ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԱՐԶԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐ` ԴՈԿՏՈՐ ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆԻ ԵՒ ԴՈԿՏՈՐ ԱՐՄԻՆԷ ՍՏԵՓԱՆԵԱՆԻ ՀԵՏ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Միացեալ Նահանգների հոգեկան առողջութեան ամենամեծ կենտրոնը գտնւում է Լոս Անջելես գաւառում: «Յոյս, վերականգնում, բարեկեցութիւն» կարգախօսով առաջնորդուող Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքը (Los Angeles County Department of Mental Health) տարատեսակ ծառայութիւններ է մատուցում բնակիչներին` օգնելով յաղթահարել հոգեկան ամենատարբեր խնդիրներն ու համապարփակ` նաեւ ընկերային (սոցիալական) աջակցութիւն տրամադրելով վերացնելու խնդիրների պատճառները: Ծառայութիւններն իրականացւում են հոգեբոյժների, հոգեբանների եւ ընկերային աշխատակիցների միջոցով, ովքեր բուժօգնութիւնն ապահովում են ամենատարբեր պայմաններում` տանը, բուժհաստատութիւններում, դպրոցներում, փողոցներում: Բաժանմունքը ստեղծուած է ծառայելու մարզում բնակուող բոլոր ցեղային (էթնիկ) խմբերին, եւ այդ նպատակով գործում են առանձին բաժիններ, որտեղ մասնագիտական օգնութիւն են տրամադրում ելնելով նաեւ ազգային հոգեկերտուածքի առանձնայատկութիւններից: Բաժանմունքի ծառայութիւնները մատչելի են, ընդունւում են նաեւ ապահովագրութիւններ:
Հոգեկան յատկապէս ի՞նչ խնդիրներով են հայ համայնքի ներկայացուցիչները դիմում Լոս Անջելես Գաւառի Հոգեկան Առողջութեան Բաժանմունքին, ինչպիսի՞ օգնութիւն են ստանում եւ ինչ պայմաններով, ե՞րբ եւ ինչպէ՞ս կարելի է դիմել այս բաժանմունքի ծառայութիւններին: Այս եւ այլ մանրամասների ծանօթացնելու համար «Ասպարէզ»ի հարցերին սիրով պատասխանել են Լոս Անջելես Գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքի Արեւելեան Եւրոպայի եւ Միջին Արեւելքի բաժնի (Eastern European/Middle Eastern Subcommittee) դարմանտնային (կլինիկական) հոգեբաններ` դոկտոր Աննա Եարալեանը (Dr. Anna Yaralyan, PSY.D.) եւ դոկտոր Արմինէ Ստեփանեանը (Armine Stepanyan Zambre, Ph.D): Նրանց հետ հանդիպումը տեղի ունեցաւ բաժանմունքի` Գրանադա Հիլզում գործող Սան Ֆերնանդօ Հոգեկան առողջութեան կենտրոնում, որտեղ ստեղծուած են յարմարաւէտ պայմաններ` անհատական, խմբային բուժումների (թերապիաների), ինչպէս նաեւ` դիմողների հետ տարաբնոյթ հարցերով հանդիպումների համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ծառայութիւններ է մատուցում Լոս Անջելեսի գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքը: Ինչպէ՞ս են իրականացւում այդ ծառայութիւնները, մասնագիտական օգնութիւնը հասանելի՞ է նաեւ հայերէնով:

ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Լոս Անջելեսի գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքը երկրում ամենամեծն է, եւ ունի շուրջ 85 ծրագիր, պայմանագիր համայնքների` ներառեալ հայերի համար: Ծրագրերը տարբեր են` հոգեբանական, հոգեբուժական, ընկերային եւ այլ:
Հոգեբանական ծառայութիւնն իրականացւում է անձնական, խմբային, զոյգերի, երեխաների համար խաղային բուժումների միջոցով, ինչպէս նաեւ` աջակցող խմբերով: Հոգեբուժական ծրագրերը ներառում են հոգեբուժի կողմից իրավիճակի գնահատում եւ կարիքի դէպքում` բուժում, նաեւ դեղորայքի տրամադրում:
Առաջարկում ենք նաեւ դէպքի կառավարում-կապակցում այլ ծառայութիւնների հետ (case management: linking to services), օրինակ, երբ միայնակ մայրը դիմում է մեզ, որովհետեւ ֆինանսական խնդիրներ ունի, որի պատճառով իր մօտ առաջացել է ընկճախտ, մենք կապում ենք նրան մեր այլ բաժանմունքների, օրինակ` ընկերային ապահովութեան բաժանմունքի հետ, եւ այսպիսով փորձում ենք լուծել նաեւ խնդրի առաջացման պատճառը: Ունենք նաեւ վերականգնողական, թմրամիջոցների չարաշահման հարցերով ծրագրեր:
Նշուած ծառայութիւնները մատուցւում են տարբեր միջավայրերում. կարող է լինել դաշտային աշխատանք հոգեբանների, հոգեբոյժների, ընկերային աշխատողների մասնակցութեամբ, ովքեր կարող են այցելել մարդկանց տներ, դատարաններ, բանտեր, դպրոցներ, հիւանդանոցներ, աշխատել փողոցներում, օրինակ անօթեւանների հետ: Միաժամանակ, Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքն ունի համայնքի հետ ուղղակիօրէն աշխատող սեփական` «Սան Ֆերնանդօ հոգեկան առողջութեան կենտրոնն» ու «Հոլիվուդ հոգեկան առողջութեան կենտրոնները», որտեղ ունենք հայախօս հոգեբաններ, հոգեբուժներ, ընկերային աշխատողներ, վարչական աշխատողներ: Գործում են նաեւ Լոս Անջելես գաւառի հետ պայմանագրով աշխատող բուժական հաստատութիւններ, որոնց մեր բաժանմունքն է ֆինանսաւորում, եւ նրանք եւս առաջարկում են հոգեկան առողջութիւնն ապահովող տարաբնոյթ ծառայութիւններ: Նման բազմաթիւ կենտրոններից, կը ցանկանայի նշել երկուսի մասին, որոնք գործում են յատուկ նաեւ հայ համայնքի համար, եւ ունեն հայախօս բազմաթիւ մասնագէտներ: Դա Didi Hirsch (Դիդի Հըրշ) հոգեկան առողջութեան կենտրոնն է Գլենդելում, եւ IMCES (Institute for Multicultural Counseling and Education Services): Մենք առաջարկում ենք նաեւ Ճգնաժամային կառավարման ծառայութիւն (Crisis Management), որը շտապ օգնութեան գործառոյթ է կատարում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ո՞ր իրավիճակն է համարւում ճգնաժամային, եւ ծրագիրն ինչպէ՞ս է գործում:
ԱՐՄԻՆԷ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ճգնաժամային կառավարման ծրագիրը հոգեբուժական է, որի մասին կը ցանկանայինք տեղեկացնել մեր համայնքին: Ճգնաժամ համարւում է այն իրավիճակը, երբ մարդը հոգեկան ապրումների պատճառով, օրինակ` խորը ընկճախտի, չի ցանկանում շարունակել ապրել, կամ ունի յարձակողապաշտութեան (ագրեսիայի) հետ կապուած խնդիրներ: Մեզ դիմելու դէպքում, խնդիր ունեցող անձին այցելում է երկու հոգանոց խումբ (թիմ), որ կոչւում է Հոգեբուժական շարժական արձագանգման խումբ (Psychiatric Mobile Response Team) եւ նրանք տեղում գնահատում են իրավիճակը, այսինքն` հետազօտում են ճգնաժամի մէջ գտնուող անձին, եւ ըստ արդիւնքի, որոշում են, թէ տուեալ անձին պէտք է հիւանդանոց տեղափոխել եւ հոգեբուժի մօտ տանել այդ պահին, թէ՞ կարելի է անվտանգութեան որեւէ ծրագիր մշակել, եւ առաջարկել հանդիպել այլ մասնագէտի հետ մէկ այլ օր, որովհետեւ ճգնաժամն այնպիսին չէ, որ անհրաժեշտութիւն կայ անմիջապէս հիւանդանոց տեղափոխել: Այս ծառայութիւնը գործում է շաբաթուայ բոլոր օրերին եւ շուրջօրեայ է (24/7): Ճգնաժամային իրավիճակի դէպքում մեզ կարող են դիմել հետեւեալ հեռախօսահամարով` 1-800-854-7771:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ովքե՞ր կարող են դիմել Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքին, եւ ի՞նչ պայմաններով, նկատի ունեմ ծառայութեան դիմաց վճարային համակարգը, արդեօք գործո՞ւմ է ապահովագրութիւն, դիմելու համար օրինական կացութեան փաստաթղթեր անհրաժե՞շտ են:
ԱՐՄԻՆԷ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Քանի որ վարչութիւնը գործում է Լոս Անջելես գաւառի ներքոյ, մեր դռները հիմնականում բաց են մարզի բոլոր բնակիչների համար, եւ նաեւ այն մարդկանց, ովքեր հոգեկան խնդիր ունենալու պահին գտնւում են Լոս Անջելեսի գաւառում: Մենք վերցնում ենք Մեդիքալ, Մեդիքեր առողջապահական ապահովագրութիւններ, եւ կարող են դիմել նաեւ մարդիկ, ովքեր չունեն ապահովագրութիւն, քանզի մեր հիմնական առաքելութիւնը կարիք ունեցող մարդկանց օգնելն է:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Ես կը ցանկանայի աւելացնել, որ մեզ կարող են դիմել նաեւ Գրին Քարտ չունեցող անձկիք, ում օգնում են մեր բաժանմունքի հետ պայմանագրով աշխատող բուժհաստատութիւնները: Ծառայութիւններ մատուցում ենք նաեւ ցածր վճարումով (low pay):
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ե՞րբ է պէտք դիմել ձեր ծառայութիւններին, որո՞նք են համարւում հոգեկան խնդիրներ:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Անձը պէտք է դիմի հոգեբանի, հոգեբուժի, բժշկական ծառայութիւնների այն ժամանակ, երբ չի կարողանում իրականացնել իր ամէնօրեայ գործառոյթները: Օրինակ, ընկճախտով տառապելու դէպքում, ախտանիշներից կարող է լինել այն, երբ անձը չի կարողանում մահճակալից դուրս գալ, ամբողջ օրը քնում է, ներուժ (էներգիա) չունի, չի կարողանում աշխատել, անտեսում է զաւակներին եւ այլ: Այս դէպքում, երբ անձը նկատում է նման ախտանիշներ, այսինքն` նրա առօրեայ ընթացքը խախտւում է, շատ կարեւոր է դիմել բժիշկի: Միաժամանակ, պարտադիր չէ, որ անձն ունենայ հոգեկան հիւանդութիւն, որ դիմի հոգեբանի: Երբ անձը նկատում է տարբեր փոփոխութիւններ` տրամադրութեան, մտքի, նախկինում աւելի դրական լինելով, բացասական է դառնում, յաճախակի ճնշուածութիւն (սթրես) է ունենում, չի կարողանում լուծել խնդիրներ` այդ ժամանակ էլ կարող է դիմել հոգեբանի:
ԱՐՄԻՆԷ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Հոգեկան խնդիրներից, որ մենք յաճախ հանդիպում ենք, շատ են ընկճախտը, տագնապը, (depression, anxiety), մտախտային (փսիխոզային) հիւանդութիւնները, օրինակ`մտահերձում (շիզոֆրենիան), երկբեւեռ յուզական (աֆեկտիւ) խանգարումը (bipolar disorder), յետ-վիրական (յետտրաւմատիկ) ճնշումային խանգարումը (Post-traumatic stress disorder-PTSD), կան նաեւ անձնական հոգեխանգարմունքներ: Ցաւալի է, որ կախուածութիւնը թմրադեղերից եւ ալկոհոլից դարձել է բաւական մեծ խնդիր, որ շատ վատ հետեւանքներ է թողնում մարդու հոգեկան եւ ֆիզիկական առողջութեան վրայ: Շատ դէպքերում շատ հիւանդութիւններ առաջանում են հէնց թմրանիւթերի գործածումից, յատկապէս` զգայախաբութիւնները (հալիւցինացիաները), մտախտային ձայներ լսելը:

ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Սա համարւում է co-occurring disorders, այսինքն, երբ մարդն օգտագործում է թմրանիւթ եւ միաժամանակ, ունի հոգեկան հիւանդութիւն, կամ ունի հոգեկան խնդիրներ, եւ սկսում է չարաշահել թմրանիւթերը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ըստ պաշտօնական վիճակագրութեան, ընկճախտը (դէպրեսիան) ներկայում ԱMNում ամենայաճախ պատահող խնդիրներից է` 21 միլիոն մարդ այսօր տառապում է ընկճախտով: Որո՞նք են հիմնական ախտանիշները, եւ ե՞րբ պէտք է անհանգստանալ ու դիմել մասնագէտի:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Հասկանալու համար, թէ երբ է մարդը տառապում ընկճախտով, պէտք է տեղեակ լինել ախտանիշներից (symptom), որոնք արտայայտւում են մարդու արարքներով եւ զգացողութիւններով: Ընկճախտի ախտանիշները կարող են շատ տարբեր լինել, որոնցից ոմանց մասին նշեցի նաեւ վերեւում, ինչպէս նաեւ, օրինակ` արտայայտուել բարկացկոտութեամբ, ինչպէս յաճախ պատահում է հայ տղամարդկանց դէպքում, կանանց շրջանում այն հիմնականում արտայայտւում է օրինակ` լացով, ցաւի զգացողութեամբ, կամ խնդիրն այլոց հետ կիսելով: Հնարաւոր է նաեւ, որ անձն ինքն իրեն մեկուսացնի, չցանկանայ շփուել ընտանիքի անդամների, ընկերների հետ, կարող է ունենալ քնի փոփոխութիւն: Քունը հիմնական ցուցիչներից է, երբ օրինակ անձը չի կարողանում քնել, յաճախ է արթնանում, կամ շուտ է քնում ուշ է արթնանում: Անձի մօտ փոփոխութիւններ կարող են նկատուել նաեւ սնուելու հարցում, այսինքն` շատ ուտի եւ միանգամից գիրանայ, կամ չուտի եւ քաշի կորուստ ունենայ: Սրանք ընկճախտի ախտանիշներ են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան վարչութիւնն ի՞նչ լուծումներ, օգնութիւն է առաջարկում այս դէպքում:
ԱՐՄԻՆԷ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Մեր վարչութիւնը բաւականին լաւ հոգեբաններ հոգեբուժներ, ընկերային աշխատակիցներ ունի, ովքեր հիմնականում փորձում են օգնել տարատեսակ հոգեբանական բուժումների եւ մեթոդների կիրառմամբ, անհրաժեշտութեան դէպքում նաեւ` դեղերով: Մասնագէտների հետ հանդիպումների տեւողութիւնը կախուած է տուեալ անձի վիճակից: Ուրախ ենք արձանագրել, որ ունենք շատ լաւ արդիւնքներ:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Բուժումը կարող է լինել կարճատեւ եւ երկարատեւ` ըստ խնդրի խորութեան: Օրինակ, անձը, կորուստ է ունեցել եւ վշտացած է: Այս դէպքում, հոգեբանի հետ հանդիպման ժամանակ, արտայայտելով յոյզերն ու ապրումները, տուեալ անձի ցաւը մեղմանում է, եւ ապաքինումը մեծ հաւանականութեամբ արագ է տեղի ունենում: Միաժամանակ, կան կենսաբանական, խրոնիկական ընկճախտի տեսակներ, որ պահանջում են աւելի երկարատեւ բուժում` ե՛ւ հոգեբուժի, ե՛ւ հոգեբանի, եւ այլ մասնագէտների ներգրաւմամբ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ելնելով ազգային հոգեկերտուածքի առանձնայատկութիւններից, հայ համայնքի ներկայացուցիչները ձեզ հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Հայ համայնքի մասին խօսելիս, ելնելով իմ անձնական փորձառութիւնից, յաճախ նկատում եմ հաղորդակցման հետ կապուած խնդիր, երբ միմեանց չեն հասկանում, եւ արդիւնքում, օրինակ բղաւելով են խօսում միմեանց հետ, կամ իրենց զգացմունքները չեն արտայայտում, կամ բարկութիւնը կրաւորական-յարձակողապաշտ (պասիւ ագրեսիւ) ձեւով են արտայայտում: Օրինակ, կանանց դէպքում, կարող է արտայայտուել բամբասանքի միջոցով, ամիսներով խնդրայարոյց անձի հետ չշփուելով: Մեզ դիմողների շարքում կան ամենատարբեր հոգեկան խնդիրներով մարդիկ, այդ թւում`ընկճախտ, տագնապ, մտահերձում (շիզոֆրենիա), անձի երկբեւեռ յուզական (աֆեկտիւ) խանգարում, եւ բնաւորութեան տարբեր տեսակի խանգարումներ` նարկիզականութիւն (նարցիսիզմ), սահմանային անձնային խանգարում (borderline personality) եւ այլ:
ԱՐՄԻՆԷ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ձեր հարցին կը ցանկանայի պատասխանել «Գլենդել Նիւզ Պրես»ում հրապարակուած, հոգեբուժութեան դարմանատնային (կլինիկական) պրոֆեսոր Դանիէլ Սիգալի կատարած ուսումնասիրութեան արդիւնքներով, որտեղ նա վիճակագրական տուեալներ է ներկայացնում նաեւ հայ համայնքի մասին: Ըստ նրա, մեր համայնքում ամենատարածուած հոգեկան խնդիրներն են` ընկճախտը, տագնապը, եւ Յետտրաւմատիկ Սթրեսային Խանգարումը (PTSD), եւ նա յատկապէս ընդգծում է վերջինը` դա համարելով հիմնականում պատերազմական գործողութիւնների արդիւնք: Հայաստանում, յատկապէս վերջին չորս տարիների իրադարձութիւններից յետոյ մեր ազգակիցների մօտ այս բոլոր խնդիրները ցաւօք առաւելապէս է առկայ: Մեծացել է նաեւ կախուածութիւն ունեցող անձանc թիւը, եւ հիմնականում երիտասարդների շրջանում: Մեզ շատ են դիմում թէ՛ տղաներ, թէ՛ աղջիկներ տարբեր տեսակի թմրանիւթերի եւ հոգեմէտ նիւթերի օգտագործման պատճառով: Միջին եւ աւագ սերնդի դէպքում աւելի շատ է ալկոհոլից կախուածութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայկական առանձնայատկութիւն կարելի է համարել նաեւ հոգեբանին, հոգեբուժին չդիմելու կարծրատիպը: Որքանո՞վ է կարեւոր ժամանակին դիմել հոգեբանի կամ հոգեբուժի` նաեւ խնդրի խորացումը կանխելու առումով:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Շատ կարեւոր է ժամանակին դիմել մասնագէտի, եւ թոյլ չտալ, որ խնդիրը խորանայ: Երբ անձը զգում է, հասկանում է, որ ինչ-որ փոփոխութիւններ է իր հետ կատարւում, ինչպէս նշեցի նախորդ պատասխանում, շատ կարեւոր է միանգամից դիմել մասնագէտի: Երբ խնդիրը խորանում է, ինչպէս ասում ենք, դանակը ոսկորին է հասնում, պահանջւում է առաւել երկարատեւ բուժում, որ անձն ապաքինուի, եւ ապաքինումն էլ կարող է լիարժէք չլինել, ինչպէս աւելի վաղ խնդիրը կանխելու դէպքում: Մեր ազգում կայ այդ երեւոյթը, որ մեր անձնական խնդիրները, խոհանոցը չենք կիսւում այլոց հետ, եւ մնում է մեր մէջ, սակայն շատ կարեւոր է, որ սա փոխուի: Պէտք է նշեմ, որ փոփոխութիւններ նկատելի են այս առումով, որովհետեւ երիտասարդները չեն ամաչում գնալ հոգեբանի մօտ, բուժումի համար մեզ դիմում են նաեւ շատ զոյգեր, ծնողներ` իրենց երեխաների համար: Հայ ընտանիքները գերադասում են դիմել հայ հոգեբանների, որովհետեւ ոչ թէ միայն հայախօս ենք, այլեւ տիրապետում ենք մեր ազգի նիստ ու կացին, մշակութային առանձնայատկութիւններին:


ԱՐՄԻՆԷ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Կը ցանկանայի նշել, թէ ինչպիսի ազդեցութիւն է թողնում «խարան» (stigma) հասկացութիւնը հիւանդների դէպքում, եւ յատկապէս` մեր ազգի ներկայացուցիչների համար («խարան»ը հոգեկան առողջութեան ոլորտում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ մերժողական վերաբերմունքն է. այն բաղկացած է երկու խմբից` ներքին եւ արտաքին, երբ արտաքինը հասարակութեան` հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքն է բնորոշում, իսկ ներքինը`այն ինքնախարազանումը, որին մարդն է ինքն իրեն ենթարկում – Խմբ.): Կը ցանկանայի մէջբերում անել մասնագիտական մի յօդուածից, որտեղ նշւում է, որ մարդկանց մեծ մասը փորձում է չանդրադառնալ հոգեկան առողջութեան հարցերին, որովհետեւ այդ կարծրատիպը, խարանն է իրենց խանգարում, օրինակ, թէ ինչ կ՛ասի շրջապատը: Սա է հիմնական պատճառը, որ չեն դիմում հոգեբանի` մտածելով, որ դա կ՛ազդի աշխատանքի, ուսման վրայ, անհանգստանում են, թէ ինչ կ՛ասեն ընկերները, հարեւանները: Մենք պէտք է այս կարծրատիպը փոխենք, որպէսզի մարդիկ հոգեկան եւ ֆիզիկական առողջութիւնը հաւասար մակարդակի վրայ դնեն: Երբ դիմում են սրտաբանի օրինակ, չեն ամաչում, իսկ ինչո՞ւ հոգեկան խնդիրների համար չեն դիմում, չէ՞ որ մարդու բնականոն կատարողականութիւնն (ֆունկցիոնալութիւնը) է այդ դէպքում խախտւում, որը կարող է պատճառ դառնալ աւելի խորը հոգեկան հիւանդութեան, եւ ազդել ֆիզիկական առողջութեան վրայ: Ես նշեցի հանրային խարանի մասին: Կայ նաեւ սեփական անձի նկատմամբ խարանի հասկացողութիւն: Այս առումով, ցանկանում եմ ընդգծել, որ մենք չափազանց կարեւորում ենք գաղտնապահութիւնը, որպէսզի մարդիկ հանգիստ լինեն, որ մեզ տրուած տեղեկութիւնը մնում է մասնագէտի եւ դիմողի սահմաններում: Սա շատ կարեւոր է, որ մեր համայնքը տեղեակ լինի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- հHոգեկան խնդիրները կանխելու, յաղթահարելու համար, որքանո՞վ է կարեւոր այս թեմայով կրթութիւնը յատկապէս վաղ հասակից: Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքն հոգեկան առողջութեան մասին կրթական ինչպիսի՞ ծրագրեր ունի:
ԱՆՆԱ ԵԱՐԱԼԵԱՆ.- Կրթութիւնը հոգեկան առողջութեան համար շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան տարբեր հոգեկան խնդիրների, ախտանիշների, բուժումների մասին: Մեր բաժանմունքը հոգեկան առողջութեան մասին կրթական շատ ծրագրեր ունի, որոնք ներկայացնում են համայնքին տարբեր ձեւաչափերով:
2004 թուականին Կալիֆորնիայի ընտրողները քուէարկեցին Օրինագիծ 63ի` Հոգեկան առողջութեան Ծառայութեան որոշումի օգտին (Prop. 63-Mental Health Service Act), որի նպատակն էր նահանգի, եւ յատկապէս Լոս Անջելես գաւառի համայնքներին տրամադրել անվճար կամ մատչելի արժէքով հոգեբանական ծառայութիւններ: Լոս Անջելես գաւառի Հոգեկան առողջութեան բաժանմունքը, այս օրինագծի ներքոյ, ստեղծեց տարբեր յանձնախմբեր` տարբեր ազգերի համար: Դրանցից մէկն էլ`Արեւելեան Եւրոպայի եւ Միջին Արեւելքի հարցերով բաժինն է, որ ներառում է մի քանի ցեղային խմբերի` հայերի, ռուսների, արաբների եւ իրանցիների: Ես նաեւ այս յանձնախմբի հաղորդակցութեան հարցերով պատասխանատուն եմ: Ունենք համանախագահ` Սարգիս Սիմոնեանը, եւ դոկտոր Արմինէ Ստեփանեանն էլ մեր խմբի գործուն անդամներից է: Յանձնախումբը կազմուած է տարբեր մասնագէտներից` հոգեբաններ, բժիշկներ, համայնքի գործուն ներկայացուցիչներ, ձեռներէցնէր, եւ այլոք: Մեր ամէնօրեայ գործունէութիւնից բացի, ամէն ամիս հանդիպում ենք կազմակերպում առցանց հարթակում` հիմնականում քննարկելու տարբեր ցեղային խմբերի հոգեբանական խնդիրներն ու քննարկման արդիւնքում, առաջնահերթութիւններից ելնելով, ստեղծում ենք հոգեբանական տարբեր կրթական ծրագրեր:
ԱՐՄԻՆԷ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Կը ցանկանայի ներկայացել «Հոգեկան հիւանդութիւնների զգային դաշինք» կազմակերպութեան (NAMI) առաջարկները, ըստ որոնց, պէտք է շատ խօսել հոգեկան հիւանդութիւնների մասին, կրթուել համապատասխան գրականութեամբ, փոխել հոգեկան առողջութեանն առնչուող բառապաշարը, կարեկցանքով վերաբերել հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, եւ լրատուամիջոցներում հնարաւորինս լուսաբանել թեման, եւ կրթել հանրութեանը:
Լոս Անջելես Գաւառ Հոգեկան Առողջութեան Բաժանմունքի մասին առաւել տեղեկութիւնների համար կարելի է զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով` 1800-854-7771: Ձեր հարցերին կը պատասխանեն նաեւ հայախօս մասնագէտներ, այդ թւում` Dr. Anna Yaralyan, PSY.D. (Clinical Psychologist at Los Angeles Country Department Mental Health, Anti Racism Division, Eastern European/Middle Eastern Subcommittee, EE/ME Underserved Cultural Communities, USCC. ayaralyan@dmh.lacounty.gov) եւ Armine Stepanyan Zambre, (Ph.D Clinical Psychologist at LACDMH San Fernando Mental Health Center, FSP program)