

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութեան Առաջին ալիքը Ապրիլի 1ից կը հեռարձակուի Միացեալ Նահանգներում: Այս մասին, Լոս Անջելեսում Մարտի 11ին կայացած ձեռնարկի ժամանակ յայտարարեցին հեռուստաընկերութեան ղեկավարն ու Լոս Անջելեսում նախագծի խորհրդի անդամները: «Առաջին Ալիք Ամերիկա»ն կը ներկայացնի Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան եւ տեղական արտադրութեան հաղորդումներ: Հեռուստաընկերութեան գործադիր տնօրէն Յովհաննէս Մովսիսեանի խօսքով, նախաձեռնութեան նպատակն է` Ամերիկեան աշխարհամասի երկրների հայկական համայնքներն իրար ճանաչելի դարձնելը եւ նրանց ու Հայաստանի միջեւ առաւել սերտ կապեր ստեղծելը:
«Շատ կարեւոր առաքելութիւն ունի «Առաջին Ալիք Ամերիկա»ն: Պէտք է փորձել կապել, ծանօթացնել իրար հետ, եւ հանրայինը` այստեղի մասնաճիւղով այդ կապող, կամրջող դերն է ստանձնելու: Միայն իրար ճանաչելով, յետոյ իրար հետ աշխատելով կարող ենք ինչ որ հարցեր լուծել», ձեռնարկի ժամանակ նշեց Մովսիսեանը:
Խօսելով գործունէութեան ընթացքի մասին, նա նշեց, որ մի քանի ամիս կ՛աշխատեն առաւել փորձնական ռեժիմով (դրութեամբ), միաժամանակ փորձ կ՛արուի շեշտ դնել տեղական արտադրանք ստեղծելու վրայ: Ըստ Մովսիսեանի, հետագայ ընթացքը մեծապէս պայմանաւորուած է տեղական շուկայի արձագանգից՝ թէ՛ բիզնես (գործարարութեան) միջավայրի, թէ՛ դիտողների:

«Առաջին Ալիք Ամերիկա»ի հեռուստաալիքի բովանդակութիւնը կը ձեւաւորուի ելնելով համայնքների պահանջից նաեւ: Հանրային հեռուստաընկերութեան թիմը (անձնակազմը) կ՛ուսումնասիրի, թէ ի՛նչ են ակնկալում դիտել տեղի հեռուստադիտողները, միաժամանակ կ՛օգտագործուեն նաեւ հանրային հեռուստաընկերութեան արխիւային նիւթերից:
«Առաջին Ալիք Ամերիկա» հեռուստաալիքը կ՛առաջարկի տարաբնոյթ ձեւաչափերով հաղորդումներ, այդ թւում` հարցազրոյցներ, ծրագրեր, որոնք կ՛անդրադառնան համայնքին յուզող հարցերին եւ այլ:
Հեռուստաալիքը Լոս Անջելեսում կը համակարգի յատուկ ձեւաւորուած խորհուրդը, որի կազմում ընդգրկուած են տեղի համայնքի ակտիւ (աշխոյժ) ներկայացուցիչներ:
«Առաջին Ալիք Ամերիկա»ն արդէն սկսել է տեղական նկարահանումների շարքը` «Ովկիանոսից Այն Կողմ» հարցազրոյցների շարքով, որ ներկայացնում է ԱՄՆում բնակուող յայտնի հայերին:
Իրանահայերի միութիւնում անցկացուած միջոցառմանը, նախաձեռնութեան նշանակութեան մասին խօսեցին ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան առք. Տէրտէրեանը, խորհրդի անդամներից դեսպան Արմէն Բայբուրդեանը: Ձեռնարկի հիւրերի շարքում էին համայնքի մշակութային, հոգեւոր, հասարակական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ: