

Թատրոնն ունի կախարդական ուժ՝ մանուկներին տեղափոխելու հեքիաթային աշխարհ, զարգացնելու նրանց երեւակայութիւնը եւ ստեղծարար մտածողութիւնը: Glendale Theatre Group-ը, շնորհիւ իր արհեստավարժ անդամներին եւ բարձրակարգ ներկայացումների, այդ կախարդանքը հասանելի է դարձնում նաեւ Կալիֆորնիայի հայ մանուկներին՝ մայրենիով:
Նոյեմբերի 23ին, Կալիֆորնիայի հայ մանուկները վայելեցին թատերախմբին «Երեք Խոզուկները» դասական հեքիաթի հիման վրայ ստեղծուած տիկնիկային ներկայացումը:
Ներկայացման բեմադրող Գոհար Կարապետեանը ստեղծել էր գունագեղ եւ երեւակայական աշխարհ, որտեղ կենդանանում էին սիրուած հեքիաթի հերոսները: Դերասանների վարպետ խաղը եւ երաժշտական գեղեցիկ ձեւաւորումը ներկայացումը դարձրել էին իսկական տօն՝ փոքրիկների համար:
Glendale Theatre Group-ի համահիմնադիրներ Գրիգորի Յակոբեանը եւ Գոհար Կարապետեանը տարիներ շարունակ նուիրուածութեամբ աշխատում են՝ ստեղծելով բարձրորակ մանկական ներկայացումներ: Նրանց նպատակն է վաղ տարիքից երեխաների մէջ սէր արթնացնել թատրոնի եւ մայրենի լեզուի հանդէպ։ Յատկապէս կարեւոր է նման նախաձեռնութիւնների իրականացումը օտար երկրում ապրող հայ երեխաների համար, ինչը հնարաւորութիւն է տալիս նրանց պահպանել մշակութային ինքնութիւնը եւ կապը հայրենիքի հետ:
«Երեք Խոզուկները» ներկայացման յաջողութիւնը վկայում է, որ Glendale Theatre Group-ը շարունակում է ուրախացնել մեր փոքրիկներին՝ թատրոնի միջոցով զարգացնելով նրանց հորիզոնները: Ուրախալի է նաեւ այն փաստը, որ նման ներկայացումները կը դառնան շարունակական եւ աւելի շատ հայ երեխաներ հնարաւորութիւն կ՛ունենան դրանցից օգտուելու:
Յաջորդ ներկայացումը նախատեսուած է Դեկտեմբերի 21ին՝ ժամը 1ին եւ 4ին։ Ներկայացումների ժամանակացոյցը կարող էք տեսնել Glendale Theatre Group-ի «ֆէյսբուք»ի եւ »Ինստագրամ»ի էջերում։
Սպասւում են նոր ու գունեղ այլ ներկայացումներ։
(Թղթակցութիւնը՝ թատերախումբէն)