հարցերից: Այս ասպարէզում շատերն են խօսում, իսկ կառավարութիւնն իրականացնում է այն:
1988-1992 թուականներին Արցախի ժողովրդի ազգային ազատագրական-ինքնորոշման շարժման եւ Ազրպէյճանի սանձազերծած պատերազմի պատճառով անկախութեան զոհասեղանին նուիրեցինք աւելի քան 7 հազար երիտասարդների կեանք, ունենք շուրջ եօթ հարիւր հազար փախստականներ, որոնք ապրում են Հայաստանում, ԱՊՀ եւ այլ երկրներում, այդ հայորդիներին հայրենիք վերադարձնելու, տուն-տեղ-աշխատանքով ապահովելու եւ հայրենիքը շէնացնելու ու հզօրացնելու պարտականութիւնը ամէն մի հայի պարտքն է հայրենիքի նկատմամբ:
Մենք ակնկալում ենք համահայկական կամք եւ աջակցութիւն, ամէն մէկը՝ իր կարողացածի չափ: ԼՂՀ ԿԱ միկրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչութիւնը պատրաստ է տեղեկութիւններ տրամադրել եւ աջակցել ինչպէս վերաբնակիչներին, այնպէս էլ նրանց, ովքեր պատրաստ են իրենց մասնակցութիւնը բերել այս գործին:
25 Յունիս, 2007
(*) ՀԱՇՈՒԵՏՈՒՈՒԹԻՒՆ