
ՆԱՐԻՆԷ ՄԱՐԳԱՐԵԱՆ
Յօդուածում ներկայացուած է Հայոց Ցեղասպանութեան իրականացման գործընթացում իսլամը որպէս գործիք օգտագործելու երիտթուրքերի քաղաքականութիւնը: Թուրք քաղաքական գործիչները կրօնական մոլեռանդութեան սերմանմամբ փորձում էին ուժեղացնել իրենց հակահայկական հռետորաբանութիւնը: Հայերը ներկայացւում էին որպէս իսլամի թշնամիներ, եւ դրանով փորձ էր կատարւում ամրապնդել հայ ազգի ոչնչացման հիմնաւորումները: «Ջիհադ»ի (սրբազան պատերազմի) գաղափարը եւս շահարկւում էր հակահայկական զգացումների ուժեղացման նպատակով:
Միեւնոյն ժամանակ, արաբ առաջնորդները, այդ թւում՝ շերիֆ Հուսէյնը, ուժգնօրէն հակադրւում էին այս մօտեցմանը՝ կասկածի տակ դնելով երիտթուրքերի գաղափարները: Նրանք կոչ էին անում երիտթուրքերին չօգտագործել իսլամը քաղաքական նպատակներին հասնելու համար եւ յայտարարում էին, որ իսլամի հիմնական սկզբունքներն ուղղակի հակադրւում էին Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների՝ հայերի դէմ ուղղուած ցեղասպանական քաղաքականութեանը:
Ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ ուղղուած ծանրագոյն յանցագործութիւն է, որը դատապարտւում է ոչ միայն միջազգային իրաւունքի (1948ի ՄԱԿի Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին համաձայնութիւն, 1968ի «Ռազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» որոշում), այլեւ դաւանանքի տեսանկիւնից:
Նշենք, որ ցեղասպանական գործողութիւնների ժամանակ կրօնական տարբերութիւնը երբեմն դառնում է բնորոշիչ, որը տարբերակում է զոհին եւ դահճին: Կալիֆորնիայի համալսարանի պրոֆէսոր, ընկերաբան, Հայոց Ցեղասպանութեան հարցերով զբաղուող Լ. Կուպերը ցեղասպանութեան ընդհանուր բնութագրիչներից մէկը համարում է զոհերի եւ յանցագործութիւնը կատարողների ցեղային կամ ազգային խմբերի միջեւ կրօնական տարբերութեան առկայութիւնը:
Կրօնական տարբերութիւնը յաճախ դրւում է տարբերակման այլ տարրերի՝ ցեղային, մշակութային ժառանգութեան, տնտեսական եւ քաղաքական կեանքում մասնակցութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցում անհաւասարութեան, եւ խտրականութեան կամ տարածքային կենտրոնացման վրայ: Կրօնական պատկանելութիւնը դառնում է տարբերակիչ ընկերային կարգավիճակի մաս եւ յաճախ նպաստում է հասարակութեան բազմաշերտ կառուցուածքում այլ խմբերից օտարմանը:
Հարկ է փաստել, որ պատմութեան ընթացքում արձանագրուել են իրադարձութիւններ, երբ կրօնական զգացումներն օգտագործուել են զանգուածային սպանութիւնների արդարացման, իսկ որոշ դէպքերում կրօնն օգտագործուել է նաեւ հրահրման նպատակով: Կրօնական գործօնի շահարկմամբ կատարուած նմանատիպ օրինակներ են 11-13րդ դարերում իրականացուած Խաչակրաց արշաւանքները: Արդէն ուշ միջնադարում եւրոպական տէրութիւնների գաղութային նուաճումները երբեմն հիմնաւորւում էին որոշ ժողովուրդների շրջանում քրիստոնէութեան տարածման անհրաժեշտութեամբ: Հրեաների հանդէպ քրիստոնեաների շրջանում առկայ բացասական պատկերացումներն օգտագործուեցին նացիստների կողմից Հոլոքոսթի իրականացման ընթացքում:
Կրօնական գործօնի շահարկման ուղղակի օրինակը 20րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ իրագործուած ցեղասպանութիւնն է: Դեռեւս 17րդ դարի երկրորդ կէսից, Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ յայտնուած Արեւմտեան Հայաստանում հայ ազգաբնակչութեան հանդէպ կիրառուող խտրականութեան հիմքում ի սկզբանէ առկայ էր կրօնական գործօնը: 1908ի յեղաշրջման արդիւնքում իշխանութեան եկած երիտթուրքերի Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը («Իթթիհադ վէ թերաքի»ն) սկզբում փորձում էր առաջնորդուել հաւասարութեան, եղբայրութեան եւ ազատութեան կարգախօսներով՝ յոյսեր առաջ բերելով կայսրութեան ճնշուած ժողովուրդների, այդ թւում նաեւ հայերի շրջանում: Սակայն շուտով ակնյայտ է դառնում, որ երիտթուրքական քաղաքական կոչերը եւ իրական գործողութիւնները քիչ ընդհանրութիւններ ունէին, եւ հայերի նկատմամբ համիդեան ջարդերից մինչեւ երիտթուրքական ցեղասպանութիւն թուրքերի համար ընդամէնը մէկ քայլ էր:
«Շարիաթ»ի (իսլամական օրէնքի) կանոնները համաձայն՝ իրաւական տեսակէտից ի սկզբանէ որոշակիացուել է մուսուլմանների եւ ոչ մուսուլմանների կարգավիճակը: Դեռեւս 7րդ դարում՝ արաբական արշաւանքների ժամանակ, նրանք, ովքեր իսլամ չէին ընդունում, պայմանագիր էին կնքում՝ «Ակդ ալ Զիմմա», որով արաբ կառավարիչը պարտաւորւում էր պահպանել քրիստոնեայի անհատական, քաղաքական եւ ընկերային ազատութիւնը, որի դիմաց վերջինս պէտք է հարկ վճարեր: Այսինքն՝ ինքը՝ Ղուրանը, չէր կարող իր համակարգում հաւասարութիւն թոյլ տալ մուսուլմանների եւ ոչ մուսուլմանների միջեւ: Փաստօրէն ստեղծւում էր երկշերտ հասարակութիւն՝ մի կողմից մուսուլմանները, որոնք պատկանում էին «ումմա»ին (իսլամ հասարակութեան, համայնքին), իշխող ազգ էին, եւ ոչ մուսուլմանները, որոնք մի աստիճան ցածր էին կանգնած: Հետեւաբար, երբ 1908ի երիտթուրքական ուժերն իշխանութեան եկան հաւասարութեան կարգախօսն առաջ քաշելով, որն ի սկզբանէ չէր համապատասխանում իսլամի սկզբունքներին: Եւ այդ նոյն արդարութեան, հաւասարութեան սկզբունքներով իշխանութեան եկած երիտթուրքերը կրկին հաստատում են իրենց՝ թուրքերի իշխող ազգ լինելու փաստը, անգամ նրանց պաշտօնական երդումը տպագրուել է «Իթթիհադ վէ թերաքի» կիսապաշտօնական «Թանին» թերթում: Վերջինիս գլխաւոր խմբագիրը՝ Հուսէյն Քահիդը, խմբագրական յօդուածում յայտարարել է, որ անկախ դէպքերի ընթացքից եւ ելքից թուրքերը «եղել եւ մնում են իշխող ազգ»:

Տեսակէտները հակաբեւեռ են. երիտթուրքերի ու ցեղասպանական գործողութիւնների հակասութիւններն իսլամական դրոյթներով հիմնաւորելը բարդ է՝ հաշուի առնելով Ղուրանի, «Սունա»ի, «Հադիս»ների (Մուհամմատ մարգարէի խօսքերը եւ գործերը) տարաբնոյթ մեկնաբանութիւնները: Իսլամում առկայ են որոշ համայնքներին յատուկ կարգավիճակ տալու, նրանց նկատմամբ բարեացակամ լինելու, նրանց կեանքի անվտանգութիւնը երաշխաւորելու դրոյթներ:
Հարկ է մէջբերել Ղուրանի մի քանի «սուրա»ներից (գլուխներէն) հատուածներ, ինչպիսիք են օրինակ. «Եկէ՛ք, ես կը կարդամ այն, ինչ արգելել է ձեր Աստուածը… Մի՛ սպաննէք որեւէ մէկին, ում Ալլահն արգելում է, միայն մի բացառութեամբ՝ իրաւունքով» (Ղուրան, 6:152):
«Նրանք՝ իսկական մուսուլմանները, չեն սպաննում Ալլահի կամքին հակառակ, բացառութեամբ, եթէ դրա իրաւունքը ունեն եւ ինքնագործունէութիւն չեն ծաւալում, իսկ նրանք, ովքեր այդպէս են վարւում, իրենց պատիժը կը ստանան Ահեղ դատաստանի օրը» (Ղուրան, 25:68):
Ըստ իսլամի սկզբունքների՝ յանցագործութիւնը յանցագործութիւն է՝ անկախ այն բանից, թէ ինչքան մարդ է տուժում: «Նա, ով սպաննում է մէկին ու դա սպանութեան դիմաց կամ էլ երկրում չարիքը կանխելու համար չէ, ապա նշանակում է, որ նա սպաննում է ողջ մարդկութեանը, իսկ նա, ով խնայում է մէկի կեանքը, ապա նա խնայում է ողջ մարդկութեան կեանքը» (Ղուրան, 5: 32):
Նմանատիպ մտքեր հանդիպում ենք նաեւ Բուխարիի հադիսներում.
«Երբ Մուհամմադ մարգարէի քարանձաւներից մէկում սպաննուած կին է յայտնաբերւում, նա արգելում է սպաննել երեխաներին ու կանանց»:
Մուհամմադ մարգարէն ասում է. «Ես ձեզ հրամայել եմ չայրել մարդկանց, քանի որ կրակով կարող է պատժել միայն Աստուած»:

Մուհամմադ մարգարէի յաջորդներից Աբու Բաքր Սադդիկը իր զօրահրամանատարներից մէկին արշաւանքների վերաբերեալ գրաւոր տեղեկացրել է. «Եթէ թշնամուն ընդառաջ էք գնում, մի՛ սպաննէք նրանց, եթէ յաղթում էք, մի՛ սպաննէք ծերերին, կանանց ու երեխաներին, եթէ վանականներ տեսնէք իրենց մենաստաններում, թողէ՛ք նրանց՝ ապրելու այն կեանքով, որ իրենք են ընտրել, քանի որ նրանք Աստծուն են ծառայում»:
Ի հակակշիռ նմանատիպ սուրաների, ըստ որի՝ Ղուրանը կոչ է անում հանդուրժողականութեան, գոյութիւն ունի մի այլ տեսակէտ, որը նոյնպէս ունի իր հիմնաւորումները: Ղուրանում կարելի է հանդիպել մի շարք այլ սուրաների, որտեղ կոչ է արւում սպաննել անհաւատներին, ջիհադ սկսել «ճշմարիտ կրօնը» չդաւանողների դէմ եւ սպաննել նրանց:
Մէջբերենք Ղուրանից մէկ այա (համար, տուն), որտեղ կոչ է արւում կռուել թշնամիների դէմ. «Սպաննի՛ր յանուն Ալլահի նրանց, ովքեր քեզ սպաննում են, բայց նախայարձակ մի՛ եղիր, քանի որ Ալլահը չի սիրում նախայարձակ եղողներին» (Ղուրան, 2:190): Իսկ դրա յաջորդ այայում նշւում է. «Սպաննի՛ր նրանց, որտեղ կը հանդիպես, հանի՛ր նրանց այնտեղից, որտեղից նրանք են քեզ դուրս արել, քանի որ աղէտն աւելի վատ է, քան մահը» (Ղուրան, 2:191):

Նաեւ՝ «Անհաւատներին Ալլահի մօտ չեն փրկի ո՛չ իրենց բարութիւնները, ո՛չ իրենց երեխաները եւ նրանք կ՛այրուեն կրակում» (Ղուրան, 3:10):
Օրինակները բազմաթիւ են, եւ կարելի է անել մի եզրակացութիւն, որ քրիստոնեաները կամ մուսուլմանները, Ղուրանի նոյն սուրան կամ այան կարդալով, կարող են տարբեր մեկնաբանութիւններ անել: Ղուրանի լեզուական ու ոճական ճկունութիւնը թոյլ է տալիս նոյն նախադասութիւնը կամ արտայայտութիւնը բազմաթիւ տեսանկիւններից քննարկել եւ հակաբեւեռ մեկնաբանութիւններ անել. դա են վկայում մինչեւ այժմ գոյութիւն ունեցող Ղուրանի մեկնաբանութիւնների բազմահազար հատորեակները:
Այս պարագայում մենք տեսնում ենք իսլամի երկփեղկուածութիւնը. մի երեւոյթ, որը միշտ եղել է իսլամական հասարակութեան՝ ումմայի մէջ: Խօսքն իսլամի՝ որպէս կրօնի եւ իսլամի՝ որպէս քաղաքական իրականութեան կամ այսպէս ասած քաղաքական իսլամի մասին է: Առաջին հերթին, իսլամը որպէս կրօն համադրւում է սուրբ գրքով՝ Ղուրանով, իրեն յատուկ արարողակարգերով, իսկ միւս դէպքում էլ մի շարք քաղաքական եւ կրօնական նպատակներով իսլամի օգտագործման մասին է: Այսինքն՝ հարկ եղած դէպքում իսլամը վերափոխւում է՝ դառնալով գործօն, դուրս է գալիս հաւատքի իր սահմաններից՝ անցում կատարելով քաղաքական ոլորտ, եւ յաճախ նաեւ ծառայում որպէս գործիք, շահարկւում՝ որոշ քաղաքական նկատառումներից ելնելով:
Իր քաղաքական նպատակների իրականացման համար, երիտթուրքական կառավարութիւնը չէր խուսափում կրօնական գործօնի շահարկումից: Առաջին Համաշխարհային պատերազմի մէջ մտնելուց մի քանի օր անց՝ 1914ի Նոյեմբերին, շէյխ ուլ իսլամ Հայրի էֆենդին Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ մզկիթից սրբազան պատերազմ՝ ջիհադ յայտարարեց, որը Օսմանեան կայսրութեան սուլթան Մեհմեդ Ե.ի ստորագրութեամբ տպագրուեց Կոստանդնուպոլսի օրաթերթերում: Ջիհադի այս կոչն ամբողջութեամբ ներծծուած էր կրօնական մոլեռանդութեամբ, որտեղ կոչ էր արւում. «Ամէն մահմեդական, աշխարհի որ մասի մէջն ալ բնակուի, թող հանդիսաւոր երդում ընէ, որ զինք շրջապատող քրիստոնեաներէն պիտի սպաննէ առնուազն երեք կամ չորս հատ, քանզի անոնք Ալլահի թշնամիներն են: Թող ձեզմէ ամէն մէկը գիտնայ, որ իր վարձքը պիտի կրկնապատկուի Աստծոյ կողմէն»:
Նոյն տարուայ Նոյեմբերի 23ին հրապարակուել է նոր «մանիֆեստ» (ծրագիր), որը պահանջում էր աշխարհի մուսուլմաններին ենթարկուել Ղուրանի պահանջներին ու պաշտպանել իսլամը եւ նրա սրբավայրերը: Կրօնական մոլեռանդութիւնն օգտագործուեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան իրականացման ընթացքում, երբ երիտթուրքական կառավարութիւնը շահարկում էր կրօնի գործօնը, ընդ որում այն արւում էր պետական մակարդակով: Կայսրութեան ռազմական նախարար Էնվերի՝ դեռեւս 1914ի Հոկտեմբերի 9ի հեռագրի բնագրում նշւում է. «Մաքրել երկիրը անբաղձալիներէն, անհաւատների արիւնը անարժէք է, ատկէ աւելի բարի գործ չկայ»: Նոյեմբերի 16ին ջիհադի կոչին անմիջապէս հետեւել է Էնվերի «իրադէ»ն (հրամանագիր), որտեղ օսմանեան բանակի ուշադրութիւնը հրաւիրեց սրբազան պատերազմի վրայ ու կոչ արեց արդարացնել 300 միլիոն մուսուլմանների յոյսն ու հաւատը, ովքեր ջերմեռանդօրէն աղօթում են յաղթանակի համար: «Մենք պէտք է յիշենք, որ մեր մարգարէների եւ բոլոր սուրբ մարդկանց հոգիները մեզ հետ են, եւ մեր փառաւոր նախնիները մեր գործողութիւնների վկաներն են»:
Հարկ է նշել, որ իսլամական սկզբունքների համաձայն՝ Դար ուլ Իսլամի (բառացիօրէն՝ իսլամի տան) տարածքների նկատմամբ ցանկացած ոտնձգութիւն կամ յարձակում թոյլ է տալիս մուսուլմաններին ջիհադ յայտարարել յարձակուողների դէմ:
Փաստօրէն, ջիհադի հիմնական նպատակը Ռուսական կայսրութիւնում բնակուող մուսուլմանների շրջանում հակառուսական յուզումների հրահրումն էր, որը պէտք է հեշտացնէր թուրքական բանակի առաջխաղացումը կովկասեան ռազմաճակատում, սակայն հռչակուած ջիհադը հմտօրէն օգտագործւում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան իրականացման ընթացքում: Ջիհադի հիմքի վրայ բարձրացրած կրօնական մոլեռանդութեան ալիքը ներառեց հոծ զանգուածներ՝ ապահովելով Հայոց Ցեղասպանութեան գործում նրանց անմիջական մասնակցութիւնը:
Ջիհադի յայտարարումն անմիջական կապ ունէր արաբների հետ՝ որպէս սուննի մուսուլմաններ: Սիրիացի քաղաքական ու մշակութային գործիչ Մուհամմադ Քուրդ Ալին այն կարծիքն է յայտնում, որ երիտթուրքական կառավարութիւնը ցանկանում էր արաբների մօտ շահարկել իսլամի գործօնը՝ դրդելով նրանց հայերի դէմ, որի արդիւնքում պէտք է արաբներն իրենց կիսատ թողած գործն աւարտէին:
Մուհամմադ Քուրդ Ալիի այս դրոյթը հանդիպում ենք նաեւ 1913-1916ին Կ. Պոլսում Միացեալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի յուշերում, ով եւս մէկ անգամ փաստում է, որ երիտթուրքական կառավարութիւնը 2 միլիոն հայութեանը որոշում է տեղափոխել անապատ՝ գիտակցելով, որ «հայ տարագիրների մեծ մասը սահմանուած վայրը չէր կարող հասնել. ծարաւից, քաղցից կը մահանային կամ զոհ կը դառնային անապատների վայրենի մուսուլման ցեղերին»:
Դեռ աւելին, Մորգենթաուն նշում է, որ երիտթուրքերը հայերին տարագրում էին սիրիական անապատ՝ «նուազագոյն չափով անգամ մտադրութիւն չունենալով հայերին այդ երկրում հաստատելու»:
Երիտթուրքերի ղեկավարութիւնը յստակ գիտակցում էր, որ ջիհադը կարող է յաջողութեան հասնել, եթէ դրան միանան նաեւ արաբները՝ յետագայում իրենց գործերին աջակցելու եւ դրանք շարունակելու համար: Դրա համար նրանք դիմում են Մեքքայի շերիֆ ու էմիր Հուսէյն իբն Ալիին, սակայն վերջինս չի արձագանքում, քանի որ նախապատրաստւում էր ապստամբելու Օսմանեան կայսրութեան դէմ:
Հարկ է նշել, որ Հուսէյնը մի քանի անգամ մերժել էր թուրքական կառավարութեան՝ ջիհադ յայտարարելու պահանջները: Դրանից յետոյ թուրքական կառավարութիւնը կրօնական հաստատութիւնների եւ մամուլի միջոցով յայտարարել է, թէ իբր Հուսէյնն օրհնել է ջիհադը: Հուսէյնի՝ շերիֆի պատուաւոր տիտղոսը, նրան ուղղուած ջիհադ յայտարարելու պահանջը վկայում են նրա հոգեւոր եւ քաղաքական մեծ հեղինակութեան մասին:
Նշուած ժամանակահատուածում բարդ էր Սիրիայի եւ ընդհանրապէս Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող արաբների իրավիճակը: Սկսուած Առաջին Համաշխարհային պատերազմը, ջիհադի յայտարարումը, Սիրիայում Ջեմալ փաշայի վարած քաղաքականութիւնն աստիճանաբար ժողովրդի մէջ ամրապնդում էին ապստամբութեան գաղափարը: Դէպքերի ականատես եւ մասնակից արաբ փաստաբան, Խարբերդի գաւառներից մէկի նախկին կառավարիչ Ֆայէզ Ղուսէյնն իր «Բռնութիւններ Սիրիայում, Իրաքում Եւ Հիջազում» գրքի «Սիրիացիների կախաղանները եւ նրանց ոչնչացումը» գլխում գրում է. «Թուրքական կառավարութեան որոշումը՝ ժխտել ցանկացած ազգային զգացմունք ոչ թուրք ժողովուրդների մէջ տարբեր ձեւերով է իր դրսեւորումները ստանում: Հայերին՝ ֆիզիկական ոչնչացմամբ, արաբների պարագայում նրանք ոճի բազմազանութիւնն են հիմք ընդունել»: Թուրքական կառավարութիւնն արաբ զինուորներին հնարաւորինս հեռու տեղեր էր զօրակոչում, ժողովրդին սովի էր մատնում, յայտնի ու անուանի ընտանիքներին Անատոլիայի խորքերն ուղարկում: Սովի մատնելով Սիրիայի եւ Լիբանանի բնակչութեանը՝ Ջեմալ փաշան հեգնանքով յայտարարել է մամուլում. «Չկայ սով Սիրիայում»: Ջեմալն առաւել դաժան է վարւում արաբ ազգային-ազատագրական գործիչների հետ՝ վերջիններիս 1916ի Մայիսին Դամասկոսի, Բէյրութի կենտրոնական հրապարակներում կախաղան բարձրացնելով:
Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Հուսէյնը, ակնկալելով Մեծ Բրիտանիայի ռազմական օգնութիւնը, նամակագրական կապ է հաստատում Կահիրէում բրիտանական գլխաւոր յանձնակատար եւ Եգիպտոսի փաստացի կառավարիչ Կիթչիների, իսկ 1915ին նրան փոխարինած ՄակՄահոնի հետ: Տեղեակ չլինելով «Սայքս-Պիկօ»ի պայմանագրի մասին, որը բացայայտ հակասում էր արաբներին տրուած Բրիտանիայի խոստումներին, անգամ վերջիններիս կողմից չստանալով որեւէ փաստաթուղթ՝ Հուսէյնը 1916ի Յունիսի 5ին զինուած ապստամբութեան կոչ է անում՝ յայտարարելով. «Ապստամբութեան նպատակը ոչ թէ մի տիրապետութեան փոխարինումն է միւսով, այլ արաբական երկրների ազատագրումը, արաբ կառավարութեան ստեղծումը, որը կը վերականգնի մեր նախնիների փառքը»:
1916ի Յունիսի 26ին Հուսէյնը յատուկ ուղերձով արաբական տարածքներն Օսմանեան կայսրութիւնից անկախ է հռչակում: Այս ուղերձների կարեւորութիւնն այն է, որ նա բացի իրավիճակը ներկայացնելուց ու վերլուծելուց, անդրադառնում է թուրքական քաղաքականութեանը՝ առանձին դրոյթներով Ղուրանից ու հադիսներից մէջբերումներ կատարելով, դատապարտում թուրքական իշխանութիւններին ու նրանց վարած քաղաքականութիւնը՝ հաւաստիացնելով, որ իսլամի սկզբունքները հակասում են երիտթուրքական գործողութիւններին:
Հուսէյն իբն Ալին նշում էր, որ անկախ այն բանից, թէ ջիհադն ուղղուած է Ռուսաստանի, Անգլիայի կամ Ֆրանսիայի դէմ, եւ ինչ քաղաքական խորապատկերի վրայ էին երիտթուրքերի գործողութիւնները, միեւնոյնն է, նրանց կատարած ոճրագործութիւնները դատապարտւում են իսլամի գաղափարական եւ հաւատքի տեսանկիւնից, քանի որ նման գործողութիւնները հակասում են Ղուրանի սուրաներին, Շարիաթին, բազմաթիւ հադիսներին ու պատմական վկայութիւններին:
Մուսուլմաններին ուղղուած իր այս ուղերձում նա հիմնաւորում է իսլամի եւ երիտթուրքերի գործողութիւնների հակասութիւնները՝ բազմիցս յիշատակելով.
« …Նրանք պէտք է իրենց պետութիւնը կառուցէին Շարիաթի հիման վրայ, այնինչ շեղուեցին օրինական ուղուց:
…Նրանք հազարաւոր մարդկանց կեանք են խլում Ռուսաստանի սահմաններում: Ղուրանում ասւում է, որ իւրաքանչիւրն իր արած բարիքի չափով կը գնահատուի Ահեղ դատաստանի օրը: Այդ օրը նրանք պատասխան կը տան մուսուլմանների ու «զիմմի»ների (ոչ իսլամներու) սպանութիւնների համար՝ առանց կողմնակի դատի ու դատաւորների:
…Թուրքական իշխանութիւնն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրեց հայերի ոչնչացումը՝ կենդանի թողնելով նրանց մէկ տասներորդ մասը: Աստծոյ մարգարէն ասում է. «Ով ցաւ պատճառի մուսուլմանների հովանաւորութեան տակ գտնուող զիմմիների, ես նրա թշնամին կը դառնամ»:
– Ո՞ր մուսուլմանը կամ մահկանացուն կը գոհանայ, եթէ տեսնի իր ժողովրդին նման դժբախտութեան ու նուաստացման մէջ: Ալլահը թոյլ է տուել. «Նրանք, ովքեր սպաննում են անարդարներին, Տէրը նրանց սատար է կանգնում»: Ալլահը պահանջում է ոչ մուսուլմանների նկատմամբ արդար գործել. «Մի՛ սպաննէք նրանց իրենց կրօնի համար, մի՛ վտարէք իրենց տներից եւ արդար եղէ՛ք նրանց նկատմամբ»:
– Վտանգը գնալով աւելի սպառնալի է դառնում: Մենք յայտնուել ենք մի վտանգի մէջ, որն իսլամում իր նախադէպը չի ունեցել:
– Եկել է երիտթուրքերի պետութեան վերջը… Իսլամում չկան նմանօրինակ արարքներ, ինչպիսիք իրականացրին Թալէաթը, Էնվերը եւ Ջեմալը: Մենք տեսել կամ լսել ենք նրանց ոճրագործութիւնները, մեկնաբանութիւնների կարիք չկայ: Նրանց պետութեան մէջ ոտնահարուել են կրօնի սրբութիւնները…»:
Հուսէյնն իր՝ 1917ի Մարտի 3ի հրապարակած ուղերձում կրկին անդրադառնում է վերոնշեալ հակասութիւններին.
«Մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ երիտասարդ իթթիհադականների մեղսագործութիւնների մասին. իրագործուել են սպանութիւններ՝ նոյնիսկ մուսուլմանների նկատմամբ: Դա արդէն բացառում է նրանց օրինական, մաքուր մուսուլման լինելը:
…Իսլամական աշխարհը պէտք է գիտակցի, որ երիտթուրքերի մեղսագործութիւնները դատապարտւում են մեր կրօնով: Եւ եթէ որեւէ մուսուլման երկմտի մեր այս յայտարարութեան ճշմարտացիութեանը, թող վկաներ փնտռի, որոնք կ՛ապացուցեն մեր ասածների իսկութիւնը: Իսկ դրանք հաստատողը հարիւր հազարաւոր տարագիրներն են ու տեղացիները»:
Հուսէյնն իր ուղերձներում յստակ շեշտում է այն հանգամանքը, որ երիտթուրքական կառավարութիւնը ոտնահարում է իսլամի սկզբունքները: Եւ դա Հուսէյնն անում էր մի քանի նկատառումներից ելնելով. շեշտը դրւում էր իսլամի գործօնի վրայ՝ նշելով, որ թուրքերը լրիւ շեղուել են իսլամի ուղուց, եւ նրանց արածները դուրս են իսլամի սկզբունքներից: Հուսէյնն արաբներին յայտարարում է իսլամի իրաւական յաջորդներ՝ որպէս ապացոյց մէջբերելով Ղուրանը, որտեղ Ալլահը «Ամպրոպը» սուրայի մէջ ասել է. «Մենք իմաստութիւնն արաբերէնով ենք ներշնչում»: Հուսէյնը յատուկ նպատակ ունէր՝ համախմբել արաբներին, նրանց մէջ բարձրացնել ազգային ինքնագիտակցութիւնը, ապստամբել Օսմանեան կայսրութեան դէմ ու անկախութիւն ձեռք բերել: Այս գործում նրա գլխաւոր խաղաթուղթը երիտթուրքերի ու արաբների՝ իսլամի նկատմամբ ունեցած վերաբերմունքի տարբերութիւնն էր: Հուսէյնն ամէն կերպ փորձում էր թուրքերի նկատմամբ ատելութիւնն արմատացնել՝ մատնանշելով նրանցից սպասուող բոլոր վտանգները:
Խօսելով թուրքական կառավարութեան վայրագ քաղաքականութեան մասին՝ նա անդրադառնում է Միջագետքի անապատներում յայտնուած հայ ժողովրդի տարագիր հատուածին: Մեքքայի առաջնորդ Հուսէյն իբն Ալին, ի պաշտպանութիւն հայերի, 1918ի Ապրիլի 28ին (Ռաջաբ 18, 1336, իսլամական օրացոյցով) իր որդի Ֆէյսալին եւ Աբդ ալ Ազիզ Ջարբային է ուղարկում հրովարտակ, որտեղ կոչ է արւում հայ տարագիրներին պաշտպանել, հովանաւորել եւ ամէն տեսակ օգնութիւն ցոյց տալ. «…պաշտպանել եւ հոգ տանել ձեր տարածքների սահմաններում եւ ցեղերի մէջ ապրող Յակոբիկեան հայ համայնքից իւրաքանչիւրին, օգնել նրանց իրենց բոլոր գործերում եւ պաշտպանել նրանց այնպէս, ինչպէս կը պաշտպանէք ձեզ, ձեր ունեցուածքն ու երեխաներին, տալ նրանց անհրաժեշտ ամէն բան, անկախ այն բանից՝ նրանք կը մնան նոյն տեղում, թէ կը գնան տեղից տեղ, քանի որ նրանք զիմմի են համարւում»:
Չնայած Հիջազի կառավարիչը յայտարարում է, որ ինքը թուրքերի դէմ պատերազմ է յայտարարել «ոչ միայն արաբներուն, այլ նաեւ հայ ազգին համար ալ», սակայն անհերքելի է, որ արաբների կողմից հայերին պաշտպանելու պատճառներից էր, որ արաբները, ի դէմս հայերի, դաշնակից էին տեսնում ընդհանուր թշնամու՝ թուրքական բռնապետութեան դէմ մղուող պայքարում: Այս քայլով նա ցանկանում էր հայերին իր կողմը պահել՝ յետագայում նրանց աջակցութիւնն ստանալու համար:
Հայոց Ցեղասպանութեան տարիներին միւս քաղաքական գործիչը, ով նոյնպէս փաստել է իսլամի եւ երիտթուրքական գործողութիւնների անհամատեղելիութիւնը, Ֆայէզ Ղուսէյնն է: Նա իր «Ջարդերը Հայաստանում» գրքում ամփոփել է ականատեսի յիշողութիւնները, որտեղ այն մտավախութիւնն է յայտնել, որ յետագայում Հայոց Ցեղասպանութեան իրագործման ողջ մեղքը կարող է ընկնել իսլամի վրայ:
Գրքի վերջաբանում նա գրում է. «Ես հաստատում եմ, որ հայերի հետ կատարուածը միայն Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան պատճառով է եղել: Նրանք այդպէս են վարուել հայերի հետ՝ ելնելով իրենց ազգային մոլեռանդութիւնից ու նրանց նկատմամբ նախանձից: Իսլամը չի արդարացնում նրանց գործողութիւնները»: Նա կոչ է անում բոլոր մուսուլմաններին մերժել երիտթուրքական կառավարութեանը, այլապէս նրանք էլ մասնակիցը կը դառնան այդ ոճրագործութեանը, որի հաւասարը չկայ պատմութեան մէջ: Ֆայէզ Ղուսէյնն իր յուշերն աւարտում է հետեւեալ մտքով. «Մի կառավարութիւն, որը գործում է նման ձեւով, չի կարող իսլամական համարուել, ոչ էլ իրաւունք ունի դրան յաւակնելու»: Նրա կարծիքով երիտթուրքական կառավարութեան ոճրագործութիւնները չեն կարող համարուել ո՛չ կրօնական մոլեռանդութեան, ո՛չ էլ իսլամական արմատականութեան դրսեւորման ձեւ:
Յենուելով մի շարք փաստերի վրայ՝ կարելի է պնդել, որ իթթիհադի ողջ ղեկավարութիւնն իրեն իսլամի հետեւորդ չէր համարում: Փաստօրէն ստացւում է այնպէս, որ, իրականում անաստուած լինելով հանդերձ, նրանք «ընտրեցին երկրի կառավարման հաստատութենական իսլամի տարբերակը, եւ նրանց նման մօտեցումը բացատրւում է նրանով, որ այս կերպ կարող էին իսլամը որպէս գործիք օգտագործել»:
Դեսպան Հ. Մորգենթաուն Թալէաթի հետ իր ունեցած զրոյցների հիման վրայ հաւաստիացնում է. «Թալէաթի նման, կուսակցութեան առաջնորդների մեծամասնութիւնը ծաղրում էին բոլոր կրօնները»:
Այսպիսով, երիտթուրքերը չկարողացան տարբերել իսլամը պետական գործերից եւ մինչեւ վերջ փորձեցին «ֆեթուա»ների (կրօնական հրահանգ կամ յստակացում) միջոցով օգտագործել կրօնն իրենց պետական գործերն իրականացնելու համար: Փաստօրէն մենք ականատես ենք լինում իսլամի՝ որպէս կրօնի ի սպառ անտեսմանը:
Մի փաստ անհերքելի է, որ երիտթուրքական կառավարութիւնը կարողացել է շահարկել կրօնի գործօնը: Օգտուելով այն հանգամանքից, որ մուսուլմանների համար իսլամը ոչ միայն զուտ հաւատ է, այլ նաեւ կենսաձեւ, փորձել է յետամնաց զանգուածների վրայ ազդել կրօնի փիլիսոփայական տեսանկիւնով՝ Ալլահի այնկողմնային («տրանսցենդենտալ») բնոյթն առաջ բերելով. անհաւատների նկատմամբ նման ձեւով վարուելը նրանց ազատում էր Ահեղ դատաստանից, Ալլահին աւելի մօտ էին կանգնելու, եւ, ինչու չէ, նաեւ նահատակուելն այդ «սուրբ գործ»ջ համար խրախուսւում էր: Նման յետամնաց զանգուածը յստակ չէր էլ գիտակցում իսլամի բուն էութիւնն ու իր կրօնական պարտականութիւնները:
Իսլամական այն գաղափարը, որ մուսուլմանները, հայերին սպաննելով, կատարում էին իրենց կրօնական պարտքը, գուցէեւ որոշումներ ընդունողների մակարդակում շարժառիթ չէր, բայց կարեւոր գործօն էր 1915ի Ցեղասպանութիւնը իրագործողների համար:
Միացեալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Հեմփշիր քոլեջի պրոֆէսոր Լէոնարդ Գլիկի կարծիքով, անկախ թուրքերի կրօնական զգացումներից, թուրք ոճրագործները իսլամը դիտարկում էին իրենց հաւաքական ինքնութեան բաղկացուցիչ մաս, միաժամանակ քրիստոնէութիւնը հաւասարաչափ կարեւոր տարր էր նրանց զոհերի ինքնութեան մէջ:
Այնուհանդերձ, նոյնիսկ այս կերպ հոգեբանական ճնշում գործադրելով ժողովրդի վրայ, հարկ է նշել, որ երիտթուրքական՝ իսլամն իր քաղաքական շահերին ծառայեցնելու ծրագիրը, միշտ չէ, որ գործել է: Երիտթուրքական կառավարութիւնը համոզուած էր, որ սիրիական անապատներում տեղի մուսուլման արաբները, քրդերն ու թուրքերը կը շարունակեն իրենց կիսատ գործը՝ վերջնականապէս բնաջնջելով հայերին, սակայն նրանք սխալուեցին իրենց ծրագրերում:
Փաստօրէն, անկախ թուրքական կառավարական օղակների վարած քաղաքականութիւնից, նրանց հրամաններից ու վերահսկումից, որ հնարաւորինս անշեղօրէն իրականացուեն այդ հրամանները, բազմաթիւ են դէպքերը, երբ մուսուլմանները, մասնաւորապէս արաբները, անտեսելով ջիհադի հռչակումը, կառավարութեան խիստ հսկողութիւնը, իրենց սպառնացող մահապատիժը, փրկել են հայերին կործանումից:
«ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ»