
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Հայաստանի Սահմանադրութեան օրուան առիթով յղեց շնորհաւորական ուղերձ մը՝ դարձեալ լուսարձակի տակ առնելով Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան անհրաժեշտութիւնը։
Ուղերձին մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Այսօր` Յուլիսի 5ին նշում ենք Սահմանադրութեան օրը: Սահմանադրութիւնն ընդունուած է կոչել նաեւ մայր օրէնք կամ հիմնական օրէնք: Մայր օրէնք կոչում են, որովհետեւ Սահմանադրութիւն ունեցող ցանկացած երկրում օրէնքները պիտի բխեն հէնց նրանից, սնուեն, կերակրուեն Սահմանադրութեան թէզերից, հայեցակարգերից ու դրոյթներից:
«Սահմանադրութիւնը հիմնական օրէնք կոչում են, որովհետեւ ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրէնքներից է, որ սովորաբար ընդունւում է համաժողովրդական քուէարկութեան միջոցով, այսինքն` այս պարագայում ժողովուրդն է «կողմ» կամ «դէմ» քուէարկում օրէնքին, ժողովուրդն է քուէարկութեամբ ընդունում կամ մերժում այդ մայր կամ հիմնական օրէնքը` Սահմանադրութիւնը:
«Այսպիսի իրաւակարգաւորումներ են գործում նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում, այսինքն` մեր երկրում քաղաքացիների ամբողջութիւն ժողովուրդն է հանդէս գալիս սահմանադիրի դերում: Ինչո՞ւ է այսպէս եւ ո՞րն է սրա տրամաբանութիւնը: Սահմանադրութիւն ընդունելով եւ Սահմանադրութեան օգտին քուէարկելով` քաղաքացին եւ քաղաքացիների հաւաքականութիւն ժողովուրդը նախ յայտարարում է, որ ստանձնում է պետութիւն ունենալու պատասխանատուութիւնը, պատրաստ է կրել այդ պատասխանատուութիւնը: Իսկ բուն Սահմանադրութեան տեքստում ժողովուրդն արտայայտում է իր պատկերացումը, թէ ինչպիսի՛ն է պատկերացնում այդ պետութիւնը, նրա կառավարումը, ինչպիսին պէտք է լինի այն ընդհանուր առմամբ եւ ի՛նչ նախագիծ կեանքի կոչելու վրայ ենք աշխատելու բոլորով:
«Եւ երրորդ, ոչ պակաս կարեւոր հանգամանքն այն է, որ քաղաքացիները Սահմանադրութեան տեքստում պիտի արձանագրեն իրենց հիմնադրած եւ կառուցած պետութեան մէջ իրենց ապրելու կանոնները` քաղաքացի-պետութիւն յարաբերութիւնների, քաղաքացի-օրէնք յարաբերութիւնների, քաղաքացի-քաղաքացի յարաբերութիւնների, մարդ-մարդ յարաբերութիւնների, մարդ-բնութիւն յարաբերութիւնների կանոնները:
«Սահմանադրութիւնը, ըստ այդմ, քաղաքացիների հաւաքական պայմանաւորուածութիւնն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրաւունքների եւ պարտականութիւնների մասին: Ինքնիշխան բառը, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ, հէնց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տուեալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան եւ այդպէս է ոչ միայն դէ իւրէ (իրաւական իմաստով), այլեւ 2018 թուականի Ժողովրդական, ոչ բռնի, թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ` նաեւ դէ ֆակտօ (իրողապէս): Եւ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ (ընկերային)-հոգեբանական կոնֆլիկտի (բախումի) մէջ է մեր գործող Սահմանադրութիւնը:
«Բոլորիս յայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրութիւնն իր ու իր հարեւանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետութեան միւս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանաւորուածութիւնն է արտայայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախաւն է այդ տեքստը ստեղծել, յայտարարել դրա ընդունման մասին եւ, ըստ էութեան, ներդրել այն Հայաստանում:
«Իմ համոզմունքը եղել եւ մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ (հարց) է մեր երկրի համար, եւ մեր երկրին հարկաւոր է նոր Սահմանադրութիւն, եւ տուեալ պահին խօսում եմ ոչ այնքան տեքստային (բովանդակային) նորութեան, որքան դրա ստեղծման եւ ընդունման մեթոդի նորութեան մասին: Մեզ պէտք է նոր Սահմանադրութիւն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրուած է` իր պատկերացումն է իր ստեղծած պետութեան եւ այդ պետութեան մէջ մարդկանց, քաղաքացիների յարաբերութիւնների մասին:
«Մեզ պէտք է Սահմանադրութիւն, որն օրգանական կապով կապուած է սահմանադիրի` ժողովրդի հետ:
«Այս թեման հիմա շատ է շահարկւում թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղօրէն պիտի շարունակենք մեր պետութիւնը` Հայաստանի Հանրապետութիւնը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ (կառուցային), հոգեբանական ու ֆիզիքական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը: Սա դժուար, բայց պատուաբեր ճանապարհ է, ու մենք ընթանում ենք ճիշդ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պէտք է կենտրոնանալ մի կոնկրետ (յստակ) խնդրի` Հայաստանի Հանրապետութեան պետական շահը սպասարկելու վրայ, որովհետեւ Հայաստանի Հանրապետութեան պետական շահը ինքնիշխանի, այսինքն` Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետութիւնը ստեղծել են որպէս գործիք իր միջազգայնօրէն ճանաչուած տարածքում իրենց ազատութիւնը, բարեկեցութիւնը, երջանկութիւնը, անվտանգութիւնն ապահովելու համար, արդար միջավայր ձեւաւորելու համար, եւ մենք չպէտք է շեղուենք այս նպատակից»։