
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայակերտման գործում նշանակալի ներդրում ունեցող, համայնքի հեղինակաւոր կրթահամալիրներից՝ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի 55ամեակը նշանաւորուեց պատմական իրադարձութեամբ: Յոբելեանական տարեդարձի առիթով խրախճանքի ժամանակ, կրթօջախին նուիրաբերուեց 5 միլիոն դոլար, ինչը հնարաւորութիւն է ստեղծում իրականութիւն դարձնել մասնաշէնքի ընդարձակման վաղեմի երազանքը: Կրթօջախի պատմութեան նոր էջի բացումը հնարաւոր է դառնում համատեղ ուժերով, ինչի վառ դրսեւորումն էր Մարտի 15ի տօնահանդէսը, որտեղ վարժարանը զօրացնելու գաղափարի շուրջ համախմբուել էին համայնքի տարբեր կառոյցների ներկայացուցիչներ, վարժարանի մանկավարժներն ու հոգաբարձուները, շրջանաւարտները, ծնողներն ու բարերարները:

Միասնաբար նրանք իրականութիւն դարձրեցին մեծն բանաստեղծ Յովհաննէս Շիրազի խորհրդանշական բանաստեղծութիւնը` գրուած վարժարանի հիմնադրման առիթով:
«Թէ մի մեղու ես` ծնիր մեղուանոց, թող մի փեթակդ բազմափեթակուի, որ հայոց լեզուն, ով հայոց դպրոց, թէ մի արտուտ է` յաւերժ սոխակուի: Այնպէս զօրանաս, որ միշտ նորանաս, որ հայոց աստղս էլ վեր արեգակուի», եւ այս տողերով էլ իր ելոյթը սկսեց Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի տնօրէնուհի դոկտ. Սիւզի Օհանեանը:


«55 տարի շարունակ Փիլիպոս վարժարանը եղել է գիտելիքի, մշակոյթի եւ համայնքի փարոս, աւելին քան դպրոց՝ տուն շատերիս համար: Այստեղ կերտուել են մտածողներ, առաջնորդներ եւ յաղթողներ: Կրթօջախի խստապահանջ ուսումնական ծրագրերը նախագծուած են ստեղծելու կրթական միջավայր, որտեղ ուսանողները ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերում, այլեւ` զարգացնում եւ կիրառում են այն հիմնական արժէքները, որոնք սահմանում են գերազանցութիւնը, ժառանգութիւնը, համայնքն ու միասնութիւնը: Այսօր ոչ միայն տօնում ենք մեր վարժարանի փայլուն նուաճումները եւ մեր շրջանաւարտների հպարտալի յաջողութիւնները, այլ զուգահեռ մեծ ցնծութեամբ յայտարարում ենք վարժարանի ֆիզիկական ընդարձակման մեծ երազի փառաւոր յաղթանակը` կրթական մեր համալիրը ամբողջական դարձնելու գործնական ծրագրով, որպէսզի կարելի դարձնենք Փիլիպոսի հարազատ անդամ դառնալու իւրաքանչիւր հայ պատանու մեծ երազը», նշեց Օհանեանն իր խօսքում: Նա յայտարարեց, որ հանգանակուած միջոցներն ուղղուելու են նաեւ կրթօջախի գիտական ծրագրերի ընդարձակմանը:
Հոլիվուդի եւ շրջակայ քաղաքների հայ համայնքի համար ազգայինի ոգին խորհրդանշող Ռոզ Եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանն աւելի քան հինգ տասնամեակ հայեցի կրթութեան դարբնոց է եղել բազմահազար հայ մանուկների համար, ովքեր համալրել են հայ դատի նուիրեալների շարքերն ու նշանակալի դեր են ունեցել Միացեալ Նահանգների զարգացման գործում: Սիւզի Օհանեանն երախտագիտութիւն յայտնեց «Փիլիպոս»ի ժրաջան ու նուիրեալ ուսուցիչներին, ովքեր մշտապէս նաեւ ոգեւորել ու քաջալերել են իրենց սաներին:

Շուրջ կէս դար կրթօջախը բազմիցս հպարտութեան առիթներ է ընձեռել հայ համայնքին նաեւ իր շրջանաւարտների յաջողութիւնների միջոցով: Ռոզ եւ Ալէք Փիլիպոս կրթահամալիրի սաներից շատերը, տարբեր ոլորտներում դարձել են առաջնորդներ, նորարարներ ու իրենց ներդրումներով նպաստել են երկրի զարգացմանը` միաժամանակ լաւագոյնս ներկայացնելով հայի տեսակը:
Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի յոբելեանական տարեդարձը նաեւ լաւագոյն առիթ էր պատուելու շրջանաւարտներից մի քանիսին, ինչը նաեւ կրթօջախի ներկայի սաներին ոգեւորելու բացառիկ միջոց էր: Ներկայացնելով օրուայ մեծարեալներին, ձեռնարկի հանդիսավար Հայկ Պոյաճեանը կիսուեց նաեւ իր յիշողութիւններով սիրելի կրթօջախի մասին, որտեղ անցկացրել էր կեանքի լաւագոյն տարիները: Առողջապահութեան գիտական ոլորտում մեծ նուաճումների համար մեծարուեց բժշկական մանրէաբան Սարգիս Մազմանեանը, ձեռնարկչատիրութեան ոլորտում յաջողութիւնների համար` Միքայէլ Չաքմաքճեանը, ամերիկեան անիմացիոն (animation) ոլորտի լաւագոյնների շարքում հաստատուն տեղ գրաւած եւ «Նեթֆլիքս»ի փոխնախագահներից Արամ Եագուպեանը, հայապահպանութեան եւ համայնքի զօրացման գործում իրենց շարունակական նպաստի համար` Մուրատ Շահինեանն ու Նազարէթ եւ Մարիա Գառնիկեանները: Մեծարեալներն իրենց խօսքում ընդգծեցին, որ յաջողութիւնների գլխաւոր գրաւականներից է եղել կրթական միջավայրը, որտեղ նրանք ստացել են ամբողջական գիտելիքներ եւ դաստիարակութիւն:


Յատկանշական է, որ Փիլիպոս վարժարանում են շարունակում կրթուել նաեւ նրանց զաւակները:
Որպէսզի հայի նոր սերունդները լաւագոյնս պատկերացում ունենան եւ հպարտ լինեն իրենց արմատներով, կարեւոր է մշտապէս սնել այն աղբիւրը, որտեղից նրանք ստանում են «կենարար նեկտարը»: Այս առումով խորհրդանշական էր «Ասպարէզ» թերթի գլխաւոր խմբագիր Արա Խաչատրեանի նուէրը Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանին: Յովհաննէս Շիրազը կրթօջախին նուիրուած իր բանաստեղծութիւնն ուղարկել էր «Ասպարէզ»ին, որ հրապարակուել էր թերթի առաջին էջում 1971 թուականի Փետրուարին: Խաչատրեանն այդ էջի մեծադիր լուսանկարը յանձնեց Սիւզի Օհանեանին` նշելով. «Վարժարանի սաները պէտք է ամէն օր տեսնեն Շիրազի այս տողերը դպրոցի պատին, եւ ճանաչեն այն մեծ հեղինակին, ով չնայած խորհրդային ժամանակաշրջանում էր ստեղծագործում՝ պահում էր ազգային ոգին, եւ պայքարում էր անկախութեան, հայոց լեզուի, մշակոյթի եւ ազգային ինքնութեան պահպանման համար»:
Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի ձեռնարկի ողջ ընթացքում բացառիկ ոգեւորութիւն էր տիրում սրահում` ձեռնարկի շուրջ 750 մասնակիցներից իւրաքանչիւրն իր պատմութիւնն ու յիշողութիւններն ունէր սիրելի կրթօջախի հետ:

Սիւզի Օհանեանը ներկայացրեց եւ յատուկ գնահատանքի արժանացրեց կրթօջախի զարգացման հարցում նշանակալի ներդրում ունեցած Մհեր Տէր Յովհաննէսեանին եւ զաւակներին` յայտարարելով, որ վարժարանի նախակրթարանը այսուհետ կ՛անուանակոչուի Մհեր եւ Սաթիկ Տէր Յովհաննէսեանների անունով (Rose & Alex Pilibos—Meher & Satig Der Ohanessian Armenian Elementary School): Տնօրէնուհին նաեւ յայտնեց, որ դոկտոր Փօլ եւ տիկին Թալիա Գալուստեանների նուիրատուութիւնն էլ կ՛օգնի մեկնարկել կրթօջախի նոր կառոյցի շինարարութիւնը, որ կը կոչուի Dr. & Mrs. Paul and Talia Kaloostian Humanities and Arts:
Ներկայացնելով նաեւ ձեռնարկի գլխաւոր հովանաւոր, համայնքում յայտնի բարերար Վահէ Կարապետեանին, Սիւզի Օհանեանը ոգեւորում էր ներկաներին նուիրատուութիւններով մասնակցութիւն ունենալ կրթօջախի զօրացման գործում: Անպատմելի էր ցնծութիւնը, երբ յայտարարուեց, որ փիլիպոսցիների մեծ ընտանիքին յաջողուել է հասնել սահմանուած նպատակին եւ հաւաքել պահանջուած գումարը` 5 միլիոն դոլար, ինչը հնարաւորութիւն կ՛ընձեռի կրթօջախին լաւագոյնս շարունակել յաղթարշաւը:
«Որեւէ մէկ խօսք, արտայայտութիւն, այդքան պերճախօս, խօսուն չպէտք է լինի, ինչն ապրեցինք այս երեկոյի ընթացքում: Այսօրուայ տօնակատարութեամբ իրականացրեցինք հիմնադիրների տեսիլքը, իրենց յարգեցինք ու հաւատարմութիւն յայտնեցինք իրենց կտակին: Շատ աւելի գեղեցիկ է պատկերը, որ 55 տարուայ գործունէութիւնից յետոյ ոչ միայն յոգնած չենք, այլեւ` հորիզոնը տակաւին շատ աւելի փայլուն է», միջոցառման ամփոփման իր խօսքում նշեց Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանը: Սրբազանը նաեւ ընթերցեց Արամ Ա. կաթողիկոսի օրհնութեան գիրն ուղղուած վարժարանին: «Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի 55ամեակի ձեռնարկի հասոյթը պիտի յատկացուի վարժարանի ընդարձակմանը` կարիք, որ ինքնին վկայում է, որ շրջանի մեր զաւակները բարձր են գնահատում այդ դպրոցի հայակերտումի, մարդակերտումի առաքելութիւնը, եւ նրան են վստահում նորահաս սերունդի հոգեմտաւոր պատրաստութիւնն ու դաստիարակութիւնը: Անփոխարինելի է հայ դպրոցն իր հայաշունչ մթնոլորտով, ու հայակերտ առաքելութեամբ», մասնաւորապէս նշում էր վեհափառը` հոգեկան խոր գոհունակութեամբ եւ հայրական ջերմ սիրով ողջունելով վարժարանի տնօրէնութեանը, մանկավարժներին, աշակերտներին, ծնողներին ու բարերարներին:
Յատկանշական էր, որ ձեռնարկի բացումն էլ Տէրունական աղօթքով կատարեց Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանին տասնեակ տարիներ հոգեւոր ծառայութիւն մատուցած եւ բազմաթիւ սերունդների սիրելի Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը` ընդգծելով կրթօջախի հոգեւոր առաքելութիւնը հայակերտման ու մարդակերտման գործում:
Վարժարանի կայացման գործում մշտապէս իրենց ներդրումն են ունեցել համայնքի ազգային կառոյցները, որոնց ներկայացուցիչներն, ինչպէս տարիներ շարունակ, կրթօջախի հետ էին նաեւ յոբելեանական առիթին: Ձեռնարկին ներկայ էին կրթօջախի հոգաբարձական կազմը, Ազգային վարչութեան ատենապետն ու անդամները, Կենտրոնական վարչութեան անդամները, ՀՅԴ Բիւրոյի եւ ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչները, Ս. Կարապետ Մայր եկեղեցու հոգաբարձուները, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէութեան, ՀՕՄի Հոլիվուդի «Մայր» մասնաճիւղի, ՀՄԸՄի եւ Հայ Դատի յանձնախմբի անդամները:
Ձեռնարկի յաջող կայացման հարցում Սիւզի Օհանեանը շնորհակալութիւն յայտնեց տօնահանդէսի կազմակերպման յանձնախումբին եւ ատենապետ Ճեքի Պոյաճեանին` մանրակրկիտ ծրագրման եւ այն հսկայածաւալ աշխատանքի համար, որ հնարաւոր կը դարձնի վարժարանի նախաձեռնութիւնների իրականացումը:
Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի տարեկան տօնահանդէսը վկայութիւնն էր յանուն գլխաւոր գաղափարի համայնքի միասնութեան եւ համախմբման ուժի, որ նոր էջ կը բացի ոչ միայն կրթօջախի, նաեւ համայն համայնքի կեանքում` հաւաստիացնելով, որ ապահովուած է հայկական ոգով ու համամարդկային արժէքներով առողջ սերնդափոխութիւնը: