Հայաստանի Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան, «Թաթոյեան» հիմնարկի տնօրէն Արման Թաթոյեան Ատրպէյճանի կեղծ խաղասիրութեան մասին «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է հետեւեալը.
«Հայաստանի դէմ ադրբեջանական ագրեսիւ (յարձակողապաշտ) քարոզչութեան նոր մեթոդներ՝ կեղծ տեղեկատուութիւն եւ թշնամանք տարածող կայքեր: Մի քանի օր առաջ գործարկուել են «Վիրտուալ Արեւմտեան Ադրբեջան» եւ «Հայկական յանցանքներ» կայքերը, որտեղ ամբողջ Հայաստանը ներկայցւում է ադրբեջանական: Կայքերից մէկը քառալեզու է (ադրբեջաներէն, անգլերէն, ռուսերէն, իսպաներէն), իսկ միւսը՝ անգլերէն եւ ռուսերէն: Մարդկանց վկայութիւններով ու անհատական պատմութիւններով փորձ է արւում հիմնաւորել, թէ Հայաստանն ադրբեջանական պատմական հող է: «Հայկական վանդալիզմ» եւ «Ռեսուրսներ» բաժիններում կեղծ վկայութիւններ են հայերի կողմից ադրբեջանական կոտորածների մասին: Հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացւում են ադրբեջանական մշակոյթի մաս եւ բազմաթիւ այլ կեղծիքներ: Չնայած հայերի նկատմամբ հէնց ադրբեջանական պատերազմական յանցանքներին՝ խոշագումներից ու սպանութիւններից մինչեւ մշակութային յուշարձանների ոչնչացում, նրանք ահռելի գումարներով ոչ միայն ստեղծում են իրենց գոյութիւն չունեցող պատմութիւնը եւ հնարաւոր բոլոր միջոցներով աշխարհին մատուցում այդ ամէնը, այլ նաեւ ձեւաւորում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու տարածքային պահանջների հիմքեր: Ակնյայտ է, որ այս ամէնը տեղի է ունենում ադրբեջանական իշխանութեան ուղիղ հովանաւորութեամբ: Ուստի, ադրբեջանական խաղասիրութիւնը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար եւ նպատակ ունի թմրեցնել մեր զգօնութիւնը: Ադրբեջանական բացայայտ սպառնալիքները, ծախսուող ահռելի ֆինանսները եւ քաղաքականութիւնն անտեսելը տանում է դէպի կործանարար հետեւանքեր: Ակնյայտ է, որ ադրբեջանական իշխանութիւնը չի «քայլելու» «խաղաղութեան խաչմէրուկ»ով. նրանց նպատակն այդ ճանապարհին Հայաստանի չլինելն է»:
