Հրանդ Տինքի սպանութեան առաջին տարելիցին առիթով, Հինգշաբթի, Յունուար 17ին Հայաստանի արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանի ստորագրութեամբ յօդուած մը լոյս տեսաւ Տինքի հիմնած «Ակօս» թերթին մէջ, հայերէնով եւ թրքերէնով, իսկ անոր անգլերէն օրինակը լոյս տեսաւ «Զաման» թերթին մէջ:
Ստորեւ յօդուածը.-
Ես պէտք է խոստովանեմ, որ այս պաշտօնը զբաղեցնելու տարիների ընթացքում երկու անգամ խորագոյն ու անմոռանալի ցնցում եմ ապրել. առաջինը 1999ին, երբ Հայաստանի կայունութիւնը վտանգի ենթարկուեց ահաբեկիչների կողմից, իսկ երկրորդը՝ անցեալ տարի, երբ Հրանդ Տինքի սպանութեան գոյժը հաղորդող հեռախօսազանգ ստացայ: Երկու դէպքում էլ դրանք յարձակումներ էին ոչ թէ մարդու, այլ՝ գաղափարների ու արժէքների վրայ:
Հրանդի սպանութիւնը յարձակում էր ժողովրդավարական հիմքերով թուրքական պետութիւն կառուցելու փորձի վրայ: Սպանողների թիրախն էր նրա պատկերացումը մի այնպիսի Թուրքիայի վերաբերեալ, որը չի սահմանափակում խօսքի ազատութիւնն ու հանդուրժում է բաց քննարկումներ, եւ հաւասարի պէս է ընկալում ազգային փոքրամասնութիւններին պատկանող իր քաղաքացիներին:
Մենք կարօտով ենք յիշում Հրանդին: Նա տարին մի քանի անգամ Հայաստան էր այցելում: 2006ի Սեպտեմբերին, երբ խօսեց Հայաստան-Սփիւռք խորհրդաժողովին, նրա ուղերձն այն էր, որ, որպէս եւրոպական ընտանիքի անդամներ, Թուրքիան ու Հայաստանը նորմալ յարաբերութիւններ կարող են ունենալ, քանի որ անգամ չկամեցողները Թուրքիայում կը սկսեն երկխօսութեան համար ուղիներ փնտռել: Սա հաճելի էր լսել, քանի որ համահունչ էր մեր ցանկութիւններին:
Նա նաեւ ելոյթով հանդէս եկաւ «Հայոց Ցեղասպանութեան 90 ամեակին նուիրուած միջազգային գիտաժողովին», որը մենք կազմակերպել էինք 2005ի Ապրիլին, Երեւանում: Բոլորը յարգանքով էին ունկնդրում նրա զգացական ու տրամաբանուած կոչին՝ վարելու երկխօսութիւն, տարանջատելու այսօրուայ Թուրքական հանրապետութիւնը մօտ 100 տարի առաջ ոճրագործութիւն գործածներից: Նա կրքոտ կերպով յիշեց, թէ ինչպէս էր թուրքական իշխանութիւններին բացատրում, որ հայերն իրենց արմատներն են որոնում, նոյն այն արմատները, որ Օսմանեան կայսրութիւնը թրատեց, երբ փորձեց լիովին բնաջնջել մի ամբողջ ժողովուրդ ու պոկել նրան իր տնից, մշակոյթից ու աւանդոյթներից:
Իւրաքանչիւր անգամ, երբ Երեւան էր գալիս, մենք մի քանի րոպէ խօսելու ժամանակ էինք գտնում: Շատ կարեւոր էր, որ ես նրանից լսէի Թուրքիայում տիրող տրամադրութիւնների մասին: Հրանդը հենց այն մարդն էր, ումից կարելի էր հարցնել, քանի որ նա պարզապէս Թուրքիայում ապրող մի հայ չէր: Նա հպարտ էր իր երկու՝ թուրքական ու հայկական ինքնութիւններով, եւ վիրաւորւում ու բարկանում էր, երբ այդ երկուսի միջեւ հաշտութեան եզրեր գտնելու իր ջանքերի համար նրան մեղադրում էին «թրքականութիւնը վիրաւորելու» մէջ:
Երբ նրան առաջին անգամ 301 յօդուածով «թրքականութիւնը վիրաւորելու» մեղադրանք ներկայացրեցին, ես հարցրեցի, թէ արդեօք օգտակար կը լինի իմ նամակ գրելը կամ հրապարակաւ ելոյթ ունենալը: Նա վստահութեամբ արձագանքեց, թէ. «Իմ շնորհակալութիւնն ու երախտիքն եմ յայտնում, բայց հոգ մի ընէք, ես մինակս հիմա ինծի կը բաւեմ. Առաջ Աստուած պայքարս մինչեւ վերջ պիտի տանեմ»:
Հետագայում նա զարմանքով էր նշում, թէ «մէկ կողմէ Հայաստանի եւ հայերու կոչ կ’ընեն, որ երկխօսութիւն ունենան, բայց անդին երկխօսութեան համար աշխատող իրենց քաղաքացին կը դատապարտեն եւ կամ կ’ուզեն չէզոքացնել»:
Հրանդ Տինքն անկեղծ էր ու քաջ, բայց պարզամիտ չէր: Այնուհանդերձ, նա չէր կարող կանխատեսել նման «չէզոքացում»: Նրա անկեղծ ու խիզախ ձայնը լռեցուեց: Աւելին, ոմանք նրա սպանութեան մէջ պարզ ուղերձ լսեցին, որ այն վտանգը, որն իրենց առջեւ կանգնած է, աւելի խորն է, քան պարզ իրաւական դատապարտումը:
Այս ուղերձն այն «ձեռքբերումներից» մէկն էր, որն այս սպանութիւնը տուեց Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը երանգաւորող ծայրայեղ ազգայնական միջավայրի ձեւաւորմանը ներդրում ունեցողներին: Կարծում եմ Հրանդի սպանութեան դաժանութիւնը, անպատժելիութիւնը եւ բռնութիւնը մի քանի քաղաքական նպատակի է ծառայում: Առաջինը, նուազեցնել Եւրոպայի հետաքրքրութիւնը Թուրքիայի նկատմամբ, ինչը հենց այն է, ինչ ոմանք թուրքական քաղաքական շրջանակներում ցանկանում են տեսնել: Երկրորդը, վախեցնել հայերին ու Թուրքիայի այլ փոքրամասնութիւններին, որպէսզի նրանք չհետապնդեն իրենց քաղաքացիական ու մարդու իրաւունքների պաշտպանութիւնը: Երրորդը, վախեցնել այն յանդուգն թուրքերին, որոնք ամենայն անկեղծութեամբ սկսում են ուսումնասիրել այս խրթին ու զգայուն հարցերը:
Հայաստանում աւելի քան մէկ տասնամեակ պնդել ենք, որ թէեւ մե՛նք ենք պատմական անարդարութեան զոհերը եւ մե՛նք ենք Թուրքիայի կողմից փակ պահուող սահմանի միւս կողմում գտնւում, սակայն, ցանկացած ժամանակ պատրաստ ենք երկխօսութեան մեր հարեւանի հետ ցանկացած հարցի շուրջ այն պահին, երբ մեր միջեւ բնականոն յարաբերութիւններ կը հաստատուեն եւ այն ժամանակ, երբ Եւրոպայի այս վերջին փակ սահմանը կը բացուի, եւ միւս կողմում ինչ-որ մէկը կը ցանկանայ գործնական խօսել: Մենք պատրաստ ենք:
Մի տարի առաջ մեզ յուզեց մարդկային խորը ցաւի յորդումը թուրքական հասարակութեան բոլոր շերտերում, յատկապէս նրանց մօտ, ովքեր սարսափել էին մի երիտասարդի կողմից այդպիսի բռնութեան իրականացումից եւ դա դիտարկում էին որպէս յաջորդ սերնդում ատելութեան ու թշնամութեան շարունակութիւն:
Հրանդ Տինքի ընտանիքը, նրա գործընկերներն «Ակօս»ում ու նրա շուրջ, նրա ընկերները Հայաստանում ու Թուրքիայում փոքր ինչ կը սփոփուեն գիտենալով, որ այսօր ու վաղը, համոզուած եմ, Հրանդին կը յիշեն եւ հայերը, որոնք կիսում են ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու ներդաշնակութեան մասին նրա պատկերացումը, եւ թուրքերը, որոնք կիսում են հարեւանների ու պատմութեան հետ խաղաղ ապրելու նրա երազանքը: