

Բարիատրիկ վիրաբուժութիւնը (ճարպակալման վիրաբուժութիւն) ստամոքս-աղիքային ուղու կամ մարսողական ուղու վիրահատական փոփոխութիւնն է, որի արդիւնքում փոփոխւում է ընդունած եւ մարսուած սննդի ծաւալը: Կայ բարիատրիկ վիրահատութիւնների մի քանի տարբերակ, որը կատարւում է հիւանդի եւ վիրաբոյժի ընտրութեամբ: Քաշի նուազման վիրահատութիւնը, բացի գեղագիտական բնոյթից, ունի նաեւ առողջութիւնը վերականգնելու միտումներ: Շատերը քաշի նուազեցման բոլոր ոչ վիրաբուժական մեթոդների անօգուտ փորձերից յետոյ որոշում են դիմել այս վիրահատութեանը: Սովորաբար վիրաբոյժը հնարաւոր է համարում այս բարիատրիկ վիրահատութիւնը, եթէ հիւանդի մարմնի զանգուածի ցուցիչը գերազանցում է 40ը: Վիրահատութեանը դիմելը հնարաւոր է, եթէ հիւանդն աւելորդ քաշի հետ ունի առողջական բարդութիւններ (օրինակ՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, քնի օբստրուկտիւ ապնոյ, շնչառական խնդիրներ):
Վիրաբուժական միջամտութեանը դիմելիս, հիւանդը պէտք է լաւ տեղեկացուած լինի վիրահատութեանից. շատ վիրաբուժներ պահանջում են, որ նախքան վիրահատութիւնը, հիւանդը հոգեբանի հետ խորհրդակցի: Օրինակ, ստամոքսի կտրուածքի տարբերակում հեռացւում է ստամոքսի մեծ կորութեան հատուածը: Արդիւնքում՝ մարդն ունենում է բանանի չափ ստամոքս՝ 200 միլիլիտր ծաւալով: Ընդունելով այդ ծաւալի սնունդ, մարդը յագենում է, եւ քաղցի զգացողութիւն գրեթէ չի ունենում: Վիրահատութիւնը կատարւում է լաբարոսկոպ եղանակով:
Վիրահատութիւնը տեւում է 2-3 ժամ եւ հիւանդը կարող է յաջորդ օրը տուն գնալ:
Վիրահատութեան առաջին 10 օրերի ընթացքում պէտք է խստօրէն պահպանել բժշկի ցուցումները եւ օգտագործել՝ կեֆիր, մածուն, արգանակ, հիւթեր: Այնուհետեւ անհրաժեշտ է 15ից 20 օր սնուել միայն խառնիչով հարուած սննդամթերքով:
Բարիատրիկ վիրահատութիւնից յետոյ ոչ միայն կարելի է, այլ նաեւ ցանկալի է մարզուել, քանի որ ֆիզիկական ակտիւութիւնը (աշխուժութիւնը) նպաստում է վիրահատութիւնից յետոյ քաշի առաւել արդիւնաւէտ նուազեցմանը: Մարզումները կարելի է սկսել վիրահատութիւնից նուազագոյնը 1 ամիս անց:
Բարիատրիկ վիրահատութիւնից յետոյ հիւանդների մօտ 20 տոկոսը քաշի զգալի կորստից յետոյ պլաստիկ վիրահատութեան կարիք են ունենում` կախուած եւ թուլացած մաշկի պատճառով: Խորհուրդ է տրւում գեղագիտական վիրահատութիւններ կատարել բարիատրիկ վիրահատութիւնից նուազագոյնը մէկ տարի անց միայն:
Առողջ եղէ՛ք: