
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայրենադարձութեան մասին օրէնքի ընդունման թեման տասնեակ տարիներ է, որ շրջանառւում է, սակայն շարունակում է մնալ զուտ քննարկումների մակարդակում, այնինչ, օրէնքի ընդունումը մեծ թափ կը հաղորդի այսօր, առաւել քան երբեւէ, կենսական նշանակութիւն ունեցող այդ գործընթացին: Հայաստանում հայրենադարձութեան գործընթացը հիմնականում համակարգւում է հասարակական կազմակերպութիւնների կողմից, քանի որ չկայ օրէնք, որը պետական մակարդակով կը սահմանի եւ կ՛իրականացնի հայրենադարձութիւն:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, աւելի քան մէկ տասնամեակ է, որ ստանձնել է այս չափազանց կարեւոր առաքելութիւնը, ինչի արդիւնքում բազմաթիւ հայեր են տեղափոխուել եւ մշտական բնակութիւն հաստատել ու գործունէութիւն սկսել Հայաստանում: «Մեր նպատակը`ոչ միայն աջակցելն է հայրենադարձութեանը, նաեւ` Հայաստանի հետ իմաստալից եւ արդիւնաւէտ կապ հաստատելը այն մարդկանց համար, ովքեր ցանկութիւն են յայտնում բնակուել հայրենիքում», նշում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրէն Վարդան Մարաշլեանը: Կազմակերպութեան գրասենեակը Երեւանում է, որտեղից համակարգւում են աշխատանքներն ամբողջ աշխարհի հետ: «Վերադարձիր Հայաստան, որովհետեւ կարող ես» գրուած է գրասենեակի պատին պատկերուած համաշխարհային քարտէզի դիմաց, որտեղ Հայաստանը նշուած է յաւէրժութեան խորհրդանիշով: Մարաշլեանն իմ հետ հանդիպմանն եկաւ ուղիղ օդանաւակայանից. այցերը Սփիւռքի տարբեր համայնքներ, հիմնադրամի տնօրէնի եւ անդամների գործունէութեան մասն են կազմում: «Վերադարձ Հայաստան» կազմակերպութեան աշխատանքների, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների, եւ հայրենադարձութեան օրէնքի մասին Վարդան Մարաշլեանի հետ հարցազրոյցը՝ ստորեւ.
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը բնոյթով առաջիններից էր, որ 12 տարի առաջ սկսեց իրականացնել հայրենադարձութեան գործընթաց: Մանրամասներ կը ներկայացնէ՞ք ձեր առաքելութեան եւ գործունէութեան մասին:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia Foundation), շահոյթ չհետապնդող, ոչ-պետական կազմակերպութիւն է, որ ստեղծուել է 2012 թուականին` 12 հայրենադարձ սփիւռքահայերի կողմից, որոնցից մէկն էլ ես եմ: Մեր առաքելութիւնն է`աջակցել հայրենադարձութեանը եւ իմաստալից ու արդիւնաւէտ կապ ստեղծել Հայաստանի հետ: Այս մտայնութեամբ, մեր առաջնային գործառոյթներից է օգնել մարդկանց աւելի յստակ հասկանալու իրական Հայաստանը` դժուարութիւններով եւ հնարաւորութիւններով, եւ ծրագրել նրանց վերադարձի գործընթացը: Տեղափոխութիւնը Հայաստան միանգամից տեղի չի ունենում, եւ որոշ դէպքերում կարող է տեւել շաբաթներ, որոշ դէպքերում՝ տարիներ: Այդ պատճառով. երբ մեզ դիմողները յայտնում են իրենց մտադրութեան մասին, արագօրէն սկսում ենք պատրաստել նրանց՝ պատասխանելով հարցերի, կապելով փորձառու հայրենադարձների հետ, ովքեր այդ ճանապարհն արդէն անցել են, կամ մասնագիտական կառոյցների հետ, որոնք կարող են օգտակար լինել այս կամ այն հարցում: Հիմնական հարցերը, որոնցում մենք փորձում ենք աջակցել, կապուած են աշխատանք գտնելու, նոր գործ սկսելու, համարկման հետ` ապահովելու համար, որ տեղափոխութիւնը լինի հնարաւորինս հանգիստ ու յարմարաւէտ:

Մեր կազմակերպութիւնը հայրենադարձներին առաջարկում է մի քանի ծառայութիւններ, որոնց շարքում` մայրենի լեզուի անվճար դասընթացներ տարբեր մակարդակներում, ներառեալ՝ արեւմտահայերէն եւ արեւելահայերէն: Միաժամանակ, դասաւանդւում է գործարար հայերէն նրանց համար, ովքեր խօսակցական մակարդակում տիրապետում են լեզուին, սակայն դա բաւարար չէ որոշ ոլորտներում ներգրաւուելու կամ աշխատանք գտնելու համար, եւ կարիք կայ զարգացնելու լեզուի իմացութիւնը:
Առաջարկում ենք նաեւ առողջապահական ապահովագրութեան յատուկ փաթեթ, որ բաւական մատչելի է: Հայրենադարձների համարկումը դիւրացնելու նպատակով, տարուայ ընթացքում կազմակերպում ենք երեք տասնեակ միջոցառումներ տարբեր ձեւաչափերով, որի շրջանակներում այցելուները հնարաւորութիւն են ունենում ծանօթանալու միմեանց, կապեր հաստատելու եւ փոխանակուելու փորձով: Միջոցառումների ժամանակ ունենում ենք նաեւ տարբեր ոլորտներից խօսնակներ: Կազմակերպում ենք նաեւ ուղեւորութիւններ Հայաստանի տարբեր մարզեր՝ տեղում ծանօթացնելու տուեալ շրջանների իրական հնարաւորութիւններին: Մենք նաեւ օգնում ենք լուծել տարբեր ոլորտներում հնարաւոր խնդիրները՝ ուղղորդելով եւ կապեր ստեղծելով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վիճակագրութիւն ունե՞ք տարեկան հայրենադարձուողների թուի մասին, հիմնականում ո՞ր երկրներից են վերադառնում եւ ի՞նչ տարիքային խմբի են պատկանում:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- Այս հարցին պարբերաբար անդրադառնում ենք, եւ ցաւով պէտք է արձանագրեմ, որ պետական մակարդակով չկայ որեւէ վիճակագրութիւն, որովհետեւ չկայ հայրենադարձների մասին օրէնք, սահմանուած չէ հայրենադարձի կարգավիճակ, եւ ըստ այդմ` չկայ պաշտօնական վիճակագրութիւն: Ես կարող եմ ներկայացնել «Վերադարձ Հայաստան»ի տուեալները, որ ներկայացնում են մեզ դիմողների թիւը, ըստ որոնց, մեր հիմնադրումից` 2012 թուականից մինչեւ 2018 թուականը դիմողների մօտաւոր քանակը տարեկան կազմել է 500 մարդ, 2018 թուականից մինչ օրս`տարեկան շուրջ 800-1000 մարդ: Դիմողների մօտաւորապէս կէսը մարդիկ են, ովքեր տեղափոխւում են Հայաստան, եւ միւսները` դիտարկում են տեղափոխուել: 2020 թուականից մինչ օրս, հայրենադարձները հիմնականում հինգ-վեց երկրներից են, որտեղ առաջին տեղում Ռուսաստանն է (դիմողների կէսը), որից յետոյ՝ ԱՄՆ, Իրան, Կանադա, Ֆրանսիա եւ Լիբանան: Հայրենադարձների հիմնական տարիքը 28-40 է:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են այն հիմնական մարտահրաւէրները, որոնց կարող են բախուել հայրենիքում ապրել ցանկացող մեր հայրենակիցները:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- Որքան էլ բարդ լինի իրավիճակը Հայաստանում եւ երկրի շուրջ, մենք չենք թաքցնում: Առաջնային մարտահրաւէրները տնտեսականն ու անվտանգայինն են; Այս առումով, մենք տեղեկացնում ենք, որ տարածաշրջանում ընդհանրապէս եւ Հայաստանում յատկապէս կան անվտանգութեան հետ կապուած վտանգներ եւ բարդ միջավայր է մեր հարեւանների եւ խոշոր պետութիւնների հետ, որոնցով շրջապատուած ենք, ինչը սակայն նոր երեւոյթ չէ: Տնտեսական մարտահրաւէրը կայանում է նրանում, թէ ինչպէս անել, որպէսզի կարողանալ բաւարար եկամուտ ապահովել` որոշակի չափանիշներով կենսակերպի համար:
Ուկրաինական պատերազմով պայմանաւորուած, երբ բաւական ռուսներ տեղափոխուեցին Հայաստան, կեանքի գինը բաւական աճեց, յատկապէս եթէ պէտք է ապրես վարձով բնակարանում, եւ դրամն էլ արժեւորուել է դոլարի նկատմամբ: Նշուած հանգամանքները մի կողմից խոչընդոտ են, բայց միւս կողմից ունենք ոլորտներ, որոնք շարունակում են ցուցաբերել կայուն աճ, ինչի արդիւնքում աշխատավարձերն էլ բարձրանում են: Փորձառու մասնագէտների կարիք կայ, եւ յատկապէս նրանց`ովքեր դրսում ապրելու եւ աշխատելու փորձ ունեն, եւ լաւ հասկանում են դրսի շուկաները, հոգեբանութիւնը, այսինքն` պահանջարկ կայ: Դա, իհարկէ չի վերաբերում համատարած բոլոր ոլորտներին, այլ առաւել ժամանակակից` արհեստագիտական ոլորտի տարբեր ուղղութիւններին, նաեւ պահանջարկ կայ նեղ ուղղուածութեան ոլորտներում`շինարարութիւն եւ այլն: «Կորոնա» վարակի համաճարակից յետոյ մի նոր հնարաւորութիւն էլ ստեղծուել է այն մարդկանց համար, ովքեր հեռակայ կարող են աշխատել: Մեզ դիմողների մի մասը աշխատանք ունեն Հայաստանից դուրս, եւ պահելով այդ աշխատանքը, տեղափոխւում են Հայաստան, որտեղ կարողանում են ապահովել կեանքի աւելի բարձր որակ՝ լի հայկականով:
Միւս խնդիրը կապուած է համարկման հետ` հասարակութեան կողմից ընդունելութեան օրինակ, սակայն այդ հարցերը բաւական նուազել են, ինչին ականատես եմ իմ Հայաստան տեղափոխմանս 14 տարիների ընթացքում: Կրթական համակարգում որոշ խնդիրներ կարող են առաջանալ՝ լեզուական, աւարտական վկայականների ճանաչման, սակայն դրանք բոլորը լուծելի են, երբ մարդը հասկանում է, թէ ինչու է ցանկանում տեղափոխուել, ինչ է անձամբ դրանից շահում, եւ եթէ ինքը վստահ է, որ իր քայլը ճիշդ է: Մեր կողմից պարբերաբար անցկացուող հարցումների արդիւնքում, ականատես ենք, որ հայրենադարձները քաջ գիտակցում են բոլոր մարտահրաւէրները եւ պատրաստ են տեղացիների հետ միասին կիսել եւ դիմագրաւել դրանց:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Աջակցո՞ւմ էք ձեռներէցներին, ովքեր ցանկանում են ներդրում կատարել, կամ նոր գործ սկսել Հայաստանում:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- Երբ մեզ դիմում են ներդրում կատարելու կամ նոր գործ հիմնելու համար, տեղեկանում ենք նրանց գաղափարներից, եւ առաջին քայլով փնտռում ենք մեր ցանցում`գտնելու հայրենադարձների, որ նմանատիպ նախագծեր են իրականացնում եւ կարող են օգտակար լինել: Դիմողին կապում ենք տուեալ անձի հետ, ումից կարող են ստանալ կարծիք, խորհուրդ, թէ յատկապէս ինչի վրայ ուշադրութիւն դարձնել, որովհետեւ յաճախ կարող ես խնդիրներ տեսնել այնտեղ, որտեղ իրականում չկան, եւ հակառակը: Դրանց թւում են օրինակ`մասնագիտական խումբի ձեւաւորման, գործընկերների հետ յարաբերութիւնների կայացման, թղթաբանական գործընթացների, հարկային, իրաւաբանական եւ այլ ոլորտներում ծառայութիւնների, կազմակերպութիւնների ընտրութեան հարցեր: Այսինքն, կապում ենք առաջինը փորձառու հայրենադարձի, երկրորդ քայլով`մասնագէտի կամ յատուկ ծառայութիւն մատուցող կազմակերպութեան հետ: Տուեալ ձեռներէցին աջակցելու երրորդ փուլում, երբ արդէն սկսել է գործունէութիւնը, օգնում ենք քարոզչական մասով՝ յօդուածներ ենք գրում, տեսանիւթեր նկարահանում եւ տարածում մեր հարթակներով, որտեղ մեծ լսարան ունենք: Մեր դիտումների թիւը տարեկան հասնում է երկու միլիոնի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք ինքներդ հայրենադարձ էք: Կը կիսուէ՞ք ձեր անձնական փորձով:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԱՆ.- Ես հասկացել եմ, որ հայրենադարձութիւնը կարծես վազքուղի (մարաթոն) լինի, որտեղից բնականաբար կարող ես դուրս գալ, նորից վերադառնալ, փորձել որոշ ժամանակ ապրել տուեալ վայրում եւ հասկանալ պատրաստ ես, թէ ոչ: Պէտք չի բարդացնել գործընթացը, եւ մտածել որ որոշումը վերջնական է, անդառնալի, այլ ճանապարհ չկայ: Դա կաշկանդում է:
Իմ եւ մի քանի այլ հայրենադարձների փորձից ելնելով ասեմ, որ տեղափոխուելուց յետոյ ընդհանրապէս մի քանի ճգնաժամ է տեղի ունենում: Առաջինը սովորաբար պատահում է առաջին 6 ամիսից յետոյ, երբ գիտակցում ես, որ այլեւս զբօսաշրջիկ չես, եւ երբ շատ երեւոյթներ հաճելի են, բայց նաեւ բացայայտում ես խնդիրները, որոնք արագ չեն լուծուելու, եւ դա սկսում է ազդել: Երկրորդ ճգնաժամն աւելի մարտավարական է, երբ երկու-երեք տարի ապրելուց յետոյ ցանկանում ես հասկանալ արդեօք ճիշդ որոշում էր այդ ժամանակը ներդնել Հայաստանում, այլ երկրի փոխարէն: Եւ երրորդը`ռազմավարական ճգնաժամն է, տասը տարի անց, երբ կեանքիդ բաւական մասը կապել ես հայրենիքիդ հետ ճիշդ որոշո՞ւմ էր: Ես անցել եմ այս երեք փուլերը, եւ այսօր ինձ զգում եմ որպէս լիարժէք Հայաստանցի ու հպարտ եմ դրանով: Այս գիտակցումը լինում է յատկապէս այն պահերին, երբ շուրջդ բոլորը հայերէն են խօսում, երբ հասկանում ես, որ այլեւս փոքրամասնութիւն չես, Սփիւռք չես, այլ հայ, ով տարուայ 365 օրն ապրում է իր հայրենիքում, եւ կիսում իր հայրենակիցների ե՛ւ ուրախութիւնը, ե՛ւ տխրութիւնը: Շատերի համար 2020 թուականի պատերազմն այն պահն էր, երբ հասկացան, որ պատրաստ չեն տառապել դրսում եւ իրենց մեղքի բաժինը կայ այն ամէնում, ինչը կատարուեց հայրենիքի հետ: Նրանց մօտ ցանկութիւն է առաջանում դա ուղղել` անմիջական մասնակցութիւն ունենալով երկրի զարգացման ու զօրացման գործում: Սակայն, դա զոհաբերութիւն չէ, դա ցանկութիւն է`ապրել քո սեփական երկրում եւ մասնակցել հայրենիքի զօրացմանը:
Հայաստանում կան բազմաթիւ հնարաւորութիւններ որակեալ կեանքով ապրելու համար: Այստեղ գումար աշխատելու հետ միասին, ժամանակ ես ունենում նաեւ կազմակերպելու լիարժէք հանգիստ, ժամանց՝ ընտանիքի, ընկերների հետ: Երեխաների առումով էլ, բազմաթիւ են հնարաւորութիւնները` կազմակերպելու բարձրակարգ կրթութիւն, նրանց ներգրաւելու արուեստի, գիտական, մարզական ակումբներում, եւ մեծացնելու`ազգային եւ համաշխարհային արժէքներով մարդ, ով մրցունակ է միջազգային մակարդակով:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ունէ՞ք տուեալներ, թէ հայրենադարձների որքան մասն է երկար ժամանակով հաստատւում Հայաստանում:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- Նման վիճակագրութիւն չունենք, բայց հաղորդակցւում ենք մեր համայնքի անդամների հետ, եւ կարող եմ ասել, շուրջ 80 տոկոսը մնում են երկարաժամկէտ: Հայրենադարձուելը կամ Հայաստան տեղափոխուելը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից: Մէկը` զգացականն է, միւսը` տրամաբանականը (ռացիոնալը): Եթէ որոշումը կայացւում է զուտ զգացական դաշտում, ապա այն կայուն չէ, եւ եթէ զուտ տրամաբանական` Հայաստանը միգուցէ ամենահետաքրքիր տարբերակը չէ: Սփիւռքի հայերը հիմնականում բնակւում են տնտեսական լայն հնարաւորութիւններ ունեցող երկրներում, բայց եթէ վերցնում էք երկու տարբերակները միասին, եւ կարեւորում էք այն առաւելութիւնները, որ կարող էք ստանալ Հայաստանում` ներառեալ մասնագիտական զարգացման հետ կապուած հարցը, ապա Հայաստանը կարող է գրաւիչ լինել: Հայրենադարձներն այսօր շատ ոլորտներում առաջատար դիրքերում են գտնւում: Եթէ նայէք Հայաստանի զարգացման ուղղութիւնները, լինի դա կրթութեան, բարձր արհեստագիտութիւնների, տնտեսական այլ ճիւղերը` գինեգործութիւն, զբօսաշրջութիւն, հասարակական տարբեր շարժումները եւ շատ այլ գաղափարներ, որ առաջին իրականացուել են Հայաստանում` նախաձեռնուել են հայրենադարձների կողմից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն է ձեզ դիմելու ամենայարմար միջոցը:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- Մեզ կարող են դիմել մեր կայքի միջոցով, որտեղ կայ յայտագիր, եւ պէտք է լրացնել եւ ուղարկել: Դիմել հնարաւոր է նաեւ ընկերային տարբեր հարթակների միջոցով` ներառեալ հեռախօսային WhatsApp հաւելուածը, եւ մենք անմիջապէս կապ կը հաստատենք:
Հայրենադարձութեան կազմակերպման հետ մէկտեղ, մենք քարոզում ենք Հայաստանի հետ արդիւնաւէտ կապի հաստատում նաեւ մեր գործընկեր այլ կազմակերպութիւնների միջոցով`առաջարկելով կրթական, կամաւորական հնարաւորութիւններ: Շատ կարեւոր է եւ ցանկալի, որ մինչ տեղափոխուելու որոշում կայացնելը, տուեալ անձը հնարաւորութիւն ունենայ Հայաստան գալ ոչ որպէս զբօսաշրջիկ, կամ բարեկամներին այցելի, այլ ապրելու փորձառութիւն ունենայ:
Այս եւ նման այլ հարցերի մասին մեր Սփիւռքահայ հայրենակիցների հետ կիսուելու նպատակով, մենք կազմակերպում ենք նաեւ Engage Armenia անուանումով հանդիպումներ տարբեր համայնքներում: Այս տարուայ ընթացքում նման միջոցառումներ անցկացրել ենք Եւրոպական 8 քաղաքներում` ունենալով 14 խօսնակներ Հայաստանից, որոնց մեծ մասը հայրենադարձներ էին, որ պատմում էին նաեւ իրենց փորձառութեան մասին:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններն որպէս նախկին սփիւռքահայ եւ հայաստանաբնակ: Ըստ ձեզ, ի՞նչ խնդիրներ կան, եւ ինչպէ՞ս էք տեսնում լուծումները:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- Ես ստիպուած եմ պատասխանել ապաքաղաքական ձեւով, որովհետեւ քաղաքական հարցերով պէտք է խօսեն քաղաքական ուժերը` ներկայ կամ անցեալի: Ես ցաւօք, լուրջ տարբերութիւններ մօտեցումների մէջ չեմ տեսնում, որովհետեւ իշխանութեան վերարտադրումը, եւ նեղ պատկերացումները ցաւօք աւելի վեր են, քան բարդ, բայց երկխօսութեան, իրական գործընկերային յարաբերութիւնների ձեւաւորման Սփիւռքի հետ ճանապարհ անցնելը:
Եթէ ցանկանում ենք, որ Սփիւռքը լիովին ներգրաւուի երկրի կայացման գործում, պէտք է կիսուել քաղաքական եւ տնտեսական իշխանութեամբ եւ շահով, գտնել ճիշդ ձեւաչափերը, կառուցային լուծումներ, որպէսզի Սփիւռքն իրեն համասեփականատէր զգայ: Դա երբեւէ չի արուել, այլ արուել է նմանակում: Պարզ օրինակ, Սփիւռքի նախարարութեանը պետական բիւջէից ժամանակին տրամադրուել է ընդամէնը երեք միլիոն դոլար: Կարծում եմ, այսքանը բաւարար է, չշարունակեմ: Սփիւռքի նախարարութեան գործունէութեան ողջ ընթացքում եղել է մէկ փոխնախարար, այն էլ հայրենադարձ: Այսինքն, աշխատողների զգալի մասը Սփիւռքի մասին ունեցել են ոչ-իրական պատկերացումներ, եւ պետական-մասնաւոր համագործակցութիւններ չեն ձեւաւորուել:
Իմ կարծիքով, իւրաքանչիւր ազգ, պետութիւն, ով ցանկանում է յաջողութեան հասնել Սփիւռքի հետ եւ հասկանում է, որ պէտք է ձեւաւորի վստահութեան բարձր մակարդակ, որը շատ դժուար է ձեւաւորել, եւ հեշտ կորցնել, պէտք է ընտրի հետեւեալ ճանապարհը`ապաքաղաքականացնել դաշտը, կառուցել պետական մասնաւոր կառոյց այն հարցերի շուրջ, որոնք վերաբերւում են Սփիւռքի հետ յարաբերութիւններին, եւ Սփիւռքում գործընթացներին: Այդ կառոյցը պէտք է բաղկացած լինի միայն այն կառոյցներից, ուժերից եւ անհատներից, ովքեր ե՛ւ ֆինանսապէս, ե՛ւ իրենց գիտելիքով մասնակցում են այդ կառոյցի կայացմանը, ռազմավարութեան ձեւաւորմանն ու ծրագրերի իրականացմանը, եւ բոլոր այդ մասնակիցները պէտք է դառնան համասեփականատէրեր կամ խորհդրի անդամներ: Ինչ վերաբերում է ներքին գործընթացներին, օրինակ`հայրենադարձութեանը եւ համարկման գործընթացներին, դա կարող է իրականացնել որեւէ պետական կառոյց:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայրենադարձութեան մասին օրէնքն առաւել համակարգուած կը դարձնի եւ նոր թափ կը հաղորդի գործընթացին, ինչն առաւել քան կենսական է այսօր` հայրենիքի համար ծանր այս ժամանակաշրջանում: Այդ օրէնքի մասին տասնեակ տարիներ է, որ խօսւում է, քննարկումներ են լինում, որին դուք էլ անմիջական մասնակցութիւն ունէք, սակայն մինչ օրս արդիւնքը չկայ: Ի՞նչն է պատճառը:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- Հայրենադարձութեան օրէնքը չի ընդունւում իմ համար անհասկանալի պատճառներով, որովհետեւ հայրենադարձութեան մասին օրէնք կայ գրուած, որ պատրաստուել է նաեւ մեր մասնակցութեամբ: Մենք դրդել ենք, որ պետական տարբեր մարմիններ ստեղծեն աշխատանքային խումբ, դարձել ենք այդ խմբի անդամ, պատրաստել ենք նախագիծ, որն արդէն երկու տարի է պատրաստ է, մտել է կառավարութիւն եւ քննարկուել, սակայն մինչ օրս չի հասել խորհրդարան: Ընդ որում, օրէնքի այդ նախագիծը նոյնիսկ չունի որեւէ լուրջ ֆինանսական հետեւանք պետբիւջէի համար, այլ արձանագրում է մի քանի կարեւոր կէտեր: Առաջինը` հայրենադարձութեան քաղաքական կարեւորութիւնը Հայաստանի եւ Սփիւռքի համար, երկրորդ` սահմանել, թէ ով է հայրենադարձը, երրորդը` պետութեան որ կառոյցն է պատասխանատու հայրենադարձութեան գործընթացի համար, եւ չորրորդը` հիմնական նուազագոյն փաթեթը, որը պետութիւնն որպէս աջակցութիւն երաշխաւորում է իւրաքանչիւր հայրենադարձի, եւ այստեղ խօսքը ոչ այնքան տնտեսական գործօնի մասին է, այլ առաւել` համարկման գործընթացի որոշ բաղադրիչների: Չգիտեմ, ինչում է խնդիրը, բայց փաստացի հայրենադարձութիւնը օրակարգային հարց չէ, եւ ոչ միայն Հայաստանի, նաեւ՝ Սփիւռքի համար, եւ երբեք էլ չի եղել, այնինչ, այն պէտք է լինի օրակարգային:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գործնական ի՞նչ առաջարկներ ունէք ամերիկահայ համայնքին:
ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- Այս պահին մենք պէտք է առաջին հերթին հասկանանք Սփիւռքում առկայ հիմնական հարցերն ու մտահոգութիւնները, իսկ Սփիւռքն իմ կարծիքով շատ պառակտուած, յուսահատ վիճակում է: Կարող եմ առաջարկել սկսել հանդիպումների, քննարկումների շարք, եւ մենք սիրով կարող ենք ձեւաւորել փորձագիտական խմբեր ըստ թեմաների, որպէսզի կարողանանք այն մարդկանց, ովքեր գիտակցելով բարդութիւնները, չեն ցանկանում յանձնուել, եւ ցանկանում են ճիշդ գործընկերներ գտնել, մասնագիտական եւ փաստարկուած կարծիքներ լսել` ստեղծուած ծանր իրավիճակից դուրս գալու համապատասխան լուծումներով, հանդիպենք թէ՛ առցանց, թէ՛ ֆիզիկապէս: Խօսքը միայն հայրենադարձութեան մասին չէ, այլ` վերաիմաստաւորելու շատ բարդ վիճակում գտնուող երկրի կարեւորութիւնը մարդկանց ինքնութեան համար, եւ կիրառական կապ հաստատելու կամ վերահաստատելու հնարաւորութիւններ տալ այդ մարդկանց, որ իրենց նպատակներին ծառայող կապ հաստատեն: