«Երեխանե՛ր, Կարեւորէ՛ք Ձեր Տեսողութիւնը»
Հոկտեմբերի 10ն տեսողութեան համաշխարհային օրն է: «Հայկական ակնաբուժութեան նախագիծ» բարեգործական հիմնարկը (ՀԱՆ, Armenian EyeCare Project) Հայաստանի առողջապահութեան նախարարութեան եւ այլ գործընկերների հետ, Տեսողութեան համաշխարհային օրը նշում է 2003ից` առաջնորդուելով երկրի առաջնահերթութիւններով եւ Vision2020ի կողմից ներկայացուած տուեալ տարուայ կարգախօսով: Այս տարուայ կարգախօսն է` «Երեխանե՛ր, կարեւորէ՛ք ձեր տեսողութիւնը»:
Հայկական ակնաբուժութեան նախագիծը 2004ից ի վեր Հայաստանում իրականացրել է շուրջ 250,000 երեխաների ակնային զննում: ՀԱՆը իր գործընկերների հետ աշխատում է դպրոցականների ակնային ստուգումը առաւել արդիւնաւէտ դարձնելու ուղղութեամբ: Ամերիկայի Միջազգային զարգացման գործակալութեան հետ գործակցութեամբ մշակուել է դպրոցականների ակնային զննման մեթոդաբանութիւն, որը փորձարկուել է հինգ մարզերում: Ծրագիրն այժմ իրականացւում է Հայաստանի բոլոր մարզերում` Լոս Անջելեսի Մանկական հիւանդանոցի հետ համատեղ: Այս ծրագրի շրջանակներում, Հայաստանի բոլոր մարզերում դպրոցական բուժքոյրեր եւ մանկական ակնաբոյժներ են վերապատրաստւում` իրականացնելու երեխաների ակնային զննումները, խորացուած հետազօտութիւնը եւ բուժումը: 2024ի սկզբից երեք մարզերում (Արագածոտն, Կոտայք եւ Արմաւիր) արդէն ակնային զննում են անցել աւելի քան 7700 դպրոցականներ, որոնցից շուրջ 2000ի մօտ ակնային շեղման կասկած կայ եւ նրանք ուղեգրուել են խորացուած հետազօտութեան: Ծրագիրը շարունակւում է, Հայաստանի ողջ տարածքում նախատեսւում է 30,000 երեխաների ակնային զննում, խնդիր ունեցողներին` ուղեգրում եւ բուժում, ծնողների, երեխաների եւ դպրոցական անձնակազմի հանրային կրթութեան միջոցառումներ:
Դպրոցականների ակնային զննման եւ ուղեգրման մեթոդաբանութիւնն ընդունուել է Հայաստանի առողջապահութեան նախարարութեան կողմից եւ ընդգրկուել դպրոցական տարեկան զննումների ծրագրերի մէջ:
Իր ընթացիկ աշխատանքներին զուգահեռ, ՀԱՆը այս շաբաթուայ ընթացքում իրականացրել է նաեւ հանրային կրթութեան միջոցառումներ, աշակերտներին բաժանուել են ՀԱՆի հեղինակած «Տեսունիկի Տեսողութեան Խաղը» մանկական ձեռնարկը եւ «Տեսունիկ» խմբային դաստիարակչական խաղը` նախատեսուած 9 տարեկանից բարձր երեխաների համար: Անցկացուած միջոցառումների ամենաաշխուժ մի քանի աշակերտներ կը մասնակցեն դպրոցներում իրականացուող երեխաների ակնային զննմանը` որպէս դպրոցի բուժքրոջ օգնական: Աշակերտներին կը բաժանուեն տեղեկատուական թերթիկներ տեսողութեանը վերաբերող հետաքրքիր փաստերով:
Երիտասարդների համար անցկացուեց առցանց ներկայացում` տեսողութեան շտկման արդի միջոցների, տարածուած ակնային խնդիրները եւ դրանց բուժման մասին:
Կուրութեան կանխարգելման միջազգային գործակալութեան տուեալներով` աշխարհում 1.1 միլիարդ մարդու համար ակնային խնամքը հասանելի չէ, եւ վերջիններս տեսողութեան լուրջ խնդիր ունեն: Տեսողութիւնը կորցրած մարդկանց 90 տոկոսն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ չբուժուած թոյլ տեսողութեան պատճառով ամէն տարի աշխարհում միլիարդ դոլարին համարժէք արտադրողականութեան կորուստ է լինում:
ՀԱՆը 2003ից ի վեր ակնաբուժական հետազօտութիւններ եւ բուժում է իրականացնում Հայաստանի մարզերի բնակչութեան շրջանում ու Աչքի շարժական հիւանդանոցում եւ «Լոյս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում իրականացրել է շուրջ 500,000 ակնային ստուգում, կատարել է շուրջ 35,000 ակնային վիրահատութիւն եւ լազերային միջամտութիւն, բաժանել է շուրջ 87,000 ակնոց:
ՀԱՆի երկարամեայ աշխատանքների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ Հայաստանում աչքի հիւանդութիւններն առաւել տարածուած են 50 եւ աւելի տարեկան բնակչութեան շրջանում: Տարիքային այս խմբում տեսողութեան խաթարման տարածուածութիւնը 1.8 անգամ աւելի բարձր է` քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում եւ կազմում է 8.4 տոկոս, «կատարակտ»ի տարածուածութիւնը` 27 տոկոս, «մակուլեար դեգեներացիա»ինը` 6.5 տոկոս, գլաուկոմայինը` 3.4 տոկոս, «դիաբետիկ ռետինոպաթիա»ինը` 4.4 տոկոս: Հայաստանի մեծահասակ բնակչութեան (16 եւ վեր) շուրջ 13 տոկոսն ունի կուրութեան բերող առնուազն մէկ ակնային հիւանդութիւն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջութիւն: 50 եւ աւելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջութիւն ունեցողների ներկայացուածութիւնը գրեթէ 3 անգամ աւելին է եւ կազմում է 37 տոկոս: 50ից յետոյ խոցելի ակնային առողջութիւն ամենացածր հաւանականութիւնն ունեն 50-54 տարեկանները (23.8 տոկոս ): Դրանից յետոյ կեանքի իւրաքանչիւր լրացուցիչ 5 տարին աւելացնում է խոցելի ակնային առողջութիւն հաւանականութիւնը 9 տոկոսով: