

Մայէստրօ Սիփան Օլահը եւ Լոնդոնում գործող յայտնի «Քլինգեն» սենեկային համոյթը յաջողութեամբ աւարտեցին իրենց առաջին համերգային շրջագայութիւնը Հնդկաստանում՝ գերելով հանդիսատեսին Կալկաթայում, Նիւ Դելիում եւ Չեննայում։ Այս եզակի ելոյթները կազմակերպուել էին Հնդկաստանում Հայաստանի դեսպանութեան կողմից՝ Կալկաթայի Սուրբ Նազարէթ հայկական եկեղեցու, Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR), Չեննայում Հայաստանի պատուաւոր հիւպատոսի եւ «Քլինգեն» երգչախումբ եւ մշակութային միութեան հետ համատեղ: Երաժիշտներ Հայարփի Եղիկեանը` սոպրանօ, Պոլինա Շարաֆեանը` ջութակ, Ջէք Յակոբ Մուրադեանը` օբօ, Նիկիտա Դեմիդենկոն` դաշնամուր, Վաչէ Թադեւոսեան` անգլիական փող եւ Սոմնաթ Մախալ` թաւջութակ, իրենց կատարումներով գերեցին հանդիսատեսին:
Համերգաշարը նուիրուած էր Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 33ամեակին եւ ֆրանսահայ երգիչ, յօրինող Շարլ Ազնաւուրի ծննդեան 100 ամեակին։ Ներկայացումներում հնչեցին հայ նշանաւոր յօրինողների գլուխ գործոցները, այդ թւում՝ Կոմիտասի, Արամ Խաչատրեանի, Առնօ Բաբաջանեանի, Ղազարոս Սարեանի եւ Ռոբերտ Ամիրխանեանի գործերը, որոնցից շատերը առաջին անգամ էին հնչում Հնդկաստանում։

Համերգաշարի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ Սեպտեմբերի 18ին՝ Կալկաթայի Հայկական քոլեջում եւ Մարդասիրական ակադեմիայում։ Միջոցառումը կազմակերպուել էր Հայաստանի դեսպանութեան եւ Կալկաթայի Սուրբ Նազարէթ հայկական եկեղեցու համագործակցութեամբ։ Ներկայացումներին մասնակցեց Հայկական քոլեջի քառաձայն երգչախումբը։ Այս միջոցառումը նշանաւորուեց առաջին հայկական դասական համերգի կազմակերպմամբ Կալկաթայում՝ նշելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ պատմական խոր կապերը։
Սեպտեմբերի 19ին եւ 20ին, համերգները տեղի ունեցան համապատասխանաբար Grand Hotel-ում եւ ICCR-ի «Ազադ Բհաւան» համերգասրահում։ Սեպտեմբերի 19ի միջոցառումը կարեւորուեց Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Կիրթի Վարդան Սինգհի մասնակցութեամբ, ով միացաւ Հայաստանի դեսպան Վահագն Աֆեանին՝ նշանաւորելու այս կարեւոր մշակութային իրադարձութիւնները։ Միջոցառմանը ներկայ էին աւելի քան 50 դեսպաններ, դիւանագէտներ եւ աւելի քան 200 յարգարժան հիւրեր, ովքեր մեծ հիացմունքով ընդունեցին մայէստրօ Օլահի ղեկավարած խումբի կատարումները։ Երրորդ համերգի ընթացքում համոյթի անդամները «Ռոտարի շրջաններ»ի կողմից արժանացան յատուկ մրցանակների՝ ICCR-ում իրենց վառ ելոյթի համար, որն արժանացաւ հանդիսատեսի բուռն ծափահարութիւնների եւ հիացմունքի:


Համերգային շրջագայութեան եզրափակիչ համերգը տեղի ունեցաւ Սեպտեմբերի 21ին՝ Taj Club House հիւրանոցում։ Այս միջոցառումը կազմակերպուել էր Չեննայում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Շիւկումար Իշուարանի հետ համատեղ։ Ելոյթները, որոնք եւս մէկ անգամ նշեցին Հայաստանի անկախութիւնը եւ Ազնաւուրի հարիւրամեակը, արժանացան հիացմունքի եւ յատուկ յուշանուէրների՝ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ մշակութային փոխանակման գործում ունեցած ներդրման համար:
Համերգներից դուրս, շրջագայութիւնը նշանաւորուեց նաեւ մի շարք կարեւոր այցելութիւններով եւ մշակութային փոխանակմամբ։ Կալկաթայում երաժիշտները այցելեցին հայկական պատմական վայրեր, այդ թւում՝ Հայկական քոլեջը եւ Մարդասիրական ակադեմիան, 1724ին կառուցուած Նազարէթի Սուրբ եկեղեցին, եւ Վիկտորիա յուշահամալիրը։ Մայր Թերեզայի յուշահամալիրի այցելութիւնը յատկապէս յուզիչ էր՝ հաշուի առնելով նրա հայկական արմատները։


Նիւ Դելիում խումբը այցելեց Հայաստանի դեսպանութիւն, որտեղ նրանց ջերմ ընդունեց դեսպան Աֆեանը։ Երաժիշտները նաեւ յարգանքի տուրք մատուցեցին India Gate-ում՝ ի յիշատակ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհուած զինուորների։ Չեննայում խումբը այցելեց 1712ին կառուցուած հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին եւ քննարկումներ անցկացրեց Երաժշտական ակադեմիայի հետ՝ յետագայ համագործակցութեան համար։
Այս շրջագայութիւնը, որին մասնակցութիւնն աննախադէպ մշակութային իրադարձութիւն էր, ոչ միայն հնչեցրեց Հայաստանի հարուստ երաժշտական ժառանգութիւնը, այլեւ ամրապնդեց մշակութային կապերը Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ։ «Քլինգեն»ի ջերմ ընդունելութիւնը եւ համերգների յաջողութիւնը հիմք ստեղծեցին երկու երկրների միջեւ ապագայ համագործակցութիւնների եւ մշակութային փոխանակումների համար:
(Թղթակցութիւնը՝ «Քլինգեն»էն)