
Թռիչքի համար ամենաբարենպաստ ժամանակահատուածը յղիութեան երկրորդ եռամսեակն է՝ 14ից 28րդ շաբաթը։ Առաջին եռամսեակում վիժման վտանգ կայ եւ ուղեւորին տանջելու են տոքսիկոզի (սրտխառնոց, դիւրագրգռութիւն եւայլն) տհաճ ախտանիշները: Երրորդ եռամսեակում վաղաժամ ծննդաբերութեան մեծ վտանգ կայ․ բացի այդ, որովայնի մեծութեան պատճառով յղի կինը կարող է պարզապէս անյարմար զգալ ինքնաթիռի նեղ նստատեղում: Այնուամենայնիւ, հեռաւոր երկրներ մեկնելու որոշում կայացնելու հիմնական ուղեցոյցը պէտք է լինի ձեր բժիշկի կարծիքը, քանի որ նա է, ով տեղեակ է հնարաւոր խնդիրների մասին: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը խորհուրդ չի տալիս ինքնաթիռ նստել միայն հետեւեալ դէպքերում՝ յղիութիւն 36 շաբաթից աւելի (32 շաբաթից աւելի բազմակի յղիութեան դէպքում), բարդ յղիութիւն (յղիութեան «պաթոլոգիա», վիժման սպառնալիք եւ այլն) եւ ծնուելուց յետոյ եօթ օրուայ ընթացքում:

Հնարաւոր վտանգներ թռիչքի ժամանակ
1. Թռիչքի ընթացքում օդանաւի խցիկում թթուածնի պարունակութիւնը նուազում է։ Ժամանակակից գիտութեան մէջ ընդհանուր առմամբ ընդունուած է, որ արեան թթուածնով յագեցուածութեան մի փոքր նուազումը վտանգ չի ներկայացնում առողջ յղի կանանց համար:
2. Յղի կանայք չափազանց զգայուն են ճնշման փոփոխութիւնների նկատմամբ: Կարծիք կայ, որ մթնոլորտային ճնշման ուժեղ տարբերութիւնը կարող է վաղաժամ ծննդաբերութեան պատճառ դառնալ։ Ի հարկէ, վաղաժամ ծնունդը հազուադէպ չէ, եւ դա կարող է տեղի ունենալ երկրի վրայ: Բայց օդում է, որ չի լինելու մանկական «ինտենսիւ թերապիա»ի բաժանմունք, բժիշկների խումբ եւ որակեալ օգնութիւն ցուցաբերելու հնարաւորութիւն:
3. Թրոմբոզի առաջացումը՝ ոտքերի երակներում ամենալուրջ վտանգն է, որին ենթարկւում են յղի կանայք երկար թռիչքների ժամանակ անշարժ նստելիս։
4. Մենք ապրում ենք ծովի մակարդակին մօտ, մթնոլորտի հաստ շերտի տակ (այն ծառայում է որպէս ճառագայթման բնական արգելք), մենք տարեկան ստանում ենք երկու ռենտգենեան ճառագայթման չափաբաժին, որը համարւում է անվտանգ: Սակայն այն բարձրութեան վրայ մթնոլորտի պաշտպանիչ շերտը շատ աւելի ցածր է, քան գետնի վրայ։
Թռիչքի համար հագուստը պէտք է լինի յարմարաւէտ, չամրացուած եւ պատրաստուած լինի շնչող նիւթերից:
Ջրազրկումից խուսափելու համար խմէք որքան հնարաւոր է շատ՝ ժամում 500 մլ․ հեղուկ (հիւթ, գազաւորուած ջուր) եւ խուսափէք միզամուղներից (սուրճ, գազաւորուած ըմպելիքներ):
Անվտանգութեան գօտին պէտք է ամրացուի: Այն պէտք է անցնի փորի տակից։
Թռիչքից առաջ հանէք կօշիկները: Խուսափէք ոտքերը խաչած նստելուց, քանի որ դա խանգարում է ոտքերի արեան շրջանառութեանը: Ամէն ժամը մէկ 5-10 րոպէ ձգէք ձեր սրունքի մկանները, 45–50 րոպէն մէկ քայլէք ինքնաթիռի խցիկում 10-15 րոպէ, թռիչքի ընթացքում կրէք սեղմող գուլպաներ։
Առողջ եղէ՛ք: