
ԱՐՄԻՆԷ ԱԹՈՅԵԱՆ*
Յօրինողի, արհեստավարժ երաժշտի առաքելութիւնը կարելի է դիտարկել որպէս երաժշտական աշխարհի միջով նաւարկող մի իւրայատուկ ճանապարհորդութիւն՝ լի ստեղծագործական արկածներով, հոգեւոր փնտռտուքներով եւ հասարակական ներդրումներով։ Իմ կարծիքով յօրինողը հասարակութեան լուռ դեսպանն է, ով իր երաժշտութեամբ միաւորում է մարդկանց եւ կամրջում մշակոյթները։
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Ինչպէս ասել է 19րդ դարի իտալացի գրականագէտ Վինչենցօ Ջոբերտին. «Աշխատել` նշանակում է ստեղծել, իսկ ստեղծագործութիւնը միակ խոր, իրական ուրախութիւնն է, որը մարդ կարող է ճաշակել այս կեանքում»: Իր յամառ աշխատանքով եւ դրա արդիւնքում ծնուած գեղեցիկ ու իւրատիպ ստեղծագործութիւններով է հանդէս գալիս ամերիկաբնակ երիտասարդ հայ յօրինող Յասմիկ Յարութիւնեանը: Ապրելով եւ ստեղծագործելով Ամերիկայում, նա ծաւալում է մասնագիտական աշխոյժ գործունէութիւն, ներկայացնելով հայկական երաժշտական մշակոյթը միջազգային ասպարէզում։
Յարութիւնեանը ծնուել է 1984ին, Երեւանում։ 1998-2002ին սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան պետական երաժշտական քոլեջի› երաժշտութեան տեսութեան բաժնում, 2002-2007ին` Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի յօրինումը բաժնում, պրոֆէսոր Արամ Սաթեանի դասարանում: 2005-2021ին. աշխատել է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական պետական քոլեջում, որպէս դասախօս, այնուհետեւ՝ տնօրէնի տեղակալ՝ ուսումնական աշխատանքների գծով: 2008-2019ին աշխատել է Երեւանի Հայկանոյշ Դանիէլեանի անուան արուեստի դպրոցում՝ որպէս յօրինումի դասատու։ Հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցոյթների դատակազմի անդամ։
Յարութիւնեանը ստեղծագործում է տարբեր ժանրերում, սակայն առաջնութիւնը տալիս է մանկական եւ պատանեկան ստեղծագործութիւններին: Նրա համոզմամբ՝ «Երեխաները պէտք է կատարեն եւ լսեն ստեղծագործութիւններ, որոնք գրուած են յատուկ իրենց համար։ Սա է իմ ստեղծագործական կարգախօսը։ Մանուկների շուրթերից պէտք է հնչի մանկականը»:
Յարութիւնեանի ստեղծագործութիւնները, մասնաւորապէս երեխաների համար գրուած երկերը, աչքի են ընկնում բնորոշ անկեղծութեամբ, ջերմութեամբ եւ արտայայտման ինքնատիպութեամբ: Ինչպէս նշել է Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ, Հայաստանի Յօրինողների միութեան նախագահ, պրոֆէսոր, յօրինող Արամ Սաթեանը. «Պէտք է նշեմ, որ մանկական երգը հեշտ չի ծնւում, այնուամենայնիւ իր ստեղծագործութիւններով Յասմիկը կարողանում է ստեղծել մանուկների աշխարհը: Նրա կերտած սեփական ձեռագիրը հազարաւոր երեխաների համար վառ ու գունեղ պատմութիւն է դարձել: Դրա վառ ապացոյցը Յասմիկի երգերի բազմաթիւ կատարումներն ու մրցանակներն են, ինչպէս հայրենիքում, այնպէս էլ նրա սահմաններից դուրս: Այսօր էլ, գտնուելով հայրենիքից հեռու, նա շարունակում է իր ստեղծագործական գործունէութիւնը Կալիֆորնիայում, իր գործունէութեամբ կատարելով ազգանուէր աշխատանք: Իր արուեստով նա Սփիւռքում գտնուող մանուկներին կարողանում է փոխանցել հայրենիքի շունչը»:
Այդ ժանրում նրա բազմաթիւ ստեղծագործութիւններ ծնուել են ‹‹Արեւիկ›› (այժմ ‹‹Արեւներ››) Արմէն Դիւանեանի անուան մանկապատանեկան համոյթի հետ (գեղարուեստական ղեկավար Արփինէ Յովհաննիսեան): «Յասմիկ Յարութիւնեանի հետ համագործակցում եմ սկսած 2005ից։ Նա այն եզակի յօրինողներից է, ով կարողանում է ներթափանցել մանուկների ներաշխարհը եւ տեսնել իրականութիւնը մանկան աչքերով։ Նրա ստեղծագործութիւնները մշտապէս գրաւել են բարձր հորիզոնականներ թէ՛ Հայաստանում, թէ՛ նրա սահմաններից դուրս։ Այժմ էլ, լինելով հայրենիքից այդքան հեռու, Յասմիկը շարունակում է ստեղծագործել եւ համագործակցել «Արեւներ»ի հետ։ Համագործակցութեան վառ արդիւնքը 2024ի միջազգային մի շարք մրցոյթներում 1ին պատուաւոր հորիզոնականներն են», նշել է համոյթի ղեկավար Արփինէ Յովհաննիսեանը։ Ի դէպ, վերջերս մասնակցելով Monolit festival արուեստի միջազգային առցանց մրցոյթ-փառատօնին, Յարութիւնեանն արժանացել է առաջին կարգի մրցանակների։ Թուով 10 մրցոյթի (նոյն մրցոյթ-փառատօնի շրջանակներում), որոնք անցկացուել են` Ամերիկայում (American Charm), Ֆրանսիայում (Art Marathon In France), Գերմանիայում (Art Marathon In Germany), Յունաստանում (Art Marathon In Greece), Աւստրալիայում (Under The Skies Of Australia), Իսպանիայում (Paints Of The Spanish), Անգլիայում (Welcome To England), Արգենտինայում (Argentine Cathering), Կանադայում (Welcome To Canada), Իտալիայում (Art Marathon In Italy): Յօրինողը մրցոյթներում ներկայացրել է մանկական եւ պատանեկան երգեր, որոնք բարձր գնահատականի են արժանացել յանձնախմբի անդամների կողմից։ Յարութիւնեանի ‹‹Իմ քաղաք» երգի մասին դրական արձագանքելով յանձնախմբի անդամները նշել են. «Մենք գնահատել ենք մասնակցութիւնը որպէս յօրինողի եւ բարձր ենք գնահատել այս աշխատանքը։ Այն լաւն էր, արհեստավարժ եւ նորարարական։ Տեսանելի է, որ ստեղծման ընթացքում հաշուի է առնուել նաեւ կատարողի տարիքը։ Շնորհաւորում ենք գերազանց աշխատանքի կապակցութեամբ»։
Որպէս յօրինող, Յարութիւնեանն համագործակցում է տարբեր մշակութային օջախների, կազմակերպութիւնների հետ, ներգրաւուած է մի շարք միջոցառումների կազմակերպման եւ իրականացման գործում, որոնք ուղղուած են հայ երաժշտութեան տարածմանն ու զարգացմանը։ Նրա հետ զրոյցից տեղեկացանք նրա մասնագիտական համագործակցութեան շրջանակների մասին. 2022ին համագործակցել է «Պետրոսեան» թատերական պարային ընկերութեան հիմնադիր, տնօրէն եւ գործադիր տնօրէն Նարինէ Պետրոսեանի հետ, «Եւս մէկ անգամ Շարլ Ազնաւուր» համերգային ծրագրի շրջանակներում՝ կատարելով պարային համարների մի շարք մշակումներ։ 2023ից համագործակցում է «Հայկեան» երգչախմբի հիմնադիր, գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Գայիանէ Բաղդասարեանի հետ՝ խթանելով երգչախմբային արուեստի զարգացմանը, նոր կատարողական մօտեցումներին եւ ներգրաւելով երիտասարդ տաղանդների։ Բաղդասարեանի խօսքով. «Յասմիկի ներդրումը մեր երգչախմբային արուեստի զարգացման մէջ անգնահատելի է։ Նրա նորարարական մօտեցումն ու ստեղծագործական ներուժը ստեղծում են նոր հորիզոններ։ Նրա ստեղծագործական գործունէութիւնը զգալիօրէն նպաստում է մեր երգչախմբի միջազգային ճանաչմանը եւ բացում նոր հնարաւորութիւններ համագործակցութեան համար»։ Համագործակցում է «Հայ Արտ» մանկապատանեկան խմբի հետ՝ Նեկտարինէ Չիլեանի ղեկավարութեամբ, ստեղծելով երգեր եւ մասնակցելով համատեղ համերգներին։ Յօրինողի խօսքով. «Այս համագործակցութիւնն ինձ հնարաւորութիւն է տալիս կիրառել իմ ստեղծագործական ներուժը երիտասարդ սերնդի կրթութեան եւ զարգացման նպատակով։ Համատեղ մասնակցել ենք Ամերիկայի Փասադենա քաղաքի AGBU Վաչէ եւ Թամար Մանուկեան արուեստի կենտրոնում կայացած Երեխաների միջազգային օրուան նուիրուած՝ Յունիսի 1, 2024ի համերգին։ Վերջին երկու տարիների ընթացքում, լինելով Հայ-Ամերիկեան արուեստագէտների ասոցացիայի (միութեան) (ՀԱԱԱ) յօրինողների միութեան ղեկավար, կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղուած են եղել հայ եւ ամերիկեան մշակութային կապերի ամրապնդմանը։ Այս բոլոր միջոցառումների համար գրել է երաժշտութիւն եւ կատարել տարբեր մշակումներ, որի համար 2023ին արժանացել է ՀԱԱԱի նախագահի՝ Գարեգին Քարազեանի, յատուկ շնորհակալագրին՝ երաժշտութեան բնագաւառում մեծ ներդրման եւ նուիրուածութեան համար։
Յօրինողը համագործակցում է Համազգային Արեւմտեան Ամերիկայի «Նայիրեան» երգչախմբի հետ (ղեկավար` Լուսինէ Մելիքսէթեան), կազմակերպելով համատեղ համերգներ եւ միջոցառումներ, ինչպէս նաեւ գրել է երգեր եւ կատարել տարբեր մշակումներ յատուկ երգչախմբի համար, ինչի համար պարգեւատրուել է «Գերազանցութեան վկայական»ով երգչախմբային ժանրում արժէքաւոր ներդրման համար։
Համագործակցում է «Երաժշտութիւնը յանուն միասնութեան» կազմակերպութեան հետ (ղեկավար` Շուշաննա Յակոբեան)։ Համերգային գործունէութիւնից բացի, նրա մի շարք ստեղծագործութիւններ ընդգրկուել են երիտասարդ կատարողների համերգացանկերում, ինչը նպաստում է նոր սերնդի երաժիշտների զարգացմանը եւ ճանաչմանը։
Յարութիւնեանը համագործակցում է նաեւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանի, մասնաւորապէս համերգային ծրագրերի գեղարուեստական ղեկավար` Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ, օպերային երգիչ (տենոր) Պերճ Քարազեանի հետ։ Համագործակցում է Փասադենայի AGBU-ի Լոս Անջելեսի երգչախմբի (խմբավար Նեկտար Միրաքեան), ինչպէս նաեւ Գլենդելի ֆիլհարմոնիկ նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար, «Զանգակատուն» սիմֆոնիկ նուագախմբի խմբավար, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միութեան երգչախմբի ղեկավար Միքայէլ Աւետիսեանի հետ՝ ներկայացնելով հայ ազգային մշակոյթը Ամերիկայում եւ նպաստելով հայ-ամերիկեան մշակութային կապերի ամրապնդմանը։ Համատեղ կազմակերպւում են համերգներ, կրթական ծրագրեր եւ մշակութային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պահպանել եւ զարգացնել հայ երաժշտական ժառանգութիւնը, ինչպէս նաեւ ստեղծել նոր եւ հետաքրքիր նախագծեր, որոնք կ՛ամրապնդեն հայ-ամերիկեան մշակութային կապերը։ Ամերիկայի յօրինողների ազգային միութեան՝ NACUSA-LA-ի (National Association of Composers) անդամ է:
Այն հարցին, թէ երաժիշտների ինքնադրսեւորման համար ինչ պայմաններ կան Ամերիկայի երաժշտական կեանքում, որը չկայ Հայաստանում, յօրինողը պատասխանել է. «Ամերիկայում երաժշտութեան արհեստավարժ մակարդակը շատ բարձր է՝ շնորհիւ մեծ շուկայի, առաջատար կրթական հաստատութիւնների, արհեստագիտական զարգացումների եւ բազմազանութեան։ Երաժիշտներն ունեն բազմաթիւ հնարաւորութիւններ՝ իրենց ասպարէզը զարգացնելու, միջազգային ճանաչում ձեռք բերելու համար, ինչը նրանց թոյլ է տալիս հասնել բարձր արհեստավարժ մակարդակի եւ ստեղծել ազդեցիկ արուեստ։ Հայաստանում երաժշտութեան արհեստավարժ մակարդակը հիմնուած է հարուստ մշակութային ժառանգութեան, բարձրակարգ կրթական հաստատութիւնների վրայ։ Սակայն սահմանափակ ֆինանսական եւ արհեստագիտական միջոցները դժուարացնում են երաժիշտների արհեստավարժ զարգացումը եւ միջազգային յաջողութիւնների հասնելը»։
Հասարակական լայն գործունէութեան հետ մէկտեղ, Յարութիւնեանը ծաւալում է նաեւ մանկավարժական գործունէութիւն. 2023ից առ այսօր աշխատում է Գլենդել քաղաքի Միջազգային երաժշտական դպրոցում՝ (այժմ ‹‹Կրեսչենդօ››) որպէս տեսական առարկաների եւ յօրինումի դասատու, ինչպէս նաեւ գրում է երգեր դպրոցի երգչախմբի համար։ Յատկապէս կարեւորելով կրթութեան դերը, նա նշել է. «Իմ նպատակն է բարելաւել ընդհանուր կրթական համակարգը, որպէսզի իւրաքանչիւր երեխայ հնարաւորութիւն ունենայ ստանալու որակեալ կրթութիւն, որը ներառում է նաեւ արուեստի եւ երաժշտութեան ուսուցումը։ Եթէ երաժշտութիւնն աւելի խորը ներառուի կրթական ծրագրերում, դա կ՛օգնի ձեւաւորել մի սերունդ, որը կը լինի աւելի ստեղծագործ, կարեկցող եւ համախմբուած»։
Յասմիկ Յարութիւնեանի` թէ՛ երաժշտական, թէ՛ մանկավարժական, եւ թէ հասարակական գործունէութիւնն Սփիւռքում իսկապէս արժանի է գովասանքի, քանի որ այն արժէքաւոր ներդրում է ինչպէս հայկական երաժշտական արուեստի զարգացման ու տարածման ասպարէզում, այնպէս էլ մշակութային միջազգային կապերի խթանման, հաստատման եւ ամրապնդման գործում:
Գնահատելի են յօրինողի ստեղծագործական ուրոյն մօտեցումները, որոնք յատուկ են թէ՛ աւանդական դասական, եւ թէ ժամանակակից երաժշտարուեստին եւ պայմանաւորուած են ազգայինի պահպանման միտումով: Այդ առումով նշենք Յասմիկ Յարութիւնեանի խօսքը, ով 2007ին, իր վկայականի աշխատանքի ներկայացման առիթով յայտնել է. «Երաժշտութիւնը լսելիս անպայման պէտք է հասկանաս, թէ հեղինակն ով է, ինչ ազգութեան: Ինձ թւում է , որ ինձ մօտ դա յաջողուել է: Ստեղծագործութիւնս կոչւում է Underground, այսինքն` ոչ թէ գետնի տակ, ընդյատակ իմաստով, այլ այն, որ ամէն ինչի արմատները խորանում են դէպի ներքեւ, հողի մէջ, դէպի ազգայինը: Միշտ պէտք է յիշենք, որ մենք արմատներով հայ ենք, ուր էլ գնանք, ինչ էլ անենք»: Կարծում ենք, որ երիտասարդ յօրինողն ապրելով եւ ստեղծագործելով Ամերիկայում, իսկապէս կարողացել է մշակութային բազմազանութեան մթնոլորտում պահպանել ազգայինը, մաքուրը եւ խորքայինը:
* Երաժշտագէտ, յօրինող, «Երաժիշտ» ամսաթերթի գլխաւոր խմբագիր, Հայաստանի լրագրողների միութեան անդամ