
Creative Armenia-ն ուրախ է ներկայացնելու 16 ստեղծարար բիզնեսների (գործառնութիւններու), որոնք սկսել են իրենց արագացուած ճանապարհորդութիւնը: Artbox Accelerator ծրագիրը եզակի հնարաւորութիւն է ընձեռում այս ընկերութիւններին՝ արդիւնաւէտօրէն զարգացնելու իրենց բիզնեսները եւ զգալի ազդեցութիւն ունենալու ստեղծարար արդիւնաբերութեան զարգացման մէջ:
2024ի Յունիսի սկզբից մինչեւ Յուլիսի վերջ ընկած ժամանակահատուածում, ընտրուած խումբերը կը մասնակցեն շաբաթական աշխատարաններին, անհատական խորհրդատուութիւններին եւ կը կատարեն նպատակային առաջադրանքներ, որոնք նախատեսուած են նրանց աճը խթանելու համար։ Խորհրդատուների շարքում են փորձագէտներ եւ յաջողակ ձեռներէցներ, որոնք փորձառութիւն ունեն այնպիսի առաջատար ընկերութիւններում եւ հաստատութիւններում, ինչպիսիք են LEGO-ն, Parsons-ը, Burberry-ն եւ ուրիշներ, որոնք միանում են ծրագրին աշխարհի տարբեր ծայրերից, այդ թւում՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Դանիայից, Նիդերլանդներից եւ այլ երկրներից:
Artbox Accelerator-ը կ՛ուղղորդի ստեղծարար բիզնեսներին մեծացնելու իրենց յաճախորդների ներգրաւուածութիւնը, խթանելու վաճառքը, կայունութիւն ձեռք բերելու եւ աւելին։ Ծրագիրը կ՛եզրափակուի իրենց լաւագոյնս դրսեւորած մինչեւ 7 բիզնեսների ընտրմամբ, որոնցից իւրաքանչիւրին կը տրամադրուի մինչեւ 30,000 եւրօ դրամաշնորհ՝ Artbox -ի ընթացքում իրենց կողմից մշակուած բիզնեսի աճի նախագիծն իրականացնելու նպատակով։
16 ստեղծարար բիզնեսներն են՝
– AAA Audio (Երաժշտական արտադրութիւն). Հայկական երաժշտական արհեստագիտական ընկերութիւն, որը մասնագիտացած է «վիրտուալ» (անշօշափելի) գործիքների ստեղծման եւ հեռահար ձայնագրման ծառայութիւնների մատուցման մէջ։
– «Ակտուալ Արուեստ» (Հրատարակչութիւն)։ Հայկական մշակութային կազմակերպութիւն, որը մասնագիտացած է խթանելու գերազանցութիւնն արուեստում եւ մշակութային երկխօսութիւնները, բազմաբնոյթ հրատարակչութիւնների միջոցով։
– Amara (Երաժշտական հրատարակչութիւն). Երաժշտական հրատարակչութեան առաջատար հարթակ, որն օգնում է արուեստագէտներին ձեռք բերել նոր, համաշխարհային ճանաչում:
– Avetis (Նորաձեւութիւն). Կաշեգործութեան աշխատանոց, որտեղ ստեղծւում են ձեռագործ իւրայատուկ եւ մշտապէս արդիական կաշուէ իրեր։
– Bars Media (Ֆիլմարտադրութիւն). Վաւերագրական ֆիլմերի աշխատանոց, որը ստեղծում է մարդակենտրոն եւ ազդեցիկ պատմութիւններ։
– Cyber Folk (Երաժշտական կրթութիւն). Երաժշտական կրթական հարթակ, որը տրամադրում է դասընթացներ երաժշտութեան արտադրութեան, «Դի․Ճէյ․»ութեան եւ կենդանի կատարումների վերաբերեալ:
– Film Locations: Armenia (Ֆիլմարտադրութիւն). Բիզնես, որի նպատակն է հայկական տեսարժան վայրերը ներկայացնել արեւմտեան լաւագոյն արուեստագէտների եւ ապրանքանիշերի երաժշտական տեսահոլովակներում եւ գովազդներում:
– Hayfilm Cluster (Արուեստի կենտրոն). Արուեստի բազմաոլորտ կենտրոն, որն աջակցում է տեղացի տաղանդներին երաժշտութեան, տեսողական արուեստի եւ կայուն արտադրութեան ոլորտներում՝ հիմք ընդունելով ներառականութիւնը, նորարարութիւնը եւ կայունութիւնը:
– Library for Architecture (Արուեստի կենտրոն). Բազմանպատակ տարածք, որը ծառայում է որպէս անկախ հարթակ ճարտարապետութեան տեսութեան շուրջ քննարկումների եւ նոր գաղափարների ներկայացման համար։
– Man In Town (Նորաձեւութիւն). Հայաստանում արտադրուած ժամանակակից առօրեայ հագուստ եւ «աքսեսուար»ներ տղամարդկանց համար, որը միախառնում է աւանդական ոճերը ժամանակակից միտումների եւ երեւանեան ոգու հետ։
– Mihr Theatre (Կատարողական արուեստ). Թատրոն, որը բացայայտում է իւրաքանչիւր շարժման փիլիսոփայական խորութիւնը՝ միաւորելով նկարչութիւնը, հոգեբանութիւնը, պարը, փիլիսոփայութիւնն ու թատերական արուեստը:
– Moov Studio (Շարժանկարներու աշխատանոց). Շարժական ձեւաւորման (մոշըն դիզայն) ուղղուածութեամբ շարժանկարներու աշխատանոց, որը զբաղւում է բացատրողական գովազդային հոլովակների ստեղծմամբ։
– Narine P (Արուեստ եւ արհեստ). Բիզնես, որը մասնագիտացած է տուֆ քարերով խաչքարերի եւ հայկական զարդանախշերի պատրաստման, զբօսաշրջութեան խթանման, վարպետութեան դասերի եւ խաղերի արտադրութեան մէջ:
– Popok Animation (Շարժանկարներու աշխատանոց). Աշխատանոց, որը համակարգչային գծագրական ծառայութիւնների մատուցումից անցում է կատարում սեփական շարքերի եւ ֆիլմերի մշակմանն ու արտադրութեանը:
– Proper Studios (Ստեղծագործական գործակալութիւն). Երեւանում եւ Լոնդոնում գործող ստեղծագործական գործակալութիւն, որը տրամադրում է բարձր որակի ձեւաւորման եւ հաղորդակցման ազդեցիկ արտադրանք՝ օգնելով յաճախորդներին հասնելու իրենց նպատակներին:
– Vintabilia (Նորաձեւութիւն). Վերամշակուած հագուստի ապրանքանիշ, որը վերասահմանում է նորաձեւութեան արտադրութեան մօտեցումը՝ համաշխարհային ուսումնասիրութիւնների եւ կայունութեան, որակի ու ստեղծարարութեան միջոցով:
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Artbox-ը ստեղծուել է Creative Armenia-ի կողմից եւ իրականացւում է Հայաստանում Եւրոպական Միութեան աջակցութեամբ եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցութեամբ «Կատապուլտ» ստեղծարար ծրագրի շրջանակներում։
(Հաղորդագրութիւնը՝ Creative Armenia-էն)