
Creative Armenia-ն ուրախ է յայտարարել իր հեղինակային Artbox Incubator ծրագրի երկրորդ թողարկման եւ յայտերի ընդունման պաշտօնական մեկնարկի մասին, որը նախատեսուած է զարգացնելու ստեղծարար գաղափարները եւ դրանք վերածելու առեւտրական նախագծերի։
Ծրագրին դիմած եւ ընտրուած ստեղծագործական խումբերը 2024ի գարնանը 8 շաբաթեայ ծրագրի ընթացքում հնարաւորութիւն կը ստանան գերժամանակակից առցանց հարթակի միջոցով սովորելու աշխարհի առաջատար գործարարներից եւ անուանի մշակութային գործիչներից՝ զարգացնելու ամբողջական ծրագիր իրենց նախագծերի համար, որը կը ներառի ձեռնարկութեան աշխատելաոճը, արտադրութեան ու շուկայական ռազմավարութիւնը եւ ոչ միայն։ Նախագծի ամբողջական փաթեթը պատրաստ լինելուց յետոյ մասնակիցները կը ստանան բացառիկ հնարաւորութիւն ներկայացնելու իրենց նախագծերը աջակցութեան համար՝ իրենց ստեղծարար գաղափարները կեանքի կոչելու նպատակով։ Մինչեւ 10,000 եւրոյի դրամաշնորհ կը յատկացուի մինչեւ 10 ամենախոստումնալից նախագծերից իւրաքանչիւրին։
Artbox Incubator ծրագրին ծանօթանալու եւ մինչեւ ծրագրի վերջնաժամկէտը՝ Փետրուարի 29ը, դիմելու համար կարող էք այցելել https://www.artbox.am/hy/incubator
«Թէեւ մեզ համար կենսական նշանակութիւն ունի արդէն իսկ գոյութիւն ունեցող ստեղծարար ձեռնարկութիւնների, մշակութային հաստատութիւնների եւ անհատ ստեղծագործողների զարգացմանն աջակցելը, մենք համոզուած ենք, որ ստեղծարար գաղափարներ խթանելն ու արուեստագէտներին աջակցելը՝ իրենց գաղափարները իրականութեան վերածելու համար, շատ աւելի մեծ ներդրում է ապագայի մէջ եւ ոչ պակաս կենսական նշանակութիւն ունի հայ մշակոյթի աճի եւ կայունութեան համար», ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրէն Անուշ Տէր Խաչատրեանը։
Ծրագրին կարող են դիմել աշխարհի ցանկացած կէտում գտնուող ստեղծագործողներ, որոնք իրենց ծրագիրն իրականացնելու են Հայաստանի Հանրապետութեան սահմաններում։ Նախընտրութիւն է տրւում այն ծրագրերին, որոնք ունեն առեւտրային յաջողութեան հասնելու ներուժ։
«ՀԲԸՄ Katapult ծրագիրը Creative Armenia-ի հետ համատեղ ուրախ է մեկնարկել Artbox Incubator-ի 2րդ թողարկումը: Այս Incubator-ը կը լինի վերջինը Katapult-ի շրջանակներում, բայց մենք վստահ ենք, որ նորանոր ծրագրեր դեռ կ՛իրականացուեն մեր համագործակցութեան շրջանակներում: Անհամբերութեամբ կը սպասենք տեսնելու, թէ ինչ նոր գաղափարներ է սերմանելու եւ զարգացնելու Artbox Incubator-ը առաջիկայ ամիսների ընթացքում», ասաց «Կատապուլտ» ծրագրի ղեկավար Աննա Գարգարեանը։
Artbox-ը Creative Armenia-ի հեղինակային ծրագիրն է։ Creative Armenia-ն առաջատար հիմնադրամ է ամբողջ հայութեան համար։ Artbox-ը իրականացւում է Հայաստանում Եւրոպական միութեան ֆինանսաւորմամբ եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցութեամբ։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։