

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Հայ Կինն Ու Փոքրամասնային Ներգործութիւնն Իրանական Արդիութեան Կերմտան Գործում. 1860-1979» (The Armenian Woman, Minoritarian Agency, and the Making of Iranian Modernity, 1860–1979) գիրքը, հեղինակները՝ Հուրի Պէրպէրեանն ու Թալին Գրիգորը հայ համայնքին ներկայացրեցին Մարտի 8ին, նաեւ իրենց գրքի միջոցով խորհրդանշելով հայ կնոջ դերը համաշխարհային պատմութեան կերտման գործում: ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղում, հեղինակները կիսուեցին գրքի ստեղծման իրենց երկարատեւ հետազօտութիւնների մասին մանրամասներով:
«Պատիւ ունենք հիւրընկալելու երկու բացառիկ գիտնականների՝ դոկտոր Հուրի Պէրպէրեանին եւ Թալին Գրիգորին, ովքեր, չնայած կեանքի վաղ շրջանում երբեւէ չեն հանդիպել, սակայն կիսում են խորապէս փոխկապակցուած սփիւռքեան ճամբորդութիւնը: Նրանք հասակ են առել տարբեր կենսունակ հայկական համայնքներում՝ Լիբանանում եւ Թեհրանում մինչ Ամերիկայում հաստատուելը, եւ կրթութեան, «ակտիվիզմ»ի եւ հայոց պատմութեան նկատմամբ նրանց հետաքրքրութիւններն են առիթ դարձել, որ այս երկու բացառիկ կանանց ուղիները հատուեն գիտական աշխարհում: Նրանց համագործակցութեան արդիւնքը վերջերս հրատարակուեց Սթենֆորդի համալսարանի կողմից՝ հանդիսանալով բեկումնային ուսումնասիրութիւն ժամանակակից Իրանում հայ կանանց, եւ այդ երկրի ու հայ համայնքի կեանքում նրանց նշանակալի ներդրումների մասին: Հուրին եւ Թալինը ձայն են տուել հայ կանանց յաճախ անտեսուած պատմութիւններին՝ կարեւոր ներդրում ունենալով ոչ միայն հայագիտութեան ու իրանագիտութեան ուսումնասիրութիւններում, այլեւ՝ առաւել լայն թեմաներում, որ ներառում են «ֆեմինիզմ»ը, ազգայնականութիւնն ու փոքրամասնութիւնների քաղաքականութիւնը», նշեց «Արարատ»ի նախկին սկաուտը եւ ներկայում «Նեթֆլիքս»ի հրապարակայնութեան բաժնի ղեկավար Թենի Կարապետեանը:
Պէրպէրեանը Կալիֆորնիայի Ըրվայնի համալսարանում (UC Irvine) պատմութեան պրոֆէսոր է, եւ Հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնի ղեկավարը: Գրիգորը Կալիֆորնիայի Դէյվիսի համալսարանում արուեստի եւ ճարտարապետութեան պատմութեան պրոֆեսոր է: Նրանք երկուսն էլ բազմաթիւ գիտական աշխատութիւնների հեղինակ են:
«Մեր համատեղ աշխատանքի իրական նպատակն էր նշել կանանց ժառանգութիւնը եւ երկուսիս համար էլ կարեւոր էր իրականացնել այս հետազօտութիւնն ու բացայայտել, թէ ինչ ներդրում են ունեցել հայ կանայք», նշեց Գրիգորը:
Նշեալ գիրքն առաջինն է, որ քննում է հայ կանանց պատմութիւնը ժամանակակից Իրանում՝ 1860-ականներից մինչեւ 1979: Հեղինակները, հայ կանանց կազմակերպութիւնների միջոցով անդրադարձել են փոքրամասնութեան քաղաքականութեանն ու կրկնակի փոքրամասնութիւն հանդիսացող հայ կանանց, Իրանի իշխանութիւնների եւ իրանահայ նահապետական կառոյցների՝ եկեղեցու եւ քաղաքական կուսակցութիւնների միջեւ փոփոխուող յարաբերութիւններին: Հեղինակներն ուսումնասիրել ու համադրել են արխիւային բազմատեսակ նիւթեր՝ գրաւոր աղբիւրներ, լուսանկարներ, բանաւոր պատմութիւններ՝ թեմայի շուրջ լռութիւնն ու բացակայութիւնը վերափոխելով տեսաձայնային ներկայութեամբ:
Մինչ միջոցառման մեկնարկը, առիթ ունեցայ հետ կարճ զրուցելու Պէրպէրեանի եւ Գրիգորի հետ. առաջին հարցս էր, թէ ինչպէ՞ս ծագեց գրքի գաղափարը: «2019ին UC Irvine-ում համաժողով էր, եւ Թալինը միակն էր, որ իրանահայ համայնքի մասին նիւթ էր ներկայացնում, որտեղ խօսեց նաեւ կանանց մասին: Հանդիսատեսի կողմից հարց հնչեց , թէ կանայք ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել, կարողացե՞լ են փոփոխութիւններ առաջացնել համայնքի կանանց կեանքում: Միակ անձը, ով անդրադարձել է իրանահայ կանանց, արդի պատմութեան շրջանակներում ես եմ եղել մի քանի յօդուածներով: Այդ համաժողովում էլ Թալինը միակն էր, որ իրանահայ կանանց մասին էր խօսում, եւ քանի որ երկուսս էլ իրանագէտ ենք, որոշեցինք հետեւողական լինել տրուած հարցին, եւ պարզել, թէ արդեօք իրանահայ կանայք «շարժե՞լ են ասեղը», նշում է Պէրպէրեանը:


Ինչու՞ են նրանք ընտրել պատմական նշուած ժամանակաշրջանը հարցս յաջորդն էր: «Գրքի առանցքում 19րդ դարի կանանց կազմակերպութիւններն են, քանի որ անհատներին անդրադառնալը չափազանց դժուար, գրեթէ անկարելի կը լինէր: Եւ կանանց կազմակերպութիւններն էին, որ աշխատանքներն աշխուժօրէն սկսել էին նշուած ժամանակաշրջանում՝ մասնաւորապէս աղջիկների համար դպրոցների բացումը, քսաներորդ դարում ֆեմինիստական շարժման մէջ ներգրաւուումը, եւ այլն», նշեց Պէրպէրեանը: Գրիգորն էլ յաւելեց, որ ժամանակաշրջանի ընտրութիւնը պայմանաւորուած էր նաեւ այն հանգամանքով, որ հեղինակներն արդի ժամանակաշրջանի մասնագէտներ են՝ Պէրպէրեանը՝ Պարսկաստանի Սահմանադրական յեղափոխութեան եւ այդ գործում հայերի մասնակցութեան հարցերով, իսկ ինքը՝ Ղաջարական եւ Փահլաւիական շրջանի արուեստի պատմաբան է:
Խօսելով կազմակերպութիւնների միջոցով պատմութիւնը ներկայացնելու մասին, Գրիգորը նշեց, որ միայն կազմակերպութիւններն էին որ կանոնագիր ունէին եւ կամայական չէին գործում, աւելացնելով. «Պատմագրօրէն համարում էինք, որ սխալ է անձերի վրայ կենտրոնանալ, որովհետեւ հարց է առաջանալու, թէ ինչ սկզբունքով ենք ընտրել տուեալ անհատին: Շատերն են անդրադարձել անհատներին տարբեր կենսագրականների միջոցով, որոնք սակայն ամբողջական չեն, եւ տրամաբանութիւն չկայ, թէ ինչու են նրանք ընտրուել: Նաեւ, կազմակերպութիւնները կարեւոր էին, որովհետեւ ստեղծում էին կապ համայնքի եւ Իրանի հանրութեան, եւ ամենակարեւորը՝ կառավարութեան հետ»:
Հեղինակների համար սկզբունքային է եղել, որ կազմակերպութիւնները ստեղծուած լինեն Իրանում, ինչպէս կանանց առաջին կազմակերպութիւնը՝ Հայուհիների միութիւնը, որ հիմնադրուել է 1871ին:
Գրքի առանձնայատկութիւններից է նաեւ այն, որ համապարփակ մօտեցում է ցուցաբերուել ստեղծմանը՝ ներառուել են մեծ թուով գործուն անձանց լուսանկարներ, քաղուածքներ փաստաթղթերից, թռուցիկներ ու տպագրութիւններ: «Որոշեցինք գիրքը սկսել մի կնոջ լուսանկարով՝ ընդգծելով, թէ ինչպէս է հայ կինը մտնում հասարակական եւ հանրային տարածք, եւ ոչ թէ միայն ֆիզիկապէս, այլ որպէս գաղափար», նշում է Գիրգորը:
Գրքի ներկայացումը մեկնարկեց լի դահլիճում եւ Պէրպէրեանն ու Գրիգորն իրենց ուսումնասիրութիւնը ներկայացրեցին ընթերցումներով ու արխիւային փաստաթղթերի ու լուսանկարների ցուցադրմամբ ու դրանց մասին պատմութիւններով:
«Հայաստանի, որպէս աշխարհաքաղաքական միաւորի մասին ամենավաղ գրաւոր յղումներից մէկն իրանականն է: Հայկական ինքնութեան տեսողական ամենավաղ պատկերումը նոյնպէս իրանական է՝ Բեհիսթունի արձանագրութիւնը, որ արուել է աքեմենեան արքայ Դարեհ Ա. հրամանով: Բարձրաքանդակները պատկերում են մարդկանց, այդ թւում՝ հայկական պատուիրակութեանը, որը նուէրներ էր տանում աքեմենեան թագաւորին: Հնագոյն ժամանակներից ի վեր հայերի եւ իրանցիների միահիւսուած պատմութիւնները դարերի ընթացքում միաձուլւում եւ տարանջատւում են՝ ստեղծելով անհամաչափ, բայց համագործակցային յարաբերութիւններ թագաւորների, զօրավարների, վաճառականների, յեղափոխականների եւ ճարտարապետների միջեւ: Պատմագրութիւնը սակայն հիմնականում կազմուած է տղամարդկանց պատմութիւնից, մինչ իրանահայ կանանց պատմութեան ստեղծումը լի է եղել բազմաթիւ մարտահրաւէրներով՝ բազմաթիւ բացակայող հատուածներով», նշեց Գրիգորը:


Գիրքը կազմուած է չորս մասից, որոնք ներկայացնում են հայ կնոջը՝ լուսանկարչական սրահներից մինչեւ կազմակերպիչ առաջնորդներ: «1860-1899ի միջեւ ընկած ժամանակահատուածը ներառնող գրքի առաջին մասը ներկայացնում է, թէ ինչպէս են իրանահայ կանայք մուտք գործել հասարակական ոլորտ՝ նախ լուսանկարչական սրահներ, ապա դարձել աղջիկներին աշխարհիկ կրթութիւն ապահովելու ջահակիրներ ու պաշտպաններ, այնուհետեւ՝ Իրանի առաջին կանանց կազմակերպութեան հիմնադիրներ», պատմեցին հեղինակները: 19րդ դարի վերջին եւ 20րդ դարի սկիբներին Իրանի բոլոր հայաշատ շրջաններում նկատւում է կանանց բարեգործական կազմակերպութիւնների մեծ աճ, որոնց առաջնահերթութիւնն էր աղջիկների կրթութեան ապահովումը: Կանանց կազմակերպութիւնների ի յայտ գալն ու աշխուժացումը հանդարտօրէն չէր ընկալւում եւ ընդունւում աւանդական կառոյցների կողմից, ինչի մասին բազմաթիւ վկայութիւններից Պէրպէրեանն ընթերցեց մի հատուած, որտեղ մասնաւորապէս ասւում էր՝ «Չնայած եկեղեցին եւ միայն տղամարդկանցից բաղկացած դպրոցական խորհուրդները յաճախ ողջունում էին այս տեսակի կազմակերպութիւնների հետեւում կանգնած կանանց ներուժը, աշխատանքն ու արդիւնքները, նրանք նաեւ երբեմն խաթարում էին դրանք, կամ փորձում էին խլել նրանցից վերահսկողութիւնը: Զարմանալի չէ, որ Թաւրիզի AWBS կազմակերպութեան խորհրդի անդամները ձգտում էին պահպանել կանանց վերահսկողութիւնը՝ թոյլատրելով միայն կանանց դառնալ կազմակերպութեան իրական եւ ցմահ անդամներ»:
Գրքի երկրորդ հատուածում՝ 1892-1925 թուականների անկայուն եւ յեղափոխական շրջանն է, որի ընթացքում նկատւում է հայ կանանց կազմակերպութիւնների աճ Սպահանի, Ատրպատականի եւ Գիլանի նահանգներում՝ արմատական նպատակներով եւ կանոնադրութեամբ: Այս շրջանում է, որ ընդհանուր տեսլականով յանձնառութիւնները յանգեցնում են մահմեդական-իրանցի եւ իրանահայ կանանց միջեւ համերաշխութեան զօրացմանը: Գրքի երրորդ մասը ներկայացնում է 1925ից 1958 թուականների արդիականացման հիմնարար դարաշրջանը՝ կանանց նորատիպ կազմակերպութիւնների ծնունդին, որ մարմնաւորում էին հայ ֆեմինիստական տեսլականը: Գրքի 4րդ գլուխն էլ բացայայտում է իրանահայ կանանց աշխուժութեան ոսկեդարը՝ 1960-1977ի միջեւ, երբ հայ կանանց կազմակերպութիւնները անմիջականօրէն համագործակցում էին իրանական պետութեան եւ միապետութեան հետ՝ որպէս կրթութեան, բարձր մշակոյթի եւ կանանց իրաւունքների միջազգային եւ հանրային պաշտպաններ:
Հայ կանանց կազմակերպութիւնների գործունէութիւնը մեծ ազդեցութիւն է ունեցել իրանահայ համայնքի կեանքում՝ սկսած կրթութիւնից մինչեւ բարեգործութիւն, մշակոյթի քաջալերում: Այս կազմակերպութիւնները վճռական են եղել ոչ նաեւ համախմբման եւ ներհամայնքային խնդիրները հարթելու հարցում:
1906ի Իրանում Սահմանադրութեան ընդունումն էլ կարեւոր դեր է խաղում, եւ ի թիւս այլ կրօնական խմբերի, քրիստոնեաներին՝ հիմնականում հայերին, քաղաքացիութիւն շնորհումն առաւել մեծ խթան է դառնում հայ կանանց համար, ովքեր սկսում են արտայայտուել քաղաքացիական եւ հանրային տարբեր ոլորտներում՝ մեծապէս ներգրաւուելով Իրանի արդիականութեան ձեւաւորման գործում: Լուսանկարչական սրահներում ազգագրական թեմաներից մինչեւ կանացի ինքնավար կազմակերպութիւնների ճարտարապետներ, գրքում տեղ գտած կանայք կերտել են բացառիկ ֆեմինիզմ, որը բանակցել է ազգայնականութեան եւ կանանց ազատագրման շուրջ: Այս ուսումնասիրութիւնը նաեւ հրաւէր է՝ լսելու իրանահայ կանանց ձայների արձագանքները պատմութեան խորքերում եւ ճանաչելու նրանց ժառանգութիւնը:
Պէրպէրեանի ու Գիրգորի գիրքը հայ կնոջ նոր շերտերի բացայայտում է՝ որ ե՛ւ ոգեշնչող է, եւ՛ հիացնող, ե՛ւ քաջալերող ու հպարտութեան բազմաթիւ առիթներ ընձեռող: Գիրքը միաժամանակ գիտական չափազանց արժէքաւոր հատոր է եւ նախադէպ այլ համայնքների ուսումնասիրութեան համար:
Գրքի շնորհանդէսին ներկաները հաւասարապէս ազդուած եւ ոգեւորուած էին նաեւ հեղինակների կողմից ներկայացման ձեւով, եւ բազմաթիւ հարցեր ուղղեցին՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Հիւրերը նաեւ հնարաւորութիւն ունեցան գնելու գիրքը հեղինակների ստորագրութեամբ եւ ծանօթանալու տարբեր մասնագէտների՝ ուսումնասիրութեան վերաբերեալ գնահատականներին:
«Ժամանակակից հայ կանանց այս գեղեցիկ եւ բեկումնային պատմութիւնները լցնում են Իրանի եւ Մերձաւոր Արեւելքի հայերի մասին ուսումնասիրութիւնների բացը: Աշխատելով հսկայական աղբիւրների հետ՝ հեղինակները հաղորդում են հայ կանանց բազմակողմանի փորձառութիւնները», գրքի մասին կարծիք է արտայայտում Փենսիլվանիայի համալսարանից Ֆիրուզէ Քաշանի Սաբեթը:
Քեմրոն Ամին էլ, Միչիգանի Դիրբորն համալսարանից անդրադառնում է ուսումնասիրութեան արդիւնքներին՝ «Հուրի Պէրպէրեանը եւ Թալին Գրիգորը հմտօրէն հիւսում են իրանահայ կանանց մշակութային արտադրանքի վերլուծութիւնը՝ նիւթը վերցնելով հէնց այդ կանանցից եւ հրաւիրելով մեզ վերաիմաստաւորելու իրանական արդիութիւնը որպէս բազմակարծ հասարակութեան արդիւնք: Այս գիրքը համատեղ հետազօտութեան, մեկնաբանութեան եւ պատմուածքի յաղթանակ է»: