Խոստովանեմ, որ տխուր իրականութիւն է, երբ մի քիչ էլ շատ տարեց մէկը լինելով պէտք էր, որ ես գնայի մանուկ-դպրոցականների մօտ: Նոյնիսկ յիշում եմ, որ մէկ անգամ, բնականաբար վերստին մեր թերթի միջոցով հիացմունք եմ արտայայտել, բայց դուրս է գալիս, որ ինձ եմ սրտահովել: Սակայն ինչ էլ լինի, ուշացած զղջումն էլ մի բան արժի: Հասկանում եմ, որ սոսկ ընթերցող-հիացող լինելս երեխան չի տեսնում:
Յանուն որի պէտք ու պէտք էր մօտ լինել նրանց, բոլորին, որոնք նոյնիսկ իմ ու իմ պէսների սրտում են յենակ դնում… Անշուշտ, ուրիշ կերպ չպէտք է լինի, երբ այդ նրանք են ազգութեան սիւները լինելու: Եւ էլ ինչու այսօրը թողնել վաղուայ յոյսի, երբ այդ մենք ենք պարտաւոր, եթէ այս տարիքում անգամ առաջնորդ էլ չլինենք, բայց գոնէ խորհրդատու լինել հօ կարող ենք: Եւ այն էլ, երբ շատ էլ լաւ պատկերացում ունեմ, որ նաեւ ես ու իմ պէսները մեր թոռներից նորովի դասեր ենք առնելու: Յանուն որի, իրօք արդար կը լինի փոխադարձ բարեկամութեան անցնել, երբ հետզհետէ, ասածիս պէս՝ մեր թերթի մանկական էջի միջոցով, որքան էլ թոթովանքներ, բայց առողջ բանականութեամբ օժտուած մտքերով են հանդէս գալիս եւ ճիշդն ասած հեռու մնալուս համար ամաչում եմ…
Այո, ամէն անգամ, ամէն շաբաթ օրուայ «Ասպարէզ» թերթում մանկական էջն ու ես, չեմ ասում, թէ կարծես, երբ իրապէս եւ այդ ես եմ զառամեայլութեանս շալակը ելած, ի հարկէ գործնականի փոխարէն, մտովի եմ տոտիկ-տոտիկ գնում մանուկ դպրոցականների մօտ, հաղորդւում նրանց երազներով, ցանկութիւններով, նոյնիսկ, խորհուրդներ եմ ստանում:
Արդարեւ, 29 Սեպտեմբերի 2007թ. համարում հանդէս են եկել «Մեսրոպեան» ազգային վարժարանի աշակերտներից շատերը, որոնց թւում՝ Գէորգ Աշճեանը եւ նրան կարդալիս, անշուշտ, զարմանալուց հեռու մնալով եմ հիանում, երբ ոչ միայն ցանկութիւն է յայտնում, այլեւ կոչ է անում՝ 70 տարի համայնավարների կարծեցեալ հովանաւորչութիւնից դուրս պրծնելն ու անկախութեան տիրանալն ինքնին փրկութիւն է եղել: Լաւ է, լաւից մի կողմ էլ դէնը լաւ է, բայց արի ու տես, որ ի բախտաւորութիւն մեր երեխան՝ Գէորգ Աշճեանը, ինձ ու իմ պէսներին խորհուրդ է տալիս, թէ քանի դեռ մեր հայրենիքը օտարներից օգնութիւն է ստանում, թէեւ պէտք է, բայց պէտք է նաեւ ջանալ, թէկուզ 15 տարի է անցել, բայց 15 տարով զօրացել ենք եւ այսուհետեւ ի զօրու լինել վանել եւ վանել կարողանալու գնով միայն կարելի է լիարժէք անկախանալ…
Եւ շուռ գամ եւ նոյն էջում հանդէս եկող Դրօ Աճոյեանի մի խօսքն առնեմ. «Մարդու իրաւունքն է, որ իր ուզածին հաւատայ…»:
Ասել է թէ անգամ կոչ էլ չլինի, բայց մտքում այդ է ունեցել, որ ազգովի ելնենք ու մենք ու մենք՝ մեզ հաւատանք…
Երեխանե՜ր… երեխանե՜ր…
Ու երեխայ լինելով իսկ Քրիս Խաչիկօկլուն անգամ տարեց ընթերցողիս է ցնցումի մատնում. «Երկիր մը չկայ, որ Հայաստանի չափ յոգնած ու չարչարուած ըլլայ», բայց դառնում ու մեծավարի յոյսի ջահ է վառում, որ չենք մեռել, կանք, աճել ենք…
Գէորգ Մահսէրէճեանի թոթովանքից մի գողտրիկ միտք է ցոլցլում՝ «Ես անկախ կը զգամ պզտիկ բաներու մէջ: Օրինակ՝ երբ ուսուցիչս շատ դաս կու տայ եւ կ’ամբողջացնեմ բոլորը, անկախ կը զգամ…»
Եւ այսօրինակ թոթովանքում, իրօք, մարդու անկախութեան գաղափարը հստակեցումից վեր բիրեղացումի տանող պարզութեան շրջանակի մէջ է առել…
Եւ երիցս երախտապարտ մնամ մեր նոր սերունդը ներկայացնող երեխաներին, որոնց, միով բանիւ, գալիք օրուայ մէջ տեսնել, պատկերացնելով՝ սիրե՜մ… սիրե՜մ ու սիրելով ասեմ.
… Մնաք բարո՜վ…
… Մնաք բարո՜վ…
ՉԱՆԻԲԷԿ ՉԱՆԻԲԷԿԵԱՆ