
«Դրօշակի» այս տարուայ 10րդ համարը ընթերցողի տրամադրութեան տակ է: Հետեւելով տագնապայարոյց ժամանակի հեւքին պաշտօնաթերթի հերթական համարի առանցքում եւս հանրութեանը յուզող ճակատագրական հարցերի քննութիւնն է: Ազգային խնդիրների շարքից պէտք է համարել վերլուծաբան Սարգիս Սարգսեանի ծաւալուն յօդուածը 44օրեայ պատերազմում հայկական եւ ադրբեջանական կողմերի կիրառած զէնքի, պատերազմի այլ մանրամասների եւ դասերի վերաբերեալ: Յիշեցնենք որ երկու երկրների ինչպէս եւ միջազգային տեղեկատուական-վերլուծական կենտրոնների ներկայացրած տուեալների հիման վրայ կատարուած ուսումնասիրութեան առաջին մասը հրապարակուել էր «Դրօշակի» նախորդ համարում:
Արեւելագէտ Լիանա Պետրոսեանը վերլուծութիւն է ներկայացրել այն մասին, թէ Ադրբեջանի հասարակութիւնը ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքուելիք, այսպէս կոչուած, «Խաղաղութեան պայմանագրի» նկատմամբ:
Արեւելագէտ Նարէ Գէորգեանը անդրադարձել է Իրան-Իսրայէլ յարաբերութիւններում առկայ վերջին սուր զարգացումներին:
Մի քանի օրից Ամերիկայում տեղի կ՛ունենան նախագահական ընտրութիւններ: Սուր մրցակցութիւն վարող երկու թեկնածուներից որ մէկի յաղթանակի դէպքում ամերիկեան քաղաքականութիւնը ինչպիսի ընթացք կ՛ունենայ եւ փոփոխութիւններ կը կրի տարբեր, այդ թւում Հայաստանի նկատմամբ որդեգրուած քաղաքականութեան առումով: Այս հարցերի քննութեանն է նուիրուած հերթական վերլուծութիւնը, որը «Դրօշակի» համար պատրաստել է Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը:
Համարում ներկայացուած ընդարձակ նիւթերից է նաեւ պատմական գիտութիւնների դոկտոր Խաչատուր Ստեփանեանի ուսումնասիրութիւնը նուիրուած Բուլղարիայում Դաշնակցութեան գործունէութեանը՝ կազմակերպական այդ կառոյցի ձեւաւորման շրջանից սկսած:
Անշուշտ այսքանով չի աւարտւում ՀՅԴ պաշտօնաթերթի հերթական համարի հրապարակումների ցանկը, կարծում ենք, որ ընթերցողն այնտեղ կը գտնի հետաքրքրող այլ նիւթեր եւս: