Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գիւղին մէջ, Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեանի գլխաւորած աշխատանքային խումբը կատարեց փաստահաւաք աշխատանքներ, որոնց լոյսին տակ հրապարակեց հետեւեալ զեկոյցը.
«1. Վտանգուած է Սիւնիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։ Մասնաւորապէս` Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գիւղի հատուածում ՀՀ տարածքի մի մասի զաւթումից յետոյ ադրբեջանական զինուած ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածաւալ ապօրինի հատումներ:
«Ըստ մեր նախնական ուսումնասիրութեան` արդէն հատուել է մօտ 10,000 ծառ` արեւելեան եւ սովորական բոխի, վրացկան եւ խոշոր կաղիններ, հատպտղային կենի, արեւելեան հաճարենի ու սօսի եւ այլն: Նաեւ արգելոցի` Ներքին Հանդ գիւղի անմիջական յարող տարածքներում աճում են Կարմիր գրքում գրանցուած բազմաթիւ բոյսեր, այդ թւում խոտաբոյսեր եւ ծառափային տեսակներ (գնարբուկ, տերեփուկ, հայկական սրոհունդ եւ այլն):
«2. Ծառերը եւ միւս բոյսերն ադրբեջանական զինուած ծառայողները զանգուածաբար հատել են եւ շարունակում են հատել` զինուորական միջդիրքային եւ այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար: Այդ ճանապարհներով երթեւեկում են մեծ մեքենաներ, տեղափոխւում է ծանր տեխնիկա (սարքեր): Այս ամէնի հետեւանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահպանական խնդիրներ, նաեւ առկայ է վայրի կենդանիների վերացման վտանգ: Անկանոն ծառահատման եւ արմատահանման հետեւանքով հողի մէջ աւելանում է ջրի պարունակութիւնը, հողը ծանրանում է`առաջացնելով սողանքներ:
«3. Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջրի հարցը, մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուր. խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինուած ուժերի կողմից օկուպացուած (գրաւուած) Հայաստանի տարածքներում:
«4. Ներքին Հանդում փաստահաւաք աշխատանքները վերահաստատեցին Հայաստանի` ադրբեջանական ներխուժած հատուածներում ականների գրեթէ ամէնօրեայ պայթիւնները:
«Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապուած կատարուեց հետազօտութիւն: Մասնաւորապէս, պարզուեց, որ տեղադրուած են ինչպէս հակատանկային TM-57, այնպէս էլ O3M-72 եւ ПMH-2 հակահետեւակային ականներ: TM-57 ականները տեղադրուած են դիրքերից 70-80 մ. հեռաւորութեան վրայ, իսկ հակահետեւակային O3M-72 ականները տեղադրուած են դիրքից մօտ 30 մ. հեռաւորութեան վրայ, որի շարունակական վնասի շառաւիղը` 25 մ. է, ПMH-2 ականները տեղադրուած են դիրքերից 10-15 մ. հեռաւորութեան վրայ:
«Ներկայում ընթանում են այս տուեալների մշակման աշխատանքներ, եւ մանրամասները կը ներկայացուեն աւելի ուշ:
«5. Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահութիւնը եւ խոզաբուծութիւնը վերացել են ոչ միայն արօտավայրերից զրկուելու, այլ նաեւ ականների պայթիւններից կենդանիների սատկելու պատճառով:
«6. Մարդիկ զրկուած են Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմէ եկեղեցին ու գերեզմանատուն այցելելու հնարաւորութիւնից, քանի որ դրանք ադրբեջանական օկուպացիայի ներքոյ են: Գիւղն ունի նոր գերեզմանատեղի, սակայն մարդիկ խուսափում են այդտեղ յուղարկաւորում անելուց` ադրբեջանական թիրախի վտանգի պատճառով: 2022 թ․ սեպտեմբերեան ադրբեջանական զինուած յարձակումներից յետոյ այդտեղ յուղարկաւորուել է մէկ մարդ, մնացած դէպքերում յուղարկաւորութիւնը կատարւում է Կապանի գերեզմաատանը:
«7. Մարդիկ զրկուել են ոչ միայն ապրուստի միջոց արօտավայրերից, այլ նաեւ խմելու ջրից, այգիներից, վարելահողերից, խոտհարքներից: Օրինակ` գիւղի բնակիչներից մէկը կորցրել է 700 հեկտարից աւելի հողատարծք, 400ից աւել բերքատու ծառ (արքայանարինջ, խնձոր, տանձ), որոնցից միայն արքայանարինջի տարեկան բերքը նախկինում կազմել է 5-6 տոննա:
«Ներկայում նշած, ինչպէս նաեւ արձանագրուած այլ տուեալների հիման վրայ պատշաճ ընթացակարգով մշակւում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հիմք կը լինեն միջազգային մի քանի նախաձեռնութեան համար»: