
ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ*
Գաղտնիք չէ, որ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը, որպէս հայկական Սփիւռքի լոբբինգի հիմնական գործառնող, մշտապէս ատրպէյճանական ու թուրքական ամենատարբեր սադրանքների, սպառնալիքների ու հակաքարոզչութեան թիրախում է։ Այդ ամբողջ արշաւը ուղղորդւում է պետական ու պաշտօնական մակարդակով՝ թշնամական երկրների բարձրագոյն ղեկավարութեան անմիջական ներգրաւուածութեամբ։ Բաւական է յիշել 2020ի Մայիսը, երբ Թուրքիայի նախագահը, COVID 19ի համավարակին նուիրուած ելոյթում յատուկ տեղ գտաւ ու յայտարարեց, թէ հայկական եւ յունական լոբբիստական կառոյցները սատանայական ուժեր են։ Էրտողանի խօսքի աւելի լայն համատեքստը (պարունակ) վերաբերում էր առհասարակ այն ուղղութիւններին, որտեղ «Թուրքիան շարունակելու է իր կռիւը, այդ թւում ահաբեկչութիւնն ու արտաքին թշնամիները», որոնց շարքում էլ յիշատակուել են յունական ու հայկական լոբբիները (1) ։
Դրանից մէկ ամիս յետոյ, Թուրքիայի նախագահականի բարձրագոյն խորհրդակցական մարմինը, որը հիմնականում բաղկացած է երկրի ամենաառանցքային պաշտօնաթող գործիչներից, Էրտողանի նախագահութեամբ աւելի քան 5 ժամ քննարկել է հայկական Սփիւռքի գործողութիւններին հակազդեցութեան ուղիները, ինչի ընթացքում, համաձայն Թուրքիայի նախագահի այն ժամանակուայ մամլոյ խօսնակ Ֆահրետտին Ալթունի, Էրտողանը յայտարարել է, թէ «Թուրքիան թոյլ չի տայ «թշնամութեան սերմեր ցանել խեղաթիւրուած պատմական իրադարձութիւնների միջոցով (2)»:
Հայկական Սփիւռքի դէմ եւ դրա քաղաքական գործունէութեան հիմնական դերակատար՝ Հայ Դատի համակարգի դէմ թշնամական հակաքարոզչութիւնը հարիւրամեակից աւելիի պատմութիւն ունի եւ զիկզակաձեւ դրսեւորումներով ուժեղանում ու թուլանում է ըստ անհրաժեշտութեան՝ կախուած հայկական պետութեան դէմ նախապատրաստուող հերթական սադրանքներից։ 2020ի առաջին կէսը հենց այդ ժամանակն էր, ինչին յաջորդեց 44օրեայ պատերազմը եւ դեռեւս շարունակւում է այն հոլովոյթը, երբ թշնամական ուժերը, Արցախի բռնազաւթումից յետոյ, փնտռում են Հայաստանի Հանրապետութեան անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդման ուղիները։
Ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագէտ Սամուէլ Հանթինգթոնը, իր «Ո՞վ Ենք Մենք» յայտնի աշխատանքում նկատում է․ «…հայրենի կառավարութիւնների հետ սփիւռքի մօտ յարաբերութիւնները եւ համագործակցութիւնը ժամանակակից միջազգային յարաբերութիւնների առանցքային երեւոյթներից են» (3) ։ Հայկական Սփիւռքի քաղաքական ազդեցութեան մասին հարեւան երկրում շատ լաւ են պատկերացնում, եւ անգամ հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների այս պատմական վատագոյն վիճակում, անհանգստանում են Սփիւռքի գործունէութեամբ։ Բանն այն է, որ մասնագէտները, անդրադառնալով սփիւռքագիտական հետազօտութիւններին, յաճախ կիրառում են քաղաքական հետազօտութեան «սիներգետիկական մեթոդ»ը, քանի որ այլեւս ակնյայտ է որ սփիւռքը, եւ հայկական Սփիւռքը յատկապէս, ինքնակառավարուող եւ ինքնազարգացող երեւոյթ է, իր գործունէութիւնը չի պայմանաւորում Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումներով, ուստի հակառակորդ ուժերի համար յաճախ աւելի բարդ ու անկանխատեսելի գործօն է, քան Հայաստանի իշխանութիւնները, յատկապէս գործող թուլակամ իշխանութիւնը։
Արժի նաեւ յիշատակել, 2022ի Յուլիսին Ատրպէյճանի նախագահի հանդիպումը Եւրոպական խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Տէյվիտ ՄըքԱլիսթերի հետ, երբ Ալիեւը մի կողմ դնելով դիւանագիտական բարոյականութեան բոլոր կանոնները, յայտարարեց․ «Անկեղծ ասած, ես նոյնիսկ մի փոքր զարմացայ, երբ իմացայ, որ դուք ծրագրում էք այցելել Ատրպէյճան։ Թերեւս գիտէք պատճառը․․․ Ես նոյնիսկ մոռացել եմ Եւրախորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում ընդունուած հակաատրպէյճանական բանաձեւերի ընդհանուր թիւը։ Խօսքը, թերեւս, 10ից աւելի բանաձեւերի մասին է․․․ կայ հայկական լոբբիստական խմբի որոշակի ազդեցութիւն» (4) ։ Ակնյայտ է, որ այս վերջին նախադասութեամբ Ալիեւը ուղղակիօրէն ակնարկում է Հայ Դատի Եւրոպայի գրասենեակին։
Հիմա անդրադառնանք Հայ Դատի համակարգի նկատմամբ ատրպէյճանական արդէն մերօրեայ սադրանքներին, որոնք յատկապէս սրուել են այն պայմաններում, երբ Հայ Դատի համաշխարհային ցանցը տարբեր ուղղութիւններով աշխատում է՝ բացայայտելու COP 29ը հերթական քարոզչական գործիքի վերածելու եւ պատերազմական յանցագործութիւններից ինքնամաքրուելու ատրպէյճանական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ սեփական դէմքը փրկելու, մարդու իրաւունքների խնդիրները ծածկադմբոցի ենթարկելու նպատակները։ Միաժամանակ շեշտւում է այն զաւեշտալի իրավիճակը, երբ Պաքուն, հանածոյ վառելիքից կախեալ տնտեսութեամբ ու բնապահպանական խայտառակ պատկերով, իրեն դիրքաւորում է որպէս բնապահպանութիւնը իբրեւ առաջնահերթութիւն դասող երկիր։
Հայ Դատի համակարգի կողմից իրականացուող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել Պաքուում պահուող գերիների, այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան անյապաղ ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթման եւ այլ խնդիրներ, որոնց շուրջ իրականացւում է միջազգային իրազեկութեան բարձրացում։ Այս աշխատանքը, որի արդիւնքների մի մասին ստորեւ կ՛անդրադառնանք, սպառնում է ձախողել կամ նուազագոյնը էական վնաս հասցնել ատրպէյճանական պետական քարոզչամեքենայի եւ անձամբ Ալիեւի կողմից պլանաւորուած (ծրագրուած) այս արշաւին, որի վերջնանպատակը Ատրպէյճանի, որպէս ցեղասպան պետութեան, դիմագծի հնարաւորինս շտկումն է։ Հայ Դատի համակարգի կողմից իրականացուող աշխատանքների արդիւնքում, կարելի է ակնկալել, որ բացի Ատրպէյճանի իրական էութեան միջազգային հանրահռչակումը, էապէս կը մեծանայ COP-29ը բոյկոտող միջազգային իրաւապաշտպան ու բնապահպանական կազմակերպութիւնների եւ առանձին քաղաքական գործիչների, յատկապէս ընտրուած պաշտօնեաների (խորհրդարանականներ, քաղաքապետեր) թիւը, ինչպիսին օրինակ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն է, ով բոյկոտի իր որոշման մասին յայտնել էր ամիսներ առաջ։ Կատարուող լայնածաւալ իրազեկման աշխատանքների արդիւնքում, բացի առկայ եւ նախատեսուող բոյկոտները, Պաքուի ռեժիմը, շուրջ տասնօրեայ խորհրդաժողովի ընթացքում, կարող է բախուել իր համար խիստ անյարմար թեմաների վերաբերեալ հրապարակային հարցադրումների, եւ նոյնիսկ, քաղաքական շեշտադրումների։
Հաշուի առնելով այն փաստը, որ COP 29ը, ՄԱԿի շրջանակում անցկացուող միջոցառում է, իրատեսական չէ ակնկալել մեծ թուով պետութիւններ հանդէս կը գան ամբողջական բոյկոտով։ Իրատեսական ակնկալիքն այս պարագայում աւելի շատ պետութիւնների՝ բարձրագոյն եւ բարձր մակարդակով մասնակցելուց հրաժարուելն է, առանց պետութիւնների ու կառավարութիւնների ղեկավարների, առանցքային նախարարների։
Ամէն դէպքում նոյնիսկ այսօր արդէն իսկ ակնյայտ է, որ այս 29րդ COP-ը նման չի լինելու ՄԱԿի կլիմայի փոփոխութեան նախկին որեւէ խորհրդաժողովի։
Ինչպէս իւրաքանչիւր անյաջողութեան կամ խնդիրների հիմքում, այս անգամ եւս թշնամական պետական քարոզչամեքենան փնտռել ու գտել է հայկական Սփիւռքի հետքը եւ վերջին շրջանում Հայ Դատի համակարգի դէմ, քարոզչական ու ֆինանսական հսկայական միջոցների ներգրաւմամբ, սանձազերծել է ստի ու կեղծիքի հերթական արշաւը, յատկապէս Եւրոպայում եւ Ամերիկայում։
Ամերիկայում այն արտայայտւում է ատրպէյճանցիների պատուէրով շինծու քրէական գործ յարուցելու ձախողուած փորձով, ինչի արդիւնքում փորձում էին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբից կորզել 5 մլն․ տոլարի չափ գումար։ Եւրոպայում ատրպէյճանական քարոչամեքենան վերջին ամիսների ընթացքում շրջանառութեան մէջ է դնում եւ աշխուժօրէն տարածում է Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի գործունէութիւնը եւ նախագահ Գասպար Կարապետեանի անունն ու համբաւը պախարակող երկլեզու ֆիլմ, որտեղ յանձնախմբին ու դրա նախագահին են վերագրւում զաւեշտի հասնող մեղադրանքներ։ Այնուամենայնիւ, անկախ զաւեշտից, նման ֆիլմերն ու քարոզչական բնոյթի այլ նիւթեր, նպատակ ունեն Հայ Դատի յանձնախմբերի համար ստեղծել գործունէութեան դժուարութիւններ։
Վերջին շուրջ տասն օրուայ ընթացքում, ատրպէյճանական մի շարք պետական լրատուականներ Հայ Դատի համակարգի դէմ հակաքարոզչութիւն են անում՝ խեղաթիւրուած ներկայացնելով այն աշխատանքը, որն արւում է խորհրդաժողովին ընդառաջ։ Ատրպէյճանական պետական քարոզչամեքենայի հիմնական խուսափողներից համարուող Caliber գործակալութիւնը, օրինակ, պատրաստել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքը քննադատող ծաւալուն յօդուած եւ ֆիլմ։
Հոկտեմբերի 3ին, «Արմէնպրէս» լրատուական գործակալութիւնը հետեւեալ վերտառութեամբ նիւթ էր հրապարակել՝ «Հայ Դատի Գրասենեակը COP 29ին Ընդառաջ Եւրոպացի Գործիչներին Իրազեկում Է Ատրպէյճանում Բնապահպանական Եւ Մարդու Իրաւունքներին Առնչուող Խնդիրների Մասին» (5)։ Այս նիւթը հրապարակուել էր Երեւանի ժամով, առաւօտեան 10։09ին։ Դրանից ընդամէնը մէկ ժամ յետոյ, ժամը 11։11ին ատրպէյճանական «Մինուալ» լրատուականը հրապարակեց յօդուած՝ «Ապացուցուած Է Հայաստանի Պաշտօնական Մասնակցութիւնը COP29ից Առաջ Զրպարտութեան Քարոզարշաւին (6)», որտեղ ատրպէյճանցի քարոզիչները անդրադարձել են յիշեալ նիւթին՝ մասնաւորապէս նշելով․ «COP29ի նախօրէին հայկական լոբբին շարունակում է Ատրպէյճանի դէմ «սեւ PR» արշաւը։ Համաժողովի նախօրէին ՀՅԴ Հայ Դատի եւրոպական գրասենեակի նախաձեռնութեամբ Եւրախորհրդարանի անդամներ, աւելի քան ութ հարիւր միջազգային կազմակերպութիւններ, համալսարաններ եւ ակադեմական շրջանակներ կը տեղեկացուեն Ատրպէյճանում առկայ խնդիրների մասին՝ կապուած մարդու իրաւունքների եւ շրջակայ միջավայրի հետ»։ Այս յօդուածը նոյնպէս հիմնուած է կեղծիքի վրայ։ Հայ Դատի համակարգում այլեւս ոչ ոք Հայաստանի իշխանութիւններից չի սպասում մեր քաղաքական առաջնահերթութիւնների սպասարկում, այդ թւում COP 29ին ընդառաջ, յատկապէս այն պարագայում, երբ Հայաստանի իշխանութիւնները նոյնիսկ ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել են իրենց մասնակցութիւնը բնապահպանական միջոցառման շղարշով ատրպէյճանական այդ ցուցադրութեան։ Իսկ պետական «Արմէնպրէս» գործակալութեան կողմից յիշեալ յօդուածի հրապարակումը շատ քիչ է պնդելու համար, որ Հայաստանի իշխանութիւնները ներգրաւուած են COP 29ին ընդառաջ Ատրպէյճանի վերաբերեալ միջազգային իրազեկութիւնը բարձրացնելու աշխատանքներին։
Այսպիսով ակնյայտ է, որ ատրպէյճանական քարոզչամեքենան Հայ Դատի համաշխարհային ցանցի նկատմամբ իրականացնում է կեղտոտ հակաքարոզչութիւն՝ փորձելով կաշկանդել վերջինիս գործունէութեան դաշտը։ Այնուամենայնիւ, հայկական Սփիւռքի եւ յատկապէս դրա քաղաքական գործունէութեան հիմնական գործառնողի՝ Հայ Դատի ցանցի դէմ պայքարում ատրպէյճանաթուրքական ուժերը պէտք է լաւ հասկանան, որ ի տարբերութիւն այլ երկրներում իրենց շահերը հետապնդող վարձու լոբբիստական կառոյցների, Հայ Դատի համակարգը զբաղւում է դասական համայնքային լոբբինգով, ինչն այլ պետութիւնների համար անհամեմատ աւելի ընդունելի է, քան վարձու լոբբիստական կառոյցների պահանջներին տուրք տալը։ Որովհետեւ համայնքային լոբբինգի դէպքում պետութիւնները գործ ունեն իրենց քաղաքացիների, նրանց ազգային պահանջմունքների բաւարարման եւ դրանք ժողովրդավարական միջոցներով իրենց պաշտօնեաների ներկայացնելու հետ։ Դրանով է նաեւ պայմանաւորուած, որ չնայած հսկայական ֆինանսական միջոցների գործադրմանը, Հայ Դատի համակարգի դէմ ատրպէյճանական սադրանքները որեւէ շօշափելի արդիւնքի չեն յանգեցրել։ Եւ պատահական չէ, որ գոնէ այսօրուայ դրութեամբ օրինակ Եւրոպայում եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներում լոբբիստական հիմնական թիրախներում՝ Եւրոպական խորհրդարանում ու Ամերիկայի Միացեալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներում ատրպէյճանական լոբբին գլխովին ջախջախուած է եւ չի կարողանում ազդել այդ պալատների քաղաքական դիրքորոշումներին։ Ի դէպ, նոյն իրավիճակն է նաեւ Գանատայի եւ Ֆրանսայի խորհրդարաններում։ Ի հարկէ, առարկայական պատճառներով Եւրոպական միութեան եւ առանձին պետութիւնների գործադիր իշխանութիւններ դրսեւորում են այլ, օրէնսդիր իշխանութեան քաղաքական դիրքորոշումներին անհամապատասխան քաղաքական վարք, բայց դա արդէն քննարկման մէկ այլ թեմա է։
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1.- https://en.armradio.am/2020/05/12/erdogan-lashes-out-at-armenian-greek-lobbies/
2.- https://armenianweekly.com/2020/06/22/after-105-years-the-turkish-president-still-planning-to-cover-up-the-genocide/
3.- Huntington Samuel P., “Who are we”, New York, p. 277։
4.- https://www.aravot.am/2022/07/19/1281006/
5.- https://armenpress.am/hy/article/1201362
6.- https://minval.az/news/124421672
* Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու