(ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ ՑԱՒԱԼԻ ՄԱՀՈՒԱՆ ՔԱՌԱՍՆՕՐԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ)
Ռ. ԿՈՐԻՒՆ

Մեր համագիւղացին էր Իրանի Բուրվարի գաւառից: Ծնուել էր 1926ի Մայիս 24ին, մի նահապետական ընտանիքում: Նրա հայրը՝ Անդրիասը աշխատասէր եւ ընդունակ ու յարգուած մէկն էր, իսկ մայրը՝ Եսթերը լինելով գործունեայ կին, ամուսնու վաղաժամ մահից յետոյ մեծացրել է զաւակներին՝ երկու տղայ՝ Գրիգոր եւ Սարգիս, չորս աղջիկ՝ Գուլիզար, Մարիամ, Նազիկ (հանգուցեալներ), եւ Չնար:
Ընտանիքի անդրանիկ զաւակն էր Գրիգորը տասնվեց տարեկան հասակում, իսկ եղբայրը՝ Սարգիսը տասնչորս տարեկան․ նրանք ընտանիքի հոգսը միասնաբար են կրում:
Պատանի հասակում հանգուցեալ Գրիգորը տան ապրուստն հոգալու համար աշխատանքի է գնում Ջուղա, մի քանի տարի աշխատելուց յետոյ դառնում է մեքենայի մեքանիկ: Ջուղայից վերադառնալով գիւղ, 1947ին ամուսնանում է Սրբուհի Պետրոսեանի հետ: Նրանք բախտաւորւում են հինգ զաւակներով, երկու տղայ՝ Խորէն եւ Զաւէն ու երեք դստեր՝ Ալվարդ, Վարսենիկ եւ Քլարիս (Քլարիսը մահանում է 40 տարեկանում մի որդի զաւակ ժառանգ թողնելով ամուսնուն՝ Նորիկին): Քլարիսի անսպասելի մահը մեծ ցաւ ու վիշտ է պատճառում ընտանիքին:
Երբ Սարգիս եղբայրն էլ ամուսնանում է, նկատելով, որ իրենց փոքրիկ հողամասը գիւղում կարող չէր գոհացնել երկու բազմանդամ ընտանիքների ապրուստը, հանգուցեալ Գրիգորը որոշում է Թեհրան գնայ աշխատելու, փող վաստակելու: Մի քանի տարիներից վերադառնում է գիւղ: Նա նկատելով գիւղի ուսման ոչ գոհացուցիչ վիճակը զաւակների համար, ուստի երկու եղբայրներ մտածելով զաւակների ուսման մասին 1960ին ընտանիքներով տեղափոխւում են Թեհրան:
Երկու եղբայրներ հանդերձ ընտանեօք ապրում են միասին մէկ յարկում Եսթեր նանի հովանու ներքոյ խաղաղ ու երջանիկ:
Նրանք իրենց բեռնաթափ մեծ մեքենաներով երեսուն տարիներ տքնաջան գործում են աշխատասիրութեամբ, պարտաճանաչութեամբ եւ ընտանիքասիրութեամբ, այդպիսով իրենց կեանքի ապրուստը լաւապէս վաստակում են, զաւակներին բարձր ուսման են արժանացնում, նրանց բոլոր զաւակներն էլ ամուսնացած ապրում են բարեկեցիկ եւ պատուաբեր կեանքով: Հանգուցեալ Գրիգորը գոհ եւ ուրախ էր իր զաւակների կեանքով ի մասնաւորի իր Սրբուհի կնոջ ճիգ ու ջանքերից զաւակների դաստիարակութեան հարցում: Զաւակները իրենց ծնողներին պարգեւել են 11 թոռ եւ 12 ծոռ:
Հանգուցեալ Գրիգորի կողակիցը՝ Սրբուհին, սրանից երկու տարի առաջ կեանքից հեռացաւ, հիմա էլ ինք՝ Գրիգորը, 97 պատկառելի տարիքում: Ահա սա է կեանքը, ժամանակաւոր, այսինքն Աստծու օրը գնալու ենք այս աշխարհից․ որպէսզի անակնկալի չմատնուենք մահուան վերահաս հանդիպումից, պէտք է կեանքը շահել եւ վայելել, այնպէս ապրել, որ բարութեամբ յիշուենք, բարի արարքներով իմաստաւորենք մեր կեանքը:
Հանգուցեալ Գրիգորը մէկն եղաւ էն բարեպաշտ մեր եկեղեցու անդամներից, որ իր կեանքը իմաստաւորեց որպէս սրտամրմուռ եւ հոգատար հայր, հայրենասէր եւ ազգասէր, գրականութիւնը սիրող ու փայփայող գիտակից մարդ: Նա 1990ին ընտանիքով Ամերիկա է գաղթում, նա ուրախ էր, որ զաւակներով, թոռներով ու ծոռներով ապրում են մի ազատ երկրում:
Նրա բանաստեղծական շնորհքը ծիլարձակում է այստեղ, ոգեշունչ տաղեր է գրում գիւղական կեանքից, որոնցից կարելի է յիշել՝ «Մեր գիւղի կեանքը», «Նուագիչն ու օձը», «Ոսկանի հարկը», «Գարուն օրերս» եւ այլն։ Բոլորը անգիր ասմունքում էր, նա այդ 97 հասակ տարիքում շատ պայծառ յիշողութիւն ունէր եւ Աւետիք Իսահակեանի «Ապու Լալա Մահարի» պոէմը մէկ շնչով անգիր արտասանում էր եւ բուռն ծափերի էր արժանանում։ Նա հազիւ գիւղական ուսում ունէր, սակայն Աստուած նրան բանաստեղծելու եւ ուշիմութեան շնորհք էր պարգեւել․ նա ընթերցասէր էր, հասարակական կեանքով հետաքրքրուած, բաժանորդագրուած էր «Ասպարէզ» օրաթերթին եւ կանոնաւոր ստանում էր: Նա անդամակցում էր Լոս Անջելեսի Իրանահայ միութեան, մասնակցում էր միջոցառումներին ի մասնաւորի ուրբաթօրեայ հանդիպումներին միշտ ներկայ էր վայելելով միութենականների սէրն ու յարգանքը: Նա սիրում էր թոռներին եւ ծոռներին, յաճախակի իր շուրջն էր հաւաքում եւ զբաղեցնում էր եւ ուրախացնում նրանց, փոխանցելով պապիկի սէրն ու գուրգուրանքը:
Ահա, այս արժանիքներով հայ մարդը, հայրը, պապիկը աչքերը փակեց հանգիստ ու խաղաղ շրջապատուած հարազատներով, համոզ լինելով իր փոխանցած ազգային դաստիարակութիւնը կը շարունակուի յետնորդների սրտում ու հոգում, յիշատակուելով որպէս մի արժանաւոր հայ մարդ, իր անմոռանալի բարի արարքներով:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: