Վերստին ամաչելով խոստովանեմ, թէ Երեւանում իմ օրերից շատ բաժինն է մնացել, հիմնականում բանւորութեան կողմից զբաղեցուած տրամվայների չոր նստելատեղերին, որոնց ոչ միայն կարօտում եմ, այլեւ պարտական եմ մնում, երբ անընդհատ զնգրտոց դնելով արթուն վիճակի էր մղում, որ միայն ու միայն հոգանք՝ մեծ ժամանակից ինձ ու իմ պէսներին տրուած այդ մի փշուր ազատ ժամանակը զուր չվատնել եւ օրաթերթերի էջերի վրայից հէնց այնպէս չանցնել…
Ընթերցող էի… էինք… եւ մեր ընթերցանութեան ժամանակն, իրօք գտնւում էր տրամվայներում։ Եւ, ազնիւ խօսք, ծերացել եմ եւ ազատ ժամանակս պէտք է որ շատ լինէր, բայց տեղի է ունեցել ընդհակառակը, երբ աչք բացելուց ի վեր ուզելով եմ մօտենում համակարգչին, բարեւում եւ հէնց կրակն ընկնում…
Ի հարկէ, այս կրակի մէջ, թէ անգամ այրուեմ, չեմ ափսոսայ, երբ ի վերջոյ մեծ ժամանակից պատառներ գողացողիս ցանկութիւնը յաջողութեամբ չէր պսակւում, որ երազանքս ի կատար՝ ընթերցողին նուիրելու բան ունենամ։ Ոչ էլ գիտէի, թէ սպասելի ծերանալուց յետոյ երկարատեւ ազատ ժամանակի տէր եմ լինելու եւ ինձ տանելու ընթերցողի մօտ…
Ասել է, թէ ինձ համար շատ սովորական 12 աշխատանքային ժամերս վեց ժամով աւելացել են։ Դեռ լաւ է, որ մեծութեան պարգեւ՝ քնելու պահանջս է քչացել, բայց արի ու տես, որ ստիպուած եմ քիչ ընթերցել։ Լաւ չէ, բայց այլ կերպ չի լինի, երբ համակարգչի հետ, այն էլ 70 տարեկանում բարեկամանալուց ի վեր՝ կարծես ի զօրու է նաեւ մարդու նման՝ ականջս պինդ չձգելով իսկ՝ հարկադրել, տանել իր մօտ ու պահել 18 ժամուայ մէջ երկու անգամ ինչ-որ բան լմլմացնեմ եւ թէյի օգնութեամբ ճամբեմ ստամոքս ու անցնեմ իմ բանին, հիմնականին…
Եւ էլ վերջ։ Դեռ լաւ է, որ 50 տարուայ ծխողս արդէն 15 տարի է, որ չեմ ծխում եւ այդ առումով էլ ժամանակի կորուստ չի գրանցւում…
Ահա, այսպիսին է բանը եւ իմ մէջ ապրող ընթերցողից թողութիւն եմ հայցում, որ միայն առաջին անգամ գիրք հրատարակող հեղինակից նուէր ստանալիս, արդէն չեմ կարող նրա սպասողական վիճակի մատնուած լինելը չտեսնելու տալ ու անմիջապէս չընթերցել…
Անշուշտ, լաւ էլ հասկանում եմ, որ սոսկ ծառայութիւն չեմ մատուցել, երբ հոգեպէս բաւականութիւն ապրելը նոյնպէս ապրեցնող երեւոյթ է։ Յանուն որի եւ հիմնականում՝ մեր «Ասպարէզ» թերթն ինձ համար գտածուրիկ առիթներ է շնորհում…
Ի հարկէ, թոռներս գիտեն, որ օրուայ թերթերը սիրով եմ կարդում եւ իրենցից մէկն ու մէկը նոյնպէս սիրով է աշխատասենեակ բերում։ Եւ ոչ մի անգամ ասած չկամ, թէ մի կողմ դրէք, քիչ յետոյ կ’ընթերցեմ…
Մեր թերթը…
Հաւաստի լուրեր լինեն, թէ այս կամ այն հարցազրոյցները, առողջապահական խտացուած ասելիքները, անգամ մանկական էջից մանուկների թոթովանքներն են կանչում…
Ու չեմ ասում, թէ ուշացած ճամբորդ լինելու մեղքով եմ մանրապատումներով հանդէս գալիս եւ առջեւում, ինչ իմանամ, թէ էլի որքա՞ն ժամանակ ունեմ։ Թէեւ կարծում եմ, որ քանի դեռ իմ ու մեր գիւղի արտերի հնձումն անելը չեմ աւարտել՝ լինելու եմ…
Եւ լինելով հանդերձ՝ վերստին «Ասպարէզ»ի նուէր՝ «ԿԱՆԹԵՂ»ին սպասելն էլ կայ։ Ազնիւ խօսք, ընթերցումից ծնուած յափշտակուածութիւնը դառնում է այն գրաւականը, որ չէի ասի, թէ սեփական բան ու գործս թողած ուրիշներին եմ ծառայում։ Եղա՞ւ։ Անշուշտ չեղաւ։ Երբ ամէն անգամ անդրադառնալիս, ոչ թէ իշխում է ձգտումը՝ մեր թերթում տպագրուած լինել եւ ի հարկէ ո՞վ չի ուզի, որ մէկն էլ ես չուզեմ, բայց այդուհանդերձ, օրաթերթն ստանալ եւ «Կանթեղ»ից ի կախ՝ թանկարժէք խօսքերի բանահաւաքն անելը նոյնպէս ինձ տանում է ընթերցողի դուռը…
Եւ ճիշդն ասած այսքան երկար խօսած չկայի, երբ այն էլ, որ նոր պէտք է ասեմ, թէ.
Հոկտեմբեր 20 2007 համարի 11-15 էջերում տպագրուած Ալիծ Ճէպէճեան-Աղպապեանի խօսք-զրոյցն է ե՛ւ իր, ե՛ւ ընթերցողների հետ… եւ ընդամէնը հինգ էջ է, հնարաւոր է սովորական մի քսան գրքային էջ էլ կազմի, բայց արի ու տես, որ այդքան քիչ տարածք-շրջանակում, թւում է թէ ստուարածաւալ վէպ է եւ որում՝ անցեալի ու ներկայի հիւսումն է անում, մեզանից խլուած տուն ու տեղի հետքեր որոնում, գտնում…
Զարմանալի է մարդը, բայց ամէնից շատ՝ Հայը…
Միշտ կորցնող, բայց անպայման վերստին գտնող Հայը…
Մեռցնել ուզողներին ընդդէմ՝ ապրող-շարունակուող Հայը…
Ինչպէս նաեւ՝ յափշտակուածը ետ առնելու անկոտրում կամք սնող Հայը…
Համոզիչ է հեղինակի խօսքը։ Եւ կուռ խօսքից, թէ բերդ-կառոյցի ամէն մի քարից մի-մի վառման մոմեր է կախում, որ Հայի ճամբի լոյսը չպակասի…
Այս խօսք-զրոյցն եմ կարդում եւ ի հարկէ աւարտին չհասած գլխի չէի ընկնում, թէ ստեղծագործութիւնը գրական տեսակներից ո՞ր մէկին է նման։ Եւ առաջանալիս՝ հետզհետէ պարզուեց, որ տեսակների բաղդատումն անելու անհրաժեշտութիւն չի զգացւում, երբ պարզապէս զուլալ զրոյց է, վերն ասացի, իր եւ ընթերցողի հետ։ Անշուշտ, բուն ասելիքն է կարեւորը, բայց ոչ երբեք՝ ձեւն ու ոճը։ Թէեւ հեղինակի ոճը ընդօրինակումներից հեռու մնալով է դառնում ընդունելի։
«Կը գրէր այբուբենը ու կ’ըսէր.
ով որ ծայրն Ձա-ին
ծակն Ծա-ին
նմանցնէ իմ գրածին,
նա իմ տեսոյն արժանի կ’ըլլայ
եւ կու լինի փեսայ Ալծին»։
Եւ այսօրինակ պարզութեան մէջ՝ էլ ի՞նչ տեսակ ու ձեւ որոնել, երբ ասելիքը խորախորհուրդ պատանեկութիւնից՝ մեծահասակութեան ճամբանկարն անելով է հեղինակը համարձակուել թուրքից չվախենալ, թէեւ առկայ է, բայց յաղթահարելով է այցելում Արեւմտեան Հայաստանի գիւղ ու քաղաքներ, վանքեր ու բերդեր… եւ ամէնուր, որքան էլ բարբարոսի ձեռքը փորձել է քանդել, աւերել ու հետքեր ջնջել, սակայն անյաղթահարելին է շատ…
«Կիլիկիոյ լեռներուն ու հովիտների մէջ…»:
Եւ ոչ միայն ասածիս պէս միայն ինքն է կարօտներ հաւաքում, լցնում փէշը կամ հէնց ծոցը, լացում, երբեմն էլ ծիծաղում եւ վարակիչ է ականատես հեղինակի ազնուութիւնը…
Արեւմտեան Հայաստա՜ն…
Մերն է եղել…
Ու այս օրերին տակաւին մերը չէ՜…
Սակայն մերը՝ ետ առնող Հայն է բացելու լուռ կտրած ջրաղացաքարերի լեզուն…
«Հասանպէյլի գիւղին հին ջաղացքը…
Չաղացքին հուժկու երկանաքարերը
լուռ են հիմա…»։
Ինչպէս որ՝ իր ու իրենների լացին ի տես թրքուհիները՝ ինչնինչոց լինելը չգիտեն…
«Քանի ոչինչ գիտեն
իրենց եւ մեր միջեւ
կանգնած է տգիտութեան պատ մը…»։
«Էլէքթրոնիք արագութեամբ
կ’անցնին կ’երթա՜ն
ապրիմ-մեռնիմի,
ապրիմ-մեռնիմի՞,
չէ-չէ,
ապրի՛մ-ապրիմի…
գոյութեան այս կատակերգութեան մէջէն»…
Ինչ-որ բաներ չի յօրինում առանձնայատուկ անուանատէր՝ Ալիծ-ուղեւորը։ Ճիշդ կը լինի ասել, որ Ալիծի սիրտն է իւրայինների սրտերի հետ խօսում՝ բացայայտում՝ Հայի «ապրիմ-ապրի՛մի» իմաստնութիւնը…
«Պատմական Հայաստանի
տուներու,
կոթողներու,
պարիսպներու,
աղբիւրներու,
քարի կտորներու…»։
Անհատնում են հաւաքելի կարօտները, բայց Ալիծ Ճէպէճեան-Աղպապեանն ինքն է ու իր հետ է ընթերցողը, մէկտեղ են կարօտի սով կրելով Արեւմտեան Պատմական Հայաստանի հողի երեսին նորովի «ապրիմ-ապրիմի» սերմեր ցանում ու պատգամում՝ նախապատրաստ լինել, որ օրը գայ ու բարին հետը՝ անցնեն հնձելու…
Եւ արդ, խօսքս աւարտել չուզենալով եմ կառչում հեղինակի «ապրի՜մ-ապրիմ»ից եւ բովանդակ Հայութեան ապրել-յաղթելը ցանկանալով խօսքս աւարտում, ասում.
… Բարին ընդ ձեզ…
… Բարին ընդ ձեզ…