
«Սվետլանա Նաւասարդեանը՝ ՀՀ Ժողովրդական արտիստ, Շումանի, Բախի, Էլիզաբէթ թագուհու, Սիդնէյի միջազգային մրցոյթների դափնեկիր, Կառավարական բարձր պարգեւներ՝ «Ս. Մեսրոպ Մաշտոց» եւ «Պատուոյ» շքանշանների ասպետ, Երաժիշտ, ով համաշխարհային դաշնամուրային արուեստի պատմութեան մէջ հաստատուն կերպով դրել է իր ինքնագիրը՝ բացարձակապէս ինքնատիպ եւ անկրկնելի…». Կ.Տ.Գ.
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Տօն էր «Լարք» երաժշտական ընկերակցութեան համալիրում։
«Լարք»ը ներկայացրեց համաշխարհային համբաւի տիրացած հայրենի դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանի երկու մենահամերգ՝ «Երաժշտութեան խաչմերուկներում» խորագրով։ Ռոբերտ Շումանի (1810-1856) եւ Ֆրեդերիկ Շոպենի (1810-1849) ծննդեան 215 ամեակին նուիրուած դաշնամուրային երաժշտութեան երեկոները կայացան 22 Փետրուար եւ 12 Մարտ, 2025 թ., «Լարք»ի համալիրի «Թրպանճեան» սրահում։
«Այս ծրագրի իրականացումը իմ պաշտամունքի արտայայտումն է սիրելի հեղինակներիս հանդէպ, ինչով կը կամենայի կիսուել ունկնդրիս հետ», ասում է Սվետլանա Նաւասարդեանը։
Ռոմանտիկ կոմպոզիտորներ Շումանը եւ Շոպենը Նաւասարդեանի կուռքերն են պատանեկան տարիքից եւ ուղեկցում են նրան ստեղծագործական ողջ կեանքի ընթացքում, իւրօրինակ անդրադարձ ունենալով նաեւ դաշնակահարուհու կենսագրութեան մէջ։
Դեռեւս տասնինը տարեկանում Սվետլանան արժանանում է Շումանի անուան դաշնակահարների միջազգային մրցոյթի դափնեկրի կոչման՝ Շումանի ծննդավայր Ցուիկաու քաղաքում (Գերմանիա)։ Ի դէպ Սվետլանա Նաւասարդեանը միջազգային մրցոյթի Հայաստանի առաջին դափնեկիր դաշնակահարն է։
Նաւասարդեանի արտասահմանեան առաջին մենահամերգները կայացել են Շոպենի ծննդավայր Ժելեազովա Վոլեայում (Լեհաստան)։ Շումանը առաջինն էր, ով ողջունել էր երիտասարդ Շոպենի մուտքը մեծ արուեստ, գրելով իր հրատարակած «Նոր Ռէյնեան թերթում». «Գլխարկներդ դեն, պարոնայք, ձեր առջեւ հանճար է»։
Եւ Սվետլանա Նաւասարդեանը երաժշտական աշխարհի այս հսկաների յօրինուածքներով մեզ պիտի տանէր զարմանահրաշ ճամբորդութեան։
Համերգ Առաջին
Առաջին բաժինը նուիրուած էր Ռ. Շումանին։ Կատարուած գործերն էին Fantastic Pieces (op.12) շարքից՝ «Երեկոյեան» (In The Evening), «Ինչո՞ւ», (Why) դաշնամուրային մանրանուագները, որոնց յաջորդում էր Dances of the League of David, op.6 – «Դաւթի լիգայի պարեր» շարը՝ բաղկացած 18 պատումից։ Շումանը իր երեւակայական աշխարհում ստեղծել էր «Դաւթի եղբայրութիւն (Davidsbund) ընկերակցութիւնը», ուր ներառել էր իր սիրելի երաժիշտներին, իր պաշտած անձերին։ «Ընկերակցութեան» մէջ էին նաեւ այս ստեղծագործութեան հենքը հանդիսացող երկու կերպարներ՝ Եւսեբիուսը եւ Ֆլորեստանը, որոնք մարմնաւորում են Շումանի անհատականութեան հակոտնեայ կողմերը. քնարական, բանաստեղծական եւ կրքոտ, պոռթկուն։ Ի դէպ, այս մականուններով, կախեալ գրութեան բովանդակութիւնից, Շումանը ստորագրում էր յօդուածներ «Նոր Ռէյնեան թերթում» (1834 – 1844)։ Կտորները իսկական պարեր չեն, այլ բնորոշ ստեղծագործութիւններ, երաժշտութեան ընդմիջից երկխօսութիւններ Շումանի հերոսների՝ Եւսեբիուսի եւ Ֆլորեստանի միջեւ:
Ըստ Վաչէ Պարսումեանի՝ Նաւասարդեան դաշնակահարուհու կատարման մէջ ակնյայտօրէն դրսեւորւում էին Շումանի բնաւորութեան երկու հակադիր կողմերը՝ առանց աւելորդ չափազանցութիւնների, իմացական (intellectual) եւ յուզումնային (emotional) կարողութիւնների ներդաշնակ բացայայտումներով, ինչը բնորոշում է իսկապէս մեծ արուեստագէտին։
Յատկանշական է, որ փարիզեան «Activite Musicale» թերթը անդրադառնալով Փարիզի համբաւաւոր Gaveau դահլիճում Սվետլանա Նաւասարդեանի Dances of the League of David-ի կատարմանը՝ դասել է այն երբեւէ լսած լաւագոյնների շարքը։
***
Երկու հանճարների հանդիպման խաչմերուկը տարաւ մեզ համերգի երկրորդ բաժինը, որը սկսուեց Ֆ. Շոպենի Polonaise- ով (C-sharp Minor) եւ աւարտուեց դարձեալ Polonaise-ով (A-flat Major)։ Երկու Nocturn-ները եւ հինգ Mazurka-ները գեղեցկօրէն տեղաւորուել էին այդ շրջանակի մէջ։
Նաւասարդեանն իր տարերքում էր՝ բանաստեղծութեամբ լեցուն աշխարհ տանելով իր հետ ունկնդրին…
Դաշնակահարուհու արտակարգ հնչիւնային գունապնակը թւում է՝ ներառում է դաշնամուր երաժշտական գործիքի բոլոր հնարաւորութիւնները։ Կատարողական արտայայտչամիջոցների փայլուն տիրապետումը թոյլ է տալիս նրան ի յայտ բերել յուզական աշխարհի ամենանրբին իսկ ելեւէջները։
Զարմանալի է իսկապէս դաշնամուրը խօսեցնելու Սվետլանայի հազուագիւտ կարողութիւնը։ Դաշնակահարուհին գտնում է ունկնդրի հետ հաղորդակցուելու մի նոր լեզու։ Երաժիշտ-մեկնաբանը հանրածանօթ գործերին իսկ տալիս է բոլորովին նոր հնչողութիւն։ Յանկարծ լսում ես նոր միտք, նոր գիծ, որ չէիր լսել այլ կատարումներում։
Հէնց դա էլ Նաւասարդեանի յայտնագործութիւններից է, որ գալիս է իր բացառիկ անհատականութիւնից։ Հոգեւորի գերակայութեան արուեստ է Նաւասարդեանի արուեստը, խոր «անձնաւորուած» կերպարների, հնչիւնների, գոյների… Նաեւ քմայքին ենթակայ արուեստ, ներքուստ չափազանց ազատ, իմպրովիզացիոն, սակայն միշտ համոզիչ ու պատճառաբանուած։
Իր ոսկեդարին դաշնակահարուհին հասել է բեմական, կատարողական հսկայ փորձ կուտակած, դասական արուեստը (կերպարուեստն ու գրականութիւնը նոյնպէս) խորապէս ուսումնասիրած, բանաստեղծական իր տիրոյթը կերտած, իմաստացած, Երաժշտութեամբ սքանչացած…
Ամէն անգամ, հետեւելով Նաւասարդեանի նուագին զարմանում ես, որ այն ընթանում է բացարձակապէս ձեռքերի եւ մատների մասնակցութեամբ, առանց մարմնի ցուցադրական շարժումների։ Ձեռքերը հանելուց յետոյ նոյնիսկ, ասես իւրայատուկ պահուածքով, կարողանում է երկարաձգել դաշնամուրի հնչողութիւնը։
Նմանօրինակ «կախարդանք»ը տեսնելու եւ լսելու էին եկել դահլիճում հաւաքուած ունկնդիրները։ Շատերը Սվետլանա Նաւասարդեանի երկրպագուներն էին, մանաւանդ, Հայաստանից փոխադրուածները, ովքեր յատուկ անհամբերութեամբ էին սպասում սիրելի դաշնակահարուհու ելոյթներին, յիշողութեան մէջ ունենալով նրա շռնդալից եւ փայլուն երեւանեան
համերգները։


Համերգ Երկրորդ
«Երաժշտութեան խաչմերուկներում» համերգաշարի երկրորդ մենահամերգի առաջին բաժինը նուիրուած էր Շումանին. Arabesque in C Major Op. 18 եւ Kreisleriana Op. 16։
Արաբեսկ բառի թարգմանութիւնը երաժշտական բառարանը բացատրում է հետեւեալ կերպ. «Ձայնազարդերով լի, նուրբ եւ ճկուն, վայելչագեղ, գալարուն մեղեդային գիծ ունեցող երաժշտական փոքրիկ պիէս»։ Նաւասարդեանն այն ներկայացրեց որպէս քնարական հոգու խոստովանանք, բանաստեղծական նուրբ թելերով հիւսուած ասեղնագործ զարդանախշ։
Յաջորդ անհամեմատ աւելի ծաւալուն գործը Շումանի երաժշտական նուաճումներից՝ «Կրայսլերիանա»ն էր (նուիրուած է Շոպենին, 1838 թ.), նրա ստեղծագործութիւնների ամենադժուարահաս գագաթը, որ գրուած է Էռնեստ Թէոդոր Հոֆմանի համանուն նովելի ընթերցման տպաւորութեան տակ։
Ինչպէս առաջին համերգում հնչած «Դաւիթսբիւնդլերների պարեր»ում, այստեղ եւս փոխադարձաբար շաղկապուած ութը մանրանուագները կազմում են ամբողջական շարք՝ միաւորող թեմայով, «գործող անձերով», իրար հակասող տրամադրութիւններով, փոփոխուող հոգեվիճակներով։ Շարքն աւարտւում է վերացական՝ երկինք սլացող եւ հետզհետէ մարուող երաժշտութեամբ…
«Սվետլանա Նաւասարդեանը «Կրայսլերիանա»ն կատարեց այնպէս, ինչպէս թերեւս այն կը կամենային լսել Շումանը եւ Հոֆմանը», գրել էր Պուէնոս Այրեսի «Clarin» թերթը։ Ասուած խօսքերն այդչափ համահունչ էին մեր վերապրած զգացումներին…
Համերգի երկրորդ բաժնում Շոպենն էր (մազուրկաները եւ վալսերը)։
«Լարք»ի կամարների տակ ազատօրէն թեւածում էին Շոպենի անմահ մեղեդիները՝ իրենց շրջանն առնելով կատարողին եւ ունկնդրին, թւում է պատրաստ՝ դուրս թռչելու դահլիճից…
Երկար ժամանակ չէր աւարտւում համերգը։ Ունկնդիրների յոտնկայս ծափահարութիւնները կրկին ու կրկին բեմ էին հրաւիրում դաշնակահարուհուն։ Եւ կոմիտասեան երգերից մէկի Նաւասարդեանական վեհաշունչ կատարումով աւարտուեց համերգաշարի եզրափակիչ համերգը։ Աւարտուեցին նաեւ այդքան յուզումնալից վայելքի պահերը…

***
Համերգի պատասխանատու՝ «Լարք» երաժշտական ընկերակցութիւնը Սվետլանա Նաւասարդեանի հետ ունի գործնականօրէն հարուստ նախանցեալ՝ կազմակերպած մենահամերգներով, վարպետութեան դասերով եւ վերջապէս այն բարեկամութեամբ, որ ձգւում է երկար տարիների վրայ։ Սկսած տնօրէնութիւնից մինչեւ դպրոցի փոքրիկ աշակերտները Սվետլանային համարում են իրենց «Լարք»ի անդամը։
Համերգներն արդէն այդ բարեկամութեան երաշխիքն էին, ինչի մասին Սվետլանան արտայայտուեց երեկոյի աւարտին.
«Պատիւ ունեմ ելոյթ ունենալու աշխարհով մէկ ճանաչում ունեցող «Լարք»ում եւ խոնարհումս բերել հաստատութեան հիմնադիր տնօրէն Վաչէ Պարսումեանին։ Անչափ շնորհակալ եմ իմ հրաշալի բարեկամին՝ այս համերգաշարը սիրայօժար կերպով միասնաբար ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ համերգաշարի կազմակերպմանը իր օժանդակութիւնը բերած փոխտնօրէնուհի Թագուհի Արզումանեանին, ինչպէս եւ համերգին սատարող բոլոր անձանց»։
***
Աննախընթաց երեւոյթ էր «Լարք»ի համար ընդունել իր յարկի տակ մեծանուն դաշնակահարուհուն, մի երաժշտի, ով համաշխարհային դաշնամուրային արուեստի պատմութեան մէջ հաստատուն կերպով դրել է իր ինքնագիրը՝ բացարձակապէս ինքնատիպ եւ անկրկնելի…
Շնորհակալութի՜ւն Սվետլանա Նաւասարդեան։
Լուսանկարները՝ Պերճ Ճամճեանի