

Իմ Անմահ Հայրենիք
ԴԱՆԻԷԼ ՅԱԿՈԲԵԱՆ ԵՒ ԷՐԻԿ ԻՆՋԵԱՆ
Վա՜յ իմ հայրենիք, իմ լուսնահամ հայրենիք,
Քո սէրը իմ համար ամէն ինչ արժի:
Խնդրում եմ, ինձ կանչի սէրով իմ հայրենիք,
Ետ վերադառնամ իմ սրտի սէրը լցուի:
Քո հնամեայ պատմութիւնը երբեք չի ջնջուի,
Քո միջի արեւը երբեք մայր չմտնի:
Քո քաջերի թափուած արիւնը երբեք չկորի,
Մեր հաւատքի մոմը երբեք չմարի:
6րդ կարգ
Ապրիլ 24
ԱՆԻ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ ԵՒ ՔԱԹԻԱ ՅՈՎՆԱՆԵԱՆ
Երբ հայերը կռուեցան,
Մեր երկիրը բաժնուեցաւ,
Ամէն ինչ կորսուեցաւ,
Մեր սիրտերը ցաւեցան:
Արիւն թափուեցաւ, մարդ մեռաւ,
Հայրենիքը տխրեցաւ,
Զէնքերը լսուեցան,
Երկինքը մթնցաւ:
Թուրքերը յաղթեցին,
Բայց մեր սիրտերը արիացան,
Քաջութիւնը երկար ապրեցաւ,
Մինչեւ ազատութեան արշալոյսը:
6րդ կարգ
Վերջին Ծաղիկը
ՄԱՅՔԸԼ ԳԱՐԻԲԵԱՆ
Ապրիլ 24ն էր: Ես Ամերիկայում եմ ապրում բայց մի օր առաջ հասել եմ Հայաստան, որ այդ օրը Ծիծեռնակաբերդը տեսնեմ: Մեքենայով ենք եկել, որ վաղ առաւօտեան շատ հերթ չլինի, սակայն երբ տեղ հասանք, արդէն շատ երկար հերթ կար: Անցել էր մի ժամ, երբ յանկարծ յիշեցի, որ ծաղիկները մոռացել էինք մեքենայի մէջ, սակայն այդ անանցանելի հերթի միջով այլեւս ետ գնալ չէինք կարող: Մի պահ անընդհատ այս ու այն կողմ էի շրջւում շփոթմունքից, մէկ էլ ինքնաբերաբար հարցրեցի իմ ետեւի մարդկանց, թէ կարող են ինձ մի ծաղիկ տան: Մի փոքրիկ երեխայ էր մայրիկի հետ. մայրիկը համաձայնուեց եւ փոքրիկ աղջկայ ձեռքի փնջից մի ծաղիկ հանեց եւ տուեց ինձ:
Փոքրիկ քայլերով շարժւում էինք առաջ, ճանապարհը շատ երկար էր, բայց ես յոգնածութիւն չէի զգում, քանի որ հասկանում էի, թէ ինչի համար եմ այդտեղ գտնւում: Տասը րոպէ յետոյ ետեւիս փոքրիկ աղջնակը սկսեց նվնվալ եւ ասաց մայրիկին. «Մամ, յոգնած եմ. ե՞րբ ենք գնալու տուն: Ինչո՞ւ ենք էստեղ»:
Ես մտածեցի, արդեօք նա գիտի՞, թէ ինչ օր է այսօր:
Պտտուեցի եւ հարցրեցի.
– Բարեւ. գիտե՞ս, ես շատ հեռուից եմ եկել, որ այսօր այստեղ լինեմ, իսկ դու գիտե՞ս, թէ ինչ օր է այսօր:
Փոքրիկ աղջիկը մտածեց եւ պատասխանեց.
– Այսօր Շաբաթ է:
– Ո՛չ, այսօր միայն Շաբաթ օր չէ, – ասացի ես, – այսօր շատ կարեւոր օր է բոլորիս համար:
Նա շփոթուած նայեց ինձ եւ հարցրեց.
– Ի՞նչ օր է այսօր:
Ես նայեցի աղջկայ մայրիկին եւ հարցրեցի.
– Կարո՞ղ եմ բացատրեմ:
Մայրիկը նայեց իմ մայրիկին, ապա ինձ եւ ժպտալով պատասխանեց.
– Ի հարկէ, բայց այնպէս, որ փոքրիկը հասկանայ, շատ բան ասել դեռ պէտք չէ:
Ես բռնեցի փոքրիկի ձեռքը եւ սկսեցի խօսել:
– Այսօր Ապրիլ 24ն է: 1915 թուականին մեր թշնամիները մեզ հանեցին մեր տներից, խլեցին մեր կեանքը եւ մեր հայրենիքի ու մեր սրտի մի մասը: Մէկ ու կէս միլիոն հայերի կորցրեցինք այդ ժամանակ, կորցրեցինք նրանց ապագան, նրանց ուրախութիւնը, նրանց ապրելու իրաւունքը: Այսօր, այս Շաբաթ օրը այստեղ ենք, որ ծաղիկ դնենք եւ յիշենք, թէ ինչ է եղել 1915 թուականին:
Աղջիկը նայեց ինձ զարմացած աչքերով. մեր մայրիկները իրար նայելով լուռ ժպտում էին: Չգիտեմ, թէ փոքրիկ աղջնակը ինչքանով հասկացաւ իմ խօսքերը, բայց տեսայ, որ ետ դարձաւ եւ իր մայրիկի ձեռքն ամուր բռնեց, իսկ մայրիկի ձեռքից էլ աւելի ամուր բռնեց իր ձեռքում մնացած վերջին ծաղիկը, քանի որ մնացածը ճանապարհին արդէն կորցրել էր:
Չգիտեմ ինչպէս պատահեց, բայց մի կէս ժամ անց նկատեցի, որ աղջիկը եւ նրա մայրիկը էլ մեր ետեւում չէին: Լուռ շարունակեցի ճանապարհս՝ ծաղիկը ձեռքումս աւելի ամուր բռնած: Շուտով հասանք անմար կրակի մօտ, աչքերս փակեցի եւ լուռ աղօթք ասացի, ապա կռանալով ծաղիկը խոնարհեցի անմար կրակի առջեւ: Երբ հայեացքս բարձրացրեցի, դիմացս տեսայ փոքրիկ աղջկան, որ խոնարհում էր իր ձեռքի վերջին ծաղիկը:
7րդ կարգ
Մեր Հերոսը
ԱՐԵԳ ՊԱՐՏԱՔՃԵԱՆ

Իմ կարծիքով, մեր պատմութեան մէջ Սողոմոն Թեհլիրեանի՝ Թալէաթ փաշայի սպանութիւնը, ամենամեծ եւ կարեւոր վրէժն է թուրքերու հանդէպ: Թալէաթ փաշայի պատճառով մէկ ու կէս միլիոն հայեր ջարդուեցան: Ան փախչեցաւ Պերլին եւ ազատ ապրեցաւ առանց պատիժ ստանալու իր ահաբեկչութեան համար: Սողոմոն Թեհլիրեանի ամբողջ ընտանիքը զոհուեցան Ցեղասպանութեան ատեն եւ ան արդարութիւն կ՛ուզէր ոչ միայն իր ընտանիքին համար, այլ բոլոր հայերուն համար:
Այս միակ ձեւն էր Թալէաթին պատժելու, որովհետեւ ոչ ոք չէր կրնար ձերբակալել զինք եւ նաեւ աշխարհը գիտցաւ, թէ ինչ պատահեցաւ մեզի: Հայերու համար այս գործը շատ մեծ ազդեցութիւն ունեցաւ: Անոնք որոնք ոճիրներ կը գործեն, միշտ պէտք է պատժուին ու հայերուն պէտք չէ մօտենան: Գերմանիոյ դատարանին մէջ երբ Թեհլիրեանին անմեղ հանեցին, այդ աւելի մեծ իմաստ ունէր մեզի համար, որովհետեւ հայերուն յոյս տուաւ, որ մենք միշտ կրնանք զօրաւոր ըլլալ եւ բոլոր աշխարհը մեր կողմն է: Թեհլիրեանի՝ «Նեմեսիս» գործողութիւնը շատ կարեւոր էր: Մեզի կ՛ըսէ, թէ հայերը պիտի չմոռնան իրենց անցեալը եւ պիտի պայքարին արդարութեան համար: Մարդ սպաննելը ճիշդ չէ, բայց հայերուն համար Թեհլիրեանը արդար հերոս մըն էր: Իր գործը ցոյց տուաւ, որ մենք չենք մոռնար թուքերու ոճիրները եւ Թեհլիրեանը մեր ազգին համար ասիկա շատ մեծ արժէք ունի:
7րդ կարգ
Ապրելու Ապրիլ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
– Շո՛ւտ ելիր,- բղաւեց մայրիկս,- պէտք է շուտ հասնենք: Այսօր Ապրիլի 24ն է:
Ես եւ մայրիկս ամէն տարի այցելում ենք Ծիծեռնակաբերդ, որ մեր յարգանքի տուրքը մատուցենք այն բոլոր մարդկանց, ովքեր չարչարուել, տանջուել եւ սպաննուել են Օսմանեան կայսրութեան հրամանով: Փոքր ժամանակ, երբ մայրիկիս հետ գնում էի, ծիծաղելով ու ժպտալով էի անցնում դէպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը, բայց հիմա ես ուրիշ ձեւով եմ գնում: Ուրիշ ձեւով եմ քայլում այդ ճանապարհով, իջնում աստիճաններով եւ ուրիշ ձեւ եմ ծաղիկ դնում անմար կրակի առջեւ: Երբ ծաղիկ եմ դնում, ասես սրտիս մի մասը պոկուի եւ փոխանցուի այդ ծաղիկի մէջ: Այս տարի առաւօտը շուտ ելանք, որովհետեւ այդ օրը Ծիծեռնակաբերդում միշտ շատ մարդ է լինում: Երբ հասանք, արդէն շատ-շատ մարդ կար: Չէի ուզում, որ տրամադրութիւնս տխուր լինէր եւ անընդհատ փորձում էի մտքերս փոխէի եւ լաւ բաների մասին մտածէի: Սակայն դա ինձ չէր օգնում եւ մտքիցս չէի կարողանում հանել այն դաժան յիշողութիւնները, որ տատիկս ինձ պատմել էր: Իմ մեծ տատիկը փրկուածներից մէկն էր: Երբ մի քիչ մեծացայ տատիկս ինձ պատմեց, ինչպէս թուրքերը իրեն իր ընտանիքից բաժանեցին եւ անապատում այդ կիզիչ արեւի տակ օրերով տանջեցին եւ սպանեցին բազում հայերի: Ինձ ասաց, որ իր աչքի առջեւ տեսել էր, թէ իր ծնողների կեանքը թուրքերը ինչպէս խլեցին: Հրաշք էր, որ թուրքական ընտանիքն իրեն փրկել էր եւ տարել էր մանկատուն:
Արցունքներս հոսեցին այտերիս վրայով. ես զգացի այն ցաւը, որ իմ մեծ տատիկս էր զգացել: Երբ այցելում եմ Ծիծեռնակաբերդ ես զգում եմ մէկ ու կէս միլիոն մարդկանց ներկայութիւնը՝ իւրաքանչիւրին՝ առանձին-առանձին:
Անմար կրակի առջեւ խոնարհեցի ձեռքիս ծաղիկները եւ ծաղիկների հետ միասին նաեւ իմ վիրաւոր հոգին, ապա գլուխս հպարտօրէն վեր բարձրացրի այն համոզմամբ, որ աչքերիս առջեւ բոցավառուող կրակի նման մենք միշտ մնալու ենք եւ ինչքան էլ որ մեզ փորձեն ոչնչացնել, չի ստացուելու:
7րդ կարգ
Նամակ Քաջ Մարդուն
ՄԱՐԻՆԱ ԹՈՓՈՒՇԵԱՆ
Բարեւ ձեզ սիրելի Զապէլ,

Ես ութերորդ դասարանի աշակերտ եմ, եւ վերջերս կարդացի ձեր գիրքը: Այս նամակը գրելիս շատ զարմացած եմ, թէ դուք ինչպէս էք կարողացել այդքան համարձակ լինել եւ հանդուրժել կեանքի այդքան դժուարութիւնները:
Դուք մեծ ազդեցութիւն էք թողել մեր դասարանի աշակերտների վրայ: Դուք այն անձն էք, որ Հաճընից՝ Արեւմտեան Հայաստանից հասաւ Թուրքիա առանց ծնողի կամ ընտանիքի ու ընկերների, ապրեց որբանոցում, երբ ձեր տարիքի երեխաները խաղում էին իրենց ընկերների հետ ու ստանում ընտանիքի ջերմութիւնը:
Ես համոզուած եմ, որ ես չէի դիմանայ: Դուք ամենահամարձակ մարդկանցից մէկն էք, ում մասին ես կարդացել եմ: Ձեր պատմութիւնը կարդալով՝ ես շատ ոգեշնչուեցի, ու հասկացայ, որ ես էլ պիտի կարողանամ լուծել իմ, խնդիրները չվախենալով դժուարութիւններից:
Ես մեծ շնորհակալութիւն պիտի յայտնեմ Նենսի Գրիգորեանին, որ գրեց ձեր մասին այս շատ գեղեցիկ, հրաշալի ու դաստիարակչական պատմուածքը:
8րդ կարգ
Ապրիլ 24
ԹԱԼԻԱ ՊՕՂՈՍԵԱՆ
Ապրիլ 24ը սոսկ յիշատակի օր մը չէ. ան յայտարարութիւն մըն է, որ հայ ժողովուրդը երբեք չի լռեր, երբեք չի մոռնար եւ երբեք չի դադրիր արդարութիւն պահանջելէ: Այս օրը, մենք չենք սգար միայն. մենք կը կանգնինք որպէս ազգ՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի մէկուկէս միլիոն անմեղ նահատակները եւ կրկին ու կրկին պահանջելու այն արդարութիւնը, որ մեզմէ աւելի քան մէկ դարու ընթացքին խլուած է: Մենք կը պահանջենք, որ Թուրքիան վերջ դնէ իր անամօթ ժխտողականութեան, ճանչնայ պատմական իրողութիւնը, ընդունի մարդկութեան դէմ իր գործած ոճիրը եւ կատարէ իր պարտաւոր հատուցումը: Ցեղասպանութիւնը ոչ թէ անցեալի փակուած էջ մըն է, այլ բաց վէրք, որ չի կրնար բուժուիլ, քանի դեռ արդարութիւնը չէ հաստատուած:
Մենք կը պահանջենք, որ միջազգային համայնքը դադրեցնէ իր լռութիւնն ու մեղսակցութիւնը եւ վճռական քայլերով կանգնի ճշմարտութեան կողքին, որպէսզի ցեղասպանութիւններն այլեւս անպատիժ չմնան: Մեր պայքարը միայն անցեալին համար չէ՝ ան ապագայի համար է, որպէսզի ոչ մէկ ժողովուրդ մեր ճակատագիրը չկիսէ, եւ որպէսզի հայ ազգը, իր անսասան կամքով, վերականգնէ իր իրաւունքները, իր արժանապատուութիւնը եւ իր արդար հատուցումը:
8րդ կարգ
Լինել Հայ
ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԻՑԻՆԵԱՆ
Ես գնացի Հայաստան մի տարի առաջ, Ապրիլի 20ին: Իմ կեանքում այդքան գեղեցիկ տեղ չէի տեսել: Երբ օդակայանում օդանաւը վայրէջք կատարեց, ես արդէն պատուհանից գեղեցիկ Հայաստան լեռնաշխարհը տեսայ՝ պատկերացրածիցս էլ աւելի գեղեցիկ: Մեր ուղեկցի՝ ընկեր Արսէնի հետ հանդիպեցինք օդակայանի մօտ եւ նա մեզ տարաւ մեր բնակարանը Երեւանում: Երբ միւս օրը այլեւս թռիչքից յոգնած չէինք, որոշեցինք Հայաստանի տարբեր մարզերը գնալ: Մենք շատ տեսարժան վայրեր այցելեցինք եւ հիացանք Հայաստանի բնութեամբ եւ պատմական վայրերի գեղեցկութեամբ:
Ինչպէս նախապէս որոշել էինք, Ապրիլի 24ի օրը մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը, Ցեղասպանութեան զոհերին յիշատակելու համար: Մենք դպրոցում Ապրիլի 24ին միշտ յիշում էինք անմեղ զոհերին, բայց երբ իրականում տեսայ Ծիծեռնակաբերդը եւ այնտեղ հաւաքուած մեծ բազմութիւնը, յիշեցի իմ մեծ պապիկի պատմութիւնը, որ պապիկս էր ինձ պատմել: Երբ մեծ պապիկիս ընտանիքը սպաննուեց Ցեղասպանութեան ժամանակ, մի շատ բարի թուրք ընտանիք (զարմանալի է, որ այդ դաժան ազգի մէջ նման բարի մարդիկ կան), նրան փրկեցին: Երբ թուրք զինուորներն եկան այդ տունը, ուր մեծ պապիկս թաքնուել էր, մայրիկը նրան ծպտեց եւ պապիկս այդպէս կարողացաւ փրկուել ու երկար կեանք ապրել: Այս պատմութեան ողջ լրջութիւնը լրիւ այլ կերպ հասկացայ Ծիծեռնակաբերդում՝ Ապրիլի 24ին քայլելիս. հասկացայ, թէ ինչու է շատ կարեւոր ամէն տարի յիշել բոլոր անմեղ զոհերին, հասկացայ՝ ինչու է կարեւոր հայ լինելուս հաւատարիմ մնալը:
8րդ կարգ
Փոքրիկ Քայլեր
ՆԻԿՕ ՋԻՆԱՆԵԱՆ
Ես կարծում եմ որ Ապրիլի 24ը շատ ցաւալի օր է բոլորիս համար: Չեմ էլ պատկերացնում՝ ինչպէս կարելի է ցանկանալ երկրի երեսից վերացնել մի ազգի, որ իր ողջ գոյութեան ընթացքում փորձել է ստեղծագործել եւ արարել: Ինչքան էլ, որ լսած լինեմ, միշտ կարծել եմ, որ շատ բան չգիտեմ Ապրիլի 24ի մասին, բայց ուզում եմ աւելի շատ իմանալ, որ պատկերացնեմ այն ցաւը, որ հայերն էին զգում հարիւր տասը տարի առաջ:
Ես եւ ընտանիքս անցեալ տարի գնացել էինք Հայաստան եւ Ապրիլ 24ին այցելեցինք Ծիծեռնակաբերդ ու Ցեղասպանութեան թանգարան: Միայն այնտեղ ես հասկացայ, թէ ինչ դաժան ճանապարհ են անցել մեր նախնիները: Անհնար է նոյնիսկ պատկերացնել, որ մարդիկ այդքանից յետոյ դեռ կարողացել են ոչ միայն փրկուել, այլեւ շարունակել ապրել: Քիչ յետոյ մայրս պատմեց ինձ, թէ ինչպէս իմ մեծ պապիկս ու տատիկս փրկուեցին Ցեղասպանութիւնից եւ շարունակեցին ապրել:
Կանգնած էի անմար կրակի առջեւ. շուրջ բոլորը լռութիւն էր տիրում, բայց ներսումս յոյզերն այնքան շատ էին, որ դեռ չէին կարողանում բառեր դառնալ, այլ խառնաշփոթ տարածւում էին տեսած վայրերումս, արեանս մէջ:
Երբ վերադարձայ Ամերիկա, ես սկսեցի պատմել իմ ծանօթ օտարազգի մարդկանց, թէ ինչ է իսկապէս եղել 1915ին: Կարծում եմ, որ ես այժմ չեմ կարող շատ բան անել իմ հայրենիքի համար, իմ նախնիների համար, բայց այդչափ զոհուածների յիշատակը յարգելու համար կարող եմ բոլորին պատմել մեր պատմութեան այդ դաժան էջի մասին: Այս ամէնը կարող է օգնել, որ մարդիկ իմանան մեր ժողովրդի անցեալի մասին, ինչը տարիներ շարունակ փորձում են թաքցնել մեր թշնամիները: Ես վստահ եմ, որ իմ ժողովուրդը դեռ շարունակելու է ապրել ու փոքրիկ քայլերով շարժուել առաջ՝ ապագայում վառ պահելով մեր նախնիների յիշատակը:
8րդ կարգ

Յիշենք Ու Պահանջենք
ՐԱՖՖԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Իբր հայ, Ապրիլ 24ին պահանջատիրութեան օր է: Բայց ամէնէն կարեւորն է, որ մեր հողերը վերադարձնենք: Թուրքերը մեզմէ անարդար ձեւով խլեցին ու կը մերժեն վերադարձնել: Այդ հողը հայերու պատմութիւնն է ու մեր նախահայրերուն կը պատկանի եւ քաջութեամբ կռուեցան հողը վերադարձնելու եւ պահպանելու համար: Գողցուած «Թուրքիոյ» հողը միլիոնաւոր հայերու արիւնը ունի եւ չեն կրնար իրենց հողերէն մէկը դարձնել:
Հողը որ թուրքերը կողոպտեցին, շատ կարեւոր ու պատմական հողեր են հայ ժողովուրդին համար: Մեր Արարատ լեռը, որ հայերու խորհրդանիշերէն մէկն է, այդ հողերուն մաս կը կազմէ ու երբ կորսնցուցինք, մեր սիրտերուն մէջ ցաւ մնաց: Այս հոգեկան եւ սրտի ծակը կրնայ լեցուի, միա՛յն եթէ թուրքերը մեր հողերը վերադարձնեն: Թուրքերը, ինչքան որ կ՛ուզեն, կրնան աշխարհին խաբել, ըսելով որ միայն «հող» է, բայց ամէն հայ գիտէ, որ այս «հող»ը հայութեան պատմութիւնը կը ներկայացնէ:
Մեր հողերը ետ առնելու համար, կրնանք պայքարիլ ու պահանջել, ճնշում բանեցնել թուրք կառավարութեան վրայ: Կրնանք տարածել մեր հաւատքը, յոյսը, մշակոյթն ու պահանջել օտար երկիրներէն, որպէսզի միասին կրնանք ճնշում բանեցնել թուրքերուն, որ աշխարհին իրականութիւնը պատմեն: Մէկ պատճառ: Պիտի՛ շարունակենք կռուիլ պահանջատիրութեան ու հայութեան համար, որքա՛ն որ արիւն թափուի: Մենք իրաւունք ունինք պայքարելու ու պիտի՛ պայքարինք մինչեւ յաջողինք:
Իբրեւ հայ, պէտք չէ ընդունիլ թուրքին անպարկեշտ ու անմարդկային վարմունքը: Որոշում ունիք ընելու՝ կ՛ուզէք տան մէջ նստիլ ու բան մը չընել թուրքերու բարբարոսութեան եւ վայրագ վարմունքի մասին, պէտք է պայքարինք. «պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»: Պէտք է նոր սերունդը պայքարի դիւանագիտական միջոցներով վերադարձնելու համար մեր 1.5 միլիոն հայերու արիւններուն մէջ թաթխուած հողերը. անոնք, որ զոհուեցան կը սպասեն մեզի, որպէս վրիժառու նոր հայ սերունդ կռիւով վերադարձնենք մեր նախահայրերու հողերը, որ կը պատկանի ամէն մէկ հայու եւ միայն հայ ազգին:
9րդ կարգ
Ապրիլ 24
ԼԻԱՆԱ ՇՈՂԳՈՄԵԱՆ
Ապրիլ 24ը շատ դժուար եւ տխուր ժամանակ է հայերուն համար: 110ը տարի առաջ 1.5 միլիոն հայեր զոհուեցան եւ չարչարուեցան: Մենք, հայերս կարծես ըսելիք չունինք, որովհետեւ թուրքերը եւ ազերիները կ՛ըսեն որ հայերն են ջարդարարները: Մենք տարիներով Ապրիլ 24ին քայլարշաւներու կը մասնակցինք յարգելու համար մեր 1.5 միլիոն նահատակները: Անոնք որ մեռան մեր նախահայրերն են, մեր քոյրերն ու եղբայրներն: Թուրքերը անհոգ են, իրենք երբեք յարգանք չունին եւ շատ աներես են: Այո, մենք կը պայքարինք բայց ո՞վ կը լսէ, ո՞վ կը հաւատայ եւ ո՞վ կ՛օգնէ: Այս հարցերը տարիներով կը հարցնենք եւ դեռ պատասխանը չենք ստացեր եւ դեռ կը սպասենք այդ պատասխաններուն հայերու բարեկամ երկիրներէն, իրենց աջակցելուն, որ թուրք կառավարութեան պարտադրեն հայ ժողովուրդի հողերը վերադարձնել եւ ունեցած հարստութիւնը:
Որովհետեւ մեր պահանջքն է, անոր համար կը կարծեմ՝ պէտք է ընկերային ցանցերով ցոյց տանք թուրքին ըրածը եւ նոր սերունդին պարտականութիւնն է քարոզչութիւններ մեծ երկիրներուն մօտ, որպէսզի անոնք իրենց կարգին աշխատին մեր հողերը, ինչպէս նաեւ Արցախ հայրենիքը վերադարձնելու հայութեան:
9րդ կարգ

Պահանջատէր Հայութիւնը
ԼԵՒՈՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Փոքր տարիքէն, ամէն Ապրիլ 24ին, ընտանեօք Ծիծեռնակաբերդ կ՛այցելէինք ու ծաղիկ կը զետեղէի անմար կրակին մօտ: Հայաստանի դրօշը ուսերուս վրայ, միշտ հայրենասէր էի փոքր տարիքէս եւ ազդուեցայ, երբ հասկցայ ինչ է իրականութիւնը: Երբ սորվեցայ իմաստը, սկսայ ջղայնանալ եւ մեղքցայ հայրենիքիս մէկ ու կէս միլիոն զոհուած եղբայրներուս, քոյրերուս եւ ժողովուրդին համար: Ասոր համար, կ՛ուզէի մեծնալ եւ ապագային աշխատանք տանիլ, որպէսզի ազգիս օգտակար ըլլամ: Հարիւրաւոր տարիներէ ի վեր, իմ նախահայրերս ապրած ու գոյատեւած են, պահած իրենց հայրենասիրութիւնը, ինքնութիւնը եւ ազգութիւնը: Արդար չէ, որ վայրագ թուրքը գայ եւ իմ հայրենիքիս ժողովուրդին տեղահան ընէ եւ սպաննէ: 110 տարիներէ ի վեր, հայերը երկրագունդին շուրջ պայքարած են օտար երկիրներուն սորվեցնելու համար Ցեղասպանութեան պատմութիւնը:
Թէեւ քանի մը երկիրներ կը ճանչնան մեր Ցեղասպանութիւնը, ասով չենք կրնար բաւարարուիլ իբրեւ ժողովուրդ: Սփիւռքի նոր սերունդը պէտք է համախմբուի, ինքնազարգացումի հետեւի, որպէսզի պաշտպանեն իրենց իրաւունքները:
Իբրեւ սփիւռքահայ, պարտականութիւնս է ուրիշ ազգերու սորվեցնել ազգիս պատմութիւն: Շատ բախտաւոր եմ, որ հայ եմ, որովհետեւ իմ ազգս հազարաւոր տարիներէ ի վեր մօտ եղած է բնաջնջուելու ուրիշ ազգերէ. օրինակ՝ մոնկոլները, պարսիկները, թաթարները, արաբները, փորձած են մեր ազգութիւնը ջնջել, մեր եկեղեցիները քանդել, մեր մշակութային կեդրոններուն վրայ յարձակիլ եւ մօտեցած են մեզի բնաջնջելու, բայց մենք դեռ պայքարած ենք, ապրած ենք եւ մեր մշակոյթն ալ գոյատեւած է այսքան տարիներ ետք: Գիտեմ, որ հայը ուժեղ է եւ պատրաստ է ուզածը ընելու, նոյնիսկ եթէ այդ դժուար արարք կամ գործ մըն է: Ասոր համար, շատ յոյս ունիմ իմ քոյրերէս եւ եղբայրներէս, որ մենք պիտի աշխատանք տանինք մեր ազգը պաշտպանելու համար: Եթէ համախմբուինք եւ մէկ ազգի պէս աշխատինք, կրնանք մեր ուզածը կատարել ինչպէս, որ անցեալին ըրած ենք: Օսմանեան կայսրութիւնը մեր երկիրը հարիւրաւոր տարիներով գրաւած էր, բայց մենք դժուար ժամանակներուն մէջ աշխատած ենք ու մեր երկրին անկախութիւնը ստացած ենք: Այսպէս էր նաեւ Սովետական Միութեան պարագային եւ մեր անկախութիւնը կրկին ստացանք:
110 տարիներ ետք, եթէ հիմա աշխատանք չտանինք մեր իրաւունքները տիրանալու համար, թշնամիին ուզածը կ՛ըլլայ: Թուրքը խիղճ չունի ներողութիւն խնդրելու եւ նոյնիսկ ճանչնալու մեր Ցեղասպանութիւնը: Պէտք է մենք, իբրեւ նոր սերունդ՝ դպրոց երթանք, յաջողութիւններու հասնինք եւ օգնենք, որպէսզի կարենանք համախմբուիլ իբրեւ մէկ ազգ, մէկ ժողովուրդ, մէկ երկիր: Թէեւ հայերը աշխարհի զանազան երկիրներու մէջ կ՛ապրին, պէտք է ամէնքս աշխատինք օտարներուն սորվեցնել մեր պատմութիւնը: Նոյնիսկ, իբրեւ ամերիկահայ, մենք ամենաբախտաւորներն ենք, որովհետեւ եթէ ճնշում բանեցնենք Ամերիկային, որ պատժէ թուրքին, կրնանք մօտենալ մեր երազանքները կատարելու եւ կարելի է օր մը տեսնել ծովէ ծով Հայաստանը՝ ինչպէս Տիգրան թագաւորին ժամանակ: Եթէ աշխարհի մեծ պետութիւններուն վրայ ճնշում բանեցնենք, որպէսզի պատիժներ սահմանեն թուրքին, ան կը ստիպուի մեր հողերը, հարստութիւնները եւ մեր իրաւունքները վերադարձնել ու ճանչնալ կատարած Ցեղասպանութիւնը: Պէտք է աշխատինք ըլլալ միասնական, որպէսզի աշխարհին ներկայանանք իբրեւ ուժեղ ազգ ու երկիր:
9րդ կարգ
Ապրիլ 24. 110ամեայ Յիշողութիւն. Ապրիլ՝ Վերապրելու Համար
ԱՄԱՐԱՍ ՕՎԱՅԵԱՆ
Ապրիլ ամիսը միշտ եղած է ցաւոտ ամիս մը մեր հայ ազգին համար: Բայց ինծի համար Ապրիլ ամիսը կը ներկայացնէ, թէ ինչպէս մեր ազգը պայքարած է, որ ապրինք, ինչ որ մեր ինքնավստահ էութիւնը ցոյց կու տայ: Մենք մեր ազգով հպարտ ենք եւ այն հպարտութիւնը կը քաջալերէ մեզ, որ պայքարինք մեր հայրենիքին ազատութեան եւ խաղաղութեան համար: Ապրիլ ամիսը մեր ազգի Ցեղասպանութեան ամիսն է, երբ երիտթուրքերը փորձեցին մեր ազգը ջնջել, մեր կրօնքէն դուրս հանելն, տեղահան ընեն եւ ջարդեն: Իրենք չյաջողեցան եւ մենք մեր ապրիլը եւ հոս ըլլալը կը փաստէ իրենց պարտութիւնը: Ամէն օր թուրքերուն կը փաստենք, որ իրենք իրենց նպատակը չկրցան յաջողեցնել, որովհետեւ մենք զօրաւոր ազգ ենք եւ պիտի պայքարինք, որ շարունակենք ապրիլ եւ գոյատեւել մեր հայրենիքին մէջ եւ ապրինք խաղաղ, միասին: Ցեղասպանութեամբ, թուրքերը մտածեցին, որ եթէ մեր մտաւորականները սպաննեն, մեր ազգը կորսնցուցած եւ թուլացած կ՛ըլլանք, բայց նորէն սխալած էին: Մենք հաւատարիմ եւ իմաստուն ազգ ենք, երբ իրենք մեր միտքը կը սպաննեն, մենք յաջորդ սերունդս մտաւորականներ կը դառնանք, որ առաջնորդենք մեր ազգը արժանի ազատութեան: Երբ տեղահան ընեն մեզ, մենք կ՛որդեգրենք նոր երկիրը, պզտիկ հայրենիք կը ստեղծենք, յետոյ երբ ապահով ըլլայ մեր հայրենիքը, կռունկի պէս հայրենիք կը վերադառնանք եւ խաղաղ կ՛ապրինք մեր ազգին հետ, մեր հին հայրենիքին մէջ: Մեր երկիրը պատմութիւն ունի՝ Քրիստոսէ առաջ իսկ: Մեր նախահայրերուն հոգիները մեր հայրենիք Հայաստանի մէջ էր եւ մենք պիտի պայքարինք իրենց եւ մեր ապագային համար, որ մեր հայրենիքը շուտով վերադարձնենք: Ես Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան (ՀԵԴ) անդամ եմ, եւ ամէն կեանքս պիտի պայքարիմ իմ հայրենիքիս համար, ամբողջ սիրտս կը դնեմ ազատելու իմ հայրենիքս, որ իմ «հայ» տունս է: Ո՛չ մէկը մեզ չի կրնար կեցնել, որովհետեւ մենք երբեք պիտի չթուլանանք եւ մեր հայ ազգը եւ մշակոյթը պիտի վեր պահենք եւ պիտի լոյս աշխարհին բերենք, որ մենք հայերս քաջ եւ հպարտ ազգ ենք եւ պիտի չպարտուինք: Համայն Սփիւռքին մէջ, մեր նպատակն է, որ հայրենիք վերադառնանք եւ հոն միասնաբար ապրինք մեր հայրենակիցներուն հետ: Մենք, հայկական Սփիւռքը, քայլարշաւներով, մոմավառութեամբ եւ բողոքի հաւաքներով ու դրամահաւաքներով նեցուկ ենք մեր ազգին ու հայրենիքին: Կարեւոր է, որ մենք հայերս մեր ազգը վեր պահենք, որովհետեւ ինչպէս Խրիմեան Հայրիկ ըսած է՝ մենք մեր ուժերուն պէտք է վստահինք, որովհետեւ ոչ մէկ ազգ մեզի պիտի օգնէ մեր հայրենիքի ազատութեան համար:
Ապրի՛նք ու ապրեցնե՛նք մեր ազգն ու ազգային արժանապատուութիւնը եւ մեր սուրբ հայրենիքը:
10րդ կարգ
Սրտիս Կրակը
ԼԻԱ ՔԱՐԿՈՏՈՐԵԱՆ
Ինծի համար, Ապրիլ ամիսը շատ տարբեր զգացումներով լեցուն ամիս մըն է: Շատերու համար, Ապրիլ ամիսը տխուր է, ուրիշներու՝ ցաւալի եւ շատերուս համար՝ բարկութեամբ լեցուն է: 110 տարի անցած է Հայոց Ցեղասպանութեան վրայէն: Առաջին 20 տարիներուն՝ հայ ազգը տխուր եւ թմրած էր, բայց այլեւս մենք ժամանակ չունինք տխուր զգալու: Պէտք է վեր կանգնինք եւ առաւել մեծ պայքար մղենք, որովհետեւ եթէ մենք չկռուինք մեր դատին համար, ո՞վ պիտի կռուի մեզի համար: Այո, այս ամսուան ընթացքին, ես նոյնիսկ յուզումով լեցուն եմ մեր 1.5 միլիոն զոհուած քոյրերուն եւ եղբայրներուն համար, բայց գիտեմ, որ ժամը եկած է իմ հայրենիքիս համար պայքարելու: Այս ամսուան ընթացքին նաեւ անդադար կը մտածեմ իմ մեծ մեծ մօրս ու հօրս մասին, որոնք Ցեղասպանութեան ընթացքին սպաննուեցան: Միշտ մտածած եմ, թէ որքան գեղեցիկ կ՛ըլլայ իրենց հետ խօսիլ ու գործակցիլ 110 տարիներ վերջ: Կ՛ուզեմ իրենց հետ 5 վայրկեան իսկ խօսիլ ու իրենց զգացումները, ցաւերը եւ ապրումները հասկնալ, այդ ցաւալի օրերուն հանդէպ: Իմ մեծ մեծ հայրս այնտեղ էր ու իր աչքերով դիտեց իր ամբողջ ընտանիքին մահը: Ապրիլ 26, 1915ին իմ մեծ մեծ հայրս ժայռի մը ետեւ պահուըտած կրցաւ փախչիլ թուրքերէն, բայց ստիպուած էր դիտել իր հարազատ ընտանիքին սպաննուիլը: Կը մտածեմ, որ աշխարհի վրայ որեւէ մանուկ կամ պատանի արժանի չէ այդպէս ցաւ ու տառապանք զգալու եւ ապրելու: Մանաւանդ այս ամսուան ընթացքին՝ անդադար կը մտածեմ ու կը պատկերացնեմ իմ ընտանիքիս Ցեղասպանութեան պատմութիւնը:

Որպէս հայ նոր սերունդ, հայ պատանի եւ ապագայ առաջնորդ, ես գիտեմ, որ իմ պատասխանատուութիւնս է իմ ընտանիքիս պատմութիւնը պատմել եւ «ող»ջ պահել: Կարեւոր է, որ ամէն ընտանիք իր նախնիներուն պատմութիւնը պատմէ որ սորվին նաեւ յաջորդները, որպէսզի անոնց յիշատակը չկորսուի: Գիտենք, որ երբ մեր հողերը ստանանք, այս պատմութիւնները ոսկիէ աւելի թանկ պիտի ըլլան ու այս ինծի յոյս կու տայ: Մեր ցաւը տեղ մը չէ գրուած ու միայն մեր սրտերուն ու մտքերուն մէջ կը գոյատեւէ՝ մանաւանդ այս տխուր ամսուան ընթացքին: Օր մը, ես կը յուսամ, որ մեր վրէժը պիտի առնենք մեր թշնամիէն դէմ ու մեր 1.5 միլիոն հայերուն պատմութիւնները ամբողջ աշխարհը պիտի լսէ: Ապրիլ ամսուան ընթացքին, իբր հայ ժառանգորդ, իմ ամենամեծ նպատակս՝ դաստիարակել եւ ցոյց տալ պէտք է ըլլայ յաջորդող սերունդներուն: Իբրեւ ՀԵԴի անդամ, ես շատ մեծ ու գեղեցիկ աղբիւր մը ունիմ, որ կը գործածեմ Ցեղասպանութեան մասին խօսելու ու մեր 1.5 միլիոն հայերուն յիշատակը յարգելու եւ յիշելու: Եթէ ես չեմ կրնար իմ ձեռքով ու ոտքով հայրենիքիս մէջ կռուիլ, միշտ կրնամ իմ սրտով ու մտքով իմ հայրենիքս պաշտպանել: 10 տարի վերջ եթէ կարենամ բժշկուհի մը դառնալ, այս ուրիշ գեղեցիկ աղբիւր մը կը դառնայ իմ հայրենիքիս օգտակար դառնալու: Այս կարեւոր է հաշուի առնել Ապրիլ ամսուան ընթացքին, որովհետեւ իբրեւ ազգային, պէտք է մեր ամբողջ կարելիութեամբ մեր ազգին ու հայրենիքին օգնենք:
Մենք հայերս այլեւս չենք կրնար տխուր կամ թմրած եւ կամ անտարբեր մնալ Ապրիլ 24ին. պէտք է կռուինք ու բողոքենք մեր վրէժը լուծելու ու մեր մայրենի հողերը ետ վերադարձնելու: Երբ մէկը ինծի կ՛ըսէ, որ «քու պզտիկներդ 10 տարի վերջ հայրենիք չեն տեսներ», ես միշտ կը պատասխանեմ, որ մեր ազգի վերջը չէ հասած: Ապրիլ ամսուան ընթացքին պէտք է մեր հայրենիքին համար ամուր կանգնինք ու կռուինք, որովհետեւ եթէ մենք մեր կռիւը չստանձնենք, մենք մեր ազգին ու հայրենիքին բարի աւարտը չենք տեսնէր: Եթէ ինծի նման մէկ հայ պատանի եւս կայ աշխարհի վրայ, որ իր հայրենիքին համար այսքան սէր ու ոգի ունի, իր հայրենիքին պայքարը դեռ չէ դադրած ուրեմն:
Ապրիլ ամսուան ընթացքին, այս զօրաւոր միտքը իմ սրտիս մէջ կրակ մը վարէ ու կեանք կ՛արթնցնէ մէջս, որպէս հպարտ հայ անհատ, որ կարենամ իմ հայրենիքիս փրկութեան եւ պահպանման համար պայքարիլ՝ այսօ՛ր եւ մինչեւ վերջ:
10րդ կարգ
Ապրիլեան Ապրումներ
ԱՐՄԷՆ ԱԲԱՆԵԱՆ

1915ի Ապրիլ ամիսը դարձաւ հայ ժողովուրդի ամենաահռելի ժամանակաշրջանը իր պատմութեան մէջ: Մէկ ու կէս միլիոն հայ անհատներ դարձան զոհ՝ իրենց կրօնքին եւ ազգութեան պատճառով: Այո՛, Ցեղասպանութիւնը անհաւատալի աղէտ մըն էր, բայց պատմութիւնը մինչեւ այսօր կ՛արհամարհէ այն ինչ կատարուեցաւ, բնաջնջելու հայ ժողովուրդի ներկան եւ ապագան:
Նախ սկսինք «Ապրիլ» ամիսի անունով: Ապրիլ ամիսը կը խորհրդանշէ մեր ամբողջ պատմութիւնը: Հայ ժողովուրդը գոյատեւեց նոյնիսկ իր ամենաանորոշ եւ անարդար պահուն իսկ: Մենք դարձեալ խնդացինք եւ դարձեալ արարեցինք՝ ի հեճուկս թշնամիին անարդար եւ վատ արարքներուն եւ թշնամական նպատակին:
Երկրորդ, ունինք ամենագնահատելին, որ միասնութիւնն է մեր ժողովուրդին: Մենք, որպէս մէկ ժողովուրդի տառապեալ զաւակներ, կարողացանք միանալ հետապնդելու մէկ նպատակ՝ պահպանել ազգը մահացու կորուստէն: Այդ ժամանակաշրջանին հայ ազգի քաջերը չընդունեցին «զոհ»ի մտածելակերպը: Փոխարէնը հայ ֆետայիներ կռուի դաշտ իջան եւ պայքարեցան իրենց հաւատքի, ազատութեան եւ պատմական ժողովուրդի համար: Ապա այս նոյն մտածելակերպն էր, որ 1918ին մեզ պարգեւեց մեր ինքնավարութեան եւ ազատագրութեան հպարտալի իրաւունքը: Եւ այս անկոտրում հոգիով հանդերձ, հայ ժողովուրդը տարածուեցաւ աշխարհի չորս կողմը եւ ձեւով մը, կորսնցուց իր միասնականութիւնը: Փոխարէնը, հիմնուեցաւ հայոց Սփիւռքը, որ յարատեւ ջանք թափեց պահպանելու՝ հայ լեզուն, հայ մշակոյթը եւ հայոց պանծալի պատմութիւնը: Շատեր, մանաւանդ հայրենիքի մէջ ապրող մեր հայրենակիցները, կը կասկածէին Սփիւռքի ուժին վրայ եւ կ՛արհամարհեն անոր օգտակարութիւնը համայն հայութեան պահպանման ի խնդիր: 1980-90 թուականներուն, Սփիւռքը միացաւ եւ ազատագրեց Արցախը: Յաջորդ տարիներուն Արցախը դարձաւ մեր միասնութեան խորհրդանիշը: Սփիւռքէն եւ Հայաստանէն հայրենակիցներ վերահաստատուեցան՝ Արցախ եւ կազմեցին ու զարգացուցին գիւղաքաղաքներ, ինչպէս Աղաւնոն: Սակայն 2020ին, հայ ազգի անկոտրում միասնութիւնը անգամ մը եւս փշրուեցաւ, ցաւով: 44օրեայ պատերազմի ամբողջ տեւողութեան ամէնքս դարձանք Հայ Դատի պաշտպաններ, բայց այդ մեծ կորուստը ահաւոր ազդեցութիւն ունեցաւ համայն հայութեան վրայ: Ապա, 2023ի տեղահանութիւնն ու ազգային զտումը չունեցաւ ոչ մէկ հետեւանք, որովհետեւ հայ ժողովուրդը «զբաղած» էր ներքին եւ ցաւոտ «անհամաձայնութիւն»ներով: Հետեւաբար մեր հերոս Արցախցի հայրենակիցները տեղահանուեցան եւ նոյնիսկ ձերբակալուեցան եւ որպէս գերի բանտարկուեցան:
Հիմա հարցը հետեւեալն է՝ արցախահայութիւնը պէ՛տք է տուն վերադառնայ եւ արցախահայ ռազմագերիները պէտք է արդարօրէն ազատագրուին:
Արդեօ՞ք հայ ժողովուրդը պիտի կարենայ դարձեալ միասնական եւ միակամ ըլլալ՝ մէկ նպատակով, սրբազան առաքելութեամբ՝ պահպանել ազգ եւ հայրենիք:
11րդ կարգ


1915-2025. 110ամեակի Ապրիլեան Մտածումներս
ԱՐԻ ՓԱՆՈՍԵԱՆ
Երբ Ապրիլ ամիսը կը մօտենայ, միշտ կը յիշեմ ցաւալի այն օրը, երբ Հայոց Ցեղասպանութիւնը կատարուեցաւ: Այդ օրն էր, երբ թուրքերը հայութեան նախ միտքը սպաննեցին, երբ մեծ թիւով մեր հայ գրողներն ու հոգեւորականները սպաննեցին: Ապա մենք կամաց-կամաց նաեւ մեր հողերը կորսնցուցինք: Մեծ թիւով հայեր կորսուեցան, զոհուեցան եւ չարաչար սպաննուեցան: Մենք բոլորս, առնուազն ընտանիքի մէկ կամ մի քանի անդամ ունինք, որ քալեց Տէր Զօրի անապատի աւազներուն վրայէն եւ կամ բախտաւոր պարագային՝ թուրքերէն փրկուեցան եւ կորսուեցան: Եթէ այս Ցեղասպանութիւնը չսկսեր, մենք կրանայինք մեր հողերը դեռ ունենալ եւ կրնայինք ապահովութեամբ ապրիլ մեծ Հայաստանի մը մէջ եւ աշխարհով մէկ տարածուած չըլլալ: Անոնք որոնք ապրեցան Ցեղասպանութենէն փրկուած, անոնք իրենց կորսնցուցած ընտանիքներուն եւ նոր սերունդին համար շատ բան զոհեցին, որպէսզի անոնք ապրին:
Ես այս ամէնը կ՛ըսեմ, որովհետեւ գիտեմ, թէ կարեւոր է մեր ազգն ու մշակոյթը պահպանելը: Այո՛, Ցեղասպանութիւնը տեղի ունեցաւ 1915ին, բայց 110 տարի յետոյ մենք մեր մշակոյթը տակաւին ունինք եւ դեռ կը յիշենք եւ կը տօնենք մեր մշակոյթն ու ազգային աւանդոյթները: Բայց, առաւել, նոր սերունդներ (անոնք որոնք ծնած են 2012էն վերջ) չեմ կարծեր, որ բաւարար հայրենասէր եւ մշակութասէր են: Նոյնը կրնանք ըսել իմ տարեկիցներուն, որ բաւական կը մտահոգէ հայ ազգը եւ մեր մեծերը: Եթէ չունենաս հաւատաւոր եւ զոհուելու պատրաստ ժողովուրդ քու երկրիդ համար, չես կրնար նաեւ երկիր ունենալ եւ կամ պաշտպանել: Իսկ, եթէ երկիր չունենաս, աւելի արագ կրնաս կորսնցնել մշակոյթդ եւ պատմութիւնդ մոռացութեան կը մատնուի: Պէտք է փորձենք ներկայ ժամանակին առաւել դաստիարակել եւ հայրենասէր ու ազգասէր դարձնել նոր սերունդը: Բայց, կարեւոր է պահանջել նաեւ հայ ծնողներէն, որ իրենք իսկ «քարոզեն» հայ մշակոյթի մասին իրենց ընտանիքներէն ներս: Իսկ անոնք որոնք աւելի ամերիկացի են քան թէ հայ, վտանգաւոր կը դառնան, որովհետեւ անոնց երախաները նաեւ չեն փորձեր հայերէն դասերն իսկ սիրել եւ կամ հետաքրքրուիլ: Անոնք նոյնիսկ չեն գիտեր, թէ հայերը երբ քրիստոնեայ դարձան (301ին) եւ կամ Արցախը երբ վերանկախացաւ (1991):
Ամէնէն կարեւոր բանը, այն է, որ երախաները յաճախեն որեւէ հայկական դպրոց: Որովհետեւ միայն հայկական դպրոցին մէջ կրնաս աւելի սորվիլ քու ազգիդ պատմութեան եւ մշակոյթիդ մասին, հայ ընկերներ ունենալ, որ կը պահես զանոնք կեանքիդ ընթացքին: Այս է միակ ճարը երիտասարդներուն հայապահպանման:
Նոր սերունդը, պէտք է սորվի մեծ եւ նշանաւոր հայ գրողներու մասին: Պէտք է գիտնան Րաֆֆիին, Պարոյր Սեւակին, Յ. Թումանեանին, Վ. Թէքէեանին, Չարենցին, Ա. Իսահակեանին եւ տակաւին շատ շատերուն մասին: Պէտք է անոնց գրական գործերը կարդան: Հայկական բանաստեղծութիւնները գեղեցիկ գրուած կ՛ըլլան, որոնք երբ խօսին մեր հողերուն եւ կամ հայոց լեզուին մասին: Անոնք ցոյց կու տան, թէ որքան կարեւոր են մեր պատմական եւ ներկայ հողերը: Այդ ամէնը կը գեղեցկացնեն մեր անցեալն ու ներկան: Կան գրական գործեր, որոնք մարդկային փիլիսոփայութեան մասին կը սորվեցնեն: Օրինակ, Պարոյր Սեւակի «Դիմակահանդէս»ին մէջ մարդոց ցոյց կու տայ, որ երբեք լաւ չէ մարդոց ատելը, որովհետեւ մէկու մը օգուտ չընէր: Այլ հակառակը, աւելի գէշ վիճակի մէջ կ՛ըլլաս: Ես այս ամէնը ըսի, որ ցոյց տամ, թէ ինչու պէտք է մեր հողերը եւ մշակոյթը պաշտպանենք եւ պահպանենք: Եթէ չընենք, այս ամէն գեղեցիկ բաները կը կորսնցնենք: Վերջ ի վերջոյ, կ՛ուզեմ ըսել, որ մենք պէտք է փորձենք անկարելին, որ տարածենք մեր մշակոյթը: Մենք անոր համար ծնած ենք՝ ՀԱՅ: Մեր ազգի զաւակները մեզի համար նահատակուեցան, որպէսզի մենք կարողանանք ապրիլ եւ ապրեցնել: Ասոր համար է, որ պէտք է շարունակենք մեր մշակոյթը նաեւ տարածել եւ սիրել, որովհետեւ ուրիշ ոչ մէկ ազգ կամ անձ պիտի ընէ այս ամէնը մեզի համար:
Մենք մեզի համար պէտք է կռուինք ու պայքարինք:
Եթէ այս ամէնը ընենք, մենք մեզ կրնանք կոչել՝ Հայ անհատ եւ Հայ ազգ:
11րդ կարգ