Ֆրանսացի համանախագահ Պեռնար Ֆասիէն Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպանատանը հայ լրագրողների միջոցով փորձեց փարատել ղարաբաղեան հակամարտութեան կողմերի մտահոգութիւնները:
«Հակամարտութեան կողմերին բացատրեցինք, որ մեր առաջարկած հիմնարար սկզբունքների փաստաթղթում ոչ մի թակարդ չկայ որեւէ կողմի համար: Սա լաւագոյն փաստաթուղթն է, որ մեր երեք երկրները՝ Ֆրանսան, Մ. Նահանգները եւ Ռուսաստանը, կարող են առաջարկել խնդիրը կարգաւորելու համար: Սա լաւագոյն փոխզիջման գնալու լաւագոյն առաջարկն է», ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների համատեղ մամուլի ասուլիսում ասաց ֆրանսացի միջնորդը:
Պեռնար Ֆասիէն, Մէթիու Պրայզան եւ Եուրի Մերզլեաքովը Ստեփանակերտի մէջ անց են կացրել երկու օր եւ հանդիպել են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ղեկավարութեան, այլեւ շարքային քաղաքացիների հետ, ինչպէս նաեւ շփման գծի Աղդամի հատուածում մասնակցել դիտարկմանը։
Ի դէպ, այն ժամանակ, երբ համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Գասփրչիքի եւ վերջինիս դաշտային օգնականների հետ մասնակցում էին դիտարկմանը, Իլհամ Ալիեւը նոյն Աղդամի շրջանում (1994թ. մայիսեան հրադադարի արդիւնքով ղարաբաղ-ատրպեճանական շփման գիծն անցնում է նաեւ Աղտամի շրջանով, որի մի մասը վերահսկում են արցախցիները, միւս մասը՝ ատրպէյճանցիները-խմբ.) վիճարկել է հայերի պնդումը, «թէ նրանք յաղթել են պատերազմում»:
«Պատերազմը դեռ չի աւարտուել, աւարտուել է դրա միայն առաջին փուլը: Մենք կառուցում ենք ուժեղ պետութիւն՝ գրաւեալ տարածքները վերադարձնելու նպատակով, ամրապնդում ենք բանակը: Տարածաշրջանում Ատրպէյճանի դիրքերը ուժեղանում են, յաջողութեամբ իրականացւում է ուժանիւթային քաղաքականութիւնը, եւ այդ ամէնը դրական է ազդում ղարաբաղեան բանակցային գործընթացի վրայ», ասել է Ալիեւը:
Ատրպէյճանի նախագահը պնդել է նաեւ, որ եթէ հայկական կողմը նախկինում պահանջում էր Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, ապա այժմ հասկանում են, որ «Ղարաբաղը երբեք անկախ չի լինի եւ չի միանայ Հայաստանին»: Ալիեւի ասելով, եթէ նախկինում խօսքը գնում էր Ղարաբաղի շուրջ ընդամէնը չորս շրջաններն ազատելու մասին, ապա այժմ միջնորդները Հայաստանի ղեկավարութիւնից պահանջում են ազատել բոլոր եօթ շրջանները:
Համանախագահները ասուլիսի ընթացքում, բնականաբար, չմանրամասնեցին այն փաստաթուղթը, որը Երեւանին եւ Պաքուին է ներկայացուել Նոյեմբերի վերջերին Մատրիտում կայացած ԵԱՀԿ նախարարների հանդիպման շրջանակներում:
Ռուսաստանցի համանախագահ Եուրի Մերզլեաքովը ասաց, որ ներկայացուած առաջարկը, որի վրայ աշխատում են միջնորդներն ու հակամարտութեան կողմերը, մի քանի էջանոց փաստաթուղթ է, որը պարունակում է կարգաւորման հիմնարար սկզբունքները:
«Ահա հէնց դա է լինելու կարգաւորման հիմքը: Երբ երկու կողմերը այդ սկզբունքները վերջնականապէս համաձայնեցնեն, այն ժամանակ սկսուելու է վերջնական փաստաթղթի վրայ աշխատանքը: Դա բաւական ժամանակ կը պահանջի, որովհետեւ նրանում լինելու են աւելի շատ մանրամասներ: Հիմնարար սկզբունքներից իւրաքանչիւրը մի քանի տող է, սկզբունքների թիւը, այսպէս ասենք, մէկ տասնեակից աւելի է, բայց երկու տասնեակից պակաս», ասաց ռուս միջնորդը:
Ամերիկացի համանախագահ Մէթիու Պրայզան ասաց, որ այցելութիւնները Պաքու, Երեւան եւ Ստեփանակերտ, նպատակ ունէին լսել հակամարտութեան կողմերի ղեկավարութեան՝ հիմնարար սկզբունքների վերաբերեալ պատասխանը:
«Վերջին մի քանի օրերն անց ենք կացրել նախագահների հետ՝ լսելու նրանց տեսակէտները եւ մտահոգութիւնները: Մենք չէինք ակնկալում, որ այս այցելութիւնը կարող է լինել վերջնական հիմնարար սկզբունքների համաձայնութեան վերաբերեալ: Պէտք է նկատեմ, որ երկու երկրներն էլ ընդհանուր տեսակէտ ունեն այս փաստաթղթի վերաբերեալ», ասաց նա:
Երեւանի իշխանութիւնները մի շարք առիթներով յայտարարել են, որ հիմնարար սկզբունքների վերաբերեալ ներկայացուած փաստաթուղթը, ընդհանուր առմամբ, ընդունելի է նախ եւ առաջ այն պատճառով, որ դա ամրագրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ հանրաքուէի ճանապարհով:
Իլհամ Ալիեւը ներկայացուած առաջարկի մասին ասել է. «Որոշ պահեր մեզ չեն բաւարարում, սակայն, ընդհանուր առմամբ, գործընթացը ճիշդ ուղղութեամբ է գնում: Ժամանակը աշխատում է մեր օգտին, եւ ես ցանկանում եմ, որ խաղաղ համաձայնութիւնը լիովին համապատասխանի մեր շահերին, ինչը ես դեռ չեմ կարող ասել: Եւ դրա համար էլ մենք շարունակում ենք բանակցութիւնները: Ատրպէյճանի դիրքորոշումը անփոփոխ է՝ մեր տարածքային ամբողջականութիւնը քննարկման առարկայ չէ»:
Համանախագահների մագոգային դիւանագիտութեան նպատակն է բարելաւել կողմերին առաջարկուած փաստաթղթի բովանդակութիւնը եւ յաղթահարել մնացեալ տարաձայնութիւնները։ Խօսելով Լեռնային Ղարաբաղ իրենց այցի մասին, Պրայզան, ով օգտագործում էր Արցախ եզրը, ասաց. «Մեր այցելութիւնը Արցախ նպատակ ունէր աւելի մօտիկից ծանօթանալու այդ շրջանին եւ այնտեղ ապրող մարդկանց, ներառեալ՝ ղեկավարութեանը: Մենք հասկանում ենք, որ Արցախին վերաբերող ցանկացած որոշում պէտք է նաեւ Ղարաբաղի ժողովրդի աջակցութիւնը ստանայ: Նաեւ շատ գոհ ենք, որ շփման գծում դիտարկում իրականացուեց: Հէնց հակամարտութեան շփման գծում ես զգում եմ խնդիրը եւ այն պատկերացնում ամբողջութեամբ»:
Ի դէպ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը Մինսքի խմբի համանախագահների հետ հանդիպմանը յայտարարել է, որ Ատրպէյճանի հակահայկական քարոզչութիւնը ու ռազմատենչ յայտարարութիւնները ոչ միայն չեն նպաստում կողմերի միջեւ վստահութեան մթնոլորտի ստեղծմանը, այլեւ ծայրայեղօրէն բացասական են ազդում բանակցային գործընթացի վրայ:
Բակօ Սահակեանը կրկին ընդգծել է բանակցային գործընթացին ղարաբաղեան կողմի մասնակցութեան անհրաժեշտութիւնը, առանց որի հնարաւոր չէ լուծել խնդիրը: Պաշտօնական Ստեփանակերտը կողմ է հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը եւ Պաքուի հետ անմիջական երկխօսութեանը, ասել է Լեռնային Ղարաբաղի առաջնորդը:
Առաջիկայում նախագահական ընտրութիւններ են սպասւում Հայաստանում, իսկ Հոկտեմբերին՝ Ատրպէյճանում: Ընդհանրապէս, ընտրութիւններն այնքան էլ բարենպաստ ժամանակ չեն ղարաբաղեան խնդրի նման դժուարագոյն հակամարտութեան կարգաւորման հարցում առաջընթաց ակնկալելու իմաստով։
Մէթիու Պրայզան կարծում է, որ Հայաստանի նախագահի բոլոր թեկնածուներն էլ կողմնակից են, որ ղարաբաղեան գործընթացն առաջ շարժուի։ «Իմ կարծիքով, նախագահի բոլոր թեկնածուներն էլ հասկանում են, որ սեղանի վրայ դրուած առաջարկն արդարացի է եւ հաւասարակշռուած», ասաց նա։