

Մարմինն ամենատարբեր միջոցներով ահազանգում է իր ներսում առկայ խնդիրների մասին: Անհրաժեշտ է ուշադիր լինել եւ ախտանշանները տարբերակելու դէպքում, կարելի է կանխել զարգացող հիւանդութիւնը: Բժիշկների անհանգստութիւնն է, երբ հիւանդները ժամանակին չեն դիմում մասնագէտի: Մեր նպատակն է յուշել ձեզ` ուշադիր լինել ինքներդ ձեր նկատմամբ:
Սրտի «քրոնիկ կորոնար» հիւանդութիւնը ամենավտանգաւոր սիրտ-անօթային հիւանդութիւններից է, որն ունի մահացութեան բարձր մակարդակ: Հիւանդութիւնը առաջանում է սրտի այս կամ այն հատուածի արիւնամատակարարման մշտական բացակայութեան պատճառով: Դա տեղի է ունենում գլխաւոր զարկերակների պատերին աթերօսկլերոտիկ թիթեղների նստուածքների պատճառով: Քանի որ անօթները նեղանում են, արեան հոսքը դէպի սիրտ նուազում է։ Արդիւնքում սիրտը, որպէսզի ապահովի թթուածնի պատշաճ մատակարարումը, սկսում է աւելի ուժեղ աշխատել, մեծանում է սրտի մկանների ծանրաբեռնուածութիւնը, ինչը կարող է յանգեցնել սրտի մկանների ընդլայնման։ Այս վիճակը յղի է յանկարծակի առիթմիայի, զարկերակների խցանման եւ սրտամկանի սուր ինֆարկտի զարգացմամբ։
Հիւանդութիւնը առաջանում է բազմաթիւ, այդ թւում՝ մարդու հսկողութեան տակ գտնուող գործօնների պատճառով. ծխելը, ալկոհոլ (ոգելից ըմպելի) խմելը, աւելորդ քաշը, աղի աւելցուկը, ցածր ֆիզիկական ակտիւութիւնը (աշխուժութիւնը): Հիւանդութիւնը կարելի է կանխել, եթէ գիտակցաբար վերահսկէք թուարկուած բոլոր գործօնները:
Սրտի կաթուածի հնարաւոր նշաններից է՝ ծնօտնի ցաւը, որը տարածւում է պարանոցի վերեւում եւ դէպի ձախ թեւը: Բժիշկները յորդորում են չյապաղել այցելել սրտաբանին, եթէ ցաւը երկար ժամանակ չի անհետանում եւ ուղեկցւում է սրտխառնոցով ու կրծքավանդակի շրջանում ուժեղ անհանգստութեամբ։
Նա նաեւ խորհուրդ է տուել չանտեսել յաճախակի գլխապտոյտը, գլխացաւերը, որոնք «հարուածում» են ճակատին եւ աչքերին: Այս ախտանիշները կարող են առաջանալ, երբ արեան ճնշումը չափազանց բարձր է: Ոչ մի դէպքում չպէտք է անտեսել դրանք, քանի որ հիպերտոնիան (գերճնշումը) կարող է կաթուած հրահրել: Որպէս մէկ այլ ախտանիշ է սրտխառնոցն ու ախորժակի կորուստը։
Պէտք է ուշադրութիւն դարձնել սրունքների ցաւին, որը յաճախ ուղեկցւում է այտուցով: Նաեւ նմանատիպ ախտանիշներ են յայտնւում, եթէ սիրտը չի կարողանում յաղթահարել ծանրաբեռնուածութիւնը եւ չի ապահովում վերջոյթների բնական արիւնամատակարարումը։
Եթէ կրծքավանդակում առաջանում են սեղմման, այրման զգացողութիւններ, որոնք կարող են ուղեկցուել սառը քրտինքով, գլխապտոյտով, թուլութեամբ` խորհուրդ է տւում նիտրոգլիցերին օգտագործել եւ անյապաղ շտապ օգնութիւն կանչել:
Յիշէք սա եւ եղէք առողջ: