
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի Հանրային գրադարանում գործող «ReflectSpace» պատկերասրահում Մարտի 22ին տեղի ունեցաւ «Ընդգրկելով Սփիւռքի արուեստը. Ջոան Աղաջանեան Քուինի դիմանկարները» խորագրով ցուցահանդէսի բացումը: Ցուցադրութիւնը բացառիկ էր՝ ներկայացուած էին աշխարհի յայտնի արուեստագէտների կողմից ամենաշատը պատկերուած Ջոան Աղաջանեան Քուինի արուեստի անձնական հաւաքածուից 35 աշխատանքներ, որոնց հեղինակները սփիւռքահայ եւ տարբեր մշակոյթների ներգաղթեալ նկարիչներն էին: Յատկանշական էր, որ թէեւ բոլոր գործերում նոյն անձն էր, սակայն իւրաքանչիւր արուեստագէտ իր ինքնութիւնից բխող յատկանշական բաղադրիչ էր ներմուծել, Քուինի միջոցով պատմելով նաեւ իր ուրոյն պատմութիւնը:
Ջոան Աղաջանեան Քուինի բազմաշերտ էութիւնը, իմաստնութիւնն ու արտաքին գրաւչութիւնն են առիթ տուել աւելի քան 300 արուեստագէտների ոգեշնչուել արուեստի աշխարհում ամենաճանաչուած ու հեղինակաւոր հայուհիով: Նրան՝ դիմանկարել, լուսանկարել ու քանդակել են այնպիսի հանրայայտ արուեստագէտներ, ինչպիսիք են՝ Էնդի Ուորհոլը, Ժան-Միշէլ Բասքիաթը, Դէյվիդ Հոքնին, Հելմուտ Նիւտոնը, Էդ Ռուսչան եւ շատ ուրիշներ: Ջոան Քուինը ինքն էլ մեծապէս աջակցել է բազմաթիւ արուեստագէտների կայանալու եւ յաջողելու հարցում:


Լինելով նաեւ լրագրող, Էնդի Ուորհոլի Interview ամսագրի խմբագիրներից, Քուինն էլ ստեղծել է իր արուեստը: «ReflectSpace»ի ցուցահանդէսը ներառում էր նաեւ նրա կողմից արուած լուսանկարները, որոնք բացառիկ են նրանով, որ Քուինը ներկայացնում է յայտնի արուեստագէտների, քաղաքական գործիչների՝ մտերմիկ միջավայրում:
Ցուցասրահում ներկայացուած լուսանկարներում կարելի է նորովի բացայայտել Էնդի Ուորհոլին, Ժան-Միշէլ Բասքիաթին կամ Ֆիդել Կաստրոյին, երբ նրանք ընկերական անկաշկանդ շրջանակում են: Այս ինքնաբուխ լուսանկարները բացայայտում են Քուինի գեղարուեստական ուղեծրի մէկ այլ կողմ՝ արձանագրելով նրա կարողութիւնը լինելու ե՛ւ վաւերագրող, ե՛ւ գործուն մասնակից արուեստի նշանակալից շրջանակներում:
«ReflectSpace»ի ցուցադրութեան կազմակերպիչներն էին Արա եւ Անահիտ Օշականները: Պատկերասրահը ընկերային ուղղուածութիւն ունի, եւ համակարգողները՝ Օշական ամուսինները, ընտրելով ներգաղթեալ արուեստագէտների, նաեւ հարցեր էին ուղղել, թէ ինչպէ՛ս է նրանց կարգավիճակն ազդել նրանց գործունէութեան վրայ: Պատասխաններն ամփոփուած են կայքում, եւ արտացոլում են տարբեր փորձառութիւններ, որոնք իւրայատուկ կերպով արտայայտուել են նաեւ Ջոան Քուինի՝ նրանց ստեղծած պատկերներում:


«Տասնամեակներ շարունակ արուեստագէտները սիրել եւ շարունակում են սիրել Քուինին, եւ հանդիպելով ու զգալով նրա բացառիկ էներգիան (ներուժը), ցանկանում են պատկերել նրան: Նա ֆենոմենալ (երեւութական) է: Ջոան Քուինի արուեստի հաւաքածուն հսկայական է, եւ այսօր այն ինչ ցուցադրում ենք՝ այդ հաւաքածուի շատ փոքր մասն է կազմում: Այն թեմատիկ (շարադրական) է եւ ներառում է սփիւռքահայ եւ այլ մշակոյթների ներգաղթեալների, որոնց թւում՝ տարբեր սեռի եւ տարիքային խմբի արուեստագէտներ են, որ իւրովի են ընկալել ու պատկերել Ջոան Աղաջանեան Քուինին: Ներկայացուած դիմանկարների եւ լուսանկարների միջոցով, դիտողները նաեւ ականատես են լինում մշակոյթների միջեւ գեղարուեստակաn երկխօսութեան», նշում է Անահիտ Օշականը՝ յաւելելով, որ Քուինի ցուցահանդէսն էլ առիթ է դարձել համախմբելու Արեւմտեան ափի ճանաչուած ու հեղինակաւոր արուեստագէտների «Reflect Space»ում: Չնայած բազմաթիւ ընկերների ու հիւրերի առկայութեանը, ինձ այնուամենայնիւ յաջողուեց կարճ զրոյց ունենալ լեգենդար (առասպելական) հայուհու հետ, ով կիսուեց նաեւ իր յիշողութիւններով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք աշխարհում այն միակ անձն էք, ով ամենաշատ դիմանկարներն ունի՝ արուած ժամանակի հանրայայտ արուեստագէտների կողմից: Բազմատեսակ դիմանկարներում երբեւէ նոր բան բացայայտե՞լ էք ձեր մասին:
ՋՈԱՆ ՔՈՒԻՆ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Ես միշտ առաւելապէս տուեալ արուեստագէտին են տեսնում իրենց գործերում՝ ուշադրութեամբ դիտելուց տեսնում եմ, որ ինքն իրեն է պատկերել: Այդպիսով կարող եմ տեսնել ու ճանաչել նկարչին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս սկսուեց ձեզ դիմանկարելու պատմութիւնը:
ՋՈԱՆ ԱՂԱՋԱՆԵԱՆ ՔՈՒԻՆ.- Իմ առաջին դիմանկարն ունեցայ 16 տարեկանում, երբ մայրս պատուիրեց: Իսկ յետոյ ընկերս նկարեց ինձ, որից յետոյ նրա ընկերը ցանկացաւ նկարել, եւ այսպէս բնականոն կերպով սկսեց աճել ցանկացողների թիւը եւ կարծես մրցոյթի վերածուեց:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս դուք սկսեցիք լուսանկարել: Արդեօք արուեստի, քաղաքական ճանաչուած գործիչները հանգի՞ստ էին վերաբերւում, երբ լուսանկարում էիք նրանց զգայուն իրավիճակներում:
ՋՈԱՆ ԱՂԱՋԱՆԵԱՆ ՔՈՒԻՆ.- Ես լրագրող էի, եւ 70-80ական թուականներին, վաւերագրում էի ամէն ինչ իմ շատ փոքրիկ եւ էժանագին լուսանկարչական խցիկով: Աշխատանքներս գուցէ զօրեղ գործեր չէին, բայց ցուցադրում էին բազմաթիւ պահեր, յայտնի արուեստագէտների առօրեայից: Նրանք հանգիստ էին իմ ներկայութեամբ, եւ չէին նեղւում իմ լուսանկարելուց: Հելմուտ Նիւթոնը միշտ ծիծաղում էր՝ տեսնելով, թէ ինչպէս եմ ջանասիրաբար աշխատում իմ փոքրիկ խցիկով: Դէյվիդ Հոքնին էլ մի օր ասաց, որ ֆոտոխցիկս սարսափելի է, եւ յորդորեց գնել նորը: Ես ձեռք բերեցի նոր՝ փոքր ինչ թանկարժէք խցիկ եւ շարունակեցի վաւերագրել ամէն ինչ իմ շուրջ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր համար որքանով էր կարեւոր ցուցահանդէսում առանձնացնել սփիւռքահայ եւ ներգաղթեալ ծագում ունեցող արուեստագէտներին:
ՋՈԱՆ ԱՂԱՋԱՆԵԱՆ ՔՈՒԻՆ.- Գնահատում եմ «Reflect Space» պատկերասրահը, քանի որ այն պահպանում է գաղափարական կայունութիւնը: Ես շատ արուեստագէտ ընկերներ ունեմ ամբողջ աշխարհում, որոնց թւում նաեւ շատ հայեր, եւ կարեւորում եմ, որ նրանք բոլորը ներառուած են այս ցուցադրութիւնում եւ սա նրանց արուեստը գնահատելու իւրատեսակ ձեւ է:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ կարծիք ունէք ժամանակակից արուեստի մասին։
ՋՈԱՆ ԱՂԱՋԱՆԵԱՆ ՔՈՒԻՆ- Ես սիրում եմ ժամանակակից արուեստը: Կարծում եմ, որ փողոցային արուեստը հիասքանչ է: Գրաֆիտի նկարիչներից օրինակ Գաջին Ֆուջիտասը, որ փողոցում էր նկարում՝ ներկայում ցուցադրւում է Լուվրում: Շեպարդ Ֆէյրին էլ, որ փողոցից սկսեց, մեծ ճանաչում ունի այսօր, եւ ի դէպ ինքն էլ նկարել է ինձ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս արուեստը կարող է կամրջել մշակոյթների եւ խթանել համայնքների միջեւ փոխըմբռնումը:
ՋՈԱՆ ԱՂԱՋԱՆԵԱՆ ՔՈՒԻՆ.– Արուեստը կարող է կամրջել ամէն ինչ՝ ոչ միայն մշակոյթները, նաեւ՝ զգացողութիւնները, հոգեւոր կապը, եւ պատասխան տալ բոլոր հարցերին: Երբ դիտում ես որեւէ արուեստի գործ, անպայման արձագանգում ես՝ դրական կա՛մ բացասական, բայց այն լիցքաւորում է ինչ-որ բանով, որը մարդուն անհրաժեշտ է:
«Ընդգրկելով Սփիւռքի արուեստը. Ջոան Աղաջանեան Քուինի դիմանկարները» ցուցադրութիւնը կը տեւի մինչեւ Մայիսի 23ը:

