
2023ի Սեպտեմբերի 19ին, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծած վերջին ռազմագործողութիւնների հետեւանքով ստեղծուած իրավիճակում, բռնի տեղահանուած բնակչութեան միջեւ ներհամայնքային կապերի, ներմշակութային հաղորդակցութեան ապահովման, տարիների ընթացքում ստեղծուած մշակութային արտադրանքի պահպանման, ինչպէս նաեւ արցախեան մշակոյթի պահպանութեանն ու հանրահռչակմանն ուղղուած միջոցառումների կազմակերպման եւ արտաքին մշակութային քաղաքականութեան մէջ Արցախեան մշակոյթի նպատակաուղղուած ներկայացման նպատակով, մեր կողմից նախաձեռնուել եւ ստեղծուել է Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն› հասարակական կազմակերպութիւնը, որի հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական շատ բարդ ու դժուար ժամանակներում ստեղծուած եւ տասնամեակների պատմութիւն ունեցող Արցախի պետական մշակութային խումբերը:
Կազմակերպութեան գործունէութեան առաջին մեծ յաջողութիւնը Հայաստան համահայկական հիմնադրամի Ամերիկայի տեղական մարմնի կողմից Ա. Բաբայեանի անուան Արցախի պարի պետական համոյթի ֆինանսաւորումն է, ինչի շնորհիւ համոյթն այսօր շարունակում է իր ստեղծագործական ուղին՝ նպաստելով արցախեան մշակութային երանգների պահպանմանն ու հանրահռչակմանը:


Տեղեկացնում ենք, որ Արցախի պարի պետական համոյթին ելոյթը կը կայանայ Մայիսի 16ին, երեկոյեան ժամը 7ից սկսեալ, Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում։
Արցախեան վերջին պատերազմից յետոյ Ադրբեջանի կողմից գրաւուած Արցախում հայկական մշակութային ժառանգութիւնը փրկելու գրեթէ ոչ մի հնարաւորութիւն այսօր չունենք: Այդ փաստն առաւել հրատապ է դարձնում գոնէ Արցախից դուրս արցախեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութիւնը: Դա կարելի է իրականացնել՝ առաջին հերթին պահպանելով Արցախի մշակութային խմբերը, որոնք իրականում այդ ժառանգութեան կրողներն ու հանրահռչակողներն են։
Տոմսերի համար այցելել՝ կայքէջ, կամ դիմել (818) 265-0506 համարին։
(Քաղուած՝ Արցախեան մշակոյթի պահպանման կեդրոնի հաղորդագրութենէն)