Ռ. ԿՈՐԻՒՆ

Երկար ժամանակ էր պատումը լսել էի ընկերոջիցս, հետաքրքրական լինելով դրոշմուել էր մտքումս, որի մասին ցանկութիւն առաջացաւ գրել:
Բարեբախտաբար ոչ ցաւալի դէպք, այլ բացառապէս անակնկալ, անսովոր մի վիճակ, ով գիտի դա նաեւ պատահած լինի պարտիզբանների եւ այգեգործների մօտ, ինչու չէ նաեւ՝ սիրողականների: Սա իմ առաջին անգամն էր այն լսելով եւ մտածմունքի մէջ խորասուզուելով չէի կարողանում մի ստոյգ եզրակացութեան հասնել:
Անցնենք առաջ, թող չսպասեցնեմ:
Այն ինչ պատմել էր ընկերս.
– Թեհրանում ապրում էինք Մաջիդիէում, որին հայերը անպաշտօն կոչում էին «Զէյթուն» թաղամաս, հայապահպանման օջախներով օժտուած քաղաքամաս, հայի խանութներ, փողոցներում խօսակցական հայերէնն էր հնչում հարազատ:
Փոքր հողամասի վրայ մեր բնակարանը ունէր բակ, որտեղ հայրս ժամանակին խաղողատունկի մի տերեւակալած ճիւղ (մատ) ծաղկամանի մէջ տուն էր բերել, խնամքով փոս արել եւ տնկել էր: Ես պատանի տարիքումն էի, պարսից թագաւորի խաղաղ ու բարգաւաճող տարիներին, դպրոցի դասերով էի զբաղուած եւ երբեմն ընկերներիս հետ խաղով: Այժմ կտրուած ծննդավայրից ապրում եմ Լոս Անջելեսում, հօրս այն օրերի յատուկ ուշադրութիւնը վազին շարան տողանցում է մտապատկերումս: Մեր կեանքի հետ համընթաց խաղողի որթը աճում եւ ճիւղեր էր արձակում: Մի օր էլ տեսայ հայրս փայտեր եւ տախտակներ է բերել ու թառմայ է կառուցում, որպէսզի խաղողի որթը՝ ճիւղերը, ազատ բեմ ունենան տարածուելու․ արդէն իսկ նա դարձել էր վազ՝ սաղարթախիտ կաս կանաչ ուրախ կեանք ներշնչող:
Որթատունկը ցանուելուց երկու տարի անց խաղողի ողկոյզներ յայտնուեցին ոսկեայ հատիկներով, բիւրեղեայ, թափանցիկ ու մեղրահամ: Հօրս խնամքը վազի նկատմամբ անպակաս էր, գուրգուրանքով էր վերաբերւում, պարարտացնում էր քակորով եւ քիմիական նիւթերով ցօղում էր կատարում, նրա հետ էր օրնիբուն, կարծես նրա հետ խօսում եւ զրուցում էր: Գրեթէ մեր բակը ծածկուել էր վազի տերեւակալած երկարաւուն մատներով, շուքն ու ստուերը գլխներիս՝ ցերեկը հուր արեւի եւ գիշերուան կախարդական աստղերի կցկտուր շողեր եւ ցոլքեր էինք միայն նկատում, հովասուն ապաստան եւ հոտաւէտ արտացոլանք:
Իւրաքանչիւր տարի նրա բերքը շատանում էր․ հիմա որ յիշում եմ եւ պատկերը աչքիս առջեւ համոզւում եմ, որ վազը եւ հայրս իրար լեզու լաւ էին հասկացել որպէս շնչաւոր եւ կենդանի մարդ արարած, մէկը միւսին օգտակար՝ նուիրուածութեան եւ երախտագիտութեան անթաքոյց արտայայտում:
Դրանով հանդերձ որ մենք բազմանդամ ընտանիք էինք, վազի բերքը մեզ լիապէս գոհացնելով բացի, նաեւ հայրս եկող-գնացողին եւ հարեւաններին եւս առատօրէն բաժանում էր: Ով տեսնում էր մեր բակի վազը զարմանում էր նրա հրաշք պտուղով, կանաչապատ ու ոսկեամատ տարածութեամբ: Մեր վազը ունէր մի առաւելութիւն․ նա զերծ էր անկոչ հիւրերի թալանից եւ վնասից: Վազը խաղաղ ու ժպտուներես իր բերքն էր բաշխում ստացած սնունդի դիմաց: Հօրս անսպասելի մահը եօթանասուն հինգ տարեկանում բոլորիս սուգի մատնեց, ցաւում էին նաեւ մեր հարեւաններն ու ճանաչողները: Հօրս մահը տեղի ունեցաւ այն ժամանակ, երբ վայելել էինք արդէն վազի արգաւանդապտուղը եւ ոտք էինք դնում ձմռան շեմին: Ողջ ձմռան եղանակին վազր ընդարմացած վիճակում կաս դեղնեց, տերեւները մէկը միւսի յետեւից թափւում էին ցած։ Չկար որեւէ կասկածանք նրա չորանալուն, այլ սովորական համարեցինք, սպասեցինք գարնան գալուստին:
Գարուն եկաւ, ծաղկունք եկաւ, տնեցիների հայեացքը ուղղուած էր դէպի վազը տեսնելու նրա զարթօնքն ու բերքաւորումը։ Գարնան օրերը առաջ էին գնում, սակայն որեւէ կենդանի տեսք չէր նկատւում։ Քանի տեսակ փորձեր արեցինք, սակայն անօգուտ։ Այսպէս, մեր հօր մահից յետոյ նաեւ մահացաւ մեր բերքառատ ոսկեվազը․ բոլորս մնացել էինք շուարած ու զարմացած, թէ ինչ պատահեց, նրա չորանալը մնաց առեղծուածային…