Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտէն՝ Ողիմպիական խաղերուն ըմբիշ Արթուր Ալեքսանեանի եզրափակիչ գօտեմարտին գծով բողոքով դիմեց Միջազգային ողիմպիական կոմիտէի բողոքարկման յանձնաժողովին:
Այս մասին լրագրողներու հետ ունեցած զրոյցին ընթացքին ըսաւ Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան փոխնախարար Կարէն Գիլոյեան:
«Օլիմպիական խաղերում ըմբշամարտի 97 կգ .քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանեանի եւ իրանցի Մոհամադհադի Սարավիի գօտեմարտի բողոքարկման գործընթացը հետեւեալ փուլում է. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (դաշնակցութեան) գրաւոր պատասխանել է, որ մրցավարները ճիշդ որոշում են կայացրել: Այն, որ մենք 100 տոկոսով ճիշդ ենք, դա փաստ է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէն, կցելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումը եւ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է միջազգային օլիմպիական կոմիտէի բողոքարկման յանձնաժողովին», ըսաւ Գիլոյեան։
Ըստ անոր՝ Ողիմպիական կոմիտէի բողոքարկման յանձնաժողովը առաջին արձագանգով խնդրեց նաեւ յստակօրէն ներկայացնել`ո՛ր դրուագին ընթացքին, եւ ի՛նչի դէմ է բողոքը:
«Մենք Օլիմպիական խաղերի ընթացքում ունեցանք դէպքեր, երբ այլ գօտեմարտում նմանատիպ դրուագի համար ճիշդ հակառակ վերաբերմունքն է եղել: Մենք առաւել քան վստահ ենք, որ Արթուր Ալեքսանեանն այդ գօտեմարտը չէր պարտուի: Թող բողոքարկման յանձնաժողովը որոշի: Մենք մեր ոսկէ մեդալը պահանջելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջին ատեան, մինչեւ Լոզան», ըսաւ ան։
Իր կարգին, Արթուր Ալեքսանեան «Նիուզ»ի լրագրողին հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնեց, որ արծաթէ մետալը իրեն չի պատկանիր, այդ պատճառով ալ իր վիզէն հանած է զայն։
«Բոլորը հարցնում են, թէ ես ինչու մեդալը հանեցի կրծքիցս, որովհետեւ այդ մեդալն ինձ չի պատկանում: Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթէ մեդալն ինձ չի պատկանում: Պատճառը սա է», ըսաւ Ալեքսանեան։