
ԱՄՆ Արեւմտեան թեմը, գլխաւորութեամբ առաջնորդ, Յովնան արք. Տէրտէրեանի, Հայ եկեղեցու այն առաջատար համայնքներից է, որտեղ մշտապէս արձանագրւում են հոգեւոր ու ազգային բազմաթիւ յաջողութիւններ ու նորանոր ձեռքբերումներ:
Թեմապատկան շաբաթօրեայ դպրոցները վերջին տարիներին դարձել են գաղութի հոգեմտաւոր կեանքի անբաժան ու ստեղծարար զարդը` լոյս ու գիտութիւն սփռելով իրենց շուրջը: Դեռեւս 2015 թուականին էր, որ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը, մասնակցելով ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից կազմակերպուած մրցոյթի, ուր ներգրաւած էր 15 երկրներից 95 դպրոց, «Մայրենի պաշտպան» անուանակարգում ստացել էր առաջին մրցանակ` ճանաչուելով Սփիւռքի լաւագոյն կրթօջախներից մէկը, իսկ այժմ որպէս թեմի մայր շաբաթօրեայ հաստատութիւն, Սփիւռքի պատմութեան մէջ, առաջին անգամ, ԱՄՆ Արեւմտեան դպրոցների եւ քոլեջների միութեան կողմից (WASC) ստանում է պետական արտօնագիր:
Շուրջ մէկամեայ ուսումնասիրութիւններից յետոյ, այս մասին որոշում է կայացուել վերոնշեալ կազմակերպութեան 2024 թ.ի ամառային յանձնաժողովի յատուկ նիստում:
Արեւմտեան թեմի Շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ, բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանն ուրախութեամբ նշեց հետեւեալը. «Նման հեղինակաւոր հաստատութեան կողմից պետական արտօնագիր ստանալը պատուաբեր է եւ պարտաւորեցնող: Այն մեր երկար տարիների տքնաջան աշխատանքի արդիւնքն է»:
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցն իր մէջ ներառում է թեմի տարբեր եկեղեցիներում գործող հետեւեալ կրթական հաստատութիւնները.
1. Փասադենայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
2․ Վեն Նայսի Ս. Պետրոս եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
3. Թահանգայի Ս. Առաքելոց եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
4. Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
5. Փորթլանդի Ս. Գէորգ եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
6. Սան Դիէգոյի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
7. Սիաթլի Ս. Յարութիւն եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
8. Կուպերտինոյի Ս. Անդրէաս եկեղեցու եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
9. Գլենդելի Հայ առաքելական եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
10. Լաս Վեգասի Ս. Կիրակոս եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
11. Ֆրեզնոյի Ս. Պօղոս եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
12․ Սակրամենտոյի Ս. Յակոբ եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
13․ Սան Ֆրանցիսկոյի Ս. Յովհաննէս եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
14. Քոստա Մեսայի Ս. Մարի եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
15․ Արիզոնայի Ս. Աբգար եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը,
16․ Ռանչօ Միրաժի Ս. Կարապետ եկեղեցու շաբաթօրեայ դպրոցը:
Վերոնշեալ հաստատութիւններում սովորում է շուրջ 1500 աշակերտ: Այսուհետեւ այս կրթօջախների կողմից տրուած աւարտական վկայականները, ճանաչուելով պետութեան կողմից, նորանոր հնարաւորութիւններ են բացելու հայ շրջանաւարտների համար:
Առանց նման հաւաստագրի ԱՄՆում չեն կարող գործունէութիւն ծաւալել թէ՛ ամերիկեան եւ թէ հայկական ամէնօրեայ դպրոցները, իսկ այս պարագայում Արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանները դառնում են գերմրցունակ` իրենց տուած ազգային, հոգեւոր ու մշակութային գիտելիքներով, բարձր հեղինակութեամբ ու նոր պետական կարգավիճակով: Առհասարակ նման արտօնագիրը վկայութիւնն է այն բանի, որ տուեալ կրթօջախները շարունակական, յարատեւ բարելաւման գործընթացի մէջ են, որը ոչ այլ ինչ է քան որակեալ կրթութեան նախահիմք:
Հարկ է նշել, որ Արեւմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցներն իրենց կառուցուածքով ու կրթական, նորարարական, արդի ծրագրերով չափօրինակ են ամբողջ Սփիւռքի տարածքում: Նրանց կողմից կազմակերպուող հայերէնի ուսուցիչների ամէնամեայ հաւաքներին մասնակցում են բազմաթիւ մանկավարժներ ոչ միայն արեւմտեան, այլեւ արեւելեան թեմերից, ինչպէս նաեւ Կանադայից, Եւրոպայից ու Ռուսաստանի Դաշնութիւնից, որտեղ դասախօսութիւններով հանդէս են գալիս Հայաստանի եւ Սփիւռքի յայտնի գիտնականներ, կրթական գործի կազմակերպիչներ:
Շաբաթօրեայ դպրոցների հոգեւոր տեսչութիւնը խոստանում է, որ այս կարեւոր, բացառիկ ու պատմական հանգրուանը եւս ծառայեցուելու է ի շահ հայոց դպրութեան, Հայոց Մայր եկեղեցու եւ մեր ժողովրդի:
ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ