Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան 11րդ Գերագոյն ժողովի կայացրած՝ երկու փուլով նախագահի թեկնածու ընտրելու որոշման շրջանակներում Հոկտեմբերի 20ին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Յովհաննիսեանը եւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանը Վանաձորի թատրոնի դահլիճում հանդիպեցին կուսակցական ընկերների եւ համակիրների հետ:
«Վանաձորը ինձ համար թանկ է յատկապէս ժողովրդով, որովհետեւ 94 թուականին, երբ կասեցուեց Դաշնակցութիւնը, միակ բնակավայրն էր, որտեղ մեր զինանշանը չհանուեց: Սա վանաձորցիների արժանապատուութեան դրսեւորումն էր: Ես դա երբեք չեմ մոռանայ», ողջունելով ներկաներին՝ նշեց ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցութեան անդամ Ալվարդ Պետրոսեանը:
Դաշնակցութիւնը, նրա խօսքերով, ունի քատրային հսկայական պաշար, եւ երկու թեկնածուով ներկայանալը ոչ միայն յարգանք է կուսակցութեան շարքերի, այլեւ ժողովրդի նկատմամբ. «Մենք ուզում ենք ասել, որ մեզ համար այսպէս հեշտ ու հանգիստ, արեւածաղիկ ուտելու պէս բան չէ հանրապետութեան նախագահի թեկնածու առաջադրելը: Եւ ես կարծում եմ՝ որին էլ ընտրենք մեզ թեկնածու, ամօթով չենք մնայ: Եթէ նոյնիսկ չյաղթենք, չենք ամաչելու, որովհետեւ մեր մասնակցութիւնը օդը տատանելու է:
«Մեր նպատակն է մթնոլորտը մաքրելը, առողջ, մաքուր կենսոլորտ ապահովելը այս երկրում: Իսկ եթէ այս քաղաքական ճահիճը չմաքրուի, ոչ մի բան այս երկրում բնականոն չի լինի»: Երկիրը գնում է միակուսակցական, միադէմ կառավարման, որը վտանգաւոր է, եւ եթէ այսպէս պէտք է շարունակուի, ուրեմն, Ալվարդ Պետրոսեանի համոզմամբ, հսկայական Սովետական Միութիւնը կորցնելու կարիք չկար:
ՈՐՈՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԹՒՈՒՄ Է՝ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՆՑ ԻՐԵՆՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ
Վահան Յովհաննիսեան.- Ես քաղաքական քարոզի համար չեմ այստեղ եկել, ոչ էլ Արմէն Ռուստամեանը: Մենք ուզում ենք ուղղակի ձեզ բացատրել մի քանի կարեւորագոյն հանգամանք, որոնցից, կարծում ենք, հասկանալի կը դառնայ, որ մենք մեր մտադրութիւնների մէջ անկեղծ ենք, ուրիշի խաղ չենք խաղում եւ գնալու ենք մինչեւ վերջ: Քաղաքական մշակոյթի բացակայութեան պայմաններում այնքան արտառոց է շատերին թւում մեր քաղաքական վարուելակերպը, որ նրանք դրա մէջ անպայման ուզում են ինչ-որ յետին փլան տեսնել:
Մենք առաջինները մեր քաղաքական միջավայրում, աւելին՝ ամբողջ նախկին Սովետական Միութիւնում, նոր մեթոտ կիրառեցինք թեկնածու առաջ քաշելու: Մեր կուսակցութիւնը որոշեց կիրառել հետեւեալը՝ բաց եւ թափանցիկ կերպով ցոյց տալ՝ ինչ սկզբունքով, ինչ մեթոտով է առաջարկում իր թեկնածուին:
Եւ սկսուեց զարմանք կուսակցութիւնների կամ հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների կողմից, որոնց մտքով անգամ չի անցնում իր իսկ շարքերի մէջ, եթէ շարքեր ունի, քննարկել նման հարց: Կան, ի հարկէ, կերպարներ, որոնք առաջադրւում են՝ չհասկանալով, որ գուցէ ժողովուրդը իրենց կարիքը չունի: Բայց նրանք համարում են, որ մեր ժողովուրդը առանց իրենց ապրել չի կարող: Ցաւօք, քաղաքական միջավայրում դեռեւս շատ ուժեղ են սովետական աւանդները, երբ քաղաքական որոշման ծնուելու եւ հասունանալու ճանապարհը հասարակ ժողովրդի առջեւ փակ է: Մենք բացում ենք, եւ սա շատերին զարմացնում է:
Այս մրցակցութիւնը չի կրում կատաղի պայքարի բնոյթ, ինչպէս, օրինակ, արեւմտեան մի շարք կուսակցութիւնների մէջ: Մեր մէջ նման բան չի կարող լինել, որովհետեւ մենք գաղափարապէս մէկ ենք: Եւ ուրեմն՝ ինչո՞ւ մրցակցութիւն: Այսօր Հայաստանում քաղաքական, հասարակական, տնտեսական կեանքում բացակայող տարրը մրցակցութիւնն է: Եւ սա է, որ մենք ուզում ենք վերադարձնել քաղաքական մշակոյթ: Տնտեսական ասպարէզում մրցակցութեան հնարաւորութիւնները խիստ սահմանափակուած են մեր երկրում, եւ դուք դա գիտէք: Բոլոր նրանք, ովքեր փորձել են զբաղուել պիզնէսով, տեսնում են:
Ով չգիտի դա, կարող է փորձել Հայաստան շաքար ներմուծել: Տեսէք՝ դրանից ինչ դուրս կը գայ: Շաքարը որպէս օրինակ բերեցի: Իսկ այնտեղ, որտեղ տնտեսական մրցակցութիւնը սահմանափակուած է, անխուսափելիօրէն ինչ-որ ժամանակ անց սահմանափակւում են նաեւ մրցակցային հնարաւորութիւնները քաղաքական ասպարէզում, եւ մենք դրա ականատեսն ենք այսօր: Հայաստանը կարծես ինքն իրեն գլորւում է դէպի մի շատ վտանգաւոր բնորդ:
Ի՞նչ էր իրենից ներկայացնում Արեւելեան Եւրոպան սովետական տարիներին՝ Լեհաստանը, Գերմանիայի դեմոկրատական հանրապետութիւնը, Հունգարիան, որտեղ, ի տարբերութիւն Սովետական Միութեան, բացի իշխող Կոմունիստական կուսակցութիւնից, կային ձեւի համար բազմակուսակցութեան պատրանք ապահովող մի քանի ուրիշ կուսակցութիւններ՝ երկրագործական, դեմոկրատական, քրիստոնէական, բայց այս բոլոր կուսակցութիւնները ընդունում էին կոմունիստների գերիշխող դերը:
Իրականում նոյն ամբողջատիրական երկրներն էին, ինչպէս Սովետական Միութիւնը, որը ձեւեր չէր թափում, ու մի կուսակցութիւն ունէինք: Հիմա Հայաստանը կարծես թէ ձեւ թափող բնորդին է գնում: Մրցակցութիւնը քաղաքական տարբեր մօտեցումների մէջ կամաց-կամաց վերանում է: Եւ սա խայտառակ վախճան կարող է ունենալ Հայաստանի համար:
Ասածս բոլորովին որեւէ մէկի կամ կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ մեղադրանք չէ, բայց քաղաքական գործընթացները երբեմն անցնում են կարմիր գիծը, որից յետոյ յետդարձ չկայ, երբ առաջանում են արդէն մարդիկ, որոնք սկսում են օգտուել ստեղծուած իրավիճակից, եւ այդ քաղաքական ուժը դառնալով նրանց պատանդը՝ այլեւս դառնում է միահեծան:
Մրցակցութիւն կայ ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլեւ միջազգային բեմում: Եթէ քո երկրի մէջ մրցակցութիւն չկայ, զարգացումը կանգ է առնում, դու ինչպէ՞ս պէտք է միջազգային ասպարէզում մրցես: Այս վախն է, այս վտանգն է, որ մեզ տանում է դէպի նախագահական ընտրութիւններ: Եթէ մենք չապահովենք թռիչք, լուրջ բարեփոխում, մենք անընդհատ դոփելու ենք տեղում:
Ես պատճառ չունեմ չհաւատալու մեր բարձրաստիճան պաշտօնեաներին, երկրի նախագահին, երբ նա ասում է, որ Հայաստանում կայ երկնիշ տնտեսական աճ: Այո, կայ, 12 տոկոսանոց աճ կայ: Քարիւղ չունեցող, ծով չունեցող, շրջափակման մէջ գտնուող երկրի համար դա փայլուն է: Բայց փորձենք միւս երեսը նայել. իսկ ժողովրդի կեանքում այդ բարելաւումը նկատւո՞ւմ է:
Կարծում եմ, որ ոչ: Որովհետեւ այդ մրցակցութիւն դրսեւորելու հնարաւորութիւնը տրուած չէ անհատին, քաղաքական ուժին, հասարակութեանը: Փոփոխութիւններ պէտք են, եւ մենք այդ փոփոխութիւնները կարող ենք իրականացնել: Արդիւնքում Հայաստանը եւ մեր հասարակութիւնը միայն կը շահեն բոլոր ասպարէզներում:
«ՄԵՐ ԴԷՄ ԽԱՂ ՉԿԱՅ» ԲԱՆԱՁԵՒԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՈՒԵԼ
Արմէն Ռուստամեան.- Հասունացած է Դաշնակցութեան իշխանութեան գալը Հայաստանում: Հասունացած է մի քանի պատճառով, նախ՝ որ Դաշնակցութիւնը դա իր կենսագրութեամբ է վաստակել: Մենք ապացուցեցինք, եւ դա մեզ տարբերում է միւս քաղաքական ուժերից, որ Դաշնակցութեան իշխանութեան գալը իշխանատենչութիւնից չի բխում: Իշխանութեան գալը բնական նպատակ է ցանկացած քաղաքական ուժի համար: Բայց երբեք Դաշնակցութիւնը իշխանութեան չի ձգտել ինքն իր համար: Դաշնակցութիւնը երբեք աթոռակռուի չի վերածել իշխանութեան համար պայքարը, եւ սրա համար ապացոյցներ շատ ունենք:
Պատահական չէ, որ 91 թուականից յետոյ պաշտպանել ենք այլ թեկնածուի: Ես չեմ կարծում՝ Հ.Յ.Դ.ի մէջ չլինէին մարդիկ, որ առաջադրուէին: Բայց Դաշնակցութիւնն այդպէս չի վարուել հէնց այն պարզ պատճառով, որ որպէս կուսակցութիւն՝ միշտ վերկուսակցական հարցեր է ունեցել, միշտ չի հետապնդել իր կուսակցական շահը, այլ տեսել է՝ Հայաստանում այդ օրը ինչ գլխաւոր խնդիր կայ, ինչ է պէտք անել:
96 թուականին մենք պաշտպանեցինք Վազգէն Մանուկեանի թեկնածութիւնը, եւ մենք դա համարում ենք շատ ճիշդ որոշում: Եթէ մենք չկատարէինք այդ քայլը, դժուար այդպիսի միաւորում մէկ անձի շուրջ տեղի ունենար: Հիմա այդքան փնտռում եւ չեն կարողանում այսքան ժամանակ միաւորուել: Որվհետեւ հիմնական խնդիրը սա է՝ միաւորւում ենք յանուն ինչի՞: Ի՞նչ ենք որոշում լուծել այս միաւորումով:
Դաշնակցութիւնը 96 թուականին էլ է դա արել, 98 թուականին էլ, երբ Ռոպերթ Քոչարեանին ենք պաշտպանել: 2003ին էլ շարունակել ենք նոյն անձին պաշտպանել՝ այս նպատակի համար՝ ազգային պետական ուղեգիծ: Ազգի առաջ կանգնած հիմնական խնդիրները լուծելու համար Դաշնակցութիւնը գնացել է նման քայլի:
Մեր պաշտպանութիւնը հէնց այնպէս, ոտի վրայ որոշուած պաշտպանութիւն չի եղել: Ժողովրդավարութեան խորացման, ազգային ուղեգծի ամրապնդման, Հայաստանում ընկերային գաղափարների տարածման ուղղութիւններով մենք չենք կարող լիարժէք ծրագիր իրականացնել, եթէ չունենանք լիարժէք ներկայութիւն իշխանութեան մէջ: Հայաստանը կարող է հարցերը լուծել՝ կտրուկ բեկում մտցնելով իր զարգացման կշռոյթի մէջ:
Սա կարող է անել միայն դաշնակցական նախագահը: Մենք մտել ենք պայքարի մէջ վճռականօրէն: Մեր թեկնածուի յաղթելու համար ընդամէնը մէկ խոչընդոտ կայ՝ ընտրական համակարգի արատաւորութիւնը: Այն թոյլ չի տալիս, որ ժողովուրդը ում որ հաւատում է, այդ հաւատի արդիւնքը ունենայ ընտրութիւնների ժամանակ: Սար ու ձորի տարբերութիւն է:
Դաշնակցութիւնը այս առումով անելիք ունի, եւ այս պատճառով է, որ Դաշնակցութեան մասնակցութիւնը այս գործընթացին կարող է ինչ-որ յոյսեր արթնացնել: Խորհրդարանական ընտրութիւնների փորձով մենք ապացուցել ենք՝ յանձնաժողովներում յայտնուելով մէկը ութի կամ երկուսը եօթի դիմաց: Մենք պէտք է հասնենք նրան, որ իրական ընտրութիւնների համար Հայաստանում մթնոլորտ ձեւաւորուի նաեւ քաղաքական առումով:
Այն խնդիրները, որ երկրի առջեւ կանգնած են, մէկ քաղաքական ուժ չի կարող լուծել: Ասում են՝ կայ մեծամասնութիւն, թող լուծի, բայց մենք գիտենք, թէ ոնց է այդ մեծամասնութիւնը ձեւաւորուել:
Մեծամասնութիւնը գաղափարական, քաղաքական ամբողջութիւն չէ: Ես անձամբ շատերին եմ ճանաչում, ովքեր հանրապետական կուսակցութեան գաղափարախօսութեանը ընդհանրապէս տեղեակ չեն: Պէտք է այլ որակի մեծամասնութիւն լինի, որ կարողանանք խնդիրները լուծել: Հէնց այս պատճառով է, որ Դաշնակցութեան իշխանութեան գալը նախագահի պաշտօնով իսկապէս իշխանութեան մէջ համակարգի առողջացում կÿենթադրի:
ՀՀՇն ունէր հսկայական իշխանութիւն, «Հանրապետութիւն» պլոքը, որ յաղթեց 95 թուականին, պակաս մեծամասնութիւն չէր, եթէ տոկոսով հաշուենք, աւելի մեծ մեծամասնութիւն էր, քան այսօր։ Եւ ի՞նչ եղաւ։ Սա բերեց միայն նրան, որ առաջացաւ յայտնի բանաձեւը՝ «Մեր դէմ խաղ չկայ»: Տեսա՞ք ինչ եղաւ այդ ամէնի վերջը: Սրանից պէտք է խուսափել: Եւ պէտք չէ մեղադրանքներ տեղալ Դաշնակցութեան հասցէին, թէ այս ամէնը ինչո՞ւ է հիմա ասում: Որովհետեւ հիմա է դրա ժամանակը: Հիմա ենք խօսում այն բաների մասին, որոնք այսօր պէտք է լուծուեն:
ՀԱՐՑԵՐ Հ.Յ.Դ. ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
«Լեւոն Տէր Պետրոսեանը նշում է, որ սխալներ են եղել իր իշխանութեան ժամանակ, բայց դրանք ոչ թէ սխալներ են եղել, այլ՝ յանցագործութիւն», նշեց ներկաներից մէկը՝ հարցնելով, թէ ի՞նչ է կատարւում այդ յանցագործութիւնները պատժելու համար: Վահան Յովհաննիսեանը նշեց, որ երբ 98 թուականին տեղի ունեցաւ մասնակի իշխանափոխութիւն, Դաշնակցութիւնը իր քաղաքացիական իրաւունքները վերականգնելով՝ պահանջ դրեց քաղաքական գնահատում տալ անցած ռեժիմին:
«Եթէ հնչէր այն ժամանակ այդ քաղաքական գնահատականը, հնչէին այն ժամանակ ձեր ասած հարցերի շուրջ՝ ինչո՞ւ կանգնեցուեց հիւլէակայանը, ինչո՞ւ կանգնեցուեց «Նայիրիտ» գործարանը, ինչո՞ւ Հայաստանի արդիւնաբերութիւնը ջախջախուեց, ինչո՞ւ, վերջապէս, այդ արդիւնաբերութեան մնացորդները ամենաէժան գներով վաճառուեցին ՀՀՇական վերնախաւին, ինչո՞ւ այդ մասնաւորեցումը Հայաստանին միայն ու միայն վնասներ եւ արտագաղթ բերեց, եթէ այդ գնահատականը տրուէր 98, 99 թուականներին, Լեւոն Տէր Պետրոսեանը Սեպտեմբերի 21ի ելոյթը ունենալու հնարաւորութիւն չէր ունենայ:
«Բայց 10 տարի այդ մասին խօսել ենք հիմնականում մենք, եւ հիմա նոր միայն ալիք է բարձրանում նրան քննադատելու»: Վահան Յովհաննիսեանի կարծիքով, տարօրինակ է, բայց փաստ, որ եթէ նախորդ նախագահը լռէր եւ շարունակէր իր սեւ դղեակում գրքեր գրել, ամէն ինչ կը համարուէր անցած:
Մէկին հետաքրքրում էր, թէ հնարաւոր չէ՞ ԱՄՆի օրինակով մեզ մօտ էլ նախագահի ընտրութեան փուլային տարբերակ կիրառել: «Մեր բնորդն էլ վատը չէ: Նոյնը կիրառում են Ֆրանսան, Աւստրալիան եւ բոլոր այն երկրները, ուր ուղղակի ընտրութիւն է կատարւում: Խարդախութիւն չանեն, փողով ձայներ չառնեն, ի՞նչ վատ բնորդ է մերը», ի պատասխան հարցին՝ նշեց Վահան Յովհաննիսեանը:
Մի վանաձորցի ուզում էր իմանալ, թէ արդեօ՞ք արդէն որոշուել է Ղարաբաղի հարցում փոխզիջման գնալը, քանի որ Մոսկուայում Փութին-Պուշ հանդիպումից յետոյ Ռոպերթ Քոչարեանը հեռուստատեսութեամբ խօսել է այդ տարբերակի շուրջ: Վահան Յովհաննիսեանի խօսքերով, փոխզիջումային տարբերակի մասին խօսել են ոչ միայն երկրի նախագահը, այլեւ Հայաստանում դիւանագիտութեամբ զաղուող բոլոր մարդիկ:
«Հայաստանը միշտ ներկայացել է միջազգային հանրութեանը որպէս զիջման պատրաստ երկիր, եւ դա ճիշդ է: Բայց՝ փոխզիջման: Դիմացը պէտք է լինի զիջում Ատրպէյճանի կողմից: Ակնյայտ է, որ մենք առաջնահերթ խնդիր ենք դնում այստեղ՝ Ղարաբաղի կարգավիճակ: Երբ Ատրպէյճանը կը համաձայնի Ղարաբաղի այնպիսի կարգավիճակի հետ, որը բացառում է Ղարաբաղը Ատրպէյճանի կազմում, բնականաբար, հայկական կողմը կը խօսի իր կողմից ինչ-որ զիջումների մասին:
Այս գլխից ասել, որ Հայաստանը ոչինչ պատրաստ չէ զիջելու, նշանակում է բանակցութիւնները մտցնել փակուղի եւ տանել գործը դէպի պատերազմ: Եթէ դաշնակցական նախագահ եղաւ երկրում, նա էլ պիտի որոնի խաղաղ լուծման ճանապարհներ՝ երբեք ու երբեք, սակայն, Հայաստանի արժանապատուութիւնը, պետական եւ ազգային շահերը չզիջելով:
«Ի՞նչ էք կարծում, եթէ ընտրութիւններից յետոյ ընտրական յանձնաժողովները պարտաւորուած լինէին ընտրութեան մասնակիցների ցուցակները պատին փակցնել, չէի՞ն դադարի խօսակցութիւնները, որ ընտրութիւնները կեղծուել են ընտրութեան չգնացողների հաշուին» հարցին Արմէն Ռուստամեանը պատասխանեց, որ Հ.Յ.Դ. խորհրդարանական խմբակցութիւնը մշակում է ընտրական համակարգի հետ կապուած փոփոխութիւններ՝ ընտրութիւններից յետոյ ընտրողների վաւերականութիւնը ստուգելու համար:
Մեքանիզմներից մէկն է ընտրութիւնների աւարտից յետոյ ընտրացուցակները պատճէնահանել եւ պատին փակցնելը: Դաշնակցութեան միւս առաջարկը լինելու է, որ քուէարկելուց յետոյ յանձնաժողովը կնիք դնի ընտրողի անձնագրի համապատասխան էջում. սա էլ խախտումների կասեցման տարբերակ է:
Հ.Յ.Դ. գործիչներին ուղղուեցին այլ հարցեր, ինչպէս նաեւ յանձնուեցին նամակներ: