
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսի շուրջ 500 հայ աշակերտներ Նոյեմբերի 13ին քայլարշաւով միացան Ադրբեջանում անցկացուող ՄԱԿի Կլիմայի փոփոխութեան գագաթնաժողովի (COP 29) դէմ աշխարհում ընթացող բողոքի համահայկական ցոյցերին: Ֆերահեան, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս, Մեսրոպեան եւ ՀԲԸՄի Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների սաների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ քայլարշաւ Էնսինոյի Սրբոց Նահատակաց Հայ Առաքելական եկեղեցուց դէպի Վեն Նայսի Սուրբ Պետրոս Հայ առաքելական եկեղեցի:
Աշակերտների պահանջն էր՝ ազատ արձակել Բաքուի բանտերում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիներին, այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը, ինչպէս նաեւ, կոչ էր ուղղուած ԱՄՆ կառավարութեանն ու միջազգային կազմակերպութիւններին` դատապարտելու Ադրբեջանի կառավարող վարչակազմի կողմից Արցախում էթնիկ հայերի նկատմամբ մարդու իրաւունքների խախտումներն ու պահանջել իրենց պապենական տներից բռնի տեղահանուած 120,000 հայերի վերադարձի իրաւունքի կիրառում:
Էնսինոյի Սրբոց Նահատակաց Հայ առաքելական եկեղեցում, աշակերտներին իր օրհնութիւնն ու պատգամը փոխանցեց Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանը: «Այսօրուայ հաւաքը մի քանի ուղերձ ունի, եւ առաջինն այն մասին է, թէ ով էք դուք, եւ դուք հայ ժողովրդի նոր սերունդներն էք Միացեալ Նահանգներում: Երկրորդը` ազգային իրաւունքի հարցն է, եւ դուք էք իրաւատէրն հայ ազգային հարցերի, եւ երրորդ, իրաւունքի տէր լինելն ենթադրում է պահանջատիրութիւն: Մեր ամբողջ այս պայքարը` Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից, Հայ Դատի հարցերից, մինչեւ Հայաստանի եւ Արցախի համար պայքարը` մեր իրաւունքների հարցն է, որ իրականացրել են հայի սերունդները, եւ այժմ դուք պէտք է շարունակէք այդ պայքարը: Այսօր պահանջում էք բանտարկեալների ազատագրումը, եւ քանի պահանջատէր էք, բարձրաձայնում էք` ազատագրումը տեղի կ՛ունենայ», նշեց Գեղամ արք. Խաչերեանը:
Սրբազանի ուղերձը լսելուց յետոյ, աշակերտները, իրենց վարժարանների տնօրէնների եւ ուսուցիչների, հոգեւոր հայրերի հետ միասին, «Ազատէ՛ք մեր ռազմագերիներին», «Ջարդէ՛ք կապանքները» եւ օրուայ խորհրդին համահունչ այլ վերտառութեամբ պաստառներով սկսեցին իրազեկման քայլարշաւը Լոս Անջելեսի փողոցներով: Երթն աւարտուեց Վեն Նայսի Սուրբ Պետրոս Հայ առաքելական եկեղեցում, որտեղ աշակերտներին դիմաւորեց Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը: «Ձեր ներկայութիւնն այսօր մեր համայնական կեանքում պատգամ է եւ աղօթք ի սէր մեր գերիների, ովքեր պատերազմի պատճառով առ այսօր անարդարօրէն գտնւում են Բաքուի բանտերում: Ցաւ կայ բնական է, ե՛ւ իրենց, ե՛ւ նրանց ընտանիքների, բարեկամների, ու մեր հոգիներում, բայց ցաւի հետ միասին կայ նաեւ պայքարի հոգի, կամքի տոկունութիւն, յարատեւութեան տեսիլք: Կասկած մի ունեցէք սիրելի աշակերտներ, որ ձեր աղօթքի ձայնը կը հասնի մինչեւ Բաքուի բանտերում տառապող մեր գերիների սրտին, եւ նրանք պիտի մխիթարուեն լսելով մեր քայլարշաւի մասին, յուսադրուեն, որ մոռացուած չեն, եւ իրենց տեսիլքը կ՛ապրի ձեր հոգիներում: Խոնարհւում ենք ձեր բացառիկ որոշման եւ այս յանձնառութեան առաջ, եւ ձեր մէջ ենք գտնում յոյսը, նոր կեանքի շունչը եւ յարութեան ոգին», նշեց Յովնան արք. Տէրտէրեանը` աշակերտների հետ միասին, Տէրունական աղօթքով եւ Հայաստանի օրհներգով ամփոփելով նախաձեռնութիւնը:
Ելոյթներով հանդէս եկան նաեւ Լոս Անջելեսի քաղխորհրդի նորընտիր անդամ Ադրին Նազարեանը` կարեւորելով, որ նախաձեռնութիւնը պատկանում է երիտասարդներին: Իրենց նախաձեռնութեան նպատակների մասին խօսեցին նաեւ չորս վարժարանների սաները` ներկայացնելով իրենց բողոքն ու պահանջը: «Կոչ ենք անում Միացեալ Նահանգների օրէնսդիրներին եւ միջազգային կազմակերպութիւններին պատասխանատուութեան կանչել Ադրբեջանին մարդկութեան դէմ գործած յանցանքների համար: Սա միայն քաղաքական եւ պատմական հարց չէ` այլ մարդկային կեանքերի մասին է խօսքը», նշեցին ամերիկահայ համայնքի ձայնը ներկայացնող երիտասարդները: Նրանք մտահոգութիւն յայտնեցին, որ COP 29 գագաթաժողովը, որ տեսականօրէն, պէտք է կենտրոնանայ մաքուր եւ վերականգնուող ուժանիւթի հարցերի վրայ, Բաքուն է ընտրել որպէս միջոցառման անցկացման վայր` հանածոյ վառելիքից մեծապէս կախում ունեցող մի երկիր, որ իրականացրել է հարիւր հազարաւոր բնիկ հայերի բռնի տեղահանում, մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարումներ, եւ բանտերում անօրինական կերպով պահում է գերիներ:
Հայ երիտասարդների ձեռնարկը Լոս Անջելեսում տպաւորիչ եւ հուժկու ազդակ էր առ այն, որ նոր սերունդը ստանձնել եւ պատուով է կրում ազգային հարցերում իրենց փոխանցուած պատասխանատուութիւնը: