ՀԱՐՑՈՒՄ.- Վերջին երկու հարիւր տարիների ընթացքում այս տարի առաջին անգամ Թիֆլիսի հայութիւնը Սուրբ Ծնունդը նշեց նոր տոմարով: Ինչո՞ւ էին վիրահայերը եկեղեցական տօները նշում հին տոմարով, մինչեւ այսօր էլ հին տոմարով է նշւում Զատկական տօնը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Արդէն 200 տարուց աւելի է, որ Վրաստանում Սուրբ Ծնունդի տօնակատարութիւնը կատարել են հին տոմարով՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ հայութիւնը վրացիների հետ խառն ապրելով, մանաւանդ Սուրբ Զատկի տօնը կատարեն միասին: Դա տեղի է ունեցել ցարական, նաեւ Խորհրդային Միութեան տարիներին: Անկախ Հայաստանի եւ Վրաստանի պայմաններում, Չաւախքի փոխառաջնորդութիւնը 2003 թուականից պաշտօնապէս մեր հրամանով ամբողջութեամբ անցել է նոր տոմարի:
Չաւախքի փոխառաջնորդութեան մէջ մտնում են Ծալկայի, Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ախալցխայի, Ասպինձայի, Ադիգենի, Բորժոմի շրջանների ամբողջ հայաբնակ գիւղերը, նոր տոմարով տօնում են նաեւ Քուէմօ Քարթլիի Մառնէուլի եւ Բոլնիսի հայաբնակ գիւղերը: Խնդիրը հիմնականում Թիֆլիսը եւ Պաթումն է: Պաթումը 90ականներին Սուրբ Ծնունդը սկսել է նշել Սուրբ Էջմիածնի պէս’ Յունուարի 6ին, իսկ Թիֆլիսը մնացել էր հին տոմարով, որովհետեւ այստեղ շատ աւանդապահ հայութիւն կայ եւ ժամանակ էր անհրաժեշտ: Մենք աշխատանք տարանք, ժողովրդին բացատրեցինք եւ առաջին անգամ Ճրագալոյցը արարողութիւնը կատարեցինք Յունուարի 5ի երեկոյեան: Բացի Սուրբ Զատիկը, ամէն տօնակատարութիւն անց ենք կացնում նոր տոմարով: Վրացիներն էլ Սուրբ Ծնունդը նշում են Յունուարի 6ի երեկոյեան:
Զատիկը այստեղ շատ մեծ տօն է՝ պետական տօն, նշւում է պետական մակարդակով եւ հարեւաններ են, իրար հետ ապրում են, մէկը շուտ անի, մէկը ուշ անի, անյարմարութիւններ են առաջանում: Վրաստանը փոքր երկիր է, կարող են կրօնական խնդիրները դառնալ ազգամիջեան հարց, վիճաբանութեան խնդիր, դրա համար այս հարցերին նրբօրէն լուծում կը տրուի:
Հ.- Սրբազան, 2002թ. վերջերին նշանակուեցիք Վիրահայոց թեմի առաջնորդ: Այս անցնող հինգ տարիներին աշխուժացե՞լ է եկեղեցական կեանքը, նախկինում եկեղեցասէր թիֆլիսահայութիւնը կրկին դառնո՞ւմ է աղօթքի տաճարներ: Եկեղեցիները մի ժամանակ, այստեղ Թիֆլիսում, որտեղ շուրջ 100 հազար հայ է բնակւում, կարօտ էին հաւատացեալների:
Պ.- Աստծուց գոհ ու շնորհակալ ենք, որ բացեց մեր ժողովրդի շատերի սրտի դռները եւ հիմա այլեւս պատարագին թէ՛ այստեղ, թէ Պաթումի կամ Չաւախքի եկեղեցիները լեցուն ժողովուրդ է գալիս: Սրան նպաստեց Չաւախքում եկեղեցականների փոփոխութիւնը. Ախալցխան նոր երիտասարդ հոգեւորական ունի, Նինոծմինդան՝ նոյնպէս, Ախալքալաքը ունեցաւ իր երկրորդ հոգեւորականը, Ծալկան եւ Մառնէուլի շրջանի հայութիւնը նոյնպէս ունեցան իրենց հոգեւորականները: Հոգեւորականների նոր շունչը նոր հնարաւորութիւն ընձեռեց:
Թիֆլիսում, Աստծուն փառք, մենք նկատում ենք տարբերութիւնը, որովհետեւ եկեղեցին ստանձնեց նաեւ համայնքի ներսի մշակութային գործունէութիւնը: Եթէ մեր մշակութային գործերն անող լինէր, մենք միայն եկեղեցական հարցերով կը զբաղուէինք: Սակայն այդ դաշտը բաց էր: Վրաստանում Հայաստանի դեսպանութեան հետ միասին, համագործակցաբար դեսպան Հրաչ Սիլվանեանի հետ, 2007թ. անց ենք կացրել 27 միջոցառում՝ եկեղեցական, մշակութային, կրթական: Այսօր պակասում է կառոյցը, որը կարողանայ վիրահայերի մշակութային գործը աշխուժացնել, առաջ տանել: Սա մեծապէս օգնել է, որ ժողովուրդը աւելի շատ գայ եկեղեցի: Երիտասարդութիւնը այլեւս եկեղեցու գործունէութեան մէջ տեսնում է համարձակ գործունէութիւն՝ ներազգային, մշակութային, եկեղեցական, եւ երիտասարդութիւնը աշխուժ մասնակցութիւն է ունենում:
Դրա վառ օրինակը անցեալ տարուայ Ապրիլ 24ի միջոցառումն էր, երբ մեր երիտասարդութիւնը հաւաքուեց եւ առաջին անգամ 600ից աւելի մարդ գնաց Թուրքիայի դեսպանատան առաջ հանրահաւաք կազմակերպեց: Ուրիշ անգամներ էլ էին արուել, բայց փոքր ծաւալով՝ 100-150 մարդ: Այստեղ կայ երիտասարդութիւն, ով եկեղեցու մէջ տեսնում է ազգի, մեր ամբողջ պատմութեան կրողը, միացնողը եւ գալիս է:
Մի լաւ բան էլ նկատեցի Թիֆլիսում, եթէ հինգ տարի առաջ համայնքի ներսում անառողջ տրամադրութիւններ կային, մարդիկ միմեանց նկատմամբ լարուած էին, այս տարիներին տրամադրութիւնը փոխուեց, մեր համայնքը խաղաղուեց:
Չաւախքի փոխառաջնորդութիւնում, փոխառաջնորդ Բաբգէն աբեղայ Սալբիեանը նոյնպէս ամբողջութեամբ աշխոյժ երիտասարդութիւն է հաւաքում: Ոմանք դրանից քաշւում են, ոմանք անհանգստանում են, անհանգստանան-չանհանգստանան՝ եկեղեցին ո՛չ քաղաքականութեամբ է զբաղուելու, ո՛չ էլ սրա-նրա պաշտօնի հարց ունի, ինքը իր հոգեւոր գործունէութիւնն է իրականացնում:
Մէկ ուրիշ մթնոլորտ էլ կար, որ փոխուեց: Ինքնագովութեան համար չէ, որ պիտի ասեմ: Մեր՝ վիրահայոց թեմը մի տեսակ դուրս էր մնացել հայերի կեանքից, ներկայ չէր ոչ մի տեղ, բացակայութիւն էր միայն: Սա էլ գուցէ շատերի համար անհասկանալի էր, երբ որ տեսան աշխոյժ գործունէութիւնը, ստիպուած են փաստը արձանագրել, որ սա է ճշմարիտը: Ամենասուղ միջոցներով ամսագիր է տպւում մեր բարերար ընկերների միջոցով, կարողանում ենք մեր սուղ միջոցներով մեր քահանաներին աշխատավարձ տալ-պահել:
Առայժմ մեզ ամենամեծ օգնութիւնը ցոյց է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մանաւանդ Թիֆլիսի Սուրբ Էջմիածնեցոց եկեղեցու վերանորոգութեան հարցում: Սա նոյնպէս նպաստեց հայութեան հաւատին եւ վստահութեան ձեռքբերմանը, մարդիկ տեսան, որ եկեղեցին, այդ քանդուող տաճարը, հնարաւորութիւն ունեցաւ միջոցներ ձեռք առնել եւ վերականգնել:
Տարբեր գործօններ միասին կարողացան բերել եկեղեցական-մշակութային կեանքի աշխուժացմանը, ինչու չէ, դրանում մեծ էր նաեւ մեր քահանաների լաւ գործունէութիւնը: Ամէն Ուրբաթ թիֆլիսահայութիւնը գալիս է եկեղեցի եւ ժամերգութիւնից յետոյ բաց դռների օր է, հանդիպում քահանայի հետ:
Բայց շատ են անելիքները, մենք հիմա հոգեւորականներով ապահովել ենք շրջանները, երբ միջոցառումներ են լինում, անհրաժեշտութեան դէպքում հասնում ենք Չաւախքի հեռաւոր գիւղերը, մինչեւ Սամսար:
Պատմական Հայաստանից դուրս, անկասկած, Վրաստանն առաջինն է, որտեղ մենք ունենք այսքան շատ պատմական, հոգեւոր նշանակութեան կոթողներ: Ըստ որոշ տուեալների, մենք ունեցել ենք մինչեւ 600 եկեղեցիներ, թէ ինչ է մնացել, այլ հարց է: Այսօր եղածը վերականգնելու համար հսկայական պիւտճէ է հարկաւոր: Շնորհիւ հայութեան, օրինակ՝ Չաւախքում, միջոցներ գտնում ենք, դրսից օգնում են: Բայց մենք ունենք նախկին հայկական գիւղեր, որտեղ հիմա վրացիներ են ապրում եւ քիչ հայեր, եկեղեցիները կիսով չափ խոնարհուած են, այնպէս չի, որ որտեղ հայեր չեն ապրում, եկեղեցիները վերցրել են: Բայց այդ ամէնը վերականգնելու, եկեղեցականներով ապահովելու համար մեծ միջոցներ են պէտք: Եթէ լինեն միջոցներ, կարելի է վերականգնել եւ հասնել նախկին փառքին, որ ունեցել է վիրահայութիւնը, բայց ներկայ պայմաններում՝ 11-12 հոգեւորականներով եւ նիւթական այսպիսի դժուար վիճակներում, մեզ դեռ չի յաջողւում վերականգնել:
Հ.- Սրբազան, վերջին տասնամեակներում, այդ թւում նաեւ խորհրդային ժամանակներում, վիրահայութեան մի հատուած փոխեց ազգանունները, սկսեց յաճախել վրացական եկեղեցիներ, մի խօսքով՝ վրացացաւ: Ինչպիսին է վիճակն այսօր, շարունակւում է այդ «աւանդոյթը», թէ կայ նաեւ հակառակ՝ յետդարձի ճամբան:
Պ.- Որքան որ մենք ենք տեղեկանում, երկու գործընթացն էլ կայ, վրացական ազգանուններով հայեր կան, որ դիմում են ազգանունները փոխելու համար, ափսոս մերժւում են: Այո կան հայեր, ովքեր ինչ-ինչ պատճառներով փոխում են ազգանունները, բայց դա այսօր այնքան նուազագոյն է, որ չի երեւում:
Եթէ մեր մայր հայրենիքը՝ Հայաստանը, երբեւէ լինի ուժեղ, ոչ միայն բանակով, արդարութեամբ ուժեղ, ամբողջ հայութեանը, երբ որ հայրենիքից լուրեր գան բարութեան, մարդկութեան, հաւասարութեան, ազնուութեան, արդարութեան մասին, հաւատացէք, շատերը դարձի են գալու, որովհետեւ դա նպաստելու է այստեղի հայութեան հզօրացմանը, ուժեղացմանը, Հայաստանի բարձր վարկանիշը կը նպաստի: Շատ վրացացած հայեր պատրաստ են վերադառնալ, բայց միջավայր է պէտք: Մենք ինչքան էլ գրքեր գրենք, ափսոսանք, որ Կախէթը գնաց, Թիֆլիսի շրջակայքի հայկական գիւղերը գնացին, էլի կը գնան, եթէ մայր հայրենիքը իր կերպը չփոխի հանդէպ դրսի հայութեան, մանաւանդ մի երկրի, որ Վրաստանն է, որտեղ ունենք այսքան հայութիւն:
Այս երկրում ընդհանուր առմամբ մթնոլորտն է փոխւում: Այսօր մենք ունենք հայ լաւ տղաներ, երիտասարդներ, որոնք աշխատանք ունեն դրամատներում, տարբեր հիմնարկութիւններում, տոկոսային յարաբերութեամբ կարող է քիչ են, բայց առաջուանը չէ: Երկիրը գնում է ժողովրդավարութեան ճանապարհով, ազգայնամոլութիւնը կամաց-կամաց իր տեղը զիջում է քաղաքացիական հասարակութեանը, շատերն են հասկանում, որ բազմազգութիւնն է այս երկիրը զարգացրել, այստեղի հարստութիւնն է բազմազգութիւնը: Քաղաքացիական հասարակութեան ձեւաւորումը շատ բարենպաստ է դառնում միւս ազգութիւնների համար:
90ական թթ. այն անհասկանալի մթնոլորտը, որ տիրում էր Վրաստանում, շատ վրացիներ իրենք են դատապարտում, որովհետեւ այդ մթնոլորտի հետեւանք էր, որ այս երկիրը կորուստներ տուեց նաեւ՝ քաղաքացիական պատերազմ, ազգամիջեան, իրենք՝ վրացիները գոհ չեն դրանից: Շատերը դարձան այդ քաղաքականութեան զոհը: Եթէ շատերը մտածում են, որ Թիֆլիսում, Չաւախքում տարւում է վրացականացման քաղաքականութիւն, իրականութեանը չի համապատասխանում դա, Վրաստանը ինքը կանգնած է լուրջ ժողովրդագրական իրավիճակի առաջ, այդ ամբողջը հասկանալու համար պէտք է Վրաստանում շրջել եւ կը տեսնենք, թէ ինչ է տեղի ունենում: Արեւելեան եւ Կենտրոնական Վրաստանի աւելի բերրի վայրերում այլեւս քչացել է վրաց ազգաբնակչութիւնը՝ էլ ուր մնաց, որ մարդ լինի՝ տանեն Չաւախքում բնակեցնեն՝ այդ բարդ կլիմայական պայմաններում:
Հ.- Վրաստանը ուղղափառ երկիր է, ինքը՝ ուղղափառութիւնը ձգող ուժ ունի: Թւում է, այստեղ էլ, հայերի որոշակի հատուած գնում է դէպի վրաց ուղղափառ եկեղեցի:
Պ.- Որպէս ուղղափառ երկիր, կայ այդ ձգողականութիւնը, բայց վրաց եկեղեցին, երբ հայերը գնում են, չի ընդունում: Ընդունում է մի պայմանով, եթէ դու գնաս մկրտուես, վերամկրտուես, որը մեր կարծիքով կանոնական չէ, քանի որ Նիկիոյ տիեզերական ժողովը ընդունել է մէկ մկրտութիւն, չի ընդունում կրկնակի մկրտութիւնը: Եթէ դու ինքդ գնում ես կամաւոր, խնդրում ես, մկրտւում ես, դառնում ես իրենց անդամ, այլապէս վրաց եկեղեցին կրօնական, ազգայնական տրամադրութիւններով չեն ընդունում, որ հայերը մտնեն իրենց եկեղեցի: Շատ անգամ յետ են ուղարկում, ասում են՝ հայ էք, գնացեք ձեր եկեղեցին:
Եթէ նախկինում հայերը բնակւում էին Թիֆլիսի կենտրոնական շրջաններում՝ Հաւլաբար, Սոլոլակ, հիմա շատերը քաղաքի հեռու շրջաններում են բնակւում, որտեղից կենտրոն՝ Սուրբ Գէորգ գալու համար, ստիպուած են երկու օթոպիւս փոխել եւ սա դժուարացնում է, եթէ ունենայինք միջոցներ, կարծում եմ հնարաւոր կը լինէր քաղաքային իշխանութիւններից թոյլտուութիւն վերցնել, եւ ծայրամասերում երկու-երեք եկեղեցի կառուցել: Դա շատ կը նպաստէր: Այդ պատճառով, ծայրամասերում բնակուող հայերի մի մասը երբեմն մտնում են իրենց մօտ եղած վրաց եկեղեցին, եթէ անշուշտ, այնտեղի հոգեւորականը ծայրայեղ չէ եւ իրենց եկեղեցական պատկանելիութեան համար չի հալածում:
Երբ մտնում եմ հայերի ընտանիքներ, զարմանալի հայրենասիրութիւն եմ տեսնում: Շատ լաւ տեղեակ են Հայաստանից, Արցախից, Հայ Դատից, ամբողջութեամբ ապրում են Հայաստանի կեանքով: Այս ամէնը նպաստում է, որ ձուլման քաղաքականութիւն չգնայ, Վրաստանի իշխանութիւններն էլ այդպիսի նպատակ չեն դնում:
Հ.- Սրբազան, խօսեցինք նոր եկեղեցիներ կառուցելու անհրաժեշտութեան, հները վերանորոգելու մասին: Ես այս հարցը չեմ տալիս փորփրելու նպատակով, բայց դրանց մասին չխօսելն էլ չի նպաստում հարցերի կարգաւորմանը: Խօսքը, այսպէս կոչուած, «վիճելի» եկեղեցիների մասին է: Թիֆլիսի հայկական հինգ եւ Ախալցխայի հայկական Սուրբ Նշան եկեղեցուն յաւակնում է վրաց եկեղեցին: Ի՞նչ նոր բան կայ:
Պ.- Դրանք այն վիճակում են, ինչպէս էին մէկ կամ երկու տարի առաջ, հակառակ նրան, որ ամէն անգամ հանդիպելով վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականութեան հետ, այդ հարցերը արծարծում ենք: Մթնոլորտը այլեւս գնում է ի նպաստ այդ հայկական եկեղեցիների վերադարձին: ժամանակին իրենք երբեմն խօսում էին, որ գուցէ իրենք համաձայն են, բայց ընդհանուր հասարակական տրամադրութիւններն են խանգարում, բայց տրամադրութիւնները փոխւում են: Գուցէ կը գայ այդ օրը, գուցէ ոչ շատ հեռու: Ամենակարեւորը, որ այդ եկեղեցիները ոչ մի ձեւով չեն վնասւում: Վնասւում է մէկ ուրիշ պատճառով, նրանք մնում են նորոգուելու կարօտ: Մուղնիի Սուրբ Գէորգը (Թիֆլիսի կեդրոնը գտնուող եւ նկարին մէջ պատկերուած եկեղեցին), Սուրբ Նշանը, սրանք ոչ պակաս են Սուրբ Նորաշէնից, վերանորոգման կարիք ունեն: Աստծուն փառք, եթէ այդ ամբողջը վերադարձուի, բայց մենք միշտ մտահոգ ենք՝ վերադարձուեց, հնարաւորութիւն կ՚ունենա՞նք նորոգելու: Թիֆլիսի համայնքը նման հնարաւորութիւն չունի: Հէնց վաղը որոշում են կայացնում եւ վերադարձնում, ի՞նչ է լինելու այդ եկեղեցիների վերանորոգման հարցը:
Հ.- Կարող են հայկական այդ եկեղեցիները, վերադարձուելու դէպքում, ունենալ իրենց հաւատացեալները: Նախկինում եկեղեցասէր թիֆլիսահայութիւնը կարծես հեռացել է եկեղեցուց:
Պ.- Կասկածից վեր է, որ վերադարձուելու դէպքում այդ եկեղեցիները կ՚ունենան իրենց հաւատացեալներին: Հաւլաբարի Սուրբ Էջմիածնեցոց եկեղեցի մեր ժողովուրդը այնքան էլ շատ չէր գնում, հիմնականում գալիս էին այստեղ՝ Սուրբ Գէորգ: Բայց երբ այնտեղ էլ փոփոխութիւն եղաւ, քահանայի փոփոխութիւն, երբեմն ես էի բարձրանում այնտեղ քարոզ խօսելու, եկեղեցում մշակութային, հոգեւոր արարողութիւններ եղան, տեսանք, որ այնտեղ Կիրակի օրերին ոչ պակաս ժողովուրդ է հաւաքւում: Եւ հիմա, որ նորոգումը աւարտուի, այնտեղ կը կազմակերպուեն մեծ թուով արարողութիւններ: Երբ սկսում ես գործունէութիւն ծաւալել, դա ժողովուրդ բերում: Ամէն եկեղեցի իր ժողովուրդն ունի: Եթէ այս վեց եկեղեցիները վերադարձուեն, կասկածից վեր է, որ ամէն եկեղեցի ամէն Կիրակի կ՚ունենայ իր հաւատացեալների խումբը:
Հ.- Ի՞նչ վիճակում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի կարգավիճակի հարցը: Յայտնի է, որ ինչպէս Հայ Առաքելական, այնպէս էլ Վրաստանի տարածքում գործող աւանդական միւս եկեղեցիները, չունեն կարգավիճակ:
Պ.- Հայաստանից դուրս բոլոր երկրներում էլ մեր եկեղեցիները գրանցուած են իրաւաբանօրէն: Տեղ կայ, որ երկիրն ունի յստակ կրօնի մասին օրէնք, դրա հիման վրայ են գրանցուել, տեղ էլ կայ, որ համայնքային գրանցման հնարաւորութիւն կայ, բայց որպէս կրօնական համայնք են գրանցում: Վրաստանում ո՛չ խղճի ազատութեան օրէնքը կայ, ո՛չ էլ կրօնական համայնք գրանցուելու օրէնքը: Այստեղ պէտք է գրանցուես որպէս հասարակական կազմակերպութիւն: Այդ պատճառով, այստեղ բոլոր աւանդական կրօնական փոքրամասնութիւնները մնացել են օրէնքից դուրս: Հոկտեմբերի 16ին ՄԱԿի մարդու իրաւունքների կոմիտէում քննարկուեց ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների խնդիրները եւ Վրաստանի կառավարութեան առջեւ բարձրացուեց հարց՝ դրական լուծում տալ, ինչպէս գրանցմանը, այնպէս էլ կրօնական բնոյթի կառոյցները համայնքներին վերադարձնելը: Այսինքն՝ միջազգային կառոյցները օր-օրի սրան արձագանգում են եւ պիտի գայ այդ օրը, երբ վրաց կառավարութիւնն էլ քաջութիւն ունենայ եւ այս հարցին լուծում տալ:
Թիֆլիս