ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «TEDx ԵՐԵՒԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ՔՐԻՍՏԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
TED մեդիա հարթակը համաշխարհային գաղափարների ամենաազդեցիկ ու ճանաչուած խառնարանն է, որ առիթ է ընձեռում տարբեր երկրների առաջնորդների, մասնագէտների ու փորձագէտների` իրենց մտքերը, գիտելիքներն ու փորձառութիւնը ներկայացնել միջազգային լայն հանրութեանը, ստեղծելով նաեւ իւրատեսակ միջմշակութային երկխօսութիւն: Արդիւնքը`մարդկային կեանքերի փոփոխութիւններն են, նոր նախագծերը, որոնք շրջադարձային նշանակութիւն են ունենում աշխարհի մակարդակով: Այս գործում ներդրում ունեն նաեւ հայ գործիչները:
«Տարածման արժանի գաղափարներ» կարգախօսով, շուրջ չորս տասնամեակ առաջ հիմնադրուած ամերիկա-կանադական կազմակերպութիւնը` TED-ը (Technology, Entertainment and Design, արհեստագիտութիւն, ժամանց եւ ձեւաւորում), համաժողովների շարք է, որտեղ հրաւիրուած բանախօսները ելոյթներ են ունենում գիտութեան, մշակոյթի, ձեւաւորման, ձեռներէցութեան, արհեստագիտութիւնների, ժամանցի, ընկերային թեմաներով: Բանախօսների թւում եղել են նախագահներ, վարչապետներ, նոբելեան մրցանակակիրներ եւ իրենց ոլորտներում նորարարութիւններով յայտնի անհատներ: Ծրագրի համաշխարհային յաջողութիւնն ոգեւորել է հիմնադիրներին ստեղծելու TEDx-ը, որը հնարաւորութիւն է տալիս տարբեր երկրներում, տեղական մակարդակով կազմակերպել նոյն ոճի անկախ համաժողովներ` TED-ի կողմից տրուած արտօնագրով եւ չափանիշներով:
2009 թուականից գործում է նաեւ TEDx Երեւանը, որ դարձել է TED-ի միջազգային ընտանիքի անքակտելի ու ճանաչուած անդամը: «Շատ յաճախ փոփոխութիւններ տեղի չեն ունենում, որովհետեւ արգելափակում ենք այլընտրանքային կարծիքները», նշում է TEDx Երեւանի համահիմնադիր Քրիստինէ Սարգսեանը` ընդգծելով կազմակերպութեան հիմնական նպատակներից` տարատեսակ կարծիքների համար ներդաշնակ միջավայրի ստեղծումը:
Քրիստինէ Սարգսեանը «Ասպարէզ»ի հետ զրոյցում կիսւում է հեղինակաւոր այս կազմակերպութեան մասին հետաքրքիր մանրամասներով, նշում ձեռքբերումների մասին, ներկայացնում ծրագրերը, որոնց թւում` TEDx Երեւանի աշխարհագրութեան ընդլայնումն է, եւ այդ շարքում առաջինը` պատանիների համար համաժողովն էր, որ առաջին անգամ անցկացուեց Յունիսի 8ին Լոս Անջելեսում` TEDx Երեւանի եւ ՀԲԸՄ Նորարարական Ստուդիայի համագործակցութեամբ:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս հիմնադրուեց եւ կայացաւ TEDx Երեւանը:
ՔՐԻՍՏԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ.- TEDx Երեւանը հիմնադրուել է 2009 թուականին Հայաստանում, իմ եւ Ալեքսիս Օհանեանի կողմից: Ամէն ինչ սկսուեց նրանից, որ ես շատ էի դիտում TEDx-ի ելոյթներ, ինչի մասին առաջին անգամ տեղեկացել էի աշխատանքի բերումով` դիտելով ուղեղի եւ կաթուածի մասին Ջիլ Բոլթ Թէյլորի (Jill Bolte Taylor) ելոյթը: Աշխատում էի փոփոխութիւնների կառավարման ոլորտում որպէս խորհրդատու, եւ միջազգային ցանցի անդամ էի, որտեղ յաճախ ներկայացւում էին աշխարհահռչակ հոգեբանների ելոյթներ, որովհետեւ մարդկային վարքագծի հետ կապուած մեծ հատումներ կան փոփոխութիւնների կառավարման ոլորտում:
TEDx-ը ելոյթները սկսել էր թարգմանել տարբեր լեզուներով, եւ ես նամակ գրեցի նրանց`առաջարկելով, որ հայերէն թարգմանութիւններ էլ իրականացնեն: Միաժամանակ, թարգմանեցի երեք ելոյթ` ուղեղի, կրթութեան մասին, եւ Ալեքսիս Օհանեանի բանախօսութիւնը, եւ ուղարկեցի, ու նրանք օգտագործեցին իմ թարգմանութիւնները:
Ալեքսիս Օհանեանի Հայաստան այցի ժամանակ էլ հանդիպեցի նրան ու պատմեցի, որ դիմել եմ TED-ին՝ Հայաստանում TEDx-ի համաժողովներ անցկացնելու արտօնագիր տրամադրելու համար, սակայն համոզուած չեմ, որ կը ստանամ: Օհանեանն անմիջապէս նամակ գրեց նրանց` կցելով նաեւ իր անունից երաշխաւորագիր, եւ շուտով ստացանք արտօնագիրը: Այդպէս սկսուեց TEDx Երեւանի գործունէութիւնը:
Ծրագիրն իրականացնելու համար ֆինանսական աջակցութիւն առաջին երկու տարիներին ստացանք «Սիվիլիթաս» կազմակերպութեան կողմից` Վարդան Օսկանեանի գլխաւորութեամբ որպէս մեր գործընկեր, այնուհետեւ մեր գործընկերների շրջանակն ընդլայնուեց` ներգրաւելով UNDP, UNICEF, UN, World Vision, եւ բազմաթիւ միջազգային այլ կազմակերպութիւններ, որովհետեւ մեր համաժողովների որակը շատ բարձր էր, եւ շատերն էին հետաքրքրուած մեզ գործընկեր դառնալու:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- TEDx-ի անցկացման համար ի՞նչ չափանիշներ են սահմանուած: TEDx Երեւանը ճանաչուա՞ծ է աշխարհում:

ՔՐԻՍՏԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ.- TED-ն արտօնագիր է տրամադրում անկախ կազմակերպուող միջոցառումների համար, որ անցկացւում են TEDx ապրանքանիշի ներքոյ, սակայն TED-ի չափանիշներով, եւ ստեղծուող բովանդակութիւնն ամբողջովին պատկանում եւ խստօրէն վերահսկւում է նրանց կողմից: TED-ի արտօնագիրը տրւում է շատ խիստ չափանիշներով, եւ ամէն անգամ թարմացւում է` իւրաքանչիւր նախորդ միջոցառման որակի գնահատականների հիման վրայ: Ամենակարեւորը նա է, որ սահմանուած կանոնները չխախտենք: Օրինակ, եղել են դէպքեր, երբ մեր գործընկերները սկսել են զբաղուել քաղաքականութեամբ, եւ ես ստիպուած եմ եղել կասեցնել մեր համագործակցութիւնը` ելնելով կանոնակարգից, ըստ որի ելոյթները չեն կարող ունենալ քաղաքական ենթատեքստ: Մեր հետաքրքրութիւններն առնչւում են գիտութեանը, տեխնոլոգիաներին, մշակոյթի ու կրթութեան հարցերին, սոցիալական (ընկերային) նորարարութիւններին ու ձեռներէցութեանը: Ապահովում ենք միջավայր, որտեղ բոլորը, անկախ նախընտրութիւններից, հաւաքուեն եւ լսեն իրար: Օրինակ, գիտութեան թեմայով մի համաժողովի շրջանակներում համախմբել էինք տարբեր դիրքորոշումներ ունեցող կողմերի, եւ նախատեսուած քննարկումը կայացաւ դրական արդիւնքներով` թէ՛ գիտութեան, թէ՛ պետութեան, թէ՛ երիտասարդների համար:
TEDx Երեւանը ստացել է աշխարհում ամենայայտնի եւ դժուար տրուող արտօնագրեր, որոնք վաստակել է որակեալ աշխատանքի արդիւնքում: Մենք բացառիկ արտօնութիւն ունենք նաեւ համագործակցելու հեռուստաընկերութիւնների հետ եւ մեր ելոյթները հեռարձակելու: Միաժամանակ, կարող ենք տարածաշրջանային դասընթացներ կազմակերպել: TED-ը ունի շատ տարբեր ձեւաչափեր. TEDx Երեւանից բացի ունենք TEDx Կանայք (TEDxYerevanWomen), ակումբների ձեւաչափը, նաեւ երիտասարդական կրթական ծրագրեր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գործունէութեան տասնչորս տարիների ընթացքում ի՞նչ արդիւնքների եւ ձեռքբերումների մասին կը նշէք:
ՔՐԻՍՏԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ.- TEDx Երեւանում մասնակցութիւնը տարատեսակ ազդեցութիւն է ունեցել թէ՛ մեր բանախօսների, թէ՛ մասնակիցների կեանքում: Որպէս բանախօս ունեցել ենք տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ելոյթից յետոյ, իրենց նախագծերում ներդրման առաջարկ են ստացել կամ բացել են նոր ընկերութիւններ: Ունեցել ենք խօսնակներ, որ մեր հարթակում հանդէս գալուց յետոյ ստացել են պաշտօններ կառավարութիւնում, մասնաւոր ընկերութիւններում, ընդունուել են բարձր հեղինակութիւն ունեցող համաշխարհային համալսարաններ:
Իմ անձնական օրինակի մասին էլ կարող եմ խօսել, երբ TED-ում, Ջիլ Բոլթ Թէյլորի ելոյթն ինձ ոգեշնչեց ուսումնասիրել նէյրոգիտութիւն՝ նեարդաբանութիւն: Ես դասեր վերցրեցի տարբեր կրթական հարթակներից, լսեցի տուեալ ոլորտի TEDx-ի բազմաթիւ խօսնակների, ութ տարի շարունակ հետազօտեցի նիւթը, եւ արդիւնքում գրեցի վերջին երեսուն տարիներին Հայաստանում նման բնոյթի առաջին գիտահանրամատչելի գիրքը` «Ուխտագնացութիւն Դէպի Ուղեղ»: Գիրքը մատչելի եւ հետաքրքիր ձեւով ներկայացնում է, թէ ինչպէս է աշխատում ուղեղը, եւ ինչ է կարեւոր իմանալ ուղեղի մասին` արժանապատիւ կեանքով ապրելու, ընկճախտը եւ այլ հոգեբանական այլ խնդիրներ յաղթահարելու համար: Միաժամանակ, հաւաքեցի ու մշակեցի նիւթեր, որոնք օգտագործել եմ ԹՈՒՄՕում, Հայաստանի Ամերիկեան Համալսարանում դասաւանդման իմ մեթոդաբանութեան մէջ:
Հանդիսատեսի դէպքում ազդեցութիւնների մասին խօսելիս, նշեմ օրինակ մեր վերջին բանախօսներից` առաջնորդութեան դպրոցի հիմնադիր, թուրքագէտ եւ զարգացման ոլորտի փորձագէտ Արտակ Շաքարեանի ելոյթի մասին: Իր խօսքում, նա կարծիք յայտնեց, որ Հայաստանում պատշաճ չեն գնահատում տաղանդներին, ովքեր սակայն, մեծապէս գնահատուելով այլ երկրներում` սկսում են ծառայել տուեալ երկրին: Այս միտումը մեղմելու համար, ըստ Շաքարեանի, Հայաստանում երիտասարդները պէտք է հասանելիութիւն ունենան կայացած եւ յաջողուած մարդկանց, ովքեր էլ իրենց հերթին, պէտք է պատասխանատուութիւն ստանձնեն, ընտրելու առնուազն մէկ երիտասարդի, եւ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու հետ մէկտեղ նրանց բացատրեն, որ եթէ աշխատանքի բերումով պէտք է հեռանան Հայաստանից, որտեղ էլ յայտնուեն` երբեք չկորցնեն կապը Հայաստանի հետ, եւ ներդրում ունենան հայրենիքում: Այդ ելոյթը լսելուց յետոյ, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում գործող մի երիտասարդ, ում հետ աշխատում էի, ինձ ասաց, որ որոշում է կայացրել երբեք չհեռանալ Հայաստանից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ովքե՞ր են TEDx Երեւանի բանախօսները, ինչպէ՞ս էք ընտրում նրանց:

ՔՐԻՍՏԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ընտրութեան հիմնական չափանիշը նրանց գաղափարներն են, միաժամանակ, բանախօսը պէտք է լինի առաջնորդ, նորարար, հետաքրքիր պատմութիւն ունենայ, կարողանայ մատչելի կերպով ներկայացնել մտքերն ու նպաստի, որ հանրութեան մտածողութիւնը գիտակցական յաջորդ մակարդակ անցնի, արծարծի թեմաներ, ինչի մասին չի բարձրաձայնւում: Օրինակ, մենք ունեցել ենք բանախօս, ով խօսել է միջազգային ակադեմիական շրջանում վախեցման (bullying) մասին, թէ որքան դժուար է որոշ ոլորտներում գիտական կոչում ստանալ (PhD), կամ բանախօս, ով խօսել է իր հոգեկան հիւանդութեան մասին: Մենք նման ելոյթները կոչում ենք «պատմութիւն լուսնից»: Միաժամանակ, TEDx Երեւանը Հայաստանում առաջին հարթակն է, որտեղ խօսուել է կոռուպցիայի (կաշառակերութեան) մասին եւ առիթ բաց արտայայտուելու այդ մասին: Առաջինն ենք, ով բեմահարթակ է տրամադրել 12-18 տարեկան պատանիներին, որպէսզի նրանց ձայնը լսելի լինի. ԵՈՒՆԻՍԵՖի հետ համագործակցութեամբ, մեր պատանի խօսնակներին տարանք Ազգային ժողով, պատգամաւորները լսեցին նրանց, ելոյթները ձայնագրուեցին, եւ դրուեցին մեր կայքում՝ ունենալով հարիւր հազարաւոր դիտումներ: Մարդիկ զարմացել էին, որ երեխաները նման մտքեր ունեն, եւ կարող են նման վարժ կերպով արտայայտուել:
Մենք նաեւ փորձում ենք ի ցոյց դնել այն կարծիքները, որոնք կարեւոր են, բայց լսելի չեն: Կանանց քաջալերելու ուղղութեամբ ենք նաեւ աշխատում: Առաջադրում ենք վարքագծային եւ մտածողութեան մոդելներ, ըստ որոնց, ով գործ կ՛անի` նա էլ կը ստանայ պաշտօն, կամ աշխատանք անկախ սեռային պատկանելիութիւնից: Կանանց առանձին միջոցառումներ ենք անում ` TEDx women ձեւաչափով, եւ սա սկսուել է այն պատճառով, որ կանայք TED-ում աւելի քիչ են ներկայացուած լինում, եւ հիմնականում նոյն պատճառով ինչ Հայաստանի տարբեր մասնագիտական ոլորտներում:
Գործունէութեան 14 տարիների ընթացքում, շուրջ 120 խօսնակ ենք ունեցել, եւ TEDx Երեւանի առցանց ելոյթների դիտումները գերազանցում է երկու միլիոնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- TEDx Երեւանը քանի միջոցառում է կազմակերպում տարուայ ընթացքում:
ՔՐԻՍՏԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ.- TEDx-ի մէկ միջոցառման պատրաստուելու համար, նուազագոյնը վեց ամիս ենք ծախսում: Առաջին փուլում, ընտրութիւն ենք կատարում թեկնածու բանախօսներից, այնուհետեւ աշխատում ենք իրենց գաղափարների վրայ` հարցազրոյցներ ենք անցկացնում, որ հասկանանք, թէ ինչ նորարար մտքեր ունեն, որ կարող է մարդկանց կեանքում շրջադարձային դեր ունենալ: Չենք ընդունում տուեալ խօսնակի` այլ հարթակներում հնչած ելոյթները, եւ մեր կողմից մշակուած նորարարութեան եւ ստեղծագործական մեթոդաբանութիւն միջոցով, աշխատում ենք մեր բանախօսների հետ վեր հանել եւ ներկայացնել նրանց նոր գաղափարները:
Բանախօսների հետ նաեւ անցկացնում ենք հանրային ազդեցիկ խօսքի, բեմական պահուածքի դասընթացներ: Մեր հարթակում հանրային ելոյթի աւանդական մեթոդները չեն աշխատում, որովհետեւ դրանք գալիս են թատրոնից եւ քաղաքականութիւնից, որտեղ կարեւորւում է զարմացնելը: TED-ի բեմում, մենք ցանկանում ենք խօսնակի իրական դէմքը տեսնել` նրա բոլոր խոցելի կողմերով, եւ աշխատում ենք, որ նա ինքն իր հետ ներդաշնակութիւն ձեռք բերի մինչ հանրութեան առաջ հանդէս գալը:
Մեզ բազմիցս առաջարկել են աւելի յաճախ միջոցառումներ անցկացնել, սակայն չենք համաձայնուել, որովհետեւ TED-ի փիլիսոփայութիւնը յաճախականութեան մէջ չէ, այլ` որակի: Ըստ այդմ, տարուայ ընթացքում մէկ կամ երկու միջոցառում ենք անում, եւ մեր ելոյթները միանշանակ ազդեցութիւն ունենում են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս տարի, առաջին անգամ միջոցառում կազմակերպեցիք նաեւ Միացեալ Նահանգներում` ամերիկահայ պատանիների համար էլ բացառիկ առիթ ստեղծելով հանդէս գալու TEDx-ի հեղինակաւոր հարթակում: Սա նաեւ Հայաստան-Սփիւռք համգործակցութեան նոր ձեւաչափ է: Ինչպէ՞ս յաջողուեց իրականացնել միջոցառումը:
ՔՐԻՍՏԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ.- Միացեալ Նահանգներում մեր առաջին TED-Ed Student talks միջոցառումը, որը TED-Ed-ի կրթական ծրագրերից է, հնարաւոր եղաւ իրականացնել ՀԲԸՄի Նորարարական Ստուդիայի (AGBU Innovation Studios) հետ համագործակցութեան եւ մեծապէս` ստուդիայի ղեկավար Նարէ Աւագեանի ջանքերով: Մեր նպատակն էր հնարաւորութիւն տալ նաեւ Սփիւռքի հայ երիտասարդներին ծանօթանալու TED-ի կրթական ծրագրերին եւ օգտուելու այս հարթակից, որը բացառիկ է: Ամերիկահայ պատանիներն առիթ ունեցան ներկայացնելու իրենց նորարարական մտքերն ու միջազգային բեմահարթակից բարձրաձայնելու իրենց հետաքրքրող երեւոյթների մասին:
TED Ed Student talks-ի առաքելութիւնն է` ձայն տալ կրտսեր սերնդին, որովհետեւ աւագ սերունդը սովորաբար դա չի անում` յաճախ ձեւացնում ենք, թէ ցանկանում ենք լսել մեր երեխաներին, բայց իրականում չենք լսում: Հայկական մշակոյթում, օրինակ, մենք ամէն ինչ անում ենք մեր երեխաների համար` գնում ենք մեքենայ, նրանց լաւագոյն կրթութեան մասին ենք մտածում, բայց իրականում չենք լսում, թէ ինչ են իրենք ասում: Մենք այս սերնդին ենք յանձնելու մեր հայրենիքի, աշխարհի պատասխանատուութիւնը, այնինչ`այսօր հնարաւորութիւն չենք տալիս նրանց ասելու, թէ ինչպիսին են ցանկանում տեսնել ապագան, որտեղ նրանք ապրելու են: Նրանք ունեն գաղափարներ, երեւակայութիւն, առաջնահերթութիւններ, սխալներ, ինչից կարող են դասեր քաղել:
Լոս Անջելեսում անցկացուած գլխաւոր միջոցառումից` ելոյթներից ամիսներ առաջ, ընտրեցինք յայտարարութեան արդիւնքում մեզ դիմած պատանիներից ինը հոգու, եւ սկսեցինք նրանց հետ առցանց դասընթացները` յղկեցինք ու մշակեցինք իրենց պատրաստած ելոյթը, աշխատեցինք բեմական խօսքի ուղղութեամբ, օգնեցինք նրանց յաղթահարել հանրային ելոյթից վախերը: Յունիսի 8ին, Լոս Անջելեսում կայացաւ TED-Ed Student talks-ը` ՀԲԸՄի «Երիտասարդների նորարարական Օր» միջոցառման շրջանակներում, որտեղ մեր տաղանդաւոր պատանիները լաւագոյնս հանդէս եկան հանդիսատեսի առաջ` տարբեր հարցերի շուրջ ներկայացնելով իրենց գաղափարներն ու ապագայի տեսլականը: Մեր հարթակը նաեւ առիթ է ստեղծում, որ այս պատանիներին նկատեն եւ հրաւիրեն այլ ձեռնարկների, ներգրաւուեն ծրագրերում, եւ նպաստում է, որ նրանք ընդունուեն բարձր հեղինակութիւն ունեցող համալսարաններ: Մեր նպատակներից է նաեւ կապ ստեղծել Սփիւռքի եւ Հայաստանի պատանիների միջեւ, առիթներ ստեղծել նրանց հայրենիք այցելելու նաեւ մեր ձեւաչափերի շրջանակներում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր հարթակների միջոցով Սփիւռքի հետ համագործակցութեան այլ ծրագրեր կա՞ն:
ՔՐԻՍՏԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ.- TED-ի հետ այժմ աշխատում ենք Ամերիկայում սփիւռքահայերի համար այլ ծրագրերի շուրջ: Հայաստանում ունեցել ենք բազմաթիւ սփիւռքահայ բանախօսներ, եւ այժմ էլ տարբեր հանդիպումներ եմ ունենում այստեղ` նպատակ ունենալով համախմբել նաեւ Սփիւռքի մտաւորական հատուածին, եւ կապ ստեղծել` միաւորելու համահայկական նշանակութեան հարցերի շուրջ: Այդ համախմբումը նաեւ կ՛օգնի նաեւ մեր հարթակի միջոցով համախմբուել` յաղթահարելու մեր ազգի առջեւ ծառացած մարտահրաւէրները: Ես ականատես եմ եղել TEDx Երեւանի ուժին թէ ինչպէս են տարբեր մտածողութեամբ, իրարամերժ, հակամէտ ուժեր հաւաքւում եւ արդիւնաւէտ քննարկումներ անում, եւ կարծում եմ, որ պէտք է առաւել ընդգրկուն ներգրաւենք նաեւ Սփիւռքին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ամփոփելով ձեր երկարամեայ գործունէութիւնը համաշխարհային գաղափարների մէկտեղման այս հարթակում, հնարաւոր ի՞նչ ուղիներ կարող էք նշել մեր ազգի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման համար:
ՔՐԻՍՏԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ես չեմ հաւատում անհատ առաջնորդների: Լինելով առաջնորդութեան խորհրդատու, հասկացել եմ, որ որակեալ առաջնորդութիւնը, դա հաւաքական բանականութեան դրսեւորում է, բանականութեան նէյրոնային (ջղային) ցանցի ամբողջութիւն է, որ շատ տարբեր անհատներից է բաղկացած, որոնք նոյն մտածողութեան մէջ են գործում, եւ որն իր մէջ բազմաթիւ մտածողութիւններ է ներառում: Այսինքն, մենք ունենք մտքերի, կարծիքների դիւերսիֆիկացիա (բազմազանեցում), ունենք բանականութեան տարբեր մակարդակների ներկայութիւն, տարբեր արժէքներ, հանդուրժողականութիւն, իրար լսելու հասկանալու մշակոյթ, եւ համահիմնադրելու, համաստեղծելու, համագոյակցելու մշակոյթ, որտեղ նպատակը ոչ թէ այն է, որ ինչ որ մէկն ինքնահաստատուի, այլ, որ ձեւաւորուի վարքագծային առանձնայատկութիւն` նոր, համատեղ լուծումներ գտնելու, համատեղ պատասխանատուութիւն ստանձնելու ոչ միայն քո, նաեւ դիմացինի սխալների համար:
Մարդը սխալական է, սխալը նաեւ հնարաւորութիւն է ընդունելու փաստը, սովորելու, մեր վրայ աշխատելու, եւ դա է ճանապարհ բացում աճի ու զարգացման համար: Մենք, հայերս, հիմա այն կէտում ենք, երբ տեսանելի են մարդկանց, խմբերի սխալներ, բայց ամէն ինչ արժանի է նրան, ինչ անցեալում եղել է, եւ ինչ որ յետոյ է լինելու: Եթէ հիմա պատասխանատուութիւն չկրենք նրա համար ինչ-որ յետոյ գալու է` մենք յաւերժ կորցնելու ենք հնարաւորութիւնը ինչ որ բան շտկելու, բարելաւելու: Փորձենք հասկանալ, մենք վախերո՞վ ենք առաջնորդւում, թէ՞ խելքով, եւ այդ դէպքում աւելի մեծ կը լինի մեր հաւաքական բանականութիւնը յանուն մեր բոլորի շահի օգտագործելու հաւանականութիւնը: Համատեղ լուծումներ գտնելու միակ ձեւը` նոյն խնդրի շուրջ համախմբուելն ու սովորելն է, թէ ինչպէս փոխզիջումների գնալ, որպէսզի չկորցնենք երկիր, բանականութիւն, արժէքներ:
Շատ յաճախ փոփոխութիւնը տեղի չի ունենում, որովհետեւ արգելափակում ենք այլընտրանքային կարծիքները, այնինչ, առողջ բանականութեան համար շատ կարեւոր է, որ տարատեսակ կարծիքներ հնչեն, եւ տուեալ գիտելիքի, կարծիքների բազմազանութեան համապատկերին հնարաւոր լինի որոշում կայացնել` որքան էլ դժուար, եւ երբեմն անընդունելի թուայ այն: