
ԼԻԴԱ ԱԼՄԱՍԵԱՆ
Փետրուարի 13ին Վիրահայոց թեմում նշուեց Տեառնընդառաջը, կամ ժողովրդական լեզուով ասած Դրնդէզը: Տօնակատարութեան հիմնական արարողութիւնը տեղի ունեցաւ Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գէորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակում, որտեղ կրակ վառեցին թեմի հոգեւորականների օրհնութեամբ:
Հաւատացեալները շրջապատեցին խարոյկը, երգեցին ու պարեցին, իսկ երիտասարդ զոյգերը, ինչպէս պահանջում է հայկական աւանդոյթը, թռան կրակի վրայով` մաղթելով միմեանց օրհնուած ու երջանիկ կեանք:
Տեառնընդառաջը, որը ժողովրդական աւանդոյթներում յայտնի է նաեւ որպէս «Դրնդէզ», առանձնայատուկ տեղ ունի հայկական մշակոյթում: Այն համարւում է նաեւ նորապսակների օրհնութեան օր, եւ այդ պատճառով յատկապէս երիտասարդ ընտանիքները մեծ խանդավառութեամբ են մասնակցում տօնակատարութիւններին:
Հայ առաքելական եկեղեցու սովորոյթի համաձայն` Տեառնընդառաջի նախօրէին կատարւում է երեկոյեան ժամերգութիւն:
Վրաստանի հայ համայնքը շարունակաբար պահպանում եւ նշում է հայկական եկեղեցական տօները, ինչը կարեւոր դեր ունի ազգային ինքնութեան պահպանման գործում: Տեառնընդառաջի տօնակատարութիւնը Վիրահայոց թեմում ոչ միայն կրօնական արարողութիւն էր, այլեւ համայնքի համախմբման մի կարեւոր առիթ: Թեմում նշուած Տեառնընդառաջի տօնն ունէր հոգեւոր, մշակութային եւ համայնքային մեծ նշանակութիւն:
Տեառնընդառաջի տօնը Տիրոջն ընդառաջ գնալու հրաւէր է բոլորին: «Տեառնընդառաջ» անուանումը ստուգաբանւում է քրիստոնէական աւանդութեամբ:
Համաձայն նախնեաց օրէնքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զաւակին պիտի տանէր տաճար, Աստծուն ընծաներ մատուցէր եւ օրհնութիւն ստանար: Հայ առաքելական եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մօրը` մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Յիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմէոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչեւ տեսնէր աշխարհի ու մարդկութեան Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդուելով` նա ճանաչում է Փրկչին եւ ընդառաջ է գալիս Յիսուս մանուկին: Այստեղից էլ «տիրոջն ընդառաջ» արտայայտութիւնը:
Ըստ ժողովրդական աւանդութեան` Տեառնընդառաջի հիմնական ծէսը խարոյկ վառելն էր եւ այդ խարոյկի շուրջ տօնակատարութիւնը: Խարոյկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառուելու ընթացքում կանայք սկուտեղի վրայ բերում էին Տեառնընդառաջի տօնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկոյզը, բոված սիսեռը եւ պտըտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, միւս մասը ներս տանում` երեկոյեան խնջոյքի համար: Նրանք պտըտւում էին խարոյկի շուրջը, եւ երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել:
Աղբիւր՝ jnews.ge