Միջազգային հանրութեան համբերութիւնը հատել է։ ԱՄՆ պետական բաժանմունքը խոր անհանգստութիւն յայտնեց «Ազատլիկ» թերթի խմբագիր Հանիմաթ Զահիտովի ձերբակալման առնչութեամբ։
Ինչպէս նշեց պետական բաժանմունքի մամլոյ քարտուղար Շոն ՄաքՔորմաքը, վերջին ամիսներին Ատրպէյճանում տեղի են ունենում լրագրողներին ծեծի ենթարկելու եւ դատարանների կողմից նրանց յերիւրանքի մեղադրանքով դատարպարտելու բազմաթիւ փաստեր։ Այդ կապակցութեամբ ԱՄՆը խորապէս մտահոգուած է Նոյեմբերի 11ին «Ազատլիկ» թերթի խմբագիր Հ. Զահիտովի ձերբակալութեամբ, որը մշտապէս քննադատում էր Ատրպէյճանի կառավարութեանն ու իշխանութիւններին, ասաց նա։
ՄաքՔորմաքը յիշեցրեց, որ Հոկտեմբերի 30ին ահաբեկչութեան մեղադրանքով ութուկէս տարուայ բանտարկութեան դատապարտուեց «Իրական Ատրպէյճան» թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը։ «Այդ իրադարձութիւնները վկայում են ազատ եւ ընդդիմադիր մամուլի վրայ ճնշման անհանգստացնող ու լաւ մտածուած միտումի մասին։
«Ազատ մամուլը եւ քաղաքացիական հասարակութիւնը ցանկացած ժողովրդավարութեան արմատական տարրերն են եւ անհրաժեշտ են մարդու հիմնարար իրաւունքների պաշտպանութեան համար։
«Մենք վճռականօրէն կոչ ենք անում Ատրպէյճանի կառավարութեանը՝ պահպանել իր իսկ պարտականութիւնները խօսքի ազատութեան եւ օրէնքի գերակայութեան յարգման հարցում եւ պաշտպանել անկախ ԶԼՄների զարգացումը Ատրպէյճանում», ասւում է պետական բաժանմունքի ներկայացուցչի յայտարարութիւնում։
Լրագրողների պաշտպանութեան կոմիտէի գործադիր տնօրէն Ճոէլ Սայմընը նշեց, որ «վերջին ամիսներին Ատրպէյճանում ձերբակալուել է եւս երեք լրագրող, եւ Հանիմաթ Զահիտովը իններորդն է։ Դատապարտուած լրագրողների թուով Ատրպէյճանը խայտառակաբար շարունակում է առաջատար լինել Եւրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում»։
Կանգ չառնելով ձերբակալութիւնների ու մեղադրանքների մանրամասների վրայ, որոնցով դատապարտւում են ատրպէյճանցի լրագրողները, նշենք, որ պաքուեցի մեկնաբանները անկախ ԶԼՄների դէմ յաճախակիացած դատավարութիւնները համարում են մօտեցող նախընտրական արշաւի նշաններ. եկող տարուայ աշնանը Ատրպէյճանում պէտք է տեղի ունենան նախագահական ընտրութիւններ։
Խաղաղութեան եւ ժողովրդավարութեան հիմնարկի տնօրէն Լէյլա Եունուսը կարծում է, որ Ատրպէյճանի ղեկավարութիւնը չի արձագանգի ո՛չ քաղաքացիական հասարակութեան զայրոյթին հանրապետութեան ներսում, ո՛չ միջազգային ժողովրդավարական հանրութեան խիստ յայտարարութիւններին՝ շարունակելով իրաւունքների եւ ազատութիւնների ճնշումը հանրապետութիւնում։ «Նախ,- նշեց նա,- յառաջիկայ տարիներին Ատրպէյճանը հսկայական գումարներ կը ստանայ քարիւղի վաճառքից։
«Ատրպէյճանը տնտեսապէս անխոցելի է եւ չի զգում միջազգային ելեւմտական հիմնարկների դրամական աջակցութեան կարիքը, ինչպէս, օրինակ՝ աղքատ Վրաստանը»։ Երկրորդ՝ Եւրոմիութեան երկրները շահագրգիռ են ատրպեճանական (ռուսականին այլընտրանքային) ուժանիւթի աղբիւրներով, երրորդ՝ շարունակում է հնարաւոր մնալ Ատրպէյճանի օգտագործումը Իրանի դէմ դեռեւս հաւանական ռազմական գործողութեան մէջ։
«Ճնշման լծակները երկրի ղեկավարութեան վրայ, որը ամրապնդում է ոստիկանական վարչակարգը, սահմանափակ են։ Գիտակցելով իրենց համար յաջող դասաւորուած հանգամանքները՝ իշխանութիւնները տրամադրուած ժամանակն օգտագործում են ցանկացած այլախոհութիւն ոչնչացնելու, բռնապետական վերահսկողութիւն հաստատելու համար», համարում է Լ. Եունուսը՝ գրում է «Զերքալօ» թերթը։ Նրա կարծիքով՝ ընդդիմացող ընտրազանգուածը, որի վրայ աւանդաբար յենուել է ընդդիմութիւնը, բարոյալքուել է երկար տարիների քաղաքական բռնարարքներից։
Իսկ թոյլ քաղաքացիական հասարակութիւնը մանրանում է հետեւողականօրէն ստեղծուող կառավարամէտ ոչ կառավարական կազմակերպութիւններով (NGO)։ «2008թ. նախագահի ընտրութիւնը տեղի կ’ունենայ ոչ թէ ընդդիմութեան, այլ այլախոհութեան ճնշ-ման մթնոլորտում։ Ստեղծուած իրավիճակում աճում է ծայրայեղականութեան ընկերային հողը, դրւում է հետագայ ապակայունութեան ու բռնութեան հիմքը», եզրակացնում է Լ. Եունուսը։
Հետաքրքիր է, որ յառաջիկայ ընտրութիւնների նախաշեմին, ոմանք դիտարկում են նաեւ մեծ աշխուժութիւն, որը դրսեւորւում է ատրպեճանական իշխանութիւնների կողմից ահաբեկչութեան դէմ պայքարի գործում։ Անցած հանգստեան օրերին Պաքւում յայտարարուեց զինուած ուահապականների խմբի կալանման մասին, որոնք, ըստ տեղեկատուութեան, ծրագրել էին ահաբեկչութիւններ իրականացնել ԱՄՆի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներում, ինչպէս նաեւ մարդկանց զանգուածային կուտակման վայրերում։
Ատրպէյճանի ներքին գործերի նախարարութիւնը պնդում է, թէ չկայացած ահաբեկչութիւնների կազմակերպիչը «Քայիտա»ն եւ Ատրպէյճանում Ուսամա պըն Լատէնի ներկայացուցիչն է՝ Ապու Ճաաֆար մականունով։ Այնինչ, ԱՄՆ պետական բաժանմունքը, ինչպէս նշում են դիտորդները, դեռեւս ձեռնպահ է մնում այդ մասին մեկնաբանութիւններից եւ չի շտապում երախտագիտութիւն յայտնել Ատրպէյճանին յաջող իրականացրած հակաահաբեկչական գործողութեան համար։
(*) «Երկիր» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան: