
Ինքնասպանութիւնը հանրային առողջութեան գլխաւոր մարտահրաւէրն է: Ամէն տարի աշխարհում ինքնասպանութեամբ մահանում է աւելի քան 700,000 մարդ: Իւրաքանչիւր ինքնասպանութիւն ունի սոցիալական (ընկերային), զգացմունքային եւ տնտեսական պատճառ-հետեւանքներ եւ խորապէս ազդում է մարդկանց ու նրանց շրջապատողների հոգեբանութեան վրայ: Ինքնասպանութեան թեման կարծես ամօթալի թեմա է, որի մասին չի խօսւում ու չի քննարկւում:
2024-2026ի Ինքնասպանութիւնների կանխարգելման համաշխարհային օրուայ եռամեայ թեման է՝ «Փոխել ինքնասպանութեան պատմութիւնը», «Սկսի՛ր զրոյցը» գործողութեան կոչով։ Ինքնասպանութիւնների կանխարգելման համար կարեւոր են բաց խօսակցութիւնները: Ինքնասպանութեան մասին ընկալումը փոխել նշանակում է փոխել, թէ ինչպէս ենք մենք ընկալում այս բարդ խնդիրը, լռութեան ու խարանի մշակոյթից անցում կատարելով դէպի բաց, հասկացող եւ աջակցող հասարակութիւն: Նախաձեռնելով այս կենսական խօսակցութիւնները՝ մենք կարող ենք կոտրել խոչընդոտները, բարձրացնել իրազեկութիւնը եւ ստեղծել աջակցութեան աւելի լաւ մշակոյթ, մեծացնել խնամքի հասանելիութիւնը:
Ինքնասպանութիւնների կանխարգելման համաշխարհային օրը (WSPD) սահմանուել է 2003ին` Ինքնասպանութիւնների կանխարգելման միջազգային միութեան կողմից, Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) հետ համատեղ: Ամէն տարի, Սեպտեմբերի 10ը նպատակ ունի ուշադրութիւնը կենտրոնացնել խնդրի վրայ, նուազեցնել խարանն ու բարձրացնել կազմակերպութիւնների, կառավարութիւնների եւ հանրութեան իրազեկութիւնը՝ տալով եզակի ուղերձ, որ ինքնասպանութիւնները կանխարգելելի են:
Ինքնասպանութիւնը`«սուիցիդ»ը, ծագել է լատիներէն sui (ինքն իրեն) եւ caedare (սպանել բառերից), իբրեւ երեւոյթ, իբրեւ անձի ինքնարտայայտման ձեւ, վարքային դրսեւորում, ախտաբանական վիճակ, ինչը գոյութիւն ունի այնքան ժամանակ, որքան երկրի վրայ ապրում է մարդը:
Մարդը սովորել է զրկել իրեն կեանքից նախքան անիւի գիւտը եւ կրակի սանձահարումը, հետեւապէս ինքնասպանութեան առաջին դէպքերը վերաբերում են նախապատմական ժամանակներին: Ոչ կարիճը, որը գրգռուած վիճակում կարող է խայթել ինքն իրեն, եւ ոչ էլ վանդակում ապրող կենդանին, որ հրաժարւում է կերից ու իրեն դատապարտում մահուան, չեն գործում գիտակցօրէն, եւ դա էլ մարդու եւ կենդանիների վարքի գլխաւոր տարբերութիւններից է:
Ժան-Պօլ Սարտրը նշել է. «Սարդը կենդանիներից տարբերւում է նրանով, որ կարող է ընդհատել իր կեանքն ինքնասպանութեամբ»: