Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարեց, որ Արցախի հայութեան բռնի տեղահանութեան եւ Արցախի լուծարման հրամանագիրի հրապարակումէն ետք, Արցախի հարցը դուրս եկաւ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ միջպետական յարաբերութիւններու կարգաւորման օրակարգէն։
Գերմանիոյ նախագահին հետ տուած միացեալ մամլոյ ասուլիսին ընթացքին Ատրպէյճանի նախագահ Ալիեւ յայտարարեց, որ բանակցութիւններուն գլխաւոր խոչընդոտը եղած է մինչեւ Յունուար 2024 «Հայաստանի՝ հաստատակամօրէն խաղաղութեան պայմանագիրին մէջ այսպէս կոչուած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճակատագիր»ի հարցը ներառելու փորձն էր: «Ազատութիւն»ը Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան հարցուց, որ արդեօք իսկապէ՞ս այդպէս է:
«Նախկինում քանիցս յայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցութիւններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայութեան անվտանգութեան եւ իրաւունքների ապահովման, այդ թւում եւ այդ խնդիրների հասցէագրման միջազգային մեխանիզմի (գործիքակազմի) ստեղծման ուղղութեամբ: Դրան էին նաեւ միտուած երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժուեցին Լեռնային Ղարաբաղի կողմից: Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից», յայտնեցին Հայաստանի արտաքին գործոց նախարարութենէն:
Այս յայտարարութեան դէմ եղան բազմաթիւ արձագանգներ եւ կշտամբանքներ։
Արցախի տեղեկատուական շտաբը յայտնեց, որ Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը որեւէ իրաւական հիմք չունի եւ իրական հարցերէն հանրութեան ուշադրութիւնը շեղելու անյաջող փորձ է:
«Բռնի տեղահանութիւնից յետոյ Արցախի իշխանութիւնները ցուցաբերել են զսպուածութիւն` փորձելով խուսափել աւելորդ շահարկումներից եւ ազգամիջեան խնդիրներից: Սակայն, տեղեկատուական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ յայտարարութիւններին չարձագանգելը յարուցում է հասարակութեան արդարացի դժգոհութիւնը: Ստացւում է այնպէս, որ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը, յղում անելով Արցախի իրաւական դաշտում երբեւիցէ գոյութիւն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետութեան անկախութեան մասին հռչակագիրը, սահմանադրութիւնը եւ օրէնքները` նոյն կերպ վարուելով Հայաստանի` Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտաւորութիւնների պարագայում, այդ թւում` որպէս անվտանգութեան երաշխաւորի:
Արցախի Հանրապետութեան սահմանադրութեամբ որեւէ պաշտօնեայ, այդ թւում` երկրի ղեկավարը, լիազօրուած չէ լուծարել հանրապետութիւնը: Հետեւաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքուէով ստեղծուած պետութիւնը: Այդ լիազօրութեան իրաւատէրը Արցախի ժողովուրդն է, եւ այն անբաժանելի է նրանից: Արցախի Հանրապետութեան` այսպէս կոչուած լուծարման հրամանագիրը ստորագրուել է Ադրբեջանի լայնածաւալ յարձակման հետեւանքով ստեղծուած ծանրագոյն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի` տասնեակ անգամներ գերազանցող զինուած ուժերի դէմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ եւ այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկւում էին նրանց կողմից, իսկ պաշտպանութեան բանակի մեծ մասը յայտնուել էր շրջափակման մէջ, եւ կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչութեան ֆիզիքական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից արգելափակուած Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտութիւն` Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով: Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար յիշատակուող այդ թուղթը չէր կարող կոչուել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, աւելին` հակասում էր «Նորմատիւ (օրինաչափական) իրաւական ակտերի (օրէնքներուն) մասին» Արցախի Հանրապետութեան օրէնքին, որի համաձայն` նորմատիւ իրաւական ակտերն ուժի մէջ են մտնում դրանցում սահմանուած ժամկէտներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտօնական հրապարակմանը յաջորդող օրուանից` բացառութեամբ այն դէպքերի, երբ օրէնքով սահմանուած է, որ տուեալ նորմատիւ իրաւական ակտն ուժի մէջ է մտնում հրապարակուելուց յետոյ` անմիջապէս:
Վերոնշեալ օրէնքի 28րդ յօդուածը նաեւ սահմանում է, որ նորմատիւ իրաւական ակտերի հրապարակումն իրականացւում է նորմատիւ իրաւական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով: Այսպէս կոչուած հրամանագիրը` որպէս փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիւ իրաւական ակտերի հրապարակման միասնական կայքում եւ չի հրապարակուել պաշտօնապէս, այլ վերջինիս վերաբերեալ ադրբեջանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրութիւն է տարածուել Արցախի տեղեկատուական շտաբի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտօնական հրապարակում: Հաշուի առնելով յետագայ հնարաւոր շահարկումները` Երեւան տեղափոխուելուց օրեր անց նախագահ Սամուէլ Շահրամանեանի հրամանագրով նոյն հարթակում անվաւեր է ճանաչուել 2023 թուականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից եւս պայմանաւորուած էր մի շարք հանգամանքներով:
«Ելնելով այս պարզ իրողութիւնից` ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը որեւէ իրաւական խոչընդոտ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգ բերել Արցախի եւ նրա տեղահանուած բնիկ ժողովրդի հարցը: Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարութեանը տրամադրել բոլոր հիմնաւոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտութեան դէպքում` դրանք հրապարակել:
«Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրաւական դաշտում երբեւէ գոյութիւն չունեցած փաստաթղթի շահարկումից», կ՛ըսուի Արցախի տեղեկատուական շտաբի յայտարարութեան մէջ:
Արցախի Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեան «Ապառաժ»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնեց հետեւեալը. «Արցախի Հանրապետութեան եւ ընդհանրապէս Արցախի լինելութեան հարցը` ժողովրդի իրաւասութեան տիրոյթում է, ժողովուրդ ասելով միայն նկատի չունեմ արցախահայութեանը, խօսքը վերաբերում է հայ ժողովրդին, որովհետեւ Արցախը միայն արցախահայութեանը չէ` Արցախը համայն հայութեան հայրենիքի մի հատուածն է, հետեւաբար, Արցախի ճակատագիրը չի կարող ժողովրդի մէկ հատուած որոշի կամ այս կամ այն պաշտօնեան ու գործիչը: Պէտք է նկատենք, որ, ճիշդ է, այս թէզը բաւական երկար ժամանակ շրջանառութեան մէջ է դրուած, որ Արցախի նախագահի ստորագրութեամբ Արցախ պետութեան էջը փակուել է, նախ նշեմ, որ ԱՀ Սահմանադրութեամբ նախագահին նման իրաւասութիւններ տրուած չէ, մանաւանդ, որ նախագահը բացատրել է իր այդ քայլը եւ այդ որոշումը բեկանուել է, երբ Արցախի ժողովրդին վտանգ չէր սպառնում: Հետեւաբար, այն իրաւական որեւէ հիմք չունի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան ԱՀ Նախագահի հրամանագրին շեշտադրում անելն անընդունելի է, դա թերեւս պատասխանատուութիւնից հրաժարուելու մի ձեւ է: Ըստ էութեան, Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի անվտանգութեան երաշխաւորն է եղել եւ սա նշանակում է քո ունեցած պատասխանատուութեան չափաբաժնից հրաժարւում ես: Ինչ վերաբերւում է Արցախի իշխանութիւնների Ադրբեջանի իշխանութիւնների հետ բանակցելու հարցերին, ապա պէտք է նշեմ, որ 2020 թուականից յետոյ` ԱՀ իշխանութիւնները այսպէս ասած բանակցում էին Ադրբեջանի իշխանութիւնների հետ: Նախագահ Արայիկ Յարութիւնեանն էլ դա չհերքեց, սակայն հարցը դրանում չէ, հարցը նրանում է, թէ ինչ էր պահանջում Ադրբեջանը: Ադրբեջանը երեք հիմնական պահանջ ունէր` կազմալուծել Արցախի Պաշտպանութեան բանակը, Արցախի իշխանութեան մարմինները եւ երրորդը` այդ տխրահռչակ ինտեգրումը (համարկումը) Ադրբեջանին, այսինքն` կանաչ անձնագրերի տրամադրումը, որը նշանակում է ընդունել Ադրբեջանի հպատակութիւնը: Ադրբեջանը բազմիցս է շեշտել, որ Ղարաբաղի հայերը ընտրութեան մեծ հնարաւորութիւն չունեն, նրանք պէտք է ընդունէին Ադրբեջանի կազմում մնալը: ՀՀ իշխանութիւնների այն պնդումը, որ եթէ Արցախը բանակցէր Ադրբեջանի հետ ու ինչ-որ հարց կը լուծուէր, ապա դա այդպէս չէ, որովհետեւ քննարկումները եղել են, դրանք եղել են թէ՛ Իւանեանում (Խոջալու), թէ՛ Եւլախում ունեցած վերջին հանդիպումներին, սակայն Ադրբեջանը մշտապէս այդ երեք պահանջն էր դնում»։
Ըստ Բալայեանի՝ Արցախի իշխանութիւնները երբեք չեն խուսափած Ատրպէյճանի հետ բանակցելէ, սակայն Ատրպէյճան հրաժարած է եւ մնայուն կերպով իր պահանջները յառաջ կը մղէ:
Իրենց կարգին Դիւանագէտներու համահայկական խորհուրդը յայտարարութեան մը միջոցով յայտնեց, որ Հայաստանի իշխանութիւնները եւ, մասնաւորապէս արտաքին գործոց նախարարութիւնը անգամ մը եւս ցոյց տուին իրենց քաղաքական դիմագիծը` ջանադրաբար փորձելով Արցախի հիմնահարցի կարգաւորման ուղղութեամբ իրենց ամբողջական ձախողութիւնները եւ յանցաւոր անգործութիւնը բարդել ուրիշներու վրայ:
«Ապրիլի 5ին լրատուամիջոցներից մէկին տրուած ԱԳՆ մեկնաբանութիւնը փորձում է տպաւորութիւն ստեղծել, որ ՀՀ իշխանութիւններն, իբրեւ թէ, առաւելագոյն ջանքեր են գործադրել Արցախի շահերի պաշտպանութեան համար` ընդհուպ 2024թ. Յունուար ամիսը, բայց այդ «առաքելութեանը» խանգարել են Արցախի իշխանութիւններն` իրենց մերժողական պահուածքով եւ սեփական նախաձեռնութեամբ Արցախի Հանրապետութիւնը լուծարելով: Փաստերի նենգափոխման գործելաոճը նորութիւն չէ այս իշխանութիւնների համար: Միանգամայն ակնյայտ է, որ արցախեան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու ֆունդամենտալ (հիմնական) եւ առանցքային պատճառը ՀՀ գործող վարչախմբի ղեկավարի կողմից Պրահայում 2022թ. Հոկտեմբերին կայացած քառակողմ հանդիպմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան անվերապահ ճանաչումն էր` ներառեալ Արցախը: Հիմա արդէն կարելի է վստահաբար արձանագրել, թէ ինչ էր նշանակում այդ հանդիպումից ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում գործող վարչապետի յայտարարութիւնը` «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը մի փոքր իջեցնելու մասին» եւ ինչ աղէտալի հետեւանքներ այն ունեցաւ Արցախի ժողովրդի համար: Ինչ վերաբերւում է երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների չկայացման համար մեղադրանքներին, ապա մեր ունեցած հաւաստի տեղեկութիւններով այդ հանդիպման չեղարկումը պայմանաւորուած է եղել բոլորովին այլ հանգամանքներով, որի մասին ճիշդ կը լինի, որ վերջապէս խօսեն այդ գործի անմիջական պատասխանատուները: Եթէ խօսում ենք փաստերով, ապա առնուազն զարմանք է յարուցում, թէ ՀՀ ԱԳՆից ինչու չեն անդրադառնում չկայացած հանդիպումից օրեր անց նախատեսուած մէկ այլ հանդիպման, որին Արցախի ներկայացուցիչները պատրաստ են եղել մեկնել, սակայն ադրբեջանական կողմն է հրաժարուել: Ակնյայտ է նաեւ, որ Հայաստանի ինքնահեռացումը նշուած բանակցային գործընթացից եւ միջազգային իրաւունքի ոտնահարմամբ շրջափակման մէջ գտնուող, ուժասպառ Արցախը հակառակորդի ճիրաններում մենմենակ թողնելը ինքնըստինքեան պարարտ հող ստեղծեց Բաքուի առաւելապաշտական եւ վերջնագրային դիրքորոշման համար: Տարակուսանք է առաջացնում նաեւ իբրեւ թէ Արցախի Հանրապետութեան լուծարման մասին հրամանագրի մէջբերումը, որի մասին պարբերաբար յիշեցնում են միմիայն ՀՀ իշխանական շրջանակները: Այստեղ տեղին ենք համարում նշել, որ այն չի հրապարակուել, հետեւաբար իրաւական ուժ չի ստացել, եւ այն չէր կարող օրինական համարուել նախ` Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան իրաւակարգաւորումների տեսանկիւնից եւ ապա` միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ` ուժի սպառնալիքի տակ պարտադրուած լինելով: Վերջապէս, Ադրբեջանն Արցախում իրականացրել է ցեղասպանական գործողութիւններ` շրջափակման եւ էթնիկ (ցեղային) զտման միջոցով, ինչն արձանագրուել է միջազգային կառոյցների ու մի շարք պետութիւնների, այդ թւում` ՀՀ ԱԳՆի կողմից: Հայաստանի արտաքին գերատեսչութիւնը, որը վերջին տասնամեակների ընթացքում ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժման ուղղութեամբ միջազգային պայքարի առաջնագծում էր, այսօր երեսպաշտօրէն յայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութիւնից յետոյ… խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից», դրանով իսկ օգնելով Ադրբեջանին խուսափել պատասխանատուութիւնից եւ, փաստօրէն ի չիք դարձնելով Հայաստանի ու միջազգային գործընկերների ապագայ պայքարը արդարութեան վերականգման համար: Դիւանագէտների համահայկական խորհուրդը խստագոյնս դատապարտում է Արցախի թեմայի շուրջ շահարկումները, ստի եւ կեղծիքի վրայ հիմնուած մանիպուլեացիոն (ձեռնավարական) յայտարարութիւնները, որոնք համահունչ են Բաքուի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ու ռազմագերիների դէմ մոգոնուող շինծու մեղադրանքներին: Անհրաժեշտ ենք համարում վերստին զգուշացնել, որ Արցախի թեման վերջնականապէս փակելու Հայաստանի օրուայ իշխանութիւնների ապազգային եւ հիմնազուրկ գործողութիւնները լրջագոյն սպառնալիք են ստեղծել արդէն իսկ Հայաստանի Հանրապետութեան համար», կ՛ըսուի Դիւանագէտներու համահայկական խորհուրդի յայտարարութեան մէջ։
Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարեան Ազատութեան հրապարակին վրայ տեղի ունեցած քննարկումին ընթացքին յայտնեց, որ Հայաստանի իշխանութիւնները բոլոր միջոցները կը գործադրեն Արցախի հարցը փակելու համար: «Խայտառակ յայտարարութիւն է, ԱԳՆն արձանագրում է, որ իրենց արտաքին քաղաքական օրակարգում չկայ արցախցիների իրաւունքների պաշտպանութեան հարց: ԱԳՆն փորձում է մեղքը գցել բոլորի վրայ եւ ոչ մի պատասխանատուութիւն չվերցնել: Արցախեան շարժումը որեւէ մէկը չի կարող փակել, այդ թւում Նիկոլ Փաշինեանը, Արցախեան շարժման առաջին շահառուն Արցախի ժողովուրդն է: Խիստ անցանկալի ու դատապարտելի է, որ ՀՀ իշխանութիւնները բոլոր միջոցները կիրառում են Արցախեան հարցը փակելու համար: Հնարաւորինս լայն համախմբում պէտք է լինի Արցախեան օրակարգի շուրջ եւ իշխանութիւնների վրայ մեծ ճնշում պիտի լինի, որ յանցաւոր քայլեր չանեն Արցախեան հարցը փակելու ուղղութեամբ», ըսաւ Բեգլարեան։