
Օրուայ ընթացքում ընդունած հեղուկները նոյնպէս սննդակարգի մասն են կազմում, ուստի դրանք նոյնպէս կարող են զգալի դեր խաղալ առողջութեան պահպանման կամ քաշի կարգաւորման հարցում:
Առաւօտեան ամենաօգտակար սովորութիւններից մէկը 1 բաժակ ջուր կամ բուսական թէյ խմելն է: Ջուր կարողանում է խթանել մարսողութիւնը, արեան շրջանառութիւնը, թունազրկում է մարմինը, երիտասարդացնում մաշկը, օգնում խուսափել ջրազրկումից: Նախընտրելին ջուրն է՝ սակայն օգտակար կարող է լինել հետեւեալ ըմպելիքները, ըստ սննդաբանների: Ամէն առաւօտ խմելու դէպքում, նրանք կ՛օգնեն խթանել նիւթափոխանակութեան համակարգի աշխատանքը, կը կանխեն փորափքանքն ու կ՛ազատեն որովայնի հատուածը անառողջ ճարպաշերտերից։ Այս ըմպելիքներն ունեն ցածր կալորիականութիւն (ջերմուժ), սակայն պարունակում են մեծ քանակութեամբ սննդարար նիւթեր․
– Հալուէ վերայով (aloe vera) ըմպելիք։ Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակութեամբ հանքանիւթեր ու հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են ճարպերի այրմանն ու աշխուժացնում են մարսողութիւնը։ Պարզապէս հարկաւոր է 2-3 ճաշի գդալ հալուէ վերայի հիւթն աւելացնել մի բաժակ ջրին, լաւ խառնել ու խմել։ Այս ըմպելիքը կարող է տհաճ լինել, ուստի դրան աւելի հաճելի համ հաղորդելու համար խորհուրդ է տրւում աւելացնել նաեւ մէկ ճաշի գդալ թարմ կիտրոնի հիւթ ու մի փոքր մեղր։
– Կոճապղպեղով ու կիտրոնով ըմպելիք։ Կիտրոնն ու կոճապղպեղը դարեր ի վեր կիրառուել են, որպէս քաշը նուազեցնող, ցաւն ու սրտխառնոցը մեղմող եւ մի շարք այլ խնդիրներից ազատող բնական միջոց։ Այս բաղադրիչները պարունակում են մեծ քանակութեամբ հակաօքսիդանտներ եւ այլ օգտակար միացութիւններ, որոնք օգնում են նուազեցնել ճարպային կուտակումներն ու բարելաւում են առողջական վիճակը։ Ըմպելիքը պատրաստելու համար պարզապէս հարկաւոր է կէս կիտրոնի հիւթն աւելացնել կոճապղպեղով թէյին։
– Կոճապղպեղով ու խնձորի քացախով ըմպելիք։ Խնձորի քացախի մէջ պարունակուող թթուներն աշխուժացնում են նիւթափոխանակութեան ժամանակ որովայնի հատուածի ճարպաշերտերի այրման գործընթացը։ Մասնագէտները խորհուրդ են տալիս խմել կոճապղպեղով թէյ՝ մէկ բաժակ ըմպելիքին աւելացնելով երկու թէյի գդալ խնձորի քացախ։ Ցանկութեան դէպքում կարելի է ըմպելիքը քաղցրացնել մի փոքր մեղրով։
Եթէ առաւօտը սկսում էք սուրճով, ապա աւելի լաւ է խմել այն առանց կաթի եւ շաքարի:
Եւ ամենագլխաւորը` առաւօտը պէտք է սկսել ժպիտով: