
Կոնգրեսական Ջուդի Չուն եւ Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Սաշա Ռենէ Պերեսը համերաշխութիւն յայտնեցին հայ համայնքին` հրդեհներից աւերուած Սահակ-Մեսրոպ Հայ քրիստոնեայ դպրոցի վերակառուցման աշխատանքներում: Այս մասին պաշտօնեաներն յայտարարեցին Փետրուարի 15ին` կրթօջախի տարածք այցի շրջանակներում, որ կազմակերպել էր Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:
Չուն եւ Պերեսն ընդգծեցին վարժարանի պատմամշակութային նշանակութիւնն ու այն կենսական դերը, որ կրթօջախն ունի հայկական ժառանգութեան պահպանման եւ սերունդներին որակեալ կրթութիւն տալու գործում: «Այս հանդիպումը համայնքի եւ դպրոցի ղեկավարների հետ կարեւոր էր, որի ընթացքում նաեւ պարզեցի, որ վերակառուցման աշխատանքներից բացի, պէտք է համոզուենք, որ աշակերտները սովորելու համար պայմաններ ունեն: Ես կը կապուեմ նաեւ Փասադենայի քաղաքապետարանի հետ` շինթոյլտուութիւնների ընթացքն արագացնելու հարցով»: Կոնգրեսական Չուն նաեւ ընդգծեց, որ աշխատում է ապահովել աղէտի վերականգնման համար դաշնային աջակցութիւն:

Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Պերեսն էլ նշեց, որ այցը չափազանց տեղեկատուական էր` վնասի չափերը ստոյգ գնահատելու առումով նաեւ: «Ես բացայայտեցի, թէ որքան կարեւոր հիմնասիւն է 45 տարի գործող այս կրթօջախն ամերիկահայ համայնքի համար: Շատ ծանր է այսօր ականատես լինել, որ դպրոցը կորցրել է ողջ ենթակառուցուածքը, եւ այստեղ մեծ ներդրում պէտք է կատարուի: Որպէս Ծերակոյտի անդամ եւ Կրթութեան յանձնաժողովի նախագահ, դպրոցի հնարաւորինս արագ վերակառուցումն իմ առաջնահերթութիւնն է, եւ պէտք է պարզել, թէ ինչպէս է դա հնարաւոր շահոյթ չհետապնդող, մասնաւոր դպրոցների դէպքում», նշեց Պերեսը` յաւելելով, որ հարցը կը քննարկի նաեւ որոշ պետական գործակալութիւնների հետ:
Հանդիպմանը ներկայ էին Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի անդամ Այտա Տիմէճեանը, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Օշին Յարութիւնեանը եւ անդամ Լարա Երէցեանը, Ամերիկայի Հայկական Համագումարի անդամ Թալին Եագուպեանը, ՀԲԸՄի Արեւմտեան շրջանի ատենապետ Քեւ Զօրեանը, ինչպէս նաեւ` կրթօջախի տնօրէնի պաշտօնակատարը, խորհրդի անդամներ:


«Մենք խորապէս գնահատում ենք կոնգրեսական Չուի եւ Ծերակոյտի անդամ Պերեսի մեր համայնքի կողքին լինելը, եւ սպասում ենք միասնաբար վերակառուցման աշխատանքներին», իր խօսքում նշեց Օշին Յարութիւնեանը:
Սահակ-Մեսրոպ կրթօջախի խորհրդի փոխատենապետ Վաչէ Եուրէճեանն էլ ընդգծեց կառավարութեան բոլոր մակարդակների ներկայացուցիչների հետ աշխատանքի կարեւորութիւնը: «Այս պահին Սահակ-Մեսրոպի խորհուրդը կարիք ունի տեղական, նահանգային, շրջանային եւ դաշնային աջակցութեան, որպէսզի կարողանայ վերակառուցել այս պատմական հաստատութիւնը եւ շարունակի ծառայել ամերիկահայ համայնքին»:

Տասնամեակներ շարունակ Սահակ-Մեսրոպ Հայ քրիստոնեայ վարժարանն հանդիսացել է Հարաւային Կալիֆորնիայի ամերիկահայ համայնքի հիմնասիւններից` լինելով կրթական հաստատութիւն, որի ջանքերն ուղղուած են գերազանցութեան խթանմանն ու մշակութային ինքնութեան ամրապնդմանը: Հրդեհների հետեւանքով դպրոցի շէնքն հիմնայատակ աւերուել է, եւ ապագայի նկատմամբ ներկայում անորոշութիւն է տիրում: Սակայն հայ համայնքը համախմբուել է` կրթօջախն իր սաներին վերադարձնելու վճռականութեամբ: Այդ առումով մեծ նշանակութիւն ունէր կոնգրեսական Չուի եւ Ծերակոյտի անդամ Պերեսի շրջայցը, երբ նրանք պարտաւորուեցին քայլեր ձեռնարկել, աշխատելով տեղական, նահանգային եւ դաշնային գործակալութիւնների հետ` նախաձեռնելու մաքրման աշխատանքներն ու արագացնելու վերականգնման գործընթացը: