«Արդէն եօթ տարի է՝ սպասում եմ, որ լաւ աշխատանք կը գտնեմ, կը կարողանամ ծնողներիցս անկախ լինել, փող կը կուտակեմ, տուն կը գնեմ, նոր յետոյ կ’ամուսնանամ, ընտանիք կը կազմեմ… Բայց սրա վերջը չի երեւում: Ընկերուհուս ծնողներն էլ արդէն ակնարկում են, որ շատ ենք ուշացնում», ասում է 30ամեայ Սարգիսը: Նա մէկն է այն բազմաթիւ երիտասարդներից, ում համար ընտանիք կազմելը դարձել է երազանք՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Ծնողների հետ ապրելը, Սարգսի խօսքերով, անհնար է, քանի որ բնակարանը երկու սենեականոց է, իսկ բնակարան վարձելու մասին խօսք լինել անգամ չի կարող. «Աշխատավարձս հազիւ առօրեայ ապրուստի ու կենցաղային ծախսերի համար հերիքի: Քիչ թէ շատ սովորական տան վարձն այսօր ամենաքիչը 40-50 հազար է»: Աղջկայ ծնողներն առաջարկում են իրենց հետ ապրել, բայց Սարգիսը չի համաձայնում. ազգային մտածելակերպը թոյլ չի տալիս:
Երիտասարդական պետական քաղաքականութեան հայեցակարգով եւ «Երիտասարդութեան մասին» դեռ չընդունուած օրէնքով սահմանւում է, որ պետութիւնը պէտք է աջակցի երիտասարդ ընտանիքներին: Սակայն այդ աջակցութիւնը մինչ օրս ոչ մի երիտասարդ իր թիկունքում չի զգացել: «Գիտէ՞ք՝ ինչու է մեր ժողովուրդը գնալով ժողովրդագրական լուրջ խնդիրների առջեւ կանգնում: Որովհետեւ պետութիւնը ոչ մի ձեւով չի աջակցում երիտասարդ ընտանիքին, որովհետեւ ես եւ ինձ նման շատերն այսօր մտածում ենք, որ երկու երեխայից աւելի չենք ունենայ, որովհետեւ հնարաւորութիւն չկայ: Գիտէք, թէ ինչ ծախսեր են՝ սկսած հիւանդանոցից մինչեւ… կրթութիւն», ասում է Սարգիսը:
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԸ ՆՈՅՆՊԷՍ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Բնակարանների գնման եւ վերանորոգման համար այսօր հայաստանեան մի քանի դրամատներ տրամադրում են հիփոթեքային վարկեր: 14 տոկոս տարեկան տոկոսադրոյք եւ 10 տարի մարման ժամկէտ: Սա դրամատների կողմից առաջարկուող հիփոթեքային վարկի «ամենամատչելի» պայմաններն են: Մինչդեռ այդ նոյն վարկերը մեր պետութեանը տրամադրւում են ընդամէնը կէս տոկոս տոկոսադրոյքով: Ստացւում է, որ եթէ, օրինակ, վարկով վերցրած գումարը 50,000 ԱՄՆ տոլար է, ապա 10 տարիների ընթացքում մարման ենթակայ գումարը դառնում է 120,000 տոլար, որից միայն 70,000ը տոկոսադրոյքն է: Եզրակացութիւնները թողնում եմ ընթերցողներին:
Ընդ որում, ի տարբերութիւն վարկ տրամադրող մասնաւոր ընկերութիւնների՝ պետական դրամատներում չափից դուրս շատ է վարկի ձեւակերպման համար պահանջուող թղթարարութիւնը, եւ վարկ վերցնելու համար հարկաւոր է միջնորդ գտնել, որի ծառայութիւնները արժեն միջինը 700 տոլար:
Յասմիկն ու Արայիկը չորս ամիս է, ինչ ապրում են իրենց նոր բնակարանում, որը ձեռք են բերել հիփոթեքային վարկով: «Մենք էլ միւս երիտասարդ ընտանիքների նման կանգնած ենք եղել այս խնդրի առջեւ՝ ինչպէ՞ս ձեռք բերել բնակարան: Վարձով չէինք ցանկանում, որովհետեւ նախ վարձակալութեան գումարն է շատ, յետոյ էլ՝ երբ քո տունը չի լինում, մի տեսակ «սիրտդ վրան տաք չի լինում», չես կարողանում քո ուզածով վերանորոգել, կահաւորել, փոփոխել: Եւ քանի որ ունէինք թէեւ փոքր, բայց կայուն եկամուտ, որոշեցինք հիփոթեքային վարկ վերցնել», պատմում է Յասմիկը: Սակայն նա ընդգծում է մի շատ կարեւոր հանգամանք՝ այն, որ եթէ իր ամուսնու ծնողները իրենց ֆինանսապէս չօգնէին, բնակարան ունենալը անիրականանալի ցանկութիւն կը լինէր տասնամեակներ շարունակ: Գումարի կէսը ուղարկել են տղայի՝ արտասահմանում բնակուող ծնողները, իսկ միւս կէսը՝ 15,000 տոլարը, վերցրել են մասնաւոր վարկային կազմակերպութիւնից, եւս 1000 տոլար ծախսուել է գոյքի գնահատման, նոտարական եւ քատասթրի ծառայութիւնների, բնակարանի ապահովագրման եւ այլ յարակից ծախսերի համար: «Ես ամէնայն պատասխանատուութեամբ յայտարարում եմ, որ ներկայ պայմաններում քիչ եկամուտ ունեցող երիտասարդ ընտանիքը չի կարող վարկ վերցնել», ասում է Յասմիկը:
Արդէն չորս ամիս է, ինչ նրանք իրենց եկամտի կէսից աւելին վճարում են վարկ տրամադրած կազմակերպութեանը: «Մեզ մնում է միայն կենցաղային ծախսերի, սննդի եւ առօրեայ մանր ծախսերի գումար: Ճոխութիւններ չենք կարող մեզ թոյլ տալ: Նոյնիսկ մտածում ենք, որ երեխայ ունենալը մեզ համար հիմա «թանկ հաճոյք» է, ասում է նա՝ աւելացնելով: – Շատ դժուար է յատկապէս այն առումով, որ ժամկէտները խեղդում են, եւ գիտես, որ եթէ գումարն ուշացրիր, տունը ձեռքիցդ կը վերցնեն: Շատ մեծ սէր ու համբերութիւն է պէտք, որպէսզի յաղթահարես այս դժուար շրջանը»: Այսինքն՝ հիփոթեքային վարկերը նոյնպէս խնդրի լուծում չեն, քանի որ մատչելի չեն նոր կազմաւորուող երիտասարդ ընտանիքների գերակշիռ մեծամասնութեան համար:
ՊԱՏԱՀՈՒՄ Է ՆԱԵՒ ԱՅՍՊԷՍ
Պատահում է նաեւ այնպէս, որ բնակարանային խնդիրը դառնում է երիտասարդ ընտանիքների քայքայման պատճառ: Իրինան եւ նրա ամուսինը միասին ապրեցին մօտ մէկ ամիս: Քանի որ տուն չունէին, ապրում էին տղայի ծնողների հետ, մինչեւ կարողանային իրենց համար բնակարան գնել: Ամուսինը հրաժարուել էր բնակարան վարձել՝ պատճառաբանելով, թէ ծնողների տանը ապրելու յարմարութիւններ կան, չարժէ աւելորդ ծախսեր անել. աւելի լաւ է այդ գումարը կուտակել տուն գնելու նպատակով: Սակայն միշտ չէ, որ մարդիկ կարողանում են յաղթահարել կենցաղային փոքր ու մեծ խնդիրները: «Հէնց սկզբից էլ զգացի, որ սկեսուրս այնքան էլ չի հաւանել ինձ, չգիտեմ՝ ինչու: Ամուսնուս ասացի, որ աւելի լաւ կը լինէր՝ վարձով ապրէինք: Բայց չհամաձայնեց: Այդ մէկ ամսուայ ընթացքում մի օր չի եղել, որ սկեսուրս զգալ չտայ, թէ ինքն է այդ տան տէրն ու տիրուհին: Ես, ի հարկէ, սկզբում ըմբռնումով էի մօտենում՝ հաշուի առնելով, որ ինքն է ստեղծել այդ օճախը, բայց մի պահ է գալիս, որ այդ ամէնը անտանելի է դառնում: Նա ուզում էր ամէն ինչ ինքը որոշել, միւսներն էլ պիտի ենթարկուէին: Բացի այդ, նրա անտանելի խանդը որդու նկատմամբ ուղղակի նեարդայնացնում էր: Եւ մի օր էլ ես յստակ պայման դրեցի ամուսնուս առջեւ. կամ մենք առանձին կ’ապրենք, կամ ինքը կը շարունակի ապրել իր ծնողների հետ, իսկ ես՝ իմ», պատմում է Իրինան: Ըստ նրա՝ այս ամէնը կողքից դիտողի կամ լսողի համար գուցէ մի քիչ ծիծաղելի լինի, բայց ոչ նրա համար, ով ամէն օր ստիպուած է ապրել նման ճնշող մթնոլորտում: Իրինան խոստովանում է, որ իր զգացմունքներն ամուսնու նկատմամբ չեն փոխուել, եւ ինքը դեռ նրան համարում է իր ամուսինն ու պատրաստ է վերադառնալ նրա մօտ՝ միայն մի պայմանով, այն պայմանով, որը չի ընդունում ամուսինը, թէեւ վերջինս էլ է ցանկանում կնոջը վերադարձնել: «Եթէ տուն ունենայինք ու առանձին ապրէինք, երեւի ամէն ինչ այսպէս չէր լինի», կարծում է նա:
ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Մի պահ թւում է, թէ բնակարան չունենալու խնդիրը հայկական իրականութեան մէջ այնքան էլ սուր չէ դրուած՝ հաշուի առնելով, որ մեր հասարակութեան մէջ ընդունուած է երկու եւ նոյնիսկ երկուսից աւելի ընտանիքների համատեղ կեցութիւնը: Սակայն ընտանիք ձեւաւորելու եւ որպէս ամուսիններ կայանալու համար կարեւոր նախապայման է սեփական տուն ունենալու հանգամանքը: «Առանձին ապրելը երիտասարդ զոյգերի մօտ ձեւաւորում է ինքնուրոյնութեան եւ պատասխանատուութեան զգացում: Սակայն ամէն ինչ անձնական է: Երբեմն անհրաժեշտութիւն է լինում, որպէսզի ծնողների հետ միասին ապրեն, եւ ծնողները երիտասարդ զոյգերին օգնեն որպէս ընտանիք կայանալու հարցում: Ամէն ինչ կախուած է տուեալ անձերի էութեան առանձնայատկութիւններից», կարծում է հոգեբան Մ. Զաքարեանը: Հետեւաբար, նրա կարծիքով, չի կարելի միանշանակ ասել, որ առանձին ապրելը դրական կամ բացասական է ազդում երիտասարդ ընտանիքի ձեւաւորման վրայ:
Խնդրին հարկաւոր է նայել մէկ այլ տեսանկիւնից եւս: Հայկական իրականութեան մէջ ընդունուած են վաղ ամուսնութիւնները, եւ 23-25 տարեկանը երիտասարդ աղջկայ ու տղայի համար համարւում են ամուսնանալու յարմար տարիք: Սակայն միշտ չէ, որ 23ամեայ աղջիկը կամ 25ամեայ տղան պատրաստ են ընտանիքի հոգս վերցնել իրենց ուսերին՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ նրանց մեծամասնութեան բոլոր խնդիրները՝ սկսած կրթութիւնից մինչեւ ամուսնութիւն, ծնողներն են լուծել:
«ՄԻՆՉԵՒ ԱՄՈՒՍՆԱՆԱԼԸ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՄ ԼՈՒԾԵԼՈՒ»
Արմանն այլեւս իրեն երիտասարդ չի համարում: Շուտով կը լինի 36 տարեկան, բայց չի շտապում ամուսնանալ: Կարծում է, որ մինչ ամուսնանալը շատ խնդիրներ ունի լուծելու: «Նախ ուզում եմ իմ փոքր պիզնէսը առաջ տանել, գումար կուտակել, բնակարանս վերանորոգել, նոր կը մտածեմ՝ արդեօ՞ք պատրաստ եմ ընտանիք կազմելու, որովհետեւ դա շատ մեծ պատասխանատուութիւն է, որը ստանձնելու համար քաջութիւն է պէտք», ասում է Արմանը՝ յաւելելով, որ ինքը չի հասկանում այն տղաներին, ովքեր «քսաներկու տարեկանում ամուսնանում են, ու իրենց կնոջն ու երեխային դարձնում ծնողների համար հոգս»: «Ինձ համար ընդհանրապէս ընդունելի չէ ամուսնանալու հայկական տարբերակը: Մարդ ամուսնանալուց առաջ պէտք է ծանր ու թեթեւ անի՝ ինքը կարո՞ղ է իրեն թոյլ տալ նման պատասխանատու քայլ անել, թէ՞ ոչ: Նոյնիսկ եթէ բոլոր պայմանները կան՝ աշխատանք, տուն, սիրած աղջիկ», ասում է նա:
Յ.Գ. Ինչեւէ, ցանկացած քաղաքակիրթ երկիր, կարեւորելով երիտասարդութեան դերը ազգի գենոֆոնդի պահպանման գործում, իր առջեւ խնդիր է դնում օժանդակել երիտասարդ ընտանիքներին: Երիտասարդութեան դերն ու կարեւորութիւնը թմբկահարելու փոխարէն, աւելի լաւ կը լինէր, որ գործնական միջոցներ ձեռնարկուէին հասարակութեան այդ շերտի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ուղղութեամբ: Օրինակ՝ երիտասարդ ընտանիքներին բնակարանների ձեռքբերման համար կարելի է պետական վարկեր տրամադրել շուկայում առաջարկուող տոկոսադրոյքներից կրկնակի ցածր տոկոսադրոյքով եւ մարման աւելի երկար ժամկէտով: Կամ պետպիւտճէի երիտասարդական տողից, որը յաճախ վատնւում է նոյնանման միջոցառումների կազմակերպման վրայ, կարելի է որոշակի գումար յատկացնել տարեկան մէկ ցածրայարկ բնակելի շէնք կառուցելու համար, որը պայմանագրով կը տրամադրուի նոր կազմաւորուած սոցիալապէս անապահով ընտանիքներին՝ նրանց հնարաւորութիւն տալով բնակուել այնտեղ եւ տարիների ընթացքում մարել պարտքը: