Իրանի գերագոյն առաջնորդի միջազգային հարցերու խորհրդական Ալի Աքպար Վելայաթի «Մայատին» լրատուամիջոցին հետ ունեցած հարցազրոյցին ընթացքին խօսեցաւ նաեւ Հարաւային Կովկասի համար ամերիկեան եւ եւրոպական նոր ծրագրին մասին, որ բացայայտուեցաւ Պրիւքսէլի մէջ Հայաստանի վարչապետին, Ամերիկայի արտաքին գործոց նախարարին եւ Եւրոպական Միութեան ներկայացուցիչներուն միջեւ հանդիպումին ընթացքին:
Ստորեւ յապաւուած կը ներկայացնենք Իվեթ Դանիէլեանի թարգմանութեամբ՝ Վելայաթիի մեկնաբանութիւնները.
«Վերջին օրերին ՆԱՏՕի տեսքով Բրիւսելում հաւաքուել են Եւրամիութիւնն ու Ամերիկան եւ հաստատել են Հարաւային Կովկասի տարածաշրջան ապօրինի ներխուժման նոր ծրագիր։ Նրանք ակնյայտօրէն հաստատել են, որ ցանկանում են միջամտել աշխարհի այս շատ զգայուն տարածաշրջանի գործերին, յայտարարելով, թէ իրենց նպատակն է օժանդակել խաղաղութեան հաստատմանը։
«Նման յայտարարութիւնները նպատակ ունեն նոր կացութիւն ստեղծելու, հող նախապատրաստելու եւ լարուածութիւն առաջացնելու աշխարհի զգայուն հատուածներում, ռազմական ներկայութեան պատրուակ ձեռք բերելու նպատակով՝ թէկուզ դա կը լինի այդ տարածաշրջանի երկրների անվտանգութիւնն ու անկախութիւնը ոչնչացնելու գնով։
«Հարաւային Կովկասի տարածաշրջանի զգայնութիւնը ոչ մէկի համար գաղտնիք չէ, եւ Իրանի պատմական հպարտալի փաստերը ցոյց են տալիս, որ մեր երկիրը մի քանի դար շարունակ միշտ եղել է տարածաշրջանի կարեւոր յենասիւնը, տարածաշրջանի երկրների անվտանգութեան եւ խաղաղութեան պահպանման գործում՝ նկատի ունենալով տուեալ երկրների իրաւունքներն ու զգայնութիւնները։
«Այս նոր ծրագիրը հիմնուած է ամերիկեան նախաձեռնութեան եւ տարածաշրջանում որոշ միջնորդների աջակցութեան վրայ։ Նշենք, որ մօտ երկու տարի առաջ այս ուղղութեամբ եւ այլ տեսքով մի ծրագիր էր առաջարկուել, որի նպատակն էր այս տարածաշրջանի երկրների միջեւ դիւրացնել ուժանիւթի փոխադրման խնդիրները, սակայն խորքում սոյն ծրագրի իրականացումը շատ վնասակար էր տարածաշրջանի համար: Այդ ծրագրի իրականացումը ի վնաս տարածաշրջանի ժողովուրդներին էր․ այդ թւում՝ երկրների պատմական սահմանների փլուզում, նրանց միջեւ տարաձայնութիւնների ստեղծում, ինչը իւղ կը լցնէր հարեւանների խնդիրների կրակի վրայ թէժացնելով իրավիճակը: Նման տարաձայնութիւնների լուծումը պատրուակ կը դառնար Ամերիկայի գլխաւորութեամբ արեւմտեան տէրութիւնների ծաւալապաշտ ներկայութեան։
«Ամերիկացիների՝ որպէս ՆԱՏՕի առաջնորդ, նպատակն է եղել՝ Կասպից ծովում եւ Կենտրոնական Ասիայում ուժանիւթ ձեռք բերելու նպատակով, տեղակայուել Ռուսաստանի հարաւում կամ Իրանի հիւսիսում, եւ այս գործընթացը, ի սկզբանէ, Իրանի զգօնութեան շնորհիւ հակադրուեց եւ գործնականում չէզոքացրեց այն։ Սկզբում այդ ծրագրի որոշ տարածաշրջանային կողմնակիցներ սատարում էին դրան, սակայն Իրանը դէմ էր եւ միայն Իրանն էր, որ խելամտօրէն եւ համապատասխան գործողութիւնների համադրմամբ ամուր կանգնեց այս ծրագրի դէմ:
Նրանք ցանկանում էին եւ ցանկանում են անել նոյն ծրագիրը, ինչ արեցին Բալթիկ ծովում եւ Ուկրայինայում, այսինքն՝ ՆԱՏՕի հսկայական եւ համապարփակ ազդեցութիւնը հասցնել արեւելք։
«Առկայ փաստերը ապացուցում են, որ հիմնական մեղաւորը Ամերիկան է եւ այդ երկրում իշխող խաչակիր եւ սիոնական դրամատէրերը։
Շանհայի պայմանագրի եւ BRICS-ի տեսքով Արեւմուտքին դիմակայող երկրների նոր դաշինքը, Արեւմտեան Ասիայի դիմադրութեան դաշինքների եւ յեղափոխական երկրների մասնակցութեամբ եւ յատկապէս Իրանի առանցքային դերով, հաստատեց իր գերիշխանութիւնը ամբողջ աշխարհում։
«Միացեալ Նահանգների պաշտօնեաներից մէկը վերջերս ասաց, որ Արեւմուտքը պէտք է իր ուժանիւթի մատակարարման ճանապարհային գծերը ապահովելու համար ապագայում վերացնի Հորմուզի նեղուցի եւ Բալթիկ ծովի ռազմավարական մենաշնորհը, եւ դա հնարաւոր կը լինի միայն Հարաւային Կովկասի միջոցով։
«Պուտինը մի անգամ ասաց, որ Անգլիայի եւ Գերմանիայի վարչապետները այն ժամանակուայ խորհրդային պաշտօնեաներին (Գորբաչով-Շեւարդնաձէ) խոստացել են, որ ՆԱՏՕն սառը պատերազմից յետոյ մէկ սանտիմետր չի առաջանայ։ Սակայն աշխարհը ականատես եղաւ, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ տարիների ընթացքում ՆԱՏՕն, որպէս Արեւմուտքի համապարփակ ռազմական դաշինք՝ Ամերիկայի գլխաւորութեամբ, եւրոպական երկրներին մէկը միւսի հետեւից դարձրեց իր անդամ՝ մի կողմից՝ ՆԱՏՕի սպառնալիքներով իսկ միւս կողմից՝ նրանց հրապուրելով Եւրամիութեանն անդամակցութեամբ, աստիճանաբար չէզոք երկրներին ներառեց իր կազմ, որոնք Ռուսաստանի դէմ թշնամանալու որեւէ պատճառ չունէին: Ռազմական դաշինքը հասաւ Ուկրայինա, եւ Պուտինը կանգնեց նրանց դիմաց։
«Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լուրջ հակամարտութիւնից յետոյ ՆԱՏՕն աստիճանաբար դիմեց երկրորդ այլընտրանքին՝ Հարաւային Կովկասին: Պուտինը մինչեւ ուկրայինական միջադէպն ասել էր, որ Հարաւային Կովկասի սահմանները նոյնն են, ինչ գծուած էին նախկին ԽՍՀՄի սահմանների ժամանակ, բայց աստիճանաբար ռուսական կառավարութեան տեսակէտ Հարաւային Կովկասի դիրքերը պահպանելու հարցում խամրեց: Անցած տարիներին այն նոյնիսկ հասաւ մի կէտի, որ Ամերիկայում եւ Թուրքիայում ասւում էր թէ Զանգեզուրի միջանցքի ստեղծման միակ ընդդիմադիրը Իրանն է։
«Այո, այդպէս էր, երբ Իրանը կանգնեցրեց այդ հսկայական դաւադրութիւնը՝ անհրաժեշտ իմաստութեամբ եւ հզօրութեամբ:
«Նոյնիսկ այժմ Իրանի երկար ու արժէքաւոր փորձը ցոյց է տալիս, որ Իրանի նկատմամբ ագահ երկրները պատուհանից ներս կը մտնեն, եթէ նրանց դուրս մղեն դռնից, բայց մենք ասում ենք նրանց, ինչպէս դէմ էինք կանգնած Զանգեզուրի միջանցքի բացման ծրագրին, դէմ կը կանգնենք այլ նման ծրագրերի, որոնք նոյն նպատակն ունեն եւ դեռ հաւատում ենք, որ 3+3 բանաձեւը Հարաւային Կովկասի խնդիրների ապագայ լուծումն է։
Իրանը Ադրբեջանի եւ Հայաստանի երկու ժողովուրդների հետ երկար ու պատմական յարաբերութիւնների պատմութիւն ունի, եւ այս երկու հարեւան երկրների անկախութիւնն ու տարածքային ամբողջականութեան պահպանումը շատ կարեւոր է։
«Մենք յստակ զգուշացնում ենք այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Իրանը, որ թոյլ չի տայ որեւէ երկրի, կազմակերպութեան կամ միութեան, որը մտադիր է ոտնձգութիւն կատարել Իրանի անվտանգութեան գօտու դէմ եւ իրականացնել սադրիչ շարժումներ, մենք զգօնութեամբ եւ ամբողջ հզօրութեամբ կը պաշտպանենք երկրի տարածքային ամբողջականութիւնն ու նրա անվտանգութեան հետ կապուած բոլոր հարցերը։
«Հարաւային Կովկասը Իրանի անվտանգութեան գօտու կարեւոր մասն է, որը միշտ պաշտպանելու է այս տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգութիւնը, անկախութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։ Միացեալ Նահանգների, Եւրամիութեան եւ ՆԱՏՕի այս վերջին որոշումը՝ Բրիւսելում, ոչ մի կերպ չի իրականանալու»։