
«1994 թուականից ի վեր, այսինքն հրադադարից յետոյ, մեկնարկի պահից` բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։ «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ այս հաստատումը կատարած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան` շեշտելով, որ ուրիշ որեւէ բովանդակութիւն բանակցային գործընթացը չէ ծաւալած: «Ուրիշ բովանդակութեան մասին խօսոյթները Հայաստանի Հանրապետութիւնում ներդրուել են բացառապէս ներքաղաքական խնդիրներ լուծելու համար», կ՛ըսէ Փաշինեան՝ աւելցնելով. «Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018ին բանակցային բովանդակութեանը ծանօթանալով, վերը նշուածը չեմ խոստովանել ինքս ինձ (ձեզ յայտնի մոդելի հայրենասիրութիւնս թոյլ չի տուել դա անել) եւ հետեւաբար այդ ամէնը չեմ պարզաբանել ժողովրդին»։
Արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան մեղադրած էր իշխանութիւնները արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականութեան նախորդ տարիներու ձախողութիւններուն հետեւանքները ոչ միայն չյաղթահարելու, այլ նաեւ խորացնելու մէջ` շեշտելով, որ 2024ի աւարտին ակնյայտ է, որ Հայաստան յայտնուած է ազգային աննախադէպ մարտահրաւէրներու եւ անորոշութեան շրջանի մը մէջ: «Վարչապետ Նիկոլ Փաշինեանի մօտեցումն Ադրբեջանի հետ բանակցութիւններում խորհրդանշում է վտանգաւոր եւ կրկնուող սխալը: Խաղաղութեան մասին նրա հռետորաբանութիւնը, թէեւ տեսականօրէն գովելի է, տարուայ ընթացքում ուղեկցուեց միակողմանի զիջումների շարքով, որը աւելի է ոգեւորել Բաքուին եւ թուլացրել Հայաստանի դիրքերը: Իւրաքանչիւր նոր զիջում թերեւս խորացնում է Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները` մեզ աւելի հեռացնելով արդար խաղաղութիւնից: Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, յուսախաբ եւ Փաշինեանի խոստումներից գրեթէ ձեռնունայն», գրած է Օսկանեան:
Ընդգծելով «Փաշինեանի դիւանագիտական եւ ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, ռազմավարութեան բացակայութիւնն ու իռացիոնալ (անտրամաբանական) յաջորդական որոշումները, ժողովրդավարական յետընթացը, կեանքի թանկացումը, լճացած աշխատավարձերն, արտաքին պարտքի աճն, օտարերկրեայ ներդրումների պակասը, կոռուպցիան (փտածութիւն), հասարակութեան պառակտուած լինելը»` Օսկանեան ըսաւ. «Կառավարութեան փոփոխութեան անհրաժեշտութիւնը երբեք այսքան ակնյայտ չի եղել»:
Ըստ Օսկանեանի՝ յառաջիկայ ամիսները երկրին համար պէտք է ըլլան ինքնաքննադատութեան եւ կարելի եղածին չափ վերաիմաստաւորման ժամանակաշրջան մը:
«Խաղադրոյքները երբեք այսքան բարձր չեն եղել: Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին յստակ տեսլական ունեցող ղեկավարութիւն ձեւաւորելն է, որն առաջնահերթութիւն կը տայ ազգային միասնութեանը, իրական բարեփոխումներին եւ ժողովրդավարական սկզբունքներին նորոգուած հաւատարմութեանը: Հայաստանը կարեւոր ջրբաժանում է, եւ առաջիկայ կարճ ժամանակահատուածում կայացուած որոշումներն են, որ սահմանելու են յաջորդ տասնամեակներում նրա հետագիծը», եզրափակեց Օսկանեան:
Փաշինեան իր գրառման զուգահեռ Արցախի հակամարտութեան թեմայով բանավէճի առաջարկ ներկայացուցած է Հայաստանի նախկին նախագահներուն։
«Լաւ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանգել են Լեռնային Ղարաբաղ բանակցային գործընթացին վերաբերուող իմ այսօրուայ գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնւում, կարծում եմ ճիշդ կը լինի` իրենք էլ չթաքնուեն: Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավէճի ֆորմատով (ձեւաչափով) հիմնաւորել ասածներս: Սպասում եմ այսօրուայ գրառումս վիճարկող նախագահների արձագանգին», գրած է Փաշինեան:
Փաշինեանի գրառումին արձագանեց նաեւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴի անդամ Արթուր Խաչատրեան՝ նշելով, որ Փաշինեանի օրօք թուրքերը հասան Արցախ, ուստի ան թող չփորձէ պատմութիւնը խեղաթիւրելով, հայրենիքի համար պայքարած անձեր մեղադրելով՝ արդարացնել այս յանցագործութիւնը:
«Նիկոլ Փաշինեանն այսօր դարձեալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, պնդելով թէ՝ «1994 թուականից ի վեր, այսինքն հրադադարից յետոյ, մեկնարկի պահից` բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս պնդումը բացարձակ սուտ է: Ինքը, Փաշինեանը, դեռեւս 2020 թուականի Յունուարի 25ին Կապանում կայացած իր ,մեծ ասուլիսի ժամանակ (տեւել է 5 ժամ 15 րոպէ) յղում է կատարում 2018 թուականի Յունուարին հակամարտութեան կողմերին ներկայացուած մի փաստաթղթի վրայ, որն ընդունուած է կոչել «կրակովեան սեւագիր»: Համաձայն այդ փաստաթղթի, կողմերի միջեւ համաձայնեցուած ժամկէտներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքոյ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչութեան ազատ կամարտայայտութիւնը հանդիսացող համընդհանուր քուէարկութեան անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը, որը կը լինի իրաւական առումով պարտադիր եւ կը համապատասխանի միջազգային իրաւունքի նորմերին եւ սկզբունքներին` նկատի ունենալով, որ քուէարկութեանը դրուած հարցը կամ հարցերը չպէտք է սահմանափակուեն եւ կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները: Ուշադրութիւն դարձրէք` կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ: Սա ինքն է կարդացել, ես չէ: Իր խօսքերն են, իր մէջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգաւորման առաջարկի մասին: Հրաժարեց, գնաց Ալիեւի հետ սեպարատ (առանձին) գաղտնի բանակցութիւնների ու ունենք, ինչ որ ունենք… Փաստաթղթից հեռանանք, դիմենք պարզ տրամաբանութեանը: Եթէ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը համաձայնուել էին, որ Արցախի լինի Ադրբեջանի կազմում, բա 1996ից մինչեւ 2018 ի՞նչ էին բանակցում: Ադրբեջանը, որտեղ նստում ու վեր էր կենում Արցախին առաջարկում էր «ինքնավարութեան բարձրագոյն աստիճան»: Բա եթէ հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչո՞ւ խաղաղութեան համաձայնագիր չկնքուեց: Հիմնաւորումը մէկն է, Փաշինեանը ստում է: Լեւոն Տէր Պետրոսեանի լիսաբոնեան տապալումից յետոյ, 1998ին արդէն Ադրբեջանում հայկական ինքնավարութեան առաջարկ չի եղել: 2001ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց (որը չէր խոչնդոտելու Իրանի հետ հաղորդակցութիւնը, ի տարբերութիւն սրանց «Խաղաղութեան խաչմերուկի») Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին: Ու վերջապէս 2006ին մշակուած Հիմնարար կամ «մադրիդեան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քուէարկութեամբ որոշելու իրաւունք: Եւ այդ իրաւունքը ոչնչով սահմանափակուած չէր, վկան Փաշինեանի մէջբերած թուղթը: Ինքը եկաւ, կործանեց ողջ բանակցային գործընթացը: Նոյնիսկ Տէր Պետրոսեանին պարտադրած կարգաւորումն աւելի լաւ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր: Այսօր, Փաշինեանի օրօք, թուրքերն են Արցախում: Դա է իր գործունէութեան հետեւանքը: Ու թող չփորձի պատմութիւնը խեղաթիւրելով, հայրենիքի համար պայքարած մարդկանց մեղադրելով, արդարացնի այս յանցագործութիւնը…», գրած է Խաչատրեան
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ Կ՛ԱՐՁԱԳԱՆԳԵՆ
Ընդառաջելով «Փաստինֆօ»ի խնդրանքին՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակէն մեկնաբանեցին Փաշինեանի կողմէ նախկին նախագահներուն ուղղուած բանավէճի հրաւէրը՝ նշելով. «Ակնյայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանաւանդ որ ինչպէս մինչեւ իշխանազաւթումը, այնպէս էլ դրանից յետոյ հազար անգամ հրապարակային, հանգամանօրէն ներկայացուել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ամբողջ պատմութիւնը: Առաւել եւս, երբ Հայաստանի կառավարիչն ամէն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթէ նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թուականներին հինգ անգամ յայտարարել են բանակցային ձեւաչափի եւ այն սկզբունքների մասին, որոնց հիման վրայ պէտք է լուծուեր ԼՂ հիմնախնդիրը: Չէր խանգարի, որ մէկ-մէկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպէս 2016 թուականի, այնպէս էլ յետ-պատերազմեան խոստովանութիւնները»:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեան եւս պատասխանեց Փաշինեանի հրաւէրին՝ ըսելով.
«Նախագահ Քոչարեանը վաղուց չի կարդում վարչապետի ֆէյսբուքեան մարազմատիկ (հիւծական) գրառումները։ Ես ստիպուած եմ ծանօթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, եւ դա եղել է իմ արձագանգը։ Բանավէճի համար վիճելի թեմայի առկայութիւն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի եւ Հայաստանի սուվերեն (գերիշխան) տարածքների յանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնյայտ՝ բոլոր ադեկվատ (գիտակից) մարդկանց համար։ 2018-2024 թուականներին Հայաստանում մէկ մարդ է ունեցել ամբողջական իշխանութիւն, եւ այդ մէկ մարդն է կրում բոլոր իրադարձութիւնների ամբողջական պատասխանատուութիւնը։ Մէկ մարդ է յայտարարել, որ բանակցում է իր սեփական կէտից, ինչ որ պէտք է՝ այն էլ բանակցում է, եւ այդ մէկ մարդը գործող վարչապետն է։ «Տիկտոկ»եան (Tiktok-ին վերաբերող) կոմիկ (զաւեշտական) պերսոնաժների (կերպարներու) հետ ոչ ոք լուրջ թեմաներ, ի հարկէ, չի քննարկի։ Հազարաւոր ոստիկանների եւ թիկնապահների ետեւում թաքնուած գոյատեւողի՝ թաքնուելու ակնարկի մասին կը ցանկանայի լռել, դրա մասին աւելի խօսուն կը պատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»։
«Ֆէյսպուք»ի իր էջին վրայ, անդրադառնալով Փաշինեանին՝ նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի խօսնակ Արման Մուսինեան գրած է հետեւեալը. «Մեր պետութեան ու հասարակութեան համար չափազանց օգտակար կը լինի, որ Նիկոլ Փաշինեանը նախեւառաջ բանավիճի Նիկոլ Փաշինեանի հետ: Արդիւնքում, վստահ եմ՝ բանավէճի երկու կողմն էլ արդարացիօրէն կը հիմնաւորի դիմացինի ստախօս լինելը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինեան vs Նիկոլ Փաշինեան բանավէճը չափազանց օգտակար կը լինի ոչ միայն Ղարաբաղեան հարցի շուրջ, այլեւ հասարակութեանը յուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի (դրամատուներուն) մենատիրութիւն, ԲՈՒՀերի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական-քաղաքական պաշտօնեաների կողմից իրականացուող հովանաւորչութիւն եւ տարատեսակ տենդերների (մրցումներու) միջոցով պետական բիւջէի մսխում, պադավատապետութիւն, դատական համակարգի անկախութեան ոչնչացում եւ SMS-ով դատական բարձրագոյն պաշտօնեաների ազատում, քաղաքական հակառակորդների դէմ իրաւապահ մարմիններին որպէս մահակ գործածում եւ այլն: Արդիւնքը կրկին նոյնն է լինելու»։