
Creative Armenia-ն յաջողութեամբ աւարտեց Artbox Entrepreneur հեղինակային ծրագիրը, որը հնարաւորութիւն է տալիս անհատ ստեղծագործողներին աջակցելու դառնալ ստեղծարար ձեռներէցներ:
22 արուեստագէտներ, որոնք ներկայացնում են արուեստի տարբեր ոլորտներ, սկսեցին իրենց ձեռնարկատիրական ճանապարհորդութիւնը Artbox-ի հետ։ Նրանց նպատակն էր սկիզբ դնել իրենց ստեղծարար ասպարէզին, զարգացնել իրենց անհատական պիտակը եւ ապահովել աւելի մեծ եկամուտ: Ծրագրի շրջանակում կազմակերպուած շաբաթական աշխատարանների եւ խորհրդատուութիւնների ընթացքում մասնակիցները աշխատեցին ոլորտի առաջատար խորհրդատուների հետ՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Մեքսիկայից եւ Ամերիկայից։ Աշխատարանների արդիւնքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ ու նոր հմտութիւններ իրենց անհատական պիտակի, առաջխաղացման, վաճառքի ռազմավարութիւնների մասին եւ աւելին։
Artbox Entrepreneur ծրագրի երրորդ թողարկումն աւարտեցին եւ ընդհանուր 55,000 եւրօ դրամաշնորհ ստացան 22 ստեղծագործողներ (իւրաքանչիւրը՝ 2500 եւրօ)։ Ծրագրի դրամաշնորհառուներն են՝
– Անահիտ Ղազախեցեան (բանաստեղծ եւ թարգմանիչ)
– Անուշ Գուրգէնեան (նկարազարդող եւ շարժանկարիչ)
– Արման Գասպարեան (լուսանկարիչ)
– Քրիստինէ Աբրահամեան (ձեւաւորող եւ ճարտարապետ)
– Դինա Ծատուրեան (զարդերի ձեւաւորող)
– Էզեկիէլ Կիրակոսեան (կրկէսի արուեստագէտ, ուսուցիչ)
– Գայիանէ Ղազարեան (նորաձեւութեան ձեւաւորող)
– Գայիանէ Յակոբեան (նկարազարդող եւ գծագրական ձեւաւորող)
– Յասմիկ Բադոյեան (լրասփիւռային արուեստագէտ)
– Լիլիթ Մարդանեան (գծագրող)
– Լիլիթ Նազարէթեան (լրասփիւռային արուեստագէտ եւ պատմասաց)
– Մանէ Թաթուլեան (պրոֆեսոր, գրող եւ ձեւաւորող)
– Մանէ Ենգիբարեան (գծագրական ձեւաւորող եւ սեղանի խաղերի ստեղծող)
– Մարիամ Առուշանեան (հնչիւնային բեմադրիչ եւ ստեղծագործող)
– Մարինա Յակոբեան (քանդակագործ)
– Մարիթա Պարտագճեան (տեսողական արուեստագէտ եւ ուսուցիչ)
– Մերի Դանիէլեան (բեմադրիչ եւ լուսանկարիչ)
– Նարէ Արիս (արտադրող, բեմադրիչ եւ գրող)
– Նարեկ Ջհանգիրեան (նորաձեւութեան ձեւաւորող եւ ոճաբան)
– Ռոզմարի Շուարց (ամերիկահայ նորաձեւութեան ձեւաւորող)
– Տրդատ Շիրոյեան (լուսանկարիչ)
– Ելենա Ներսէսեան (գծագրող ու նկարազարդող)
«Artbox Entrepreneur ծրագրի երրորդ թողարկման 22 արուեստագէտներ դարձան ստեղծարար ձեռներէցներ։ Creative Armenia-ում մենք հաւատում ենք, որ բոլոր ստեղծագործողներն ունեն իրենց արուեստից կայուն եկամուտի հոսք ստեղծելու կարողութիւն եւ ներուժ: Artbox Entrepreneur-ի դերը կայանում է այդ ստեղծագործողներին աջակցելու մէջ այդ արդիւնքին հասնելու համար», ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրէն Անուշ Տէր Խաչատրեանը։
Ոգեշնչուած գործարարութեան եւ տեղեկատուական արհեստագիտութեան նորարար օրինակներից՝ Artbox-ը արուեստի աշխարհի համար տրամադրում է ռազմավարական աջակցութիւն եւ ֆինանսաւորման ուղիներ արուեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին եւ կազմակերպութիւններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով Artbox-ը զարգացնում է առեւտրային կենսունակութիւն, լսարանի աճ եւ ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Artbox-ը ստեղծուել է Creative Armenia-ի կողմից եւ իրականացւում է Հայաստանում Եւրոպական Միութեան ֆինանսաւորմամբ եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցութեամբ «Կատապուլտ» ստեղծարար ծրագրի շրջանակներում։
(Թղթակցութիւնը՝ Creative Armenia-էն)